26.11.2024

Аналитика

Սահմանադրական ճգնաժամ. պատրանք եւ իրականություն

Рейтинг: 5 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активна
 

Քվորումի բացակայության պատճառով Սահմանադրական դատարանում (ՍԴ) հունիսի 30-ին նախատեսված նիստը տեղի չունեցավ: Այս մասին «Ազատությանը» փոխանցել են ՍԴ աշխատակազմից։ Ի թիվս այլ հարցերի, պետք է քննվեր նաեւ «Մարտի 1»-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումը: Նույն բովանդակությամբ դիմում էր ներկայացրել նաեւ Քոչարյանի գործը սկզբում քննած ու նրան կալանքից ազատ արձակած` Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Վերջինս իր դիմումը ետ չէր վերցրել` ի տարբերություն Քոչարյանի պաշտպանների, որոնք դեռ անցյալ տարի Բարձր դատարան ներկայացրած իրենց դիմումով խնդրում էին ստուգել պաշտոնաթող նախագահին մեղսագրվող` սահմանադրական կարգը տապալելու Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականությունը։

Մամուլին հասու տեղեկություններով` ՍԴ-ի չկայացած նիստի օրակարգում, բացի Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությունից, եւս 7 կարեւոր հարց կար: «Հրապարակ» օրաթերթի փոխանցմամբ` հարցերից մեկը վերաբերում է ՀՀ-ի եւ Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջեւ ստորագրվելիք մի պայմանագրի, որի առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել էր շտապ որոշում կայացնել եւ արագ ռեժիմով հաստատման ուղարկել Ազգային ժողով: ՍԴ նույն նիստի օրակարգում, ըստ թերթի, ներառված էր նաեւ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների ու թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների» սահմանադրականության հարցը: Խոսքը, ըստ երեւույթին, առնչվում է ադամանդների աղմկահարույց գործին, որը նույնպես Սահմանադրական դատարանում ստեղծված ճգնաժամի պատճառով անորոշ ժամանակով կառկախվի:

Այսպիսով` սահմանադրական ճգնաժամը, որը, փորձագիտական տեսակետների գերակշիռ մասի գնահատանքով, փաստացիորեն չկար, բայց որի մասին ավելի քան մեկ տարի բարձրագույն իշխանության մակարդակով խոսվում էր, իրականություն դարձավ: Եվ իրականություն դարձավ հունիսի 22-ին ԱԺ-ում հրատապ ռեժիմով ու ընդդիմադիր խմբակցությունների բոյկոտի պայմաններում սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունմամբ: Այսինքն` ունենք շատ հետաքրքիր, եթե չասենք` տարօրինակ իրավիճակ. քանի որ Սահմանադրական դատարանի ճգնաժամ իրականում գոյություն չուներ, իշխանությունն ինքը այն ստեղծեց: Կարող է հարց առաջանալ` ինչո՞ւ պետք է սահմանադրական ճգնաժամն իշխանության համար այդքան պահանջարկված լինի, ո՞րն է նպատակը: Նախքան նպատակի մասին խոսելը` արժե մտովին անդրադառնալ այն զարգացումներին, որոնք Սահմանադրական դատարանի շուրջ տեղի են ունենում` անցյալ տարվա հունիսի 20-ից ի վեր:

Այդ օրն էր, երբ ճգնաժամի մասին առաջին անգամ հայտարարեց հանրությանը ոչ անհայտ Վահե Գրիգորյանը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս: Նրա հիմնավորմամբ` ՍԴ-ի ինը հոգանոց կազմից դատավորի կարգավիճակ եւ որոշում կայացնելու լիազորություն ունեն միայն ինքը եւ Արման Դիլանյանը, մյուսները` այդ թվում Հրայր Թովմասյանը, չունեն դատավորի կարգավիճակ, ուրեմն եւ չեն կարող որոշում կայացնել: Նա նույնիսկ ակնարկեց ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու իր անկեղծ պատրաստակամության մասին: Դրանից շատ չանցած` ի հայտ եկավ ՍԴ դատավոր չհանդիսացող անդամներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքը, որից ոչ ոք այդպես էլ չօգտվեց` չնայած բավական գայթակղիչ պայմաններին: Օրենքով սահմանված ժամկետներում հրաժարականի դիմում ներկայացնելու դեպքում լրիվությամբ պահպանվում էին ՍԴ անդամի աշխատավարձը եւ մյուս բոլոր արտոնությունները` ներառյալ բարձր թոշակի երաշխիքը:

Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու եւ, այդպիսով, սահմանադրական «ճգնաժամը» հանգուցալուծելու հաջորդ փորձը ԱԺ-ն ձեռնարկեց 2019-ի հոկտեմբերի սկզբին` հիմք ընդունելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննության ընթացքում Թովմասյանի թույլ տված կարգապահական խախտումները: Բարձր դատարանը, սակայն, մերժել էր քննության ընդունել խորհրդարանի այս որոշումը: «Իմքայլականների» կողմից էլի եղան քայլեր, այդ թվում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի` դատախազությանն ուղղված հաղորդումը, թե Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը յուրացրել է հանցավոր սխեմաների կիրառմամբ: Մասնավորապես, պատգամավորի պնդմամբ, ամեն ինչ արվել է, որ Թովմասյանն այդ պաշտոնը ստանձնի 2018 թվականի ապրիլի 9-ից առաջ` նախքան Սահմանադրության ուժի մեջ մտնելը, որպեսզի նրա վրա տարածվի ոչ թե 2015-ին ընդունված Սահմանադրության դրույթը, այլ` 2005-ինը, եւ ՍԴ նախագահն ընտրվի ոչ թե 6 տարի ժամկետով, այլ` մինչեւ 65 տարեկան դառնալը:

Չորրորդ փորձը ՀՀ նախագահի հրամանագրով 2020 թվականի ապրիլի 5-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն էր, որը, սակայն, փոխարինվեց ԱԺ հունիսի 22-ի արտահերթ նիստում բացառապես իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների 89 ձայնով ընդունված հայտնի նախագծի հաստատմամբ, իսկ բուն հանրաքվեն չեղարկվեց ընդամենը օրեր առաջ` Ազգային ժողովի հունիսի 30-ի արտահերթ նիստում: Այս գործընթացներն իրավագետների, քաղաքական ուժերի, անկախ դիտորդների մեծամասնության կողմից բնորոշվեցին որպես բազմաթիվ օրինախախտումներով ուղեկցված` սահմանադրական կարգի տապալում եւ իշխանության յուրացում: Տեղի ունեցածին բացասաբար արձագանքեցին նաեւ եվրոպական կառույցները: Իսկ հայաստանյան երեք կուսակցություն` ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ «Հայրենիք»-ը Գլխավոր դատախազություն ներկայացրին «Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով սահմանված հանցագործությունների մասին հաղորդում»:

Այժմ գանք այն հարցադրմանը, թե որը կարող է լինել սահմանադրական ճգնաժամ առաջացնելու` իշխանությունների նպատակը, միաժամանակ չբացառելով, որ հատուկ այդպիսի ցանկություն նրանք, հնարավոր է, չեն ունեցել, եւ այն ձեւավորվել է նրանց կամքից անկախ: Վերը նկարագրվածից դատելով, իշխանությունները հավանական ու անհավանական ամեն ինչ արել են` սկսած Վահե Գրիգորյանի` ինքն իրեն ՍԴ նախագահ հռչակելուց, մինչեւ վարչապետի գրչի զավեշտալի պատմություն, որպեսզի Բարձր դատարանն օր առաջ ազատվի Թովմասյանից ու նրա թիմակիցներից: Բայց դա հենց այնպես չես անի, ծանրակշիռ հիմնավորում էր պահանջվում, եւ ավելի համոզիչ փաստարկ, քան տվյալ պահին ճգնաժամի առկայությունը, դժվար էր մտածել: Մյուս կողմից էլ` իշխող ուժի համար ճգնաժամի հանգուցալուծումը լավ առիթ է պետական կառավարման ամենաառանցքային կառույցներից մեկում` ՍԴ-ում տեղավորելու յուրայիններին` հօգուտ իր անձնական եւ խմբային շահերի:

Դրանով կարելի է բացատրել իշխանության երեք ճյուղերից մեկին զսպելու` մյուս երկուսի անհագ ցանկությունը: Հետհեղափոխական շրջանն անթաքույց վկայում է, որ նոր իշխանությունների համար առաջին պլանում ոչ թե պետական եւ ազգային շահերն են, ինչպես ենթադրում է պարզ տրամաբանությունը, այլ անձնիշխանական, նեղկուսակցական նկրտումները: Հակառակ դեպքում «թավշյա» կառավարությունն աչքի լույսի պես կպահեր-կփայփայեր Սահմանադրական դատարանը` իբրեւ հեղափոխության ամենակարեւոր նվաճումներից մեկը եւ իբրեւ ժողովրդավարության մեծագույն արժեք: Ընդհանրապես` իրեն ժողովրդական վարչապետ համարող անձը պետք է ոչ թե արգելափակեր դատարանների մուտքերը, այլ մտածեր անցումային արդարադատության սկզբունքի, վեթթինգի եւ մյուս կարգավորումների կիրառմամբ դատական համակարգը լրջագույնս բարեփոխումների ենթարկելու մասին:

Հունիսի 30-ին Հայաստանում տեղի ունեցավ ներիշխանական աննախադեպ մի գործընթաց, որը գրեթե աննկատ մնաց: Երբ խորհրդարանի արտահերթ նիստում` դարձյալ առանց ընդդիմադիր ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի մասնակցության, քննարկվում էր «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքը, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային ժողովի խոսնակին պաշտոնապես տեղեկացրեց, որ իր կողմից այդ օրենքը չի ստորագրվելու: Ամենայն հավանականությամբ` նախագահն այլեւս չէր ուզում ակամայից դառնալ ապօրինի գործունեության մասնակից:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.