Մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես է կուսակցությունը պետության գործառույթներն ու նշանակությունն ինքն իրեն վերագրում ու «անձնազոհաբար» փաստացի ստանձնում վերջինիս դերը: Առաջին անգամ դա արեց ՀՀՇ-ն, երկրորդ անգամ՝ ՀՀԿ-ն: Իշխանությունը սկսեց նույնականացվել պետության հետ: Այդպես իշխանությանը ձեռնտու էր. երբ իրեն քննադատում կամ հայհոյում էին, ճարպկորեն այդ ամենը վերահասցեագրում էր պետությանը՝ քննադատողներին մեղադրելով գրեթե պետական դավաճանության մեջ, թե ինչպես կարելի է վարկաբեկել պետությունը, ջուր լցնել թշնամու ջրաղացին, խփել թիկունքից եւ այլն:
Մյուս կուսակցությունները, որոնց այդպես էլ չհաջողվեց իշխանության գալ, երկար ու ձիգ տարիների ընթացքում իրենց էին առաջարկում՝ որպես պետության դերակատարի պատվավոր ու ամենաարժան թեկնածու: Նման մտածողությունն այսօր, կարծես թե, նահանջի միտում չի դրսեւորում: Արդյունքում բարիկադների մի կողմում մշտապես բղավում են. «եթե պետությունը մենք չենք, ապա այդ պետության հետ մի բան այն չէ», իսկ մյուս կողմում՝ «եթե պետությունը մենք ենք, ուրեմն ամեն բան կարգին է...» Այս ողջ գործընթացի մեջ բացակայող միակ սուբյեկտը, թերեւս, հենց ինքը՝ պետությունն է:
Եվ հիմա կրկին պետությունը ստորադասվում է, եւ պետականաշինության փոխարեն առաջին գիծ է մղվում կուսակցաշինությունը՝ սեփական կենսունակ թիմի կառուցումն ու դրա կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը: Թվում է՝ պետությունը վերստին պետք է ձեւել ու վերաձեւել նոր իշխանության քմահաճույքներին համապատասխան: Իսկ Սահմանադրության փոփոխության, ուղիղ ժողովրդավարության մեխանիզմների ներդրման եւ ընդհանուր համակարգային բարեփոխումների մասին հանրային պայմանավորվածությունները մոռացության են տրվում: Համակարգին փոխարինելու է գալիս առասպելական կամքը:
Այն, որ պետական համակարգն ընդհանրապես կենսունակ չէ, կարծես թե, քչերին է հուզում: Վերստին կիրառության մեջ է դրվում «համակարգը վատն է, բայց մենք լավն ենք» մոտեցումը ու ամեն ինչ իջեցվում է անձնավորման մակարդակի: Ինստիտուտներին փոխարինելու են գալիս անձինք, որոնք վստահություն են պահանջում, որովհետեւ իրենք նախկիններից «լավն» են, իրենց գաղափարները վեհ են, հեղափոխականությունն ու անկաշառությունն էլ՝ անքննելի:
Մի՞թե կան միամիտներ, որոնք չեն հասկանում, թե ինչպես է համակարգը խժռում անձանց, նրանց տարրալուծում ու մարսում իր բազում շերտերում եւ արտանետում հերթական խեղված «չինովնիկին»: Մի՞թե կան մարդիկ, որոնք չեն հասկանում, որ ծակած ակերով ու չաշխատող շարժիչով մեքենայի ղեկին ինչ վարորդ էլ դնես, այն ոչ մի հրաշքով առաջ չի գնալու՝ անկախ վարորդի կամքի ուժից: Այլ հարց է, եթե ողջ խնդիրը զուտ ղեկին նստելու տենդագին մոլուցքն է, ու մեքենայի շարժվելը բոլորովին առաջնային պահանջ չէ…
Դե ինչ, գյուղը կանգնեց, գերանը կոտրեց, հետո շվարեց, որովհետեւ էլ չգիտի՝ ինչ ու ինչպես անել:
Մարինա Մուրադյան