Սկսած ապրիլից՝ Հայաստանում բազմաթիվ անսովոր երեւույթներ են տեղի ունենում: Դրանցից մեկը, թերեւս, այն է, որ առաջին անգամ կառավարությունն անհամեմատ ավելի ժողովրդավար է, քան ինքը՝ ժողովուրդը: Երկար տարիներ կիսաավտորիտար համակարգում ապրած հասարակությունն իներցիայով շարունակում է մտածել եւ գործել հին մոդելով, ինչը խաթարում է պետության կայացման կառուցողական ընթացքը:
Ժողովրդավարական կարեւոր ինստիտուտների կաթվածահարության ու դրանց համապարփակ արժեզրկման կամ արժեքային փոխակերպման պայմաններում հասարակությունը սովորել էր հարմարվել իրենից անկախ եւ, հաճախ, սեփական կամքին հակառակ տեղի ունեցող իրողություններին: Արդյունքում քաղաքացին օտարվել է կարեւորագույն գործընթացներից` անտարբեր դառնալով իր ապագան ձեւավորող որոշումների նկատմամբ եւ, միաժամանակ, իր վրայից թոթափելով որոշակի պատասխանատվություն՝ ինչպես սեփական անձի, այնպես էլ ընդհանուր հասարակության ապագայի կերտման գործում: Բացակայում է այն ըմբռնումը, թե, ի վերջո, ով է ում համար՝ կառավարությո՞ւնը ժողովրդի, թե՞ ժողովուրդը՝ կառավարության:
Հասարակությունը փորձում է ամեն ինչ կառուցել «ուժեղ» անհատի շուրջ` տարբեր շերտերի ակնկալիքների ու սպասումների իրագործման պատասխանատվության ողջ բեռը հերթական «փրկչի» վրա դնելով՝ առանց գիտակցելու, որ դրանով թուլացնում է ժողովրդավարության հիմքերը եւ նախադրյալներ ստեղծում նոր «հիբրիդային» ավտորիտարության համար` պետականությունը նույն փակ շրջանի մեջ գցելով: Երկրի ղեկավարը կարող է շարունակաբար կրկնել, որ բարձրագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն հասցեատերը, կարծես թե, պատրաստ չէ տեր կանգնել իր իշխանությանը կամ պարզապես չի գիտակցում, թե ինչ է պահանջվում քաղաքացուց` իրական ժողովրդավար պետություն կառուցելու համար:
Մի լայն զանգված իր դերը տեսնում է, այսպես կոչված, «հակահեղափոխության» դեմ անողոք պայքար մղելու մեջ, այն էլ՝ բացառապես նոր իշխանություններին «բարուրելով» եւ ցանկացած տեսակի քննադատությանը «հակահարված» տալով: Թեպետ միշտ չէ, որ այլախոհությունը ողջամտություն է ենթադրում, բայցեւայնպես այն «persona non grata» հայտարարելով, մենք ինքներս մեզ միայն վատություն ենք անում` անհանդուրժողականության եւ ժխտողականության անառողջ միջավայր ստեղծելով եւ նոր իշխանություններին հանրության աղճատված պատկերացումները հրամցնելով` վերջինիս ստիպելով ամբոխահաճո քաղաքականության ուղեգիծ որդեգրել:
Հասարակության նման տրամաբանությունը կարող է «խժռել» հեղափոխության ամենակարեւոր ձեռքբերումները եւ վիժեցնել ուղիղ ժողովրդավարության իրականացման հնարավորությունը կամ այն ոչ արդյունավետ դարձնել: Կառավարությունն ինչքան էլ կամք ունենա եւ պատրաստակամ լինի ապահովել աշխատանքի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը եւ լավագույնս մշակված գործիքակազմով կայացնել ուղիղ ժողովրդավարության ինստիտուտները` հասարակությունն, այնուամենայնիվ, պետք է գիտակցի, որ այդ ամենը ոչ թե զուտ տվյալ իշխանությունների կամքի դրսեւորում պետք է լինի, այլ հասարակության հստակ ձեւակերպված պահանջ, քանի որ տեսականորեն իշխանությունների կամքը կարող է շատ կարեւոր հարցերում «կաղալ»: Կառավարությունը միայնակ` առանց հասարակության գործուն մասնակցության, չի կարող ժողովրդավարություն կայացնել:
Նման պայմաններում կառավարության առաջնային եւ լրջագույն մարտահրավերներից մեկը հասարակության մեջ ժողովրդավարական գործընթացների հանդեպ նոր մոտեցումներ ձեւավորելու անհրաժեշտության գիտակցում սերմանելն է: Այլապես միայն ժամանակի հարց կլինի տեսնել, թե հասարակությունն ինչպես է ժողովրդավար կառավարությանը վերափոխում ավտորիտարի:
Մարինա Մուրադյան