25.11.2024

Аналитика

«Դավաճանաորսի» շրջանը բացվա՞ծ է

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Անկեղծ ասած, չգիտեմ՝ հայերենի որեւէ բառարանում կա՞ «դավաճանաորս» եզրը, թե՝ ոչ: Հավանաբար՝ չկա նման բառեզր, բայց նման երեւույթ՝ «դավաճանաորսություն», հաստատ գոյություն ունի, ընդորում՝ ոչ թե բառարաններում, այլ մեր իրականության մեջ: Ավելին՝ այն փորձում է 2020-ի հետպատերազմյան շրջանում ամրապնդել իր «ներկայությունը» հասարակական-քաղաքական խոսույթում՝ որպես ժողովրդի մի ստվար հատվածի կողմից «դավաճանի» պիտակի արժանացած անձի մականվանը համարժեք կերպով հակազդելու միջոց:

Այդպիսով՝ «դավաճանաորսը» հոգեբանական ազդու գործիք է, որին իշխանությունները՝ մասնավորապես դատաիրավական, ԱԱԾ մարմինները, դիմում են իրական դավաճանի խարանը մեղմելու կամ անլրջացնելու դիտավորությամբ: Այսինքն՝ փորձ է արվում հանրային գիտակցության մեջ ամրացած՝ դավաճանի կերպարից շեղել ուշադրությունը դեպի նոր, հնարավորինս մեծաթիվ սուբյեկտներ: Ու սկսվում է երկրով մեկ դավաճանների ակտիվ փնտրտուքը, եթե չասենք որսը՝ հանրությանը ցույց տալու համար, թե «աչքներդ լայն բացեք, տեսեք՝ ովքեր են դավաճանները, որոնց պատճառով ե՛ւ պատերազմ տանուլ տվեցինք, ե՛ւ տարածքներ ու երիտասարդ կյանքեր կորցրեցինք: Իսկ դուք անտեղի խեղճ Նիկոլից եք կպել»:

«Խեղճ» Նիկոլի համար ինդուլգենցիա ապահովելու հանձնառություն ունեցող ԱԱԾ-ն որոշակի պարբերականությամբ բազմացնում ու տարածում է պետական դավաճանության կամ լրտեսական գործունեության «աննախադեպ դեպքերի բացահայտման մասին» գրեթե նույնատիպ հաղորդագրություններ, թե ինչպես են պատերազմի օրերին կամ դրանից առաջ ՀՀ զինված ուժերում պաշտոններ զբաղեցնող անձինք, նույնիսկ բարձրաստիճան սպաներ, համագործակցել օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ, գումարի դիմաց նրանց փոխանցել պետական գաղտնիք պարունակող կարեւոր տեղեկություններ: ԱԱԾ-ի ամփոփագրերից ու հաղորդումներից տպավորություն է, թե չորսբոլոր կողմերից շրջապատված ենք դավաճաններով ու լրտեսներով:

Պատերազմական ծանր օրերին ԱԱԾ-ն պետական դավաճանության մասին երկու հաղորդագրություն էր տարածել. առաջինը պատերազմի 5-րդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, իսկ երկրորդը՝ պատերազմի ավարտից 5 օր առաջ: Առաջինում հայտնվում էր, որ երկար տարիներ ՀՀ զինված ուժերում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած անձը պարբերաբար հավաքել է պետական գաղտնիք բովանդակող տվյալներ, մեկնել 3-րդ երկիր եւ դրանք մաս-մաս հանձնել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցներին՝ ստանալով համապատասխան վարձատրություն: Երկրորդ դեպքում Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Ստամբուլում հավաքագրված ՀՀ քաղաքացին, ըստ ԱԱԾ-ի, գումարի դիմաց լրտեսությամբ տեղեկություններ էր հավաքել եւ փոխանցել նրանց։

Հատկանշական է, որ այս երկու դրվագներով քրեական գործերը, ինչպես պարզ դարձավ հետագայում, հարուցվել էին 44-օրյա պատերազմից դեռ կես տարի առաջ՝ մարտ ամսին, եւ անհասկանալի է, թե ինչու հանրությունն այս մասով իրազեկվեց պատերազմի օրերին։ Ըստ երեւույթին՝ դավաճանալրտեսական թեման թեժացնելու հատուկ հրահանգ կար, քանզի պատերազմի 13-րդ օրը իր գրառմամբ գործին միացավ նաեւ մարդկանց հույզերը բորբոքելու առումով ամենածանր «հրետանին»՝ Նիկոլ Փաշինյանը, ազդարարելով, որ «առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել, կռվող զինվորներին համոզել են, թե հողերը ծախված են, եւ սա իրականում պայմանավորված պատերազմ է»:

Ուշադրություն դարձրեք մի փոքր նախադասության մեջ տեղ գտած անորոշություններին. «հատվածներից մեկում», «ինչ-որ մարդիկ», «կռվող զինվորներ» եւ այլն: Միանգամից երեւում է, որ «օդում կախված լուրերի» շարքից է: Նույն օրն ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց «տեղի ունեցածի» վերաբերյալ, թե «դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն.Մ.-ն ձերբակալվել է»: Նույն հաջողությամբ Ն.Մ.-ի փոխարեն կարելի էր գրել, օրինակ, Ք.Պ.-ն: Հաղորդագրության մեջ անգամ նշված չէ, թե ՔՕ-ի ո՞ր հոդվածի հատկանիշներով է գործ հարուցվել:

Դեպքից անցել է մեկ տարի ինն ամիս ժամանակ, սակայն այդչափ աղմկահարույց գործի, առաջնագծում սադրանքներ հրահրած ստահակների մասին հանրությանը ոչինչ հայտնի չէ, եւ մարդիկ հանիրավի սրա-նրա անունն են մրոտում, մեղադրում «նախկիններին»՝ ընդհուպ մինչեւ Առաջին արցախյան պատերազմում հաղթանակ կերտած նվիրյալներին, որոնց համար Արցախը սրբազան հող է: Ճիշտ այդպես անհայտության մշուշում մնացին նաեւ ՀՀ-ում եւ Արցախում օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակիցների ստեղծած գործակալական ցանցերի վերաբերյալ ԱԱԾ-ի այս տարվա փետրվարի 10-ի, ապաեւ մարտի 7-ի հաղորդագրության հետեւանքները:

Բացահայտված գործակալական ցանցերում, ըստ ԱԱԾ-ի տեղեկացման, ներգրավվել էին ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների երեք տասնյակից ավելի զինծառայողներ, որոնց նկատմամբ քրգործեր էին հարուցվել պետական դավաճանության հատկանիշներով: Լավ, հետո՞… «Հետո»-ի պատասխանը մենք չունենք: Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը վկայաբերում է պատերազմի օրերին ռազմի դաշտում տիրող ամենաթողության, դավաճանության մասին անընդհատ տարածվող լուրերը եւ նկատում, որ նման վտանգները կարող էին չեզոքացվել, եթե կառույցում «վեթինգ» իրականացվեր: «Ես կասկածներ ունեմ, որ հանրության շրջանում վստահություն չվայելող ԱԱԾ-ն հատկապես պատերազմի օրերին իրականացրել է հենց ազգային անվտանգությանն ուղղված գործողություններ»,- կարծիք է հայտնել իրավապաշտպանը։

Է՛հ, «վեթինգը»՝ քարը գլխին, երկրի անվտանգությունն ապահովող, համենայն դեպս՝ դրա համար կոչված կառույցում Նիկոլ Փաշինյանն իր իշխանավարման երկուսուկես տարում հասցրել էր 5 տնօրեն փոխել, ինչը չլսված-չտեսնված բան է՝ Գինեսի գրքում գրանցման արժանի փաստ: Կարապետյանցի դիտարկմամբ՝ բազմաթիվ հայտարարություններ կային, որտեղ խոսքը բարձր սպայական կոչումներ ունեցողների, մինչեւ անգամ գեներալիտետի շրջանում դավաճանության մասին էր։ «Ես առնվազն չեմ տեսել այդ գեներալների, այդ բարձր ստատուս ունեցող սպաների ձերբակալություն կամ իրենց վերաբերյալ քրեական գործերի հարուցում»,- լրագրողների հետ զրույցում տարակուսանք է հայտնել նա:

Այն զգացողությունն է, թե ԱԱԾ-ի հաղորդագրություններում շրջանառված բազմաթիվ աղմկոտ գործեր ուղղակի «ջրվում» են, որովհետեւ հրապարակավ որեւէ հետեւանք չեն առաջացնում, ենթադրյալ հանցագործների կատարած չարագործությունները պարզապես մոռացվում են: Ի՞նչ պատահեց նրանց, դատվեցի՞ն, մեղադրանքը հաստատվե՞ց, թե՞ ազատ արձակվեցին՝ չի լուսաբանվում, եւ գործի հանգամանքները փակվում են «յոթ կողպեքի» տակ: Իսկ այդպիսի գործերի թիվը, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացմամբ, 1.650 դրվագ է կազմում, որոնցից յուրաքանչյուրը մի ճակատագիր է:

Հակված չեմ հավատալ շրջանառվող որոշ կանխավարկածների, թե լրտեսության ու պետական դավաճանության մասով ամպագոռգոռ հաղորդումների մեծ մասը, մեղմ ասած, քամի է: Մոտավորապես՝ այն քամիներից, որոնք մի ժամանակ լուրեր էին բերում, թե ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի նկատմամբ մահափորձ է կատարվել: «Ապացույցն» էլ, իբր, գաղտնալսված հեռախոսային մի խոսակցություն էր Արթուր Վանեցյանի, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի եւ էլի ինչ-որ անձանց միջեւ: Դատախազություն, ԱԱԾ, ՀՔԾ լրջորեն խառնվում էին իրար, ինչին հետեւում էր մի խուլ լռություն, եւ հանրության համար պարզ է դառնում, որ գործ ունի մի մեծ «բլեֆի» հետ:

Հիմա, կարծես թե, նույն ձեռագիրն է: Լրտեսության եւ պետական դավաճանության գործը քննող ԱԱԾ-ն չի պարզաբանում, թե 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի հատուկ ծառայություններին ռազմական ոլորտի տեղեկություններ փոխանցած նախկին եւ ներկա զինվորականների շարքում արդյո՞ք կան բարձրաստիճան, ղեկավար դիրքեր զբաղեցրած զինվորականներ, եւ արդյո՞ք նրանք հավաքագրվել են հենց պատերազմի օրերին, թե՞ Ադրբեջանի հետախուզությունն ավելի վաղ է սկսել այդ գործընթացը։ «Ազատության» այս հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ն, ինչպես միշտ, մի պարզ համառոտ նախադասություն է արտաբերում՝ «նախաքննություն է ընթանում»։

Տեսնես՝ նախաքննության փուլում «ընթացող» քանի՞ հատոր «դավաճանաորսության» գործեր կան մեր դատաիրավական «բարեփոխված» համակարգի փոշեպատ գզրոցներում, որոնք «ընթանում-ընթանում» են, բայց այդպես էլ տեղ չեն հասնում:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.