26.11.2024

Аналитика

Փաշինյանի հանրային վստահությունից փշրանքներ են մնացել

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Այն, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը ծայրաստիճան ընկել է ու հրաժարականն այլեւս դարձել է հրամայական, նկատելի է անգամ անզեն աչքով: Բարձրագոչ խոստումներով, շռնդալից գալով իշխանության, նա երկուսուկես տարվա ընթացքում մսխեց հանրային վստահության պաշարը, ցույց տվեց ապաշնորհ կառավարողի, պետության անարժան ղեկավարի եւ արկածախնդիր Գերագույն գլխավոր հրամանատարի իր դժգույն դեմքը: Իբրեւ առաջնորդ՝ Փաշինյանն անպիտան դուրս եկավ: Շատ ուշ պարզվեց, որ նա այն մարդը չէր, ում խելահեղորեն հավատացին եւ «քարտ-բլանշ» տվեցին «Սերժին մերժող» մեր բազմահազար քաղաքացիները:

Ցավոք, շատ մեծ գին վճարեցինք, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ է կատարվել, եւ ում են բերել իշխանության: Սակայն անցածն էլ ետ չես բերի՝ գնացքը գնացել էր: 2018թ. դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրություններում Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ստացավ ընտրողների քվեների ավելի քան 70 %-ը, բայց նա ի վիճակի չեղավ օգտվել նման պատմական հնարավորությունից, որը մարդուն կարող է տրվել կյանքում մեկ անգամ:

Այժմ տնտեսապես թուլացած, պատերազմը խայտառակաբար տանուլ տված, ավելի քան 10 հազար քառակուսի կիլոմետր տարածքներ «հանուն ոչնչի» կորցրած երկու հայկական պետությունները եւ հիասթափված ու ստորացված ժողովուրդը հայտնվել են իրենց ինքնիշխան գոյության կորստի եզրին: Իսկ նա, ով, իր բնորոշմամբ, այս ամենի «թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ», համառում է, չի ուզում հրաժարվել պաշտոնից՝ որպես պարտված, նվաստացուցիչ համաձայնագիր ստորագրած եւ անկամ առաջնորդ, որին արհամարհած ունեն թե՛ ներսում, թե՛ դրսում:

Ինքը իր մասին Փաշինյանը, սակայն, այդպես չի մտածում: Անգամ պատերազմից հետո, որին առնչվող բազմաթիվ կասկածելի վարկածներ են շրջանառվում, նա պնդում է, որ շարունակում է մնալ «ժողովրդի վարչապետ» եւ վայելել ժողովրդի աջակցությունը: Իսկ իրեն ուղղված հրաժարականի պահանջին ի պատասխան՝ հակադարձում է, թե չի կարող ժողովրդից ստացած մանդատը տալ «փողոցում՝ ում պատահի»: Նկատի ունի 17 ընդդիմադիր կուսակցություններին եւ նրանց փողոցային ակցիաները:

«Փողոցից եկած» իմքայլականների կարծիքով՝ 17-ի շուրջ հավաքված զանգվածը ժողովուրդ չէ, «ինչ-որ խմբավորում է», հետեւաբար հրաժարականի նրանց պահանջը չի կարող հանրային պահանջ դիտվել: Ժողովուրդը, իշխող ուժի համոզմամբ, միշտ «իր վարչապետի» կողքին է եղել ու կմնա: Այսինքն՝ փորձում են ձեւացնել, թե ոչինչ չի պատահել՝ ոչ ամոթալի պարտություն է եղել, ոչ՝ մարդկային ու նյութական ցավալի կորուստներ, ոչ՝ հայրենիքի մի մասի հանձնում, իբր ամեն ինչ օքեյ է:

Սակայն, որքան էլ ջանան սքողել, զբաղվել ինքնախաբեությամբ, Փաշինյանը եւ նրա թիմակիցները հարկադրված են լինելու ընդունել, որ «իր վարչապետի» ժամանակներն արդեն անցյալ են, եւ վարչապետն այսօր չունի երբեմնի հանրային վստահությունը: Ավելին՝ շատերի համար նա դարձել է ատելի, վախկոտ եւ հայրենադավ գործիչ: Այնպես որ, պետք չէ այլեւս խոսել ժողովրդի անունից կամ, ավելի ճիշտ, շահարկել ժողովրդի անունը, թե՝ «ժողովուրդը կորոշի», «ցանկացած տարբերակ կքննարկենք ժողովրդի հետ», «պատասխանատու ենք միայն ժողովրդի դատի առջեւ», «ժողովրդի մանդատը մեզ պարտավորեցնում է» եւ այլն:

2020թ. նոյեմբերի 10-ից հետո ժողովրդի եւ «իր» վարչապետի միջեւ անջրպետն այնքան ակնհայտ է, որ հակառակն ապացուցելը նույնն է, ինչ՝ պնդելը, թե մածունը սեւ է: Չեն օգնի անգամ այնպիսի թատերականացված տեսարանները, որոնցից մեկը ցուցադրվեց փետրվարի 3-ին վարչապետի՝ Աշտարակ այցի ժամանակ, ինչը, ըստ էության, խնամքով նախապատրաստված բեմականացնում էր:

Իրականում վարչապետը չի կարողանում «մարդամեջ» դուրս գալ, ժողովուրդը նրա հետեւից «դավաճա՛ն», «հողատո՛ւ», «թո՛ւրք» եւ նման կարգի այլ բացականչություններ ու սպառնալիքներ է հնչեցնում, եւ նա ստիպված է լինում շրջագայել ուժեղացված վերահսկողության ռեժիմով՝ փակված ոստիկանական ուժերի, թիկնապահների ու անվտանգության աշխատակիցների հոծ օղակում: Ամեն տեղ նա անցանկալի հյուր է, այդ թվում՝ եկեղեցում: Նրա ճանապարհը փակել եւ թույլ չէին տվել այցելել Սյունիք, իսկ Եռաբլուր այցելել հաջողվել էր միայն ժողովրդի նկատմամբ ուժայինների կողմից բռնի միջոցներ կիրառելու շնորհիվ: Բայց, մեկ է, սեւազգեստ մայրերի ցասումն ու անեծքներն անպակաս էին:

Փաշինյանի նկատմամբ ուժեղ հսկողություն է իրականացվում ամեն քայլափոխի. անգամ Ազգային ժողովի նիստերի դահլիճ մտնում է զրահաբաճկոնով: Նրա կյանքը շատ թանկ է ազգի համար՝ թեկուզ պատերազմում կրած պարտության բազմաթիվ մութ հանգամանքներ պարզաբանելու առումով: Գերագույն գլխավոր հրամանատարը, ի շարս պատերազմական այլեւայլ գործընթացների, նաեւ ռազմական գաղտնիքների «թիվ մեկ» տիրապետողն է եւ, անտարակույս, պատմելու շատ բան կունենա: Այնպես որ, նրան փայփայել է պետք: Բայց գանք մեր թեմային՝ Նիկոլ Փաշինյանի հանրային վստահության խնդրին:

Իշխանավարման սկզբնական շրջանում «ժողովրդի վարչապետը» փողոցում ազատ հեծանիվ էր վարում, գրքեր ու գովազդային նյութեր էր բաժանում, անկաշկանդ շփվում էր քաղաքացիների հետ՝ երանելի ժամանակներ էին: Ինչպե՞ս եղավ, որ ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, հպարտ քաղաքացիների շնորհած հանրային լեգիտիմությունից, նրանց աներկբա վստահությունից, որի մասին Փաշինյանը միշտ սնապարծությամբ էր խոսում, այսօր փշրանքներ են մնացել:

Այսպես՝ եթե նկարագրելու լինենք 2018թ. գարնան «թավշյա» իշխանափոխությունից հետո վարչապետի աթոռը զբաղեցնող անձի ձախողումների, ապիկարության, սխալ վարքագծի ու գործելակերպի եւ, որպես այդ ամենի տրամաբանական հետեւանք, նրա վարկանիշի աստիճանական անկման դրվագները, ապա կարելի է նկատել, որ հանրային հիասթափության առաջին «ծիծեռնակը» Փաշինյանի վարած կադրային քաղաքականությունն էր եւ համակարգային բարեփոխումների կարեւորության քամահրանքը անձամբ նրա ու Կառավարության կողմից:

Երկրորդ կարեւոր դրվագը, որն անխոհեմությամբ ուղղակի ցնցող էր, 2019թ. մայիսի 20-ին դատարանների մուտքերն արգելափակելու՝ Փաշինյանի կոչն էր իր աջակիցներին: Հայաստանի ՄԻՊ Արման Թաթոյանը վարչապետի այդ հայտարարությունը որակել էր

«չափազանց վտանգավոր պետության դատական համակարգի անվտանգության ու կայունության համար»: Նորանշանակ վարչապետը՝ իր ձեռքում կենտրոնացնելով իշխանության գործադիր եւ օրենսդիր ճյուղերը, փորձում էր տիրանալ նաեւ դատական իշխանությանը եւ, վերջնականապես, «խաչ քաշել» ժողովրդավարության վրա: Ի դեպ, դատելով «Իմ քայլի» ներկայիս գործողություններից, այդ նպատակից նրանք չեն հրաժարվել: ԲԴԽ կազմում երկու յուրային դատավորների խցկումը դրա վկայությունն է:

Երրորդ անհաջողությունը, որն անհամեմատ պակաս նկատելի էր, անցյալ տարվա փետրվարի 15-ին մյունխենյան Անվտանգության համաժողովի շրջանակում Արցախի հարցով տեղի ունեցած քննարկումներն էին Փաշինյանի եւ Ալիեւի մասնակցությամբ, մասնավորապես՝ երկու ղեկավարների անմակարդակ «լեզվակռիվը»: Այդտեղ առաջին անգամ երեւացին ՀՀ վարչապետի մտավոր եւ արժեքային համակարգի աղքատիկ պահուստարանը, միջազգային մակարդակում հմուտ բանակցողի ունակությունների բացակայությունը: Ալիեւի ելույթում առաջնայինը հողերի վերադարձն էր, Փաշինյանի ելույթում՝ խաղաղության ու խաղաղ բանակցային գործընթացի պահպանումը: Ի՞նչ ենք տեսնում այսօր՝ 7 ամիս անց, Ալիեւը հասավ իր ուզածին՝ դեռ մի բան էլ ավելի, իսկ Փաշինյանն իր «ուսապարկերի» հետ դոփում է տեղում եւ քիրվայություն աղերսում:

Չորրորդ դրվագը, որը լրջորեն սասանեց Փաշինյանի վարկանիշը, աշխարհը համակած COVID-19 թագավարակն էր, որի ալիքը Հայաստան հասավ 2020-ի գարնան առաջին օրը: Այն եւս մեկ անգամ ի ցույց դրեց իշխող քաղաքական ուժի կազմակերպչական ու մասնագիտական սնանկությունը: Յուրաքանչյուր 10 հազար մարդու հաշվով մեզնում վարակակիրների թիվն ամեն օր հակառեկորդ էր գրանցում. «մեծ» տարածաշրջանի 6 պետությունների մեջ Հայաստանն այդ ցուցանիշով վատագույնն էր: Դրան էին բերել համաճարակի հանդեպ անլուրջ վերաբերմունքը, վարչապետի ու առողջապահության նախարարի իրարամերժ, ոչ արհեստավարժ մոտեցումները, սահմանադրական փոփոխությունների անպատեհ հանրաքվեի «Այո»-ի քարոզարշավը, որին լծվել էր անձամբ Փաշինյանը («կորոնավիրուսն ո՞ւմ շունն է»), անտեսելով վարակի տարածման վտանգը, եւ այլն:

Եվ հինգերորդն ու բոլոր առումներով ամենաահավորը 44-օրյա պատերազմն է, որի պարտվողական արդյունքը եւ առաջ բերած բազմաթիվ հարցադրումներն ու վարկածները գրեթե զրոյացրին Գլխավոր գերագույն հրամանատարի՝ առանց այն էլ սասանված վարկանիշը: Այժմ այն, ըստ որոշ փորձագիտական վերլուծությունների ու հանրային հարցումների, ավելի ցածր է, քան ուներ Սերժ Սարգսյանը 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին:

Սրանք են այն հիմնական գործոնները, բայց ոչ բոլորը, որոնք բացասաբար ազդեցին Նիկոլ Փաշինյանի եւ նրա Կառավարության նկատմամբ հանրային վստահությանը: Մարդկանց ուշադրությունից չվրիպեցին վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մեջ բույն դրած արատավոր գծերը՝ ստախոսությունը, խոստմնազանցությունը, տխեղծությունը, ոխակալությունը, մանիպուլյատիվ հակումները, որոնք հարիր չեն անհատին՝ ընդհանրապես եւ պետության առաջին դեմքին՝ առավելապես:

Նա ասաց՝ ժողովրդի թիկունքում ոչինչ չենք անի: Բայց նոյեմբերի լույս 10-ի գիշերը գաղտնագողի ստորագրեց ազգադավ հայտարարությունը: Նա ասաց՝ ես Արցախի անունից լիազորված չեմ բանակցել, բայց միանձնյա որոշեց Արցախի ճակատագիրը՝ հօգուտ Ադրբեջանի: Պատերազմի օրերին նա պաշտոնապես հայտարարեց, որ մենք «ա՛նպայման» հաղթելու ենք, բայց դավադրաբար բանակը տարավ պարտության: Նա տվեց տնտեսական հեղափոխության մեկնարկը, մի քանի անգամ հրապարակեց տպավորիչ աճի կեղծ թվեր, բայց տնտեսությունը հայտնվեց կոլապսի առջեւ: Նա խոստացավ անցկացնել արտահերթ ընտրություններ, բայց մեկ ամիս անց փոշմանեց:

Եվ՝ ամենամեծ սուտը: Պատերազմի առաջին օրը նա հայտարարում էր, թե պատրաստ է զոհվելու հանուն Հայաստանի։ Հիմա պարզվում է, որ հանուն հայրենիքի նա պատրաստ չէ անգամ զոհելու իր աթոռը։

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.