25.11.2024

Свободная Платформа

Այդ քաղցր բառը` կոռուպցիա...

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Անցնող շաբաթ Վիեննայում տեղի ունեցավ ՄԱԿ-ի՝ «Ընդդեմ կոռուպցիայի» Կոնվենցիայի անդամ պետությունների խորհրդաժողովի յոթերորդ նստաշրջանը, որին ներկա էր նաեւ հայաստանյան պատվիրակությունը`ՀՀ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ:

Իր ելույթում Քրմոյանը հատուկ կարեւորեց նոր ստեղծված  հակակոռուպցիոն հանրակարգային մարմինը` ընդգծելով նրա անկախության երաշխիքները: Սակայն, նա չասաց, որ այդ մարմնի ստեղծումը թույլ տվեց տնտեսության ստվերային շրջանառությունից  դուրս բերել, ըստ վարչապետի տրամադրած տվյալների, 30,8 միլիարդ դրամ, որը համարժեք է 64,16 մլն դոլարի: Արդյո՞ք սա մեծ գումար է, թե՝ ոչ: Հայաստանի տնտեսության համար, իհարկե, չնչին գումար է: Դատեք ինքներդ: Իրականում ստվերային շրջանառությունը երկրում, ըստ Գործատուների հանրապետական ​​միության (ՀԳՀՄ) նախագահ Գագիկ Մակարյանի, 1,2 մլրդ դոլար է: Միեւնույն ժամանակ, 2018թ. նախագծով նախատեսվում է 200 մլն դոլարի եկամուտ: Որտեղի՞ց պիտի ի հայտ գան այդ եկամուտները: Միակ ճանապարհն առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդամթերքի գների եւ վերոնշյալ ապրանքների ակցիզային հարկերի բարձրացումն է: Այսինքն՝ հերթական անգամ տնտեսությունը ստվերից դուրս բերելու փոխարեն, ավելի շատ գումար է ծախսվում հակակոռուպցիոն կառույցի աշխատողների աշխատավարձերի վրա եւ, միեւնույն ժամանակ, բոլորն էլ հասկանում են, որ նոր նշանակումից հետո կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ վարչապետի գեղեցիկ խոսքերը, ինչպես նաեւ իշխող կուսակցության բոլոր բարձրագոչ հայտարարությունները, անցել են հողի տակ: Եվ դա հասկանալի է՝ նրանք չեն կտրի այն ճյուղը, որի վրա նստած են:

Պետք է նշել, որ ներկայումս ամբողջ աշխարհում մեծ ուշադրություն է դարձվում կոռուպցիայի դեմ պայքարին: Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը նոր փաստաթղթեր է հրապարակել խոշորագույն քաղաքական գործիչների, գործարարների եւ «աստղերի» կոռուպցիոն խարդախությունների վերաբերյալ: Ֆայլերը ստացել են «Դրախտային թղթածրար» անվանումը:

Նույնիսկ այնպիսի բարգավաճ երկրում, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, իշխանությունները մտադիր են 800 մլրդ դոլարի ակտիվներ բռնագանձել կոռուպցիայի մեջ մեղադրվող արքայազններից եւ նախարարներից: Ինչ վերաբերում է մեր մերձավոր հարեւաններին, ապա Ուկրաինան, որը, ինչպես եւ մենք, լրիվ թաղված է կոռուպցիայի մեջ, իրական պայքար է մղում այս չարիքի դեմ: Սահակաշվիլիի եւ ընդդիմության նրա համակիրների պահանջը ոչ թե նախագահ Պորոշենկոյին իշխանությունից զրկելու համար է, այլ հանուն կոռուպցիայի դեմ պայքարի անկախ մարմին ստեղծելու իրավունքի: Այս հարցում նրան ամբողջությամբ սատարում է ԱՄՆ-ը: Այսպես՝ ըստ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բրաունֆիլդի, որը կրկնեց Ռեքս Թիլերսոնի խոսքերը, «մենք իմաստ չենք տեսնում պայքարել ուկրաինական պետության մարմնի համար, այդ թվում` Արեւելքում, եթե նա կոռուպցիայի պատճառով կորցնում է իր հոգին: Մենք հստակ հասկանում ենք, որ ուկրաինացիները դարձել են այս իրավիճակի պատանդը, եւ եթե կարիք լինի, մենք կարող ենք օգնել, այդ թվում`կոռումպացված իշխանությունների դեմ պայքարում»: Ցավոք, Հայաստանը վաղուց է կորցրել իր «հոգին»:

Նույնիսկ, օրինակ, կոռուպցիոն աղմկահարույց գործին վերաբերող փաստերը, որում ներգրավված էին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը կամ ԴԱՀԿ-ի նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, խնամքով կոծկվեցին: Հայաստանում 25 տարվա ընթացքում կոռուպցիան արդեն դարձել է մեր տնտեսության համակարգը ձեւավորող բաղադրիչ, որը ներառում է ոչ միայն տնտեսական գործունեության բոլոր սուբյեկտները, այլեւ, ակամայից, հասարակության բոլոր շերտերը: Շատերը լրջորեն հավատում են, որ եթե կոռուպցիան վերացվի, իշխանական համակարգը միանգամից կփլուզվի, քանի որ կոռուպցիայի վրա է կառուցված ողջ բուրգը:

Մեզ կոռուպցիայի դեմ պայքարում ոչ ոք չի պատրաստվում օգնել: Մենք ինքներս պետք է հստակեցնենք, որ Հայաստանի անվտանգության համար ամենակարեւոր սպառնալիքը ոչ Թուրքիան է եւ ոչ էլ Ադրբեջանը, այլ՝ կոռուպցիան: Մեր բոլոր խնդիրները`բանակի բարեփոխումներ, թույլ տնտեսություն, արտագաղթ, տհաս արտաքին քաղաքականություն եւ շատ այլ բաներ կոռուպցիայի ածանցյալներն են: Հայաստանում մնացած ժողովուրդը եւ Սփյուռքը պետք է այս խնդրին առանցքային կարեւորություն տան:

Կարապետ Կալենչյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.