26.11.2024

Свободная Платформа

Ո՞րն է հարեւանների հետ «լեզու» գտնելու բանաձեւը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հարեւանների հետ հարաբերությունների ձեւավորման թեման արծարծողների մի մասը հարցի լուծումը տեսնում է Ռուսաստանի հետ (ավելի ճիշտ՝ Ռուսաստանի շնորհիվ) անվտանգության ապահովմամբ ամուր անկլավային աշխարհաքաղաքական միավոր դառնալու մեջ։ Մյուս մասը կոչ է անում անմիջապես բանակցությունների մեջ մտնել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ու, եթե ոչ մտերիմ բարեկամի, ապա լավ հարեւանի համարում ձեռք բերել իրենց աչքերում։ Այնպիսի տպավորություն է, որ, կախված ամենաթարմ իրադարձություններից՝ այս կամ այն ծայրահեղությունների մեջ ենք ընկնում պատմականորեն:

Այսօր ձեւավորվել են պայմաններ, եւ մենք այն իրավիճակում ենք, երբ Հայաստանի հետ համագործակցության եզրեր փնտրելու եւ Հայաստանը որպես գործոն վերացնելու տարբերակներից՝ մեր երկու հարեւանները միանշանակ կընտրեն երկրորդը։ Ու դա իրենց ոչ թե «արնախում», այլ՝ պրագմատիկ լինելով է պայմանավորված․մենք անկլավային կարգավիճակով խոչընդոտ ենք տարածաշրջանի զարգացման շատերի պլանների համար, իսկ առանց ուժեղ փաստարկների՝ գործընկեր դառնալու մեր առաջարկն անհետաքրքիր, անիմաստ ու լրացուցիչ բարդություններ առաջացնող բեռ է։

Ռուսաստանը չի կարող երաշխիքներ տրամադրել, որ եռակողմ հայտարարության 5 տարվա ժամկետի ավարտից հետո խաղաղապահները կշարունակեն ապահովել հայերիս անվտանգությունը։ Եվ այս առումով հեռանկարը պայմանավորված է լինելու ոչ թե Մոսկվայի ցանկությամբ, այլ՝ հնարավորություններով կամ դրանց բացակայությամբ։ Այնպես չէ, որ մոտակա 5 տարիների համար կարող ենք հանգիստ լինել, ռուս-թուրքական ընկերությունը/մրցակցությունը հղի է վտանգավոր սրացումներով նաեւ ավելի շուտ։ Սակայն դա մեզանից քիչ է կախված, ժամանակն էլ սուղ է այսպիսի անցանկալի դիպաշարի նախապատրաստվելու համար, եւ մնում է հուսալ, որ կխուսափենք դրանից։

Իսկ 5 տարում հնարավոր է լուծումներ գտնել ու ջանքեր գործադրել դրանք իրականացնելու նպատակով։ Իմ կարծիքով, միակ մոդելը ՌԴ-ի հետ համագործակցությունը շարունակելով՝ զուգահեռաբար անվտանգային այնպիսի ինքնավար համակարգ կառուցելն է, որը եթե անգամ հաղթանակ չի ապահովելու ապագա հնարավոր ագրեսիայի դեպքում (դա այս փուլում անիրատեսական է), ապա կարողանալու է այնպիսի կորուստներ պատճառել հակառակորդին, որ պատերազմն անցանկալի դառնա իր համար: Եվ միայն նման դիրքերից կկարողանանք տարածաշրջանային համագործակցության  ծրագրերում մասնակցության հայտ ներկայացնել։

Որպես օրինակ կարելի է դիտարկել Շվեյցարիան, որի հաջողության գրավականը ի սկզբանե ոչ թե ֆինանսատնտեսական հնարավորություններն էին կամ չեզոք կարգավիճակը (դա հետո դարձավ գործոն), այլ իր փոքր տարածքի վրա ախորժակ ունեցողներին անընդունելի վնաս հասցնելու կարողությունը։ Երբ շուրջբոլորը համոզվեցին, որ ավելի ձեռնտու է օգտագործել երկրի առանձնահատկությունը, քան փորձել գրավել այն: Այդ հիմա է Շվեյցարիայի աշխարհագրական շրջապատը իր անվտագության երաշխիքը դարձել, բայց դեռ անցյալ դարում եւ առավելապես անկախության համար պայքարի ժամանակներում վտանգները շվեյցարացիների սուբյեկտության համար մոտավորապես նույնն էին, ինչ մեր դեպքում:

Իրավունք չունենք պատրանք համարել Շվեյցարիայի հետ համեմատվելը, մանավանդ որ չենք խոսում նրա կենսամակարդակին հասնելու կամ բազմաթիվ միջազգային կառույցների նստավայրերը այնտեղից Հայաստան տեղափոխելու մասին: Սակայն անվտանգության իրենց մոդելը կրկնօրինակելը՝ բնականաբար որոշ յուրահատկությունները հաշվի առնելով, կարծես թե, այլընտրանք չունի: Մնացածը՝ հետո: Մենք էլ, եթե ցանկանում ենք որպես պետություն պահպանվել, պետք է նմանվենք փոքր կենդանու, որը, չհավակնելով «ջունգլիի արքա» լինել, միեւնույն ժամանակ թույլ չի տալիս խոշոր գիշատիչներին՝ իրեն որպես ավար ընկալել, ստիպում է նրանց համակերպվել իր գոյության հետ եւ փորձել օգուտներ քաղել իր հետ գոյակցությունից:

Երբ ապացուցենք բոլորին, որ մեր տարածքը մահացու փշերի դաշտ է յուրաքանչյուր ախորժակ պահողի համար, կարող ենք հավակնել հարեւանների հետ արդյունավետ բանակցությունների: 26 տարիների ընթացքում նման նպատակին հասնելու բոլոր հնարավորություններն ունեինք, սակայն անպատասխանատու եւ ագահ ղեկավարների պատճառով վատնեցինք դրանք: Դիրքերը սոսկ հատուկենտ տեղերում ամրացրինք, ժամանակակից ռազմարվեստ կարգին չսովորեցինք, օպտիմալ սպառազինություն ձեռք չբերեցինք, լեռնային, անտառային տեղանքը ճիշտ օգտագործելու, կիբուցների եւ այլ կարեւոր փորձը չուսումնասիրեցինք ու չկիրառեցինք: Ու ոչ ոք թող չասի, որ այդ ամենի վրա չի հրավիրվել որոշում կայացնողների ուշադրությունը:

Հիմա ունենք 5 տարի եւ պակաս բարենպաստ պայմաններ: Ուրեմն օր առաջ, հանուն ապագայի՝ պիտի սկսենք, ոչ այնքան պատկերավոր ասած, «խրամատներ փորել»: Եթե ձեւը չգիտենք, այդ գործի մասնագետներին դրսից բերելը ամոթ չէ: Համ էլ, հանրային կառավարման որոշ մարմինների ուռճացված եւ երիտասարդացած ապարատը հերթափոխային եղանակով աշխատեցնելու շանս է, բահը ձեռքներին՝ գոնե մասամբ կփոխհատուցեն տարիների ժամավաճառությունը:

Եվ, իհարկե, ձեւավորենք կառավարություն, որը այս իրավիճակում ոչ թե իր նեղ թայֆայական շահերի հետեւից է ընկնելու, այլ մնացած բնագավառներն էլ անձնազոհ աշխատանքով կարողանա կարճ ժամկետում կարգի բերել: Դժվար է, բայց ապագա սերունդների առջեւ ամոթով չմնալու միակ հնարավորությունն է…

 

Բորիս Նավասարդյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.