26.11.2024

Свободная Платформа

Երբ քաղաքականությունը բովանդակազուրկ է

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները փոքր-ինչ քաոտիկ են թվում, քանի որ քաղաքական դաշտում փորձում են կենդանության նշաններ ցույց տալ եւ դաշտը մտացածին թեմաներով խուճապահար լցնել մի շարք գործիչներ, որոնք նոր ստեղծված իրավիճակում ընդհանրապես անելիք չունեն: Սակայն նրանց «վերակենդանացման» արհեստական փորձերը հետեւանք են այն բանի, որ հետհեղափոխական քաղաքական դաշտը մինչ այժմ չկարողացավ ուրվագծել պետության զարգացման հստակ հարացույց եւ ներկայացնել ուղենիշներ, որոնցով երկրի իշխանություններն առաջնորդվելու են պետաիրավական նոր համակարգ ստեղծելու գործում:

Իսկ երբ օրինակարգ իշխանությունն ինքը չի հանդիսանում քաղաքական գործընթացների գեներացնողը, բնական է, որ կփորձեն նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցնել ամեն կարգի արկածախնդիրներ, որոնց ողջ գործունեությունը միտված է լինելու զուտ իրավիճակի ապակայունացմանը եւ շինծու օրակարգերի վերհանմանը: Դրան հակազդելու, պետականակերտման համապարփակ տեսլական ձեւակերպելու ու դրանով առաջնորդվելու համար իշխանությունները պետք է նախեւառաջ կարողանան հաղթահարել անբովանդակ եւ ապագաղափարական այն վակուումը, որը հնարավորություն է տալիս տարատեսակ մերձքաղաքական ուժերի որոշ անհիմն նկրտումներ դրսեւորել:

Բանն այն է, որ ո՛չ գործող, ո՛չ ընդդիմադիր եւ ո՛չ էլ արտախորհրդարանական ուժերին այդպես էլ չհաջողվեց քաղաքական գործընթացներին որակապես նոր բովանդակություն հաղորդել, եւ դրանք դեռ շարունակում են ծավալվել նախկին տրամաբանության ծիրում՝ ապակառուցողական եւ զուտ ինքնանպատակ, ինչի արդյունքում ականատեսն ենք ոչմիտեղ տանող անիմաստ իրադարձությունների շարանի:

Ըստ երեւույթին, առայժմ պարարտ հող չի գտնվում հիրավի իմաստալից քաղաքական դաշտի ձեւավորման համար, որովհետեւ երեք տասնամյակ տեւած քաղաքականության իմիտացիայի եւ քաղաքական գործընթացների պրոֆանացիայի արդյունքում ստեղծված մտակաղապարները թույլ չեն տալիս միտքը գիտակցական մեկ այլ հարթություն տեղափոխել, ու բոլորը շարունակում են դոփել նույն փոսում:

Այս ամենը հետեւանք է նաեւ այն պարզ իրողության, որ նախկին համակարգը մինչեւ վերջ չկազմալուծվեց. քանդվեցին սյուներ, բայց դեռ կանգուն է կոսմետիկ որոշ աննշան փոփոխությունների ենթարկված հինը: Այն իր տեսակով ու էությամբ հակաժողովրդավարական է եւ չի կարող հարմարակցվել ժողովրդավարորեն կառավարվող նորին: Ավելին՝ այդ համակարգը լավ պաշտպանված է գործող Սահմանադրությամբ, որն ինքնին մեծագույն խոչընդոտ է իրապես կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների կայացման ճանապարհին:

Հեղափոխությունը չի կարող ամբողջացվել, եթե չհռչակվեն համընդունելի արժեքներ, որոնք տարբեր նպատակահարմարություններից ելնելով՝ մոռացության չեն տրվի, ու չգծագրվի այն պետաիրավական համակարգը, որը գալու է փոխարինելու հնին՝ իր կուռ կառուցվածքով, տրամաբանությամբ,  գործիքակազմով եւ, հատկապես, այդ ամենն ամրագրող նոր Սահմանադրությամբ: Հակառակ դեպքում՝ լոկ ժամանակի խնդիր է, թե երբ լավ պահպանված հին համակարգի թելադրանքով գործի կդրվեն նախկին տարաբնույթ «բուրգերի» վերակառուցման մեխանիզմները:

Մարինա Մուրադյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.