26.11.2024

Аналитика

Փաշինյանը ուղտին նստած՝ կուզեկուզ է ման գալիս

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Որոշակի շրջանակներում տարածված մի սխալ, անհեռատես մտայնություն կա, ասում են՝ փառք Աստծո, պատերազմն ավարտվեց, եւ ամենավատը, ինչ պատահեց մեզ հետ, անցավ-գնաց, ժողովուրդը հիմա կարող է հանգիստ շունչ քաշել եւ իր գործով զբաղել: Այո՛, պատահածը պատահեց, բայց բնավ չանցավ ու չգնաց: Իրականում ցանկացած պահի, հնարավոր է, վրա հասնի էլ ավելի վատթարը: Մեր զույգ ոխերիմ հարեւանները դեռ Հայաստանից «փախցնելիք» հողեր ունեն, ինչը չեն էլ թաքցնում: Դա Զանգեզուրի, Տավուշի եւ հայկական այլ տարածքների նկատմամբ թուրք-ադբեջանական տանդեմի չհագեցող ախորժակն է, որը սկսել է ավելի գրգռվել Արցախյան 44-օրյա պատերազմում նրան ինչ-որ առումով դյուրին տրված հաջողություններից հետո:

Նախապատերազմական շրջանը, բուն պատերազմի ընթացքն ու հետպատերազմական վերականգնողական ժամանակահատվածը պարզորոշ ցույց տվեցին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության, «թավշյա» իշխանությունների կազմակերպչական ապիկարությունն ու մասնագիտական անձեռնհասությունը, որոնք երկիրը մատնեցին ամոթալի պարտության, անիշխանության եւ սոցիալ-տնտեսական, քաղաքական, անվտանգային ու բարոյահոգեբանական ճգնաժամի: Պատերազմը տանուլ տված, բոլոր ոլորտները ձախողած, հասարակությունը մասնատած, արտաքին քաղաքականությունը խոցելի դարձրած վարչապետի ու նրա թիմի հրաժարականը, որը պահանջում է հայության գերակշիռ մեծամասնությունը, այսօր Հայաստան-Արցախի-Սփյուռք եռամիասնության թիվ մեկ հրամայականն է: «Թավշյա» փորձանքը պետք է անհապաղ հեռանա: Միայն այդպես կարելի է կասեցնել հայոց պետականության գահավիժումը:

Փաշինյանին՝ որպես հեղինակազրկված առաջնորդի, չեն ընդունում ո՛չ Հայաստանում, ո՛չ Հայաստանից դուրս: Նա անլուրջ ղեկավարի ու արկածախնդիր քաղաքական գործչի համբավ ունի Հայաստանի երբեմնի բարեկամ երկրներում՝ Ռուսաստանում, Իրանում, Չինաստանում եւ այլուր: Իր ղեկավարած պետությունում անգամ Փաշինյանը զրկված է ազատ տեղաշարժի հնարավորությունից, մայրաքաղաքի մի կետից մյուսը գնում է ոստիկանների ու անվտանգության աշխատողների բազմաշերտ շղթայում օղակված՝ ելման-ժամանման կետերի տանիքներին տեղակայված դիպուկահարների պարտադիր առկայությամբ: Նրա դեմ փակվում են բոլոր մուտքերն ու ելքերը: Գյուղական եկեղեցու հոգեւոր հովիվը նրա մեկնած ձեռքը թողնում է օդում, սյունեցիներն արգելափակում են ճանապարհը, թույլ չեն տալիս մարզ մտնել, եւ ստիպված է լինում քոռ ու փոշման կես ճանապարհից վերադառնալ, իսկ Երեւանում սգավոր մայրերն ընդդիմանում, Եռաբլուրի դարպասների մոտ նրան դիմավորում են «Նիկոլ, դավաճա՛ն», «Նիկոլ, թո՛ւրք» կոչերով՝ փորձելով խոչընդոտել մուտքը զինվորական պանթեոն, որտեղ հասել էր մի քանի հազար ոստիկանների ու զինված խմբերի ուղեկցությամբ:

Բայց բերենք ավելի թարմ օրինակներ: «Հայրենիքի փրկության շարժման» անդամները անհնազանդության գործողությունների շրջանակում մարտի 13-ին արգելափակել էին ԱԳՆ շենքի եւ Բաղրամյան 26-ի մուտքերը, որտեղ տարբեր ժամերի նախատեսված էին Նիկոլ Փաշինյանի այցերը: ԱԳՆ նա գնում էր Դիվանագետի օրվանից արդեն 11 օր անց շնորհավորելու մեր դիվանագետներին, իսկ Նախագահական նստավայր՝ հանդիպում ունենալու նախագահ Արմեն Սարգսյանի հետ՝ վերջինիս նախաձեռնած քննարկումների շրջանակում: Ժամը 12-ին, այսինքն՝ սահմանված ժամին, ԱԳՆ-ի գլխավոր մուտքին Փաշինյանն այդպես էլ չմոտեցավ, ոչ էլ այդ մուտքով դուրս եկավ: Մուտքը հերթապահող տղաների համար դա հանելուկ էր: Հետո պարզվեց, որ վարչապետ աշխատող անձը այլ մեքենայով նախատեսվածից մեկ ժամ շուտ գողեգող ներս էր մտել, այնուհետեւ աննկատ դուրս եկել: ԱԳՆ շենքի մոտ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացված, որոնք բիրտ ուժի կիրառմամբ բերման էին ենթարկում քաղաքացիներին:

Նախագահականի մուտքի մոտ նույնպես ակցիայի մասնակիցներին բախտը չժպտաց՝ ցուցարարները դարձյալ չկարողացան «բռնացնել» Փաշինյանին: «Մենք կրկին նրան չհանդիպեցինք, հավանաբար սողեսող ինչ-որ տեխնիկական մուտքով հեռացել է… Մենք շարունակելու ենք հետապնդել, նա ազատ տեղաշարժի իրավունք չի ունենալու, օր ու արեւ չի ունենալու: Շարունակելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ երկիրը սողացող այս տեսակից չենք ազատել»,- լրագրողներին ասել է ՀՅԴ երիտասարդական թեւի անդամ Գերասիմ Վարդանյանը: Զավեշտալի տեղեկություն էր հաղորդել Mediaport թելեգրամ ալիքը: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան 26-ից հեռացել էր նախագահականի ավտոտնակով՝ խուսափելու համար «Նիկոլ, դավաճա՛ն» վանկարկող ժողովրդից:

Ինչպես երեւում է, հողը Փաշինյանի ոտքերի տակ այրվում է: Հետաքրքիր է, մինչեւ ե՞րբ է նա ուղտին նստած՝ կուզեկուզ ման գալու մի երկրում, որտեղ զբաղեցնում է վարչապետի աթոռը եւ որտեղ կարող են նրան ծաղրի առարկա դարձնել, երբ հայտարարում է, թե «Իսկանդերը» կրակել է 10 տոկոսով կամ երբ ասում է, թե ինքը պատերազմում կրած պարտության թիվ մեկ պատասխանատուն է, բայց արդյո՞ք թիվ մեկ մեղավորն է… եւ էլի նման անհեթեթություններ: Հիմա անցած տարվա նոյեմբերի 16-ի իր իսկ բառապաշարով հետեւյալ հարցն ուղղենք «թիվ մեկ» պատասխանատուին. «Եթե ուղտին նստած կուզեկուզ եք ման գալու, էդ «ուղտը» (հասկանալ՝ վարչապետությունը-Գ.Բ.) ձեր ինչի՞ն ա պետք, պարոն Փաշինյան»: Անհասկանալի է:

Էլ ավելի անհասկանալի է, թե ինչպես կարելի է նման պայմաններում,- երբ Ա կետից Բ կետ Փաշինյանի տեղաշարժը անվտանգության լրջագույն խնդիր է,- գնալ արտահերթ ընտրությունների, ինչի մասին վերջինս հայտարարել էր մարտի 1-ի հանրահավաքում եւ վերահաստատեց մարտի 18-ին՝ այս անգամ նշելով ընտրությունների անցկացման օրը՝ հունիսի 20-ը: Մինչ այդ, ամեն անգամ նեղն ընկնելիս՝ նա շահարկում էր արտահերթ ընտրությունների թեման, բայց հենց տեղը մի փոքր «լայնանում» է, հայտարարում էր, թե ընտրության հանրային պահանջ չկա: Ակնհայտ է, որ նպատակը ժամանակ ձգելն է եւ իշխանության ղեկին հնարավորինս երկար մնալը: Նա լավ գիտի, որ անկարելի է օրեր շարունակ նախընտրական քարոզարշավի գնալ ոստիկանական կիպ շարասյուների ու անվտանգության ծառայողների աքցանի մեջ: Այնպես որ, ընտրությունների ստույգ ժամկետի սահմանումը եւս ոմանց համար միանշանակ չէ:

Ժողովուրդը չի ընդունում ոչ միայն ուժի զոռով վարչապետ աշխատող անձին, այլ նաեւ նրա թիմի ներկայացուցիչներին, որոնց առջեւ եւս փակում են ԱԺ-ի եւ Կառավարության շենքերի մուտքերը՝ ի նշան նրանց անգործունության: Բոլորը հասկանում են, որ «կուզեկուզ» կառավարվող երկիրը չի կարող ապագա ունենալ, հետեւաբար՝ Փաշինյանի եւ նրա «ուսապարկերի» հրաժարականը այլընտրանք չունի: Մարտի 15-ին խնդրի հանգուցալուծման իր տեսլականը դարձյալ ներկայացրեց ՀՀ առաջին նախագահը՝ նկատելով, որ վարչապետն ու նրա հենարանը հանդիսացող քաղաքական ուժը, «կրած խայտառակ պարտության համար պատասխանատվությունից խուսափելուց բացի, առաջնորդվում են ոչ թե պետության ամրապնդման եւ հզորացման մտահոգությամբ, այլ բացառապես իրենց իշխանությունն ամեն գնով պահպանելու անթաքույց մոլուցքով»:

Տարածած հայտարարության մեջ Տեր-Պետրոսյանն իր համաձայնությունն է հայտնում հնչեցվող այն պնդումներին, որ ընտրությունները իշխող ուժի կողմից կազմակերպելու դեպքում հանրությունն ականատես է լինելու ՀՀ պատմության մեջ ամենախայտառակ ընտրություններին, «ինչը կարող է նշանակել Հայոց պետականության վերջը կամ երկարատեւ մղձավանջային գոյատեւումը», քանի որ «Իմ քայլը», ըստ Տեր-Պետրոսյանի, չի խորշելու վարչական ռեսուրսների համատարած օգտագործումից: «Ուստի թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաեւ անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը, ըստ իս, վերջինիս անհապաղ հրաժարականն է՝ ԱԺ-ի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ եւ նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումը արտերկրում»,- գրում է ՀՀ առաջին նախագահը՝ հավելելով, որ այդ դեպքում վարչապետի պարտականությունները՝ պայմանավորված չեզոքության հանգամանքով, պետք է դրվեն անկուսակցական փոխվարչապետի վրա:

Այսպես չորս ամիս շարունակ՝ հրաժարականի կոչեր, հորդորներ, պահանջներ… Սակայն Փաշինյանը համառորեն չի կատարում իր կյանքի ամենապահանջված քայլը: Եվ այս օրերի ամենահաճախ հնչող հարցերից մեկը, հասկանալիորեն, հետեւյալն է. «Է՞լ ինչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հասարակությունը սթափվի նիրհից եւ ոտքի կանգնի՝ գիտակցելով պետականության կորստյան իրական վտանգը»: Մամուլի մի շարք միջոցներ տեղեկատվություն տարածեցին պատերազմից առաջ ադրբեջանական կողմի հետ նրա ստվերային պայմանավորվածությունների, դավաճանական արարքների մասին: Գեներալներ, ռազմական գործիչներ, փորձագետներ հանդես եկան պատերազմի ողջ ընթացքում Գերագույն գլխավոր հրամանատարի չտրամաբանված հրամանների, աղաղակող բացթողումների եւ նրա տիկնոջ կասկածահարույց պահվածքի փաստական հիմնավորումներով, սակայն, ինչպես ասում են, «Ձայն բարբառո հանապատի», իր խոր քնից ժողովուրդն այդպես էլ չարթնացավ:

Այնուհետեւ տասնյակ աղմկահարույց հրապարակումներ եղան վարչապետի աթոռին տիրացած անձի ամենամերձավոր շրջապատի լրտեսական անցյալի ու «դժգույն» ներկայի թեմաներով: Ցանկացած նորմալ երկրում նման հաղորդումներից ամեն մեկը կարող էր առանձին հետաքննության, պաշտոնաթողության ու փոփոխության պատճառ լինել: Պետության առանցքային ղեկավարներից մեկը՝ ԱԺ նախագահը, բացահայտվում է որպես նախկինում Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ, հրապարակումը չի հերքվում, իսկ խորհրդարանի խոսնակը անվրդով շարունակվում է պաշտոնավարել: Մեկ այլ օրինակ. վարչապետի օգնականը «բռնվում» է քրեական կարեւոր գործով անցնող Հայրապետյաններին առաջադրված մեղադրանքի տեքստերը կառավարության իր աշխատասենյակում իրավական մարմիններին թելադրելիս կամ անձամբ սրբագրելիս, այդ մասին մամուլն ահազանգում է, բայց՝ զրո արձագանք: Ժողովուրդն ընտելացել է նման կարգի լուրերին եւ դրանք ընկալում է իբրեւ սովորական երեւույթ:

Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժումը» շարունակում է անհնազանդության գործողություններով սահմանափակել վարչապետի տեղաշարժը մայրաքաղաքում եւ մարզերում, բանակի բարձրագույն հրամկազմը պահանջում է նրա հրաժարականը, փորձառու քաղաքական գործիչներն ահազանգում են, որ Նիկոլ Փաշինյանը հայոց պետականության հիմքում դրված ռումբ է: Դարձյալ՝ քար լռություն: Բայց մինչեւ ե՞րբ…

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.