25.11.2024

Свободная Платформа

Քո բաժին լույսը…

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մեծ քաղաքում ապրելը, քաղաքի արտաքին շքեղությունը վայելելը երեւի ինձ համար չեն, չնայած երեսուն տարի առաջ նույն զգացողությունն եմ ունեցել, երբ Մարտակերտը գերության մեջ էր, մենք էլ փախստականի կարգավիճակով ռուսական քաղաքում էինք հանգրվանել։

Օրեր առաջ երեկոյան Երեւանն ինձ տեսանելի դարձավ լույսերի շքեղության մեջ,  բազմաթիվ մեքենաների խցանումներով։ Սա ինձ մեր հապճեպ տեղահանությունը հիշեցրեց՝ մարդկային հոծ բազմությամբ, մեքենաների տեղաշարժի հետ կապված հարկադիր կանգառներով:

…Մեքենայում եմ: Գիշերային Երեւանն եմ տեսնում պատուհանից։ Բազմահարկ շենք է, եւ տպավորություն է, թե Մարտակերտում հասել ենք մեր բնակելի տանը։ Հետո ուշքի եկա, երբ դիմացս հուշարձան տեսա:

Այդքանով չավարտվեց։ Տարատեսակ մթերքների խանութներ են, եւ նորից ես Մարտակերտում եմ՝ հացի երկար հերթերում։ Մի պահ հազիվ զսպեցի ինձ, որ չասեմ` ինչո՞ւ ենք այս ուշ ժամին քաղաքապետարան գնում: Բայց, կարծես, դպրոց էր, որն ինձ պատկերացավ Մարտակերտում մեզ դպրոց տանող ճանապարհը։

Սա խառը մտածումների արդյունք է, այնպես չէ, որ երեւակայության մեջ էի, երբ ամեն ինչ հիշեցնում է հայրենիքդ, որտեղ ապրել ես մի ամբողջ կյանք։

Սա կարոտ է, պոռթկացող ցավ, որ երբեմն ներսումդ կուտակվում է, երբ զգում ես, որ անհնար է հաշտվել այն դառն իրականության հետ, որում հայտնվել ենք… տասնյակ հազարավորներ։

Սա գլխապտույտ է, մի անհավատալի շրջադարձ, որ ապրածդ տարիների համուհոտն ես զգում, անգամ շրջափակման ծանր օրերն ես վերհիշում ու երանություն տալիս այդ ամիսներին։

Զգում ես, որ դավաճանված է երկիրդ, ծննդավայրդ, բնօրրանդ, առանց որի երբեւէ չես պատկերացրել կյանքդ։

Երկարում է ճանապարհը երեկոյան Երեւանում։ Ամենուր լույսեր են փայլփլում ու ակամայից փնտրում ես այդ լույսերի խտության մեջ քո բաժին լույսը, բայց չես գտնում։ Մի՞թե կորցրինք անվերադարձ մեր բաժին լույսը՝ մեր լույս-բնօրրանում… Ու շտապում ես  վարձած այն տունը հասնել, որտեղ մտածումներիդ ազատություն կտաս՝ գոնե մի քանի տող շարելով, որ մոռանաս այն բոլոր արհավիրքները, որոնց միջով անցել ես ու դեռ պիտի անցնես…

 

Նատաշա Պողոսյան

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.