Նկատած կլինեք՝ բոլոր կայացած պետությունները խոսում են սեփական խնդիրներից, իսկ չկայացածներն՝ ուրիշների: Պատճառը շատ պարզ է. չկայացած երկրների խնդիրը հենց իշխանությունն է, իսկ խնդիրների բարձրաձայնմամբ սեփական ուղղությամբ քարեր նետելը ոչ մի իշխանության համար հաճելի կամ նպատակահարմար լինել չի կարող: Հետեւապես՝ նման երկրներում ընտրվում է խնդիրները «լռեցնելու», իրողությունները սրբագրելու, փաստերն աղավաղելու եւ թվանկարչության դիմելու ուղին: Իսկ լեգիտիմության բացակայության պայմաններում իշխանություններն առաջնորդվում են մերձավորների շուրթերով իրենց չեղած արժանիքները եւ, մասնավորապես, անսխալականությունը թմբկահարելու մարտավարությամբ, որն էլ հետագայում վերաճում է անփոխարինելիության առասպելի:
Նման պատկեր էր տիրում նաեւ Հայաստանում: Նախկին վարչակարգը՝ ունենալով լեգիտիմության լրջագույն պակաս, ակտիվ կիրառության մեջ էր դրել Խորհրդային Միությունից ժառանգություն ստացած՝ խնդիրները «լռեցնելու» արատավոր փորձը: Կուտակված սուր հիմնահարցերի բարձրաձայնումը դիտվում էր իբրեւ պետական դավաճանությանը հավասարազոր մեղք, իսկ իշխանությունների բոլոր գործողություններին տրվում էր յուրահատուկ խորհրդավորություն, որպեսզի մարդիկ դժվարանային ըմբռնել այդ ձեռնարկների իմաստը եւ մտածեին, թե այդ ամենը, հավանաբար, «իրենց խելքի բանը չէ»: Վերջնարդյունքում կեղծիքի, ստի ու աճպարարությունների վրա խարսխված այդպիսի կառավարումը, ինչպես տեսանք, բերեց բացարձակապես անկենսունակ մի կոնգլոմերատի ստեղծման, որը եւ, ի վերջո, մերժվեց հասարակության կողմից:
Այսօր փաստացի զբաղված ենք վերջին տասնամյակների ընթացքում կուտակված խնդիրների գույքագրմամբ ու դրանց ծավալների հաշվարկմամբ: Առջեւում պետք է կարողանանք վերհանել այդ խնդիրների առաջացման խորքային պատճառները եւ տալ դրանց հստակ ձեւակերպումները:
Անհերքելի է, որ ցանկացած լուծում սկսվում է խնդրի ճիշտ ձեւակերպումից, որովհետեւ սխալ ձեւակերպված խնդիրը երբեք ճիշտ լուծում չի կարող ունենալ: Ճշգրիտ ձեւակերպումն է միայն ցույց տալիս, թե որն է լուծման բանաձեւը, որ ճանապարհով առաջ շարժվել եւ այլն: Այստեղ մի գայթակղություն միայն կարող է լինել, որի հաղթահարումը շատ կարեւոր է: Երբեք չի կարելի խնդիրն այնպես ձեւակերպել, որպեսզի լուծման արդյունքում ստացվի հենց ուզածդ պատասխանը: Սա կամայական մոտեցում է, որը չի հանգեցնի արդյունավետ լուծման:
Իրականում արդյունավետ լուծումներ գտնելու համար կառավարությունը պետք է որդեգրի առավելագույնս բաց, հաշվետու գործելաոճ՝ խնդիրները հնարավորինս դարձնելով պարզ ու հանրամատչելի, որպեսզի հասարակության լայն շերտերի համար հասկանալի լինի, թե ինչ ունենք, ինչ ենք անելու եւ արդյունքում ինչ ենք ստանալու: Լավ է, որ կառավարությունը հակված է աշխատել հասարակության հետ համագործակցաբար, բազմակարծության հիման վրա, ընդունել ներքեւից եկող առողջ քննադատությունը եւ որոշումներ կայացնելիս՝ հաշվի առնել ժողովրդի առաջարկություններն ու մտահոգությունները:
Հասարակությունն, իր հերթին, պետք է կարողանա ձերբազատվել կարծրացած մոտեցումներից ու կաղապարներից, կառավարությանը հասցնել հանրորեն ընդունելի, հասարակական հնչեղություն ունեցող հրատապ հարցեր, առաջարկներ, դիտողություններ: Ճիշտ չէ, երբ մարդիկ անձնական մանր-մունր խնդիրներով դիմում են իշխանության ամենաբարձր ատյաններին՝ խլելով նրանց ժամանակը, որը շատ թանկ է մեր օրերում: Քաղաքացու անձնական հարցերով թող զբաղվեն տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց մենք ընտրել ենք հենց դրա համար:
Եվ հետո՝ անձնական խնդիրներն ինքնին կլուծվեն, եթե տեղեկատվական միջոցների հնարավորություններն օգտագործելով՝ բարձրագույն գործադիր մարմինների ուշադրությունը պարբերաբար հրավիրենք հանրությանը հուզող տնտեսական, սոցիալ-կենցաղային, գիտակրթական, մշակութային հիմնախնդիրների եւ հակահասարակական երեւույթների վրա, որպեսզի դրանց տրվեն համապարփակ, ամբողջական լուծումներ՝ հաշվի առնելով նաեւ իրավիճակի կարգավորման առաջնահերթությունները:
Սա կլիներ իրական մասնակցություն եւ հանրային ներգրավվածություն պետության կառավարմանը: Այս դեպքում արդեն ոչ ոք չէր փորձի իր քիմքին հաճո ձեւակերպել խնդիրը կամ, ընդհանրապես, աղճատել դրա էությունը, որովհետեւ մասնակցողը նաեւ վերահսկում է:
Մարինա Մուրադյան