07.10.2024

Аналитика

Կլինի՞ նոր պատերազմ. Բաքուն դիվանագիտական խարիսխ է գցում

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Նոր պատերազմի վտանգը, որին ակներեւաբար պատրաստվում է ամբարիշտ հարեւանը, դարձյալ բախում է մեր դռները: Թեման այս օրերին հրատապների շարքում է. դրա մասին բարձրաձայնում են ով ասեք, բացառությամբ անտարբերների: Պատերազմի յոթգլխանի հրեշը Իլհամ Ալիեւի կերպարանքով դարձյալ շարունակում է պղտորել մեր արյունը, ցավ խառնել մեր հանապազօր հացին, խաթարել մեր քունը: Ադրբեջանն աննախադեպ քանակի զենք է կուտակել՝ ներառյալ 2023թ. սեպտեմբերին Արցախից առգրավված շուրջ մեկուկես միլիարդ դոլար արժողության զենք-զինամթերքը:

Նիկոլ Փաշինյանի հռչակած՝ «Խաղաղության դարաշրջան», «Խաղաղության խաչմերուկ» բարձրագոչ հավաստիացումները, ինչպես կանխատեսվում էր, սնամեջ դուրս եկան՝ մնալով որպես «ձայն բարբառո անապատի»: Ինքը՝ Ադրբեջանը, եռանդագին զինվում է ամենաարդիական զինատեսակներով, բայց պարսավում է սպառազինություններ ձեռք բերելու՝ Հայաստանի քաղաքականությունը, ինչը, ըստ այդ երկրի Պաշտպանության նախարարության, «լեգիտիմ չէ եւ Ադրբեջանի համար վտանգներ է պարունակում»: Բաքվի համառ պնդմամբ՝ հայկական զինուժը վերջին շրջանում ծանր զինատեսակներ է կիրառել Քելբաջարի եւ անօդաչու թռչող սարք՝ Թովուզի ուղղությամբ:

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը` հուլիսի երկրորդ կեսից սկսած, այս էլ որերորդ անգամ, ՀՀ-ին եւ «նրա հովանավորներին» մեղադրում է Հարավային Կովկասում, իբր, նոր հակամարտության գոտի ստեղծելու համար. «Եթե մեր երկրի դեմ ուղղված այս սադրիչ գործողությունները չդադարեցվեն, Զինված ուժերը ինքնապաշտպանության նպատակով կձեռնարկեն անհրաժեշտ միջոցներ՝ կիրառելով ձեռքի տակ եղած բոլոր միջոցները: Տարածաշրջանում իրավիճակի սրման ամբողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ու նրա հովանավորները»,- փարիսեցիաբար հայտարարել է պաշտոնական Բաքուն:

Բայց սա ընդամենը մեկն է հուլիս-օգոստոսյան շրջանի ստահոդ բովանդակությամբ այն տեքստերից, որ ապշերոնյան բռնապետի հրահանգով հերյուրել եւ, հուլիսի 25-ին ի լուր աշխարհի, շրջանառության մեջ էր դրել Ադրբեջանի Պնախարարությունը: Սա նաեւ այդ երկրի վաղեմի հնարքներից է, որոնց նա 44-օրյա պատերազմից հետո սովորաբար դիմում է Հայաստանի վրա նոր հարձակում գործելուց առաջ «դիվանագիտական խարիսխ» գցելու ու քարոզչական հող նախապատրաստելու նպատակով: Եվ զարմանալի չէ, որ Ադրբեջանը միշտ մերժում է հայ-ադրբեջանական սահմանագոտում հրադադարի պայմանակարգի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու՝ հայկական կողմի առաջարկությունը:

Այսու՝ ժամանակ առ ժամանակ սաստկացող տեղեկատվական գրոհներին, որքան էլ դրանք մտացածին ու անպատվաբեր լինեն, Ադրբեջանը կարեւոր նշանակություն է տալիս նախ՝ որպես ռազմական հարձակման նախապատրաստական փուլ եւ, երկրորդ, այդ հարձակմանն ուղեկցող գործիքակազմի մաս։ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի եւ Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիաների ընթացքում քանիցս ականատես ենք եղել տեղեկատվական նմանատիպ գրոհների թե՛ աշխուժացման, թե՛ համեմատաբար ավելի հանդարտահոս ժամանակների։ Կա հրադադարի խախտումների ու սադրանքների մեջ հայկական զինուժին մեղադրող հաղորդումների հատուկ վիճակագրություն, որտեղ պարզ ուրվագծված է ոսոխի ստաբարո էությունը:

Հիշողությամբ կարելի է թվարկել սահմանի երկայնքով Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների ծավալման դեպքեր, որոնց նախորդել էին «մատից ծծած» տեղեկատվություններ ընդդեմ Հայաստանի զինված ուժերի: Այս առումով հիշատակելի են, մասնավորապես, 2022թ. մարտին Փառուխի եւ Քարագլխի ուղղությամբ, իսկ սեպտեմբերին՝ Սոթք-Ներքին հանդ շփման գծի հատվածում տեղի ունեցած դրվագները, որոնցից առաջ Ադրբեջանի ՊՆ-ն հաճախացրել էր հրադադարի խախտումների մեջ ՀՀ զինուժին հանիրավի մեղադրող հաղորդագրությունների տարածումը: Եվ Բաքվին ամեն անգամ հաջողվել էր իր նախահարձակ գործողությունները կոծկել շինծու հիմնավորումներով:

Հարց է ծագում՝ ո՞րն է Ալիեւի ուզածը, ինչո՞ւ տեղը հանգիստ չի նստում: Թվում է՝ ամեն ինչի, որ տասնամյակների իր երազանքն է եղել, այդ մարդը հասել է եւ այսօր Փաշինյանի «քավորությամբ» տիրապետում է հայաթափված Արցախին, գումարած ՀՀ տարածքից մի շարք «յուղոտ» պատառներ, ռազմավարական դիրքեր, բարձունքներ, ճանապարհներ եւ այլն: Որոշ դիտարկումների համաձայն՝ Ալիեւի սիրտը վախ է ընկել՝ հայկական փոխվրիժառության (ռեւանշիզմ) վախը: Հետեւապես մեր երկրին «ուշքի գալու», ուժերը վերադասավորելու ժամանակ չի տալիս՝ ավագ «եղբոր» աջակցությամբ հետապնդելով Հայաստանը մինչեւ վերջ հյուծելու, անկարողունակ դարձնելու եւ վերջնարդյունքում քարտեզի վրայից վերացնելու նպատակ:

Բաքվի բռնապետը լավ է հասկանում, որ փոխվրեժը, վաղ թե ուշ, լինելու է եւ բազում իր չարագործությունների համար պատասխան է տալու միջազգային ատյանների առջեւ: Ու գործի է դրել հնարավոր բոլոր միջոցները՝ հնարավոր բոլոր խողովակներով: Առաջին եւ մշտապես գործող թիրախը սահմանն է, որտեղ իրավիճակը 44-օրյա պատերազմից հետո՝ հատկապես 2022-ի կեսերից ի վեր, բավական սրվել է: Հայաստանի հանդեպ թշնամու ռազմաքաղաքական եւ բարոյահոգեբանական ասպատակությունների արեալը գնալով ընդլայնվում էր՝ ներառելով Վարդենիսի, Ջերմուկի սահմանամերձ հողերն ու Սեւ լճի մատույցները, իսկ վերջերս՝ նաեւ Տավուշի բնակավայրերը:

Ալիեւը, ամենայն հավանականությամբ, ձեռքերին ազատություն տալու իրավունք է ստացել աշխարհաքաղաքական կենտրոններից կամ առանցքային դերակատարներից՝ Բրյուսելից, Վաշինգտոնից, միգուցե նաեւ՝ Մոսկվայից, իսկ Թուրքիայից՝ հաստատապես: Նա արդեն սկսել է սպառնալիքներ տեղալ Հայաստանի վրա՝ լպիրշորեն այն անվանելով «Արեւմտյան Ադրբեջան», որտեղ մտադիր է «վերաբնակեցնել» շուրջ 300 հազար ազերի փախստականներ: Պահանջում է փոխել ՀՀ սահմանադրությունը, Հռչակագիրը, պետական խորհրդանիշները, նվազեցնել Զինված ուժերի թվակազմը եւ այլն: ՔՊ-ական թուլամորթ իշխանությունը բերանը ջուր առել, լուռ կատարում է Ալիեւի պահանջներն ու հրահանգները:

Անշուշտ՝ հայկական զինուժի հասցեին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները կարող են եւ պարտավոր են մերկացնել ԵՄ դիտորդները, որոնք 2 տարի է՝ իբր մշտադիտարկում են իրականացնում հայ-ադրբեջանական սահմանին: Նրանց առաքելության իմաստը, ըստ էության, դա է՝ հերքել կամ հաստատել նման միջադեպերը, բայց եվրադիտորդները լռում են՝ ավելի գրգռելով Ալիեւի ախորժակը: Այս անգամ գոնե Բաքվի՝ հուլիսի 24-ին տարածած ապատեղեկատվությունն անպատասխան չմնաց, դրան հետեւեց ՀՀ ԱԳՆ-ի փոքր-ինչ վախվորած արձագանքը, թե՝ «ՀՀ-ին էսկալացիոն հռետորաբանության մեջ ներքաշելու փորձերն անընդունելի են: Պաշտպանության եւ անվտանգության ոլորտում Հայաստանը իր միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունից դուրս որեւէ այլ նպատակ չունի»:

Ադրբեջանը նոր ագրեսիա սկսելու դիվանագիտական պատրաստությանը զուգահեռ՝ գործնական քայլեր է կատարում: Միայն այս տարվա 6 ամսում թշնամին մեկ տասնյակի չափ զորավարժություններ է անցկացրել՝ ողջ հետպատերազմյան շրջանում հայկական զինուժի արձանագրած «զրո» ցուցանիշի դիմաց: Վերջին զորավարժանքի թեման, ի դեպ, գիշերային պայմաններում ենթադրյալ հակառակորդին հանկարծակիի բերելու եւ դիրքերը գրավելու միջոցով հնարավորինս մեծաթիվ կենդանի ուժի գերեվարման կամ տեղում ոչնչացման մասին է: «Ենթադրյալ հակառակորդը», բնականաբար, մենք ենք, եւ հայատյաց ազերի բռնապետը մտածում է մղձավանջի վերածել հայ զինվորի ոչ միայն ցերեկը, այլեւ գիշերը:

Հայկական կողմի գործերը սկսեցին ձախ գնալ, երբ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանը համաձայնեց Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս: Դրա դիմաց նա ակնկալում էր, որ Արեւմուտքի իր տերերի աջակցությամբ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի 29.800 քառակուսի կիլոմետր տարածքի համար «կադաստրի թուղթ» կտան: Սակայն նման հավաստագիր Նիկոլը չստացավ եւ հասկացավ, որ իրեն «քցել» են: Սա՝ վերջինիս համար լավագույն տարբերակի դեպքում: Իսկ վատագույն տարբերակն այն է, որ այդ քայլին Փաշինյանն ուղղակի գնացել է դավաճանաբար: Հանուն իշխանության պահպանման նա համաձայնել է Արցախը դնել Արեւմուտք-ՌԴ մեծ խաղի զոհասեղանին:

Այժմ հերթում Հայաստանն է, քանի որ Նիկոլ Փաշինյանը տակավին անձնական անվտանգության չլուծված խնդիր ունի: Իշխանատենչության սիրույն՝ նա պատրաստ է այս անգամ զոհել Հայաստանը, բայց Հայաստանը սաստիկ մեծ պատառ է այդ փոքր մարդու համար, եւ կարող է դեմ առնել բկին: Նա խաղաղության կեղծ օրակարգի փաթեթում նոր պատերազմ է ուզում բերել, նոր աղետ ու ավեր, որպեսզի այդ ամենի թոհուբոհի մեջ միգուցե կարողանա գլուխն ազատել անխուսափելիորեն վերահաս պատասխանատվությունից:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.