26.11.2024

Свободная Платформа

Բոլորս հայ հավաքականության մասնիկ ենք

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Խորին հարգանքով ամերիկահայ սրտաբան, «Ձիթող դաշտի Կարնո» գրքի հեղինակ ՎԱՐԴԻԹԵՐ ԿՈՃՈԼՈԶՅԱՆ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հիշատակի հանդեպ՝ հրապարակում եմ մի քանի հատված 2002-ին «Հայացք Երեւանից» ամսագրում տպագրված մեր զրույցից:

Դեկտեմբերյան երկրաշարժի իններորդ օրը Հայաստան ժամանեց մարդասիրական օգնություն բերող ամերիկյան մի ինքնաթիռ՝ ուղեկից ունենալով բժիշկների ու ազգային գործիչների տարբեր խմբերի: Ամերիկահայ բժիշկների հետ էր հայագետ Ռիչարդ Հովհաննիսյանի տիկինը՝ դոկտոր Վարդիթեր Կոճոլոզյան-Հովհաննիսյանը: Որդին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, նախնիների երկիր էր ուղեւորվում Ամերիկայի Հայկական համագումարի հանձնարարությամբ:

ՎԱՐԴԻԹԵՐ ԿՈՃՈԼՈԶՅԱՆ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 
ՎԱՐԴԻԹԵՐ ԿՈՃՈԼՈԶՅԱՆ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մայր ու որդի հանդիպեցին օդանավակայանում, թեեւ, անշուշտ, տեղյակ էին միմյանց առաքելության մասին: Օդային ճամփորդությունն անվտանգներից չէր. Հարավսլավիայում ինքնաթիռը մի քանի ժամ թաղվեց-մնաց ձյուների մեջ, ուղեւորներն ստիպված էին սպասումի երկար պահերի մեջ մտմտալ իրենց անելիքը, պատկերացնել կատարվածը եւ հույս փայփայել, որ այն հեռուստատեսությամբ տեսածից գոնե մի քիչ պակաս կլինի: Ավելին էր: Տասնապատիկն էր, հարյուրապատիկը: Հետերկրաշարժյան առաջին օրերի ահավոր տպավորություններին ոչ մի կերպ չվարժվելով՝ տիկին Վարդիթերը մեկնեց նաեւ Արցախ: Պահը հարմար էր այն առումով, որ ծանոթացավ «Արմենիա» հյուրանոցում հանգրվանած Անդրեյ Սախարովի եւ Ելենա Բոների հետ ու միացավ նրանց խմբին: Այս տարվա հայաստանյան այցը նա սկսեց Ստեփանակերտից, ուր պատերազմի օրերին սարսափելի տեսարանների վկան էր եղել:

-Տիկին Վարդիթեր, մի քանի տարի հայրենիքում չէիք եղել եւ գալով՝ շտապեցիք Արցախ: Ուզում էիք նախորդ տպավորություննե՞րն ստուգել: Նորերն ավելացա՞ն:

-Ուզեցա Ղարաբաղն աչքովս տեսնել: Այնտեղ լավ տպավորություններն ավելցան, Հայաստանում՝ ընդհակառակը: Ժամանակին Ստեփանակերտում ախտորոշման կենտրոն կար, շենքի առաջին հարկում հիվանդանոցն էր: Այդ տարիներին արյուն կհոսեր, երեխաներ կային՝ ոտքը կտրած, ծերեր կային՝ ձեռքը կտրած: Ջուր չկար, անկողին չկար, մարդիկ հարյուրներով նկուղներում կապրեին: Գերմանիայից մի երիտասարդ բժիշկ եկած էր, լեզու չգիտեր, բայց եկած էր օգնելու, մի քանի անգամ ալ Քերոլայն Քոքսի հետ հասած էր: Նկուղում առանց նարկոզի վիրահատություն կանեին: Վիրավորները շատ-շատ էին: Կհիշեմ, որ բարոնուհին ըսավ, թե ադրբեջանցիները պատերազմի դաշտը չէ, որ կռմբակոծեն, այլ խաղաղ բնակչությանը: Ուրեմն ուզեցի այդ տեղը նորից տեսնել: Բայց նույնիսկ նշան չկար, քարուքանդի հետք չկար: Այն հիվանդանոցը, որ պատերազմի ժամանակ Նաջարյանները օգնած են շինելու, հիմա զինվորական մաս էր: Ես նկատեցի, որ քաղաքի կյանքը սկսած է բարելավվել: Զգալի բարելավում տեսա նաեւ Լաչինի մեջ, որ այն ժամանակ ամայի էր, մարդ չբնակեր: Հիմա այդ շրջանը բնակեցված է, եկեղեցի կգործե: Անցանք այն տեղով, ուր Քերոլայն Քոքսի հետ ձյուներու մեջ մնացած էինք: Մենք ուզում էինք Ծննդյան տոներու առթիվ նվերներ հասցնել Արցախի երեխաներուն, բայց փոթորկի պատճառով մնացինք ճանապարհին, եւ այդ ժամանակ մի մանուկ ծնվեց: Կարծեմ թե՝ այս պատմությունը շատերուն հայտնի է: Հիմա այնտեղով հոյակերտ ճանապարհ կանցնի: Շատ ուրախցա, որ Արցախում այդքան փոփոխություններ տեսա:

–Ես ազգանունս ժառանգել եմ իմ հայրիկից՝ Հովակիմից: Նա եղել է Քեռու կամավորական գնդի անդամներից եւ իր մարտական ուղու մասին շատ հետաքրքիր գիրք մը գրած է: Կոճոլոզյանները Կարինի Ձիթող՝ Արշավան գյուղից են, չորս եղբոր գերդաստանը 45 մարդեն կազմված էր: 1915-ին թուրքերը սպանեցին 3000 հայ բնակիչներուն, նրանց թվում նաեւ հորս գրեթե ողջ ընտանիքը: Այդ ժամանակ նա Խարկովում փուռ կբանեցներ: Պատերազմի մասին լսելով՝ 1914թ. միացել է կամավորական ջոկատներուն եւ վիրավորվելով՝ տեղափոխվել Ռոստով: 1916-ին վերադարձել է Ձիթող, բայց գյուղն արդեն ամայի էր: Փոքրիկ կամրջի վրա մի հատիկ կատու տեսած է, այլ շունչ չիկար:

-Մեզ գերի տարան Շտուտգարդ: Գերմանացու գռեհկությունը, դաժանությունը ակնհայտ էին: Մյուս կողմից էլ դաշնակիցները ռմբակոծում էին, դրանից շատ մարդիկ զոհվեցան, նաեւ հայեր: Հայրիկիս չարչարում էին, ստիպում, որ բախտակիցներու հետ խրամատներ փորի: Երբեք չգիտեինք, թե հետ կգա՞: Ֆաշիզմը մեծ սարսափ էր, եւ գիտե՞ք, թե հայերիս ինչը փրկեց:  Փառք Աստծո, որ մենք ունեցանք գիտնական մարդ՝ Մանուկ Աբեղյանի եղբայր Արտաշեսը, որ Բեռլինի համալսարանում կդասախոսեր: Նա իր ընկերների հետ գրեց մի հոդված եւ տպագրեց: Դա հայերիս լավագույն հատկություններից մեկն է, որ կրիզիսի ժամանակ մեր ձայնը եւ ուժը միշտ միացնում ենք: Հոդվածից հետո վերաբերմունքը փոխվեցավ, մեզի սկսեցին խնայել: Առաջ, երբ դեռ Խարկովում էինք, բոլորը կշշնջային, որ հրեաներից ու գնչուներից հետո բնաջնջման հերթը հայերունն է: Փաստորեն՝ մենք խուսափեցինք հրեաներու ճակատագրից: Գրավված տարածքներում կես միլիոն հայ մարդ այդպես փրկվեց:

-Երբ 1990-ին Րաֆֆին որոշեց ընտանիքով, փոքր երեխաներու հետ հաստատվել Հայաստանում, այդքան ծանր պայմաններու մեջ, մեր ընտանիքը ասելիք չուներ: Գաղափարը արդեն իր մեջ կար, իր արյան, դաստիարակության մեջ էր: Եթե մեզանից մեկն ասեր, թե սպասիր, գոնե երեխաներդ մեծնան, նա չէր լսի: Եկավ եւ ծառայեց, հիմա էլ ծառայում է իր հիմնած կառույցներով:

-Հայը շատ տարբեր է, նայած, որ երկրում կապրի, որ դասակարգի մեջ է, ինչ կենցաղով կապրի, կհիշի՞ իր արմատները, լեզուն: Հայի ընդհանուր կերպարը մեծ փոփոխություններու ենթարկված է: Առանձին խոսելով հայ կնոջ մասին, պետք է ըսեմ, որ թե՛ ինտելեկտով, թե՛ կարողություններով, թե՛ եռանդով ու առաքինություններով շատ-շատ բարձր է:

-Միշտ, որ կուգայի Երեւան՝ կնայեի Արարատին: Եթե մշուշ ըլլար, ամպ ըլլար, կսպասեի, որ լեռը երեւար: Առաջին անգամն է՝ ես ամաչում եմ նայել Արարատին: Ինձ մեղավոր եմ զգում, որովհետեւ մենք բոլորս հայ հավաքականության մասնիկն ենք:

 

Հրաչուհի Փալանդուզյան

Հայացք Երեւանից ամսագիր, 2002թ.
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոն

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.