Հայաստանում մշակույթն իր բոլոր դրսեւորումներով միշտ ժամանակավրեպ է եղել: Մենք երբեք համընթաց չենք գնացել աշխարհում տեղի ունեցող փոփոխություններին եւ զարգացումներին՝ տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից ելնելով: Այսօր մեր առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներից մեկն այդ տարահարթությանը վերջ դնելն է. Հայաստանը պետք է կարողանա իր մտային մոդելներով տեղավորվի քաղաքակիրթ աշխարհի ժամանակային դիմենցիայում:
Թավշյա հեղափոխության ժամանակ հասարակությունն անսպասելիորեն կարողացավ կոտրել այն մտակաղապարները, որոնք նրան ամուր սոսնձել էին անցյալին, եւ ժամանակային տարածության մեջ գտավ մի ճեղք՝ տիրապետող գաղջից վերջապես ազատվելու համար: Գաղջը ցրվեց, սակայն հիմա դեռ դատարկություն է, որում միայն ամուլ մտքեր են թեւածում, որոնք չեն կարող ժամանակային տիրույթում նոր գաղափարային եւ արժեքային նշաձողեր սահմանել Հայաստանի հետագա զարգացման տեսլականն ուրվագծելու համար:
Սրա վառ ապացույցը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին գերակշռող գաղափարականության եւ արժեքայնության բացարձակ սնանկությունն էր: Տպավորիչ էր տեսնել, թե ինչպես որոշ մերձքաղաքական ուժերի ընդհանրապես հաջողվեց 21-րդ դարում ազգայնականությունն իջեցնել 19-րդ դարի ֆիդայականության ու նարոդնիկության մակարդակի:
Պակաս հետաքրքրական չէր, որ արեւմտականությունը քաղքենի ու գռեհիկ բուրժուականության եւ գավառական տկարամտության սահմաններում միայն երեւակեց ու իրեն սպառեց: Իրենց արեւմտական կոչող ուժերը չկարողացան որեւէ կառուցողական մոդել առաջարկել Հայաստանը Եվրատլանտյան արժեհամակարգին ինտեգրելու առումով. այդ համակարգի տրամաբանության մեջ զարգացման տեսլական որեւիցե մեկին չհաջողվեց ներկայացնել:
Իսկ հեղափոխությունը ներկայացնող ուժը դեռ պետք է կարողանա բյուրեղանա ու քաղաքական հարթակում իր առաքելությունն ամբողջական դարձնելու համար գտնի սկզբունքների եւ արժեքների այն հիմնասյունը, որի վրա եւ պետք է կառուցի հետագա գործունեությունը՝ ահռելի քաղաքական կապիտալն իրացնելու եւ նորը գեներացնելու համար:
Վերջին հաշվով՝ հեղափոխությունը ոչ թե այս կամ այն քաղաքական ուժի հաղթանակն արձանագրելու, այլ համակարգային փոփոխություններ իրականացնելու, օլիգարխիայի երկաթե օրենքին վերջ տալու եւ սահմանադրական կարգն անվերապահորեն հաստատելու համար է եղել: Հայաստանի քաղաքական կյանքում, մեծ հաշվով, հաղթելու է այն քաղաքական միավորը, որը կկարողանա հեղափոխության հստակ սահմանված նպատակները կյանքի կոչել՝ խորապես գիտակցելով պետականակերտման տեսանկյունից դրանց ամբողջական իմաստն ու կարեւորությունը:
Անշուշտ՝ հետհեղափոխական Հայաստանում դեռ պետք է ծավալվեն գաղափարական դիսկուրսներ, որոնք նոր թափ ու շունչ կհաղորդեն ժողովրդավարության արմատացմանը եւ կհանգեցնեն քաղաքական բեւեռների ձեւավորմանը, ինչն էլ հնարավորություն կտա դուրս գալ այս արատավոր ու չափազանց ցածր քաղաքական մշակույթի շրջանակից: Աշխարհը երբեք չի նեղանալու այն աստիճան, որ հարմարվի մեր մտքի տարողունակությանը, հակառակը, մենք պետք է մեր միտքն այնքան բացենք, որ կարողանանք սրընթաց առաջացող աշխարհում գտնել մեր՝ որպես ինքնաբավ միավորի, կայանալու եւ ինքնադրսեւորվելու հարթակը: Դրա համար այս վակուումից դուրս գալու համար մեզ հարկավոր է թռիչքաձեւ մարդկային էվոլյուցիա, որը գենային մակարդակում կփոխի մեր աշխարհընկալումը՝ այն մաքրելով բոլշեւիկյան թերմացքից:
Մարինա Մուրադյան