Հայտնի է, որ ցանկացած բնագավառում մասնագիտական հմտությունը հաջողության հասնելու հիմնական գրավականն է: Պետական կառավարման գործը կազմակերպելիս մեզանում վերջին շրջանում առավելապես շրջանցվում է պաշտոնյաների արհեստավարժության հանգամանքը: Քաղաքական գործընթացների հանդեպ հանրային համակ ուշադրության պայմաններում կառավարչական պաշտոններում յուրաքանչյուր նշանակում դառնում է քաղաքացիների քննարկման առարկան եւ, այդպիսով, ստեղծում հանրային որոշակի տրամադրություններ: Սոցիալական ցանցերում, հրապարակային բանավեճերի ժամանակ կարելի է արձանագրել բազում մտահոգություններ՝ կապված նորանշանակ պաշտոնյաների կառավարման հմտությունների բացակայության, երբեմն էլ` ուղղակի մասնագիտական որակների պակասի հետ:
Անցումային այս շրջանում հասարակական մտահոգություններին մատների արանքով նայելը ապաքաղաքական վարքագիծ կդառնա ժամանակավոր կառավարության համար: Մարդիկ, ովքեր քրեաօլիգարխիայի տապալման գործում մեծ ներդրում են ունեցել, որպես անձնական ձեռքբերում են դիտարկում թե՛ հեղափոխությունը եւ թե՛ հետհեղափոխական շրջանում կառավարության կողմից արվող յուրաքանչյուր նոր քայլ: Հետեւաբար՝ մարդկանց հուսախաբությունն առավել ագրեսիվ հակազդեցության վտանգներ է պարունակում՝ այն, ինչը չկար նախորդ հանցավոր վարչակազմերի պարագայում, երբ հասարակությունն օտարված էր պետական կառավարումից, եւ անտարբերությունը շատերի համար դարձել էր վարքի նորմա: Այս իրավիճակում բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարտավոր են շատ ավելի լուրջ մոտեցում ցուցաբերել կադրային զինանոցի, նոր նշանակումների ու կադրերի տեղաշարժի հարցերին: Այդ նպատակով փորձենք հստակեցնել հմտության այն չափանիշները, որոնք կառավարման մեջ կադրային նշանակումներ կատարելիս պահպանման կարիք ունեն:
Նախ պետք է նկատել հետեւյալը. երբ խոսվում է կառավարման գործում պաշտոնյաների հմտության մասին, դա չի վերաբերում այն պահանջներին, որոնք օրենքի ուժով ներկայացվում են քաղաքացիներին՝ քաղաքական, հայեցողական, քաղաքացիական, հանրային ծառայության պաշտոնների նշանակվելու ժամանակ՝ ինչպես, օրինակ, բարձրագույն կրթությունը, ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը եւ այլն: Խոսքը շատ կոնկրետ կառավարման գործում անհատի մարդկային որակների մասին է, որոնց ցանկացած ղեկավար պարտավոր է ամեն մի նոր նշանակման դեպքում ուշադրություն դարձնել՝ թեկնածուի մասնագիտական կրթությանն ու փորձառությանը համահավասար չափով: Ի՞նչ է սա ենթադրում:
Քանի որ պաշտոնյայի կառավարման հմտությունը ինքնուրույն որոշումներ կայացնելու միջոցով հասունացած խնդիրները լուծելու գործընթացի ապահովումն է, ուստի հարկ է սահմանել կառավարման հմտությանը ներկայացվող հետեւյալ ունիվերսալ բանաձեւը. Առավել սեղմ ժամկետում, միջոցների առավել արդյունավետ օգտագործմամբ, մարդկանց առավել հաջող ներգրավմամբ՝ առավել բարենպաստ արդյունքի ստացում:
Ինչպես տեսնում ենք, պաշտոնյայի կառավարման հմտությունը սոսկ խնդիրը տեսնելը չէ կամ այն բանաձեւելը: Խնդիրները տեսնել կարող են մեզանից շատերը: Կառավարչի հմտությունը կառավարման գործընթացում ի հայտ եկած խնդրին առավել արդյունավետ լուծում գտնելու ձիրքն է: Սակայն այստեղ մի նրբություն կա: Որեւէ ոլորտ տնօրինող ոչ մի կառավարիչ կամ պաշտոնյա չի կարող ամեն ինչ իմանալ, առավել եւս՝ անձամբ գտնել իրեն ի պաշտոնե բաժին հասած բացառապես բոլոր խնդիրների լուծումները կամ այդ լուծումներն ունենալ «գրպանում»: Տվյալ գործընթացի հաջողությունն ամենեւին էլ պայմանավորված չէ միայն կառավարչի գիտելիքով, փորձով ճիշտ տրամաբանելու կամ եզրահանգելու կարողությամբ: Ընդհանրապես՝ խնդիրների լուծման ուղին շատ ավելի դյուրին է դառնում, երբ պաշտոնյան ունի բաց ու ազատ գործելու, չմեծամտանալու, թիմի ներուժը զորաշարժի ենթարկելու, սեփական անձի վրա շատ չկենտրոնանալու մարդկային որակներ: Հենց այդպիսի հատկանիշներ ունենալու դեպքում է մարդու միտքը սկսում ելքեր փնտրել, գիտակցել, որ ինքն ամենագետ չէ, ու կան ոլորտի մասնագետներ, ովքեր իրեն կարող են օգնել անսխալ լուծումներ գտնելու հարցում:
Շատերը կան, որ պատրաստ են մեծ սիրով իրենց փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդ պաշտոնյաներին, միայն թե հավատացած լինեն, որ դա աչքակապության համար չի արվում: Լուրջ մասնագետները հարկ եղած դեպքում պատրաստ են մրցակցային սկզբունքով պաշտպանել իրենց տեսակետներն այլ մասնագետների հետ բանավիճելիս: Հմուտ կառավարիչը լուծումներ փնտրելիս միայն մի աղբյուրից չի օգտվում: Նա դիմում է նաեւ այլոց օգնությանը կամ խորհրդին, ընդ որում՝ այնպիսի մասնագետների օգնությանը, ովքեր միշտ պատրաստակամ են իրենց բանիմացությունն ի սպաս դնել ընդհանուրի շահերին:
Կադրերին պետք է լավ ուսումնասիրել նրանց պատասխանատու պաշտոններում նշանակելուց առաջ: Դա ոչ միայն կառավարման գործի հաջողության գրավականն է, այլեւ տվյալ մարդու դերի ու վաստակի ճանաչումը: Ցանկացած մասնագետ, ով տիրապետում է որոշակի հմտությունների, փորձի եւ գաղափարների, ունենում է նաեւ շատ բնական մի պահանջմունք` լինել գնահատված: Հեղափոխությունը Հայաստանում արժեւորել է մարդուն: Էլ ուրիշ ինչպես, եթե ոչ մասնագիտական դաշտում իր ազատ ինքնաիրացման միջոցով պետք է գնահատանքի ու մեծարանքի արժանանա Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին: Այս առումով սխալ կադրային քաղաքականությունը ապտակ է ողջ հանրությանը:
Սարո Սարոյան