Չէի կարող լռել, երբ այս օրերին նորից Ուսուցիչն է թիրախում։ Սկսենք այն հարցից, թե ինչու է ուսուցիչը դպրոցից տուն վերադառնում ուժասպառ ու գերհոգնած եւ այն հարցից, թե երբ է ազատ շունչ քաշում ուսուցիչը: Այս երկու պարզ հարցին հազիվ թե կրթության ոլորտի պատասխանատուներից խելքին մոտ պարզաբանում լսենք։ Նրանց պատկերացմամբ` երկրում բարեփոխումները միայն դպրոցին են վերաբերում եւ այդտեղ դասավանդող ուսուցիչներին։ Ե՞րբ է «շունչ քաշելու» հնարավորություն վիճակվում ուսուցչին` դասերի՞ն, դասամիջոցների՞ն, դասերից հետո՞, տա՞նը, թե՞ արձակուրդներին։ Ես կասեի` ոչ մի տեղ, երբ որ տարեցտարի արհեստականորեն ավելացվում է ուսուցչի ծանրաբեռնվածությունը։
Միշտ կանգնած եմ եղել ազնիվ, արդար, խելացի ուսուցչի կողքին։ Ու Արցախի իմ մանկավարժական գործունեության ընթացքում եմ ազատ շունչ քաշել աշակերտներիս, նրանց ծնողների հետ։ Երբեմն պայքարս վերեւների հետ է եղել, երբ ցանկացել են կաշկանդել ազատությունս։ Ես ազատ շունչ եմ քաշել դասերին, կազմակերպած միջոցառումներին, դասամիջոցներին, ազատ դասաժամերին, դասերից հետո: Կրկնուսույց էի տանը՝ բուհի ընդունելության քննություններին նախապատրաստելու պարապմունքներում կամ գրում էի դասերից հետո, հրատարակում գրքեր՝ մանկավարժի իմ կյանքից, դպրոցից, աշակերտներից, ուսուցիչներից, սահմանամերձ բնակավայրի պատերազմական օրերից, մեր զոհված տղաներից։
Ատեստացիան չէր որոշողը, թե Արցախի ուսուցիչը որքան աշխատավարձ կստանա, բայց մեր հեղինակությունը բարձրակետին էր, իմ աշխատավարձի ստվար մասն էլ ծախսում էի գրքերիս հրատարակության վրա։ Ու երբեւէ չեմ վաճառել։ Գիրքը միայն նվիրել եմ: Հայաստանի դպրոցի ուսուցիչն ազատ ժամանակ ունի՞ դասերից հետո գիրք գրելու, երբ վերեւներից հրամցված դպրոցի տքնաջան աշխատանքի ծանր բեռը կրողն է։
Արցախում վերջին տարիներին ատեստավորում, տարբեր դասընթացներ չեն կազմակերպվել` երկրի ծանր կյանքից ելնելով, բայց ամենամեծ հաջողություններ գրանցած ուսուցիչներից մեկն էի, երբ կամավոր մասնակցում էի մրցույթների, ֆորումների, իսկ աշակերտներս հաղթանակներ էին կերտում առարկայական օլիմպիադաներում, տարբեր մրցույթներում, ընթերցանության ֆլեշմոբներում։ Ինձ ատեստացիաները չեն կոփել, ոչ էլ` բազմազան դասընթացները, որ աշակերտներիս կրթեմ ու դաստիարակեմ, ոչ էլ զանազան մեթոդներով եմ ծանրաբեռնվել իմ ուսուցչության ժամանակ, բայց որակ եմ տվել, ճաշակ փոխանցել, սեր, համուհոտ թողել մանկավարժի անցնելիք ճանապարհիս։
Ուսուցիչների այդ ի՞նչ վերապատրաստումներ են, որ չեն վերջանում ու այդ անսահմանության մեջ շատ դեպքերում՝ ոչ արդյունավետ ու հոգնեցուցիչ։ Ուսուցչին հանգիստ է պետք, ոչ թե օրեցօր ավելացող անհասկանալի թղթեր՝ ծրագրեր, բնութագրեր, պլաններ, թղթապանակներ, գրառումներ, հաշվետվություններ, արձանագրություններ, ցուցակներ… Արդյո՞ք դրանք նպաստում են աշակերտների գիտելիքների ավելացմանը, թե՞ այդ ստվարածավալ թղթաբանությունը նպատակ ունի ուսուցչին սեղմելու պատին այնքան, որ չհասցնի ուսմանը ծառայեցնել իր մասնագիտական իմացությունը։
Հայաստանում դպրոցից հեռու եմ, բայց ապրում եմ դպրոցով։ Ցանկանում եմ, որ ուսուցիչը ազատ շնչի՝ դպրոցում լինի, թե տանը, այլապես ի՞նչ ուսուցիչ, եթե կաշկանդված է լինելու՝ դամոկլյան սուրը գլխավերեւում, չէ՞ որ ուսուցիչը հեղինակություն է, խոնարհման արժանի մեծ անուն։ Ուսուցչին հանգի՛ստ թողեք, ի սեր Աստծո, որպեսզի նա ապրի իր սաներով, նրանց փոխանցած գիտելիքներով, նրանց ձեռքբերումներով, թողե՛ք Ուսուցիչը շնչի ազատ, անկաշկանդ: Եվ տված օգուտը կբազմապատկվի:
Նատաշա Պողոսյան

