07.10.2024

Свободная Платформа

Հեղափոխությունը ցույց տվեց ընդդիմադիր դաշտի սնանկությունը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Հայաստանում երկար տարիներ իրական քաղաքականության բացակայության պայմաններում ստեղծվել էր գաղափարական վակուում: Քաղաքական գործընթացները հասցված էին զուտ իշխանության յուրացմանը եւ պահպանմանը՝ շարունակ ընդլայնվող նույն իշխանական թեւի վերարտադրման միջոցով: Ընդդիմությունն էլ այդ պայմաններում ուներ իրեն հատկացված հստակ դեր եւ հազվադեպ էր կարողանում շեղվել դիպաշարից:

«Թավշյա» հեղափոխությունից հետո ստեղծվել է նոր իրավիճակ: Հասարակությունը, կարծես թե, մերժել է նախկին իրողությունների փակ շրջափուլն ու նախընտրել Նոր Հայաստանը: Հետեւաբար նորը չպետք է դառնա նախկին արատավորի ձեւափոխումը՝ այլ լրիվ նոր իրականության ստեղծումը, որպեսզի սայլը կրկին իր սիրած տեղում չկոտրվի:

Եթե նախկինում իշխանությունը ինքնին միակ նպատակն ու գաղափարն էր, ապա հեղափոխությունից հետո պետք է խուսափել նույն թակարդն ընկնելուց: Դրա համար հարկավոր է ունենալ ազատ, բարձր մրցակցային քաղաքական դաշտ, որը պետք է ձեւավորեն գաղափարահենք քաղաքական ուժերը՝ մի բան, որը դեռ չի նշմարվում:

Նոր կառավարությունը մասնագիտորեն եւ հմտորեն զբաղված է հնի կազմաքանդմամբ: Սակայն հեղափոխության երկրորդ փուլը ենթադրում է անցում որոշակի կառուցողական աշխատանքների: Միայն կոռուպցիայի դեմ պայքարը, նախկին իշխանությունների մեղսագործությունների բացահայտումն ու պատիժը բավարար չեն երկրի զարգացման տեսլական ստեղծելու համար: Ցանկացած ժողովրդավար երկրի զարգացման համար կոռուպցիայի բացառումը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների եւ ազատությունների լիակատար պաշտպանությունը, այսպես թե այնպես, պարտադիր պայմաններ են՝ դրանք այն հիմքն են, որի վրա եւ կառուցվում է ժողովրդավար պետությունը: Հետեւաբար զուտ ժողովրդավար ինքնահռչակվելը դեռ գաղափար չէ: Եթե նախկինում կար իշխանությունը զավթած «ռոբասերժիկական» հանցագործ թայֆա եւ ավտորիտար վարչակարգի պայմաններում գործող մնացյալ կուսակցությունները կարող էին պարզապես ընդդիմադիր կոչվել եւ դրանով լիովին սպառել իրենց դավանած արժեհամակարգի վերաբերյալ հարցերը, ապա հիմա դա առնվազն բավարար հիմք չի կարող համարվել:

Եվ վերստին քաղաքական դաշտում իրական քաղաքական գործընթացներ տեղի չեն ունենում. չկա գաղափարների եւ արժեքների բախում, որովհետեւ չկան գաղափարներ եւ արժեքներ: Ցավոք, քաղաքական ուժերը, մեծամասամբ, դեռ մնացել են հին համակարգում եւ մինչ օրս չեն կարողանում երկրի զարգացման ծանրակշիռ տեսլականներ ներկայացնել, միգուցե նաեւ այն պատճառով, որ երբեք այդ ուղղությամբ չեն էլ մտորել:

Հիմա քաղաքական կուսակցությունները դեռ «չափվում են» հեղափոխությանն իրենց մասնակցության ինտենսիվությամբ, Նիկոլ Փաշինյանին ցուցաբերած աջակցությամբ, «ռոբասերժիկական» տարիներին իրենց կատարած «բարի գործերով» կամ վարչակարգի դեմ ըմբոստություններով... Իսկ դա արդեն նույնիսկ «կրկեսի» չի ձգում:

Եթե չհայտնվեն տարբեր բեւեռներ ներկայացնող, իրական գաղափարախոսությունների վրա խարսխված քաղաքական ուժեր՝ հստակ ձեւակերպված եւ իրատեսական ծրագրերով, որոնք պատրաստ կլինեն ազատ եւ բաց մրցակցությանը, ապա Հայաստանը դեռ երկար կդեգերի իրապես ժողովրդավար դառնալու ճանապարհին, եւ ընդդիմադիր հարթակի բացակայության մեղքն այս անգամ իշխանությունների վրա բարդելու հնարքը չի անցնի:

 

Մարինա Մուրադյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.