Ենթակառուցվածքների ապաշրջափակման թեման, որի մասին հունվարի 11-ին Մոսկվայում տեղի ունեցած՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպումից հետո հայաստանյան փորձագիտական շրջանակները եւ հանրությունը, կարծես թե, սկսել էին համերաշխորեն մոռանալ, մարտի վերջերին ու ապրիլի սկզբներին աննախընթաց աշխուժացում ստացավ: Տարածաշրջանում ենթակառուցվածքները բացելու խնդիրն արդիականացվել էր դեռ 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից Մոսկվայում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրմամբ, որի 9-րդ կետի իրականացումն այդուհետ, ինչպես նշվեց վերը, երկու ամիս անց որոշակիացվեց ՌԴ մայրաքաղաքում:
Ի՞նչ էր, ուրեմն, նախատեսվում Մոսկվայում հունվարի 11-ին վերահաստատված խնդրո առարկա 9-րդ կետով: Ահավասիկ՝ ա/ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային ու տնտեսական կապերի ապաարգելափակում. բ/ Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ԻՀ միջեւ տրանսպորտային կապի ապահովում, որը հսկվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության կողմից. գ/ կողմերի համաձայնությամբ՝ Նախիջեւանն ու Ադրբեջանի արեւմտյան շրջաններն իրար կապող տրանսպորտային ուղու կառուցում: Ի լրումն սույն կետի պայմանների՝ ՌԴ նախագահն իր խոսքում հավելել էր. «Կարծում եմ` կարեւոր կլիներ նախ նշել հետագա քայլերը` ուղղված կարգավորման առանցքային ուղղություններին, որոնք նշված են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։ Նկատի ունեմ խաղաղապահ զորակազմի գործունեության, սահմանագծերի հստակեցման, հումանիտար խնդիրների լուծման, մշակութային ժառանգության պահպանության հետ կապված հարցերը»:
Պուտինի մատնանշած 4 «առանցքային ուղղություններից» փոքրիշատե կարգավորված է միայն խաղաղապահ զորակազմի գործունեությունը, մյուս 3-ի պարագայում, որոնք հիմնականում առնչվում են Հայաստանին, վիճակն անմխիթարական է՝ մեղմ ասած: Սահմանագծերի հստակեցման առաքելությունը միակողմանիորեն ստանձնել է ադրբեջանական կողմը՝ անթույլատրելի JPS համակարգով կամայականորեն, ըստ իր ճաշակի ու ախորժակի, «նկարելով» սահմանագծերը: Հումանիտար խնդիրների լուծման համատեքստում Ադրբեջանը՝ թքած ունենալով միջազգային ճնշումների վրա, մտադիր է հայ ռազմագերիներին ահաբեկիչների անվան տակ փակել բանտում: Ինչ վերաբերում է մշակութային ժառանգության պահպանմանը՝ բավական է արձանագրել, որ թշնամի երկիրն արդեն հասցրել է պղծել իր վերահսկողության տակ անցած հայկական հարյուրավոր հուշարձանների մի մասը: Ավելին՝ իսպառ ոչնչացրել է Մեխակավանի (Ֆիզուլի) «Սուրբ Աստվածածին» եւ Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցիները:
Բայց այդ ամենին դեռ մանրամասն անդրադառնալու առիթ կունենանք, այժմ մեր հետազոտության նյութը տարածագոտու ենթակառուցվածքների խնդիրն է, որի շուրջ նախորդ շաբաթվա ընթացքում աննախադեպ ակտիվ քննարկումներ էին ընթանում: Միջացառումների շարքը բացվեց մարտի վերջերին տեղի ունեցած՝ ԱԽ նիստով, որտեղ դիտարկվում էին ապաշրջափակման առնչությամբ տարածաշրջանում ենթադրվող դրական ու բացասական զարգացումները: Դրան հաջորդեցին ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այցը նախ Ադրբեջան, ապա նաեւ Երեւան, որտեղ ապրիլի 1-ին նա հանդիպումներ ունեցավ հայաստանցի գործընկերոջ՝ Մհեր Գրիգորյանի, ինչպես նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Իսկ նախօրեին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը արցախյան օրակարգի շուրջ առանձին-առանձին քննարկումներ ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ՝ անդրադառնալով մասնավորապես ենթակառուցվածքների բացման հարցին:
Այդ օրերին Երեւանում էր ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը, Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հետ ակտիվ հեռախոսակապի մեջ էր ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովը: Ակներեւ էր, որ հաղորդակցությունների բացման քննարկումներն ընթանում են մեր ռազմավարական դաշնակցի միջնորդությամբ, եւ հարցը մշտապես նրա ուշադրության կենտրոնում է: Օվերչուկի՝ Ադրբեջան կատարած այցին անմիջապես հաջորդել էր Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցը, որն արծարծում էր երկու երկրների փոխվարչապետների հանդիպման արդյունքները: Նույն հարցն էր դրված նաեւ Պուտինի հետ Փաշինյանի ապրիլի 7-ի մոսկովյան հանդիպման օրակարգում: Այցի նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել էր, որ հանդիպմանը կքննարկվեն տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ինչպես նաեւ եռակողմ պայմանավորվածությունների իրականացման հարցերը:
Մինչ այդ՝ մարտի 31-ին, տեղի էր ունեցել ուշագրավ եւս մեկ միջոցառում՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի հավաքը, որտեղ տարածաշրջանի ապաշրջափակմանն առնչվող խնդիրներին ու հնարավորություններին նվիրված ծավալուն ելույթով հանդես էր եկել Իլհամ Ալիեւը: Նա հայտնել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ ստեղծված աշխատանքային խումբը արդեն որոշակի դրական արդյունք է ապահովել, սակայն դեռ կան ինչ-ինչ «տեխնիկական» հարցեր եւ անհամաձայնություններ: Նրա խոսքով՝ Հայաստանը փորձում է «դիմադրել», բայց իրենք նրան կստիպեն ենթարկվել: Ալիեւը առիթն օգտագործեց կրկին արտահայտելու Սյունիքի հանդեպ իր հավակնությունները՝ այս էլ որերորդ անգամ նշելով, որ Զանգեզուրը պատմական ադրբեջանական հող է, որն արհեստականորեն տրվել էր Հայաստանին՝ որպես թյուրքական աշխարհն իրարից բաժանող սեպ: «Հիմա, երբ որ ենթակառուցվածքները բացվեն, այդ թյուրքական աշխարհը կմիավորվի, Նախիջեւանը կմիանա Ադրբեջանին, եւ տարածաշրջանը կզարգանա, դրանից կօգտվեն նաեւ այլ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը»,- «մեծահոգաբար» ասել է Ալիեւը:
Դատելով ամենից, դժվար չէ հասկանալ, որ Ադրբեջանն օրակարգային մի խնդիր ունի՝ բացել ենթակառուցվածքները եւ ստանալ իր համար բաղձալի «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի կարողանա միավորել թյուրքական աշխարհը: Այսինքն՝ Ալիեւի շուրթերից պարբերաբար հնչող հակահայ հայտարարությունների ու թուրք-ադրբեջանական տանդեմի հռետորաբանության համադրումը պարզորոշ ցույց է տալիս, որ Ադրբեջանի կամ Թուրքիայի նպատակն ամենեւին էլ տարածաշրջանում խաղաղության, կայուն զարգացման եւ բարեկամական մթնոլորտի ստեղծումը չէ, այլ համաթուրանական ծավալապաշտական ծրագրի իրականացումը: Եվ եթե հարկ լինի հանուն այդ նպատակի բնաջնջել ոչ միայն Սյունիքը, այլեւ ողջ Հայաստանն ու հայությանը, հավանաբար չեն վարանի:
Իսկ ինչպե՞ս է դիմադարձում Հայաստանն այդ բացահայտ սպառնալիքներին եւ ինչպե՞ս է պատրաստվում պաշտպանել հայ ժողովրդի անվտանգային շահերը: Մեծ հաշվով՝ դիմադարձում, որպես այդպիսին, չկա: Ավելին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը գտնում է, որ պետք չէ Թուրքիային դիտարկել որպես թշնամի պետություն եւ այդ առումով Հայաստանի մոտեցումներում պետք է «որոշակի շտկումներ» լինեն: Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը հարեւանների նկատմամբ առանց թշնամանքի ապրելու «լավ շանս» է տեսնում. «Մենք պետք է պատրաստվենք եւ տարածաշրջանը պատրաստենք երկարատեւ խաղաղության, վերագնահատենք մեր վերաբերմունքը տարածաշրջանի երկրների նկատմամբ»,- վերջին հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է Նազարյանը:
Ինքը՝ վարչապետը մարտի 20-ին Արագածոտնում, իսկ մարտի 28-ին Արարատում իր նախընտրական վաղ քարոզարշավի ընթացքում անդրադարձել է տարածաշրջանի տրանսպորտային ուղիների ապաշրջափակման թեմային՝ նշելով, որ դրանց բացումը ձեռնտու է եւ՛ Հայաստանին, եւ՛ Ադրբեջանին, քանի որ Հայաստանը երկաթուղային կապ է ստանում ՌԴ-ի ու Իրանի հետ, իսկ Ադրբեջանը կապվում է Նախիջեւանին, ինչը, Փաշինյանի կարծիքով, տնտեսական առումով եւս երկուստեք շահավետ է: Մինչդեռ տնտեսագետները տրամագծորեն հակառակ կարծիքին են: Նրանց հաշվարկներով՝ ճանապարհների բացումը տնտեսապես թույլ, հյուծված Հայաստանի համար կարող է աղետալի հետեւանքներ ունենալ. որոշ ժամանակ անց թուրք-ադրբեջանական էժան գյուղմթերքը կհեղեղի հայկական շուկան, մեծաքանակ օտարերկրյա կապիտալի ներդրումը կսնանկացնի եւ շուկայից դուրս կմղի տեղական արտադրողին:
Երկիրը կհայտնվի Թուրքիայից կամ Ադրբեջանից տնտեսական կախվածության մեջ եւ հետզհետե կդրվի Հայաստանի «աբխազացման» գործընթացի սկիզբը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքով տրանսպորտային շարժի ու բեռնափոխադրումների անվտանգությանը, ապա դա, ըստ տիրապետող կարծիքի, բարձիթողի վիճակում է: Այժմ Սյունիքի եւ Արցախի համատեղ օգտագործման կամ սահմանային ճանապարհներին բազմաթիվ են հայկական ավտոմեքենաների քարկոծման ու հարձակումների դեպքերը: Իսկ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մեծադղորդ տոնով հորդորում է փոխել տարածաշրջանի նկատմամբ մեր հայացքը: «Գիտենք, որ տարածաշրջանում ունենք թշնամիներ, բայց, ի վերջո, եկեք արձանագրենք, որ ինչքան մենք ենք համարում թշնամի, այնքան մեզ են համարում թշնամի, ինչքան մենք ենք շատ համարում թշնամի, այնքան մեզ են շատ համարում թշնամի»,- Արագածոտնում բարիդրացիություն ու հաշտություն էր քարոզում Փաշինյանը:
Հետաքրքիր, որոշ առումով խառնիճաղանջ իրավիճակ է տարածագոտում: Ինչ-որ խորհրդավորություն կա այս ամենում, ոմանք մի տեսակ գաղտնապահ են դարձել, մյուսները՝ ցուցադրամոլ: Ադրբեջանը զորավարժություններ է անում, նորից մատ է թափ տալիս Հայաստանի վրա, սպառնում նոր պատերազմով, բացեիբաց հավակնում է Զանգեզուրին, Սեւանա լճին եւ Վայոց ձորին: Հայոց իշխանավորները, ճիշտ հակառակը, խաղաղասիրական կոչեր են սփռում աջ ու ահյակ, բարձրաձայնում Թուրքիայի հետ հարաբերություններում մեր մոտեցումները փոխելու մասին: Մոսկվան՝ տարածագոտու ապաշրջափակման ձեռնարկի կնքահայրը, լռում է՝ պատերազմն ավարտվելուց հետո քչախոս է դարձել, շրջանցում է բոլոր սուր անկյունները, անպատասխան է թողնում լրագրողների հարցերը, ուշադրություն չի դարձնում անգամ եռակողմ պայմանագրի տեքստի՝ պաշտոնական Բաքվի եւ Երեւանի տարընթերցումներին: Իսկ Մինսկի խմբի համանախագահները չեն շտապում այցելել տարածաշրջան:
Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, փորձում է հասկանալ, թե հաղորդակցային ուղիների բացման շուրջ ապրիլյան այս բուռն իրարանցումներում ինչ կա ձեռնտու Ռուսաստանի ու Հայաստանի համար, սակայն դժվարանում է հստակ պատասխան գտնել. «Հաշվի առնելով, որ տեղի ունեցավ ՌԴ փոխվարչապետի այցը Հայաստան եւ Ադրբեջան, կարելի է ենթադրել, որ նրա այցերը եւս ուղղված էին բարձր մակարդակով ապաշրջափակման հնարավորությունները քննարկելուն։ Սակայն դա տեղի է ունենում փակ դռների հետեւում, եւ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ է քննարկվում: Հասկանալի է, որ Ռուսաստանին այս ամենում հետաքրքրում է ուղիղ կապը Հայաստանի, Իրանի հետ… Քննարկումները թեժ փուլում են, կարծում եմ՝ դեռ ժամանակ է հարկավոր վերջնական հասկանալու համար, թե ինչ պատկեր կունենա այս ամենը»,- նշել է քաղաքագետը:
Հիրավի, վերջնարդյունքը հասկանալու համար պետք է սպասել, բայց արդեն իսկ տեսանելի է, որ Հայաստանն այս նախաձեռնություններում կամ կողմնակի դիտորդ է, ինչպես դա եղավ նոյեմբերի 9-ի գիշերը, կամ էլ պարզապես սպասարկում է այլոց շահերը: Այլ դեր այս ապիկար, պարտության խորհրդանիշ իշխանություններին վերապահված չէ:
Գեւորգ Բրուտենց