25.11.2024

Аналитика

Ինչում էր մեղադրվում Փաշինյանը պատերազմից առաջ

Рейтинг: 5 / 5

Звезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активнаЗвезда активна
 

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի եւ Թուրքիայի սանձազերծած ռազմական ագրեսիան հասարակության ուշադրությունը շեղել էր բավական աղմկահարույց մի թեմայից, որը պատերազմի նախօրեին հրապարակել էր ադրբեջանական haqqin.az-ը: Այնտեղ մասնավորապես ասվում էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը դեռեւս 2018-ի հուլիս-օգոստոս ամիսներից գաղտնի բանակցություններ էին վարում արցախյան խնդրի կարգավորման օրակարգի շուրջ: Ըստ այդմ, ինչպես հայտնում էր ադրբեջանական իշխանամերձ լրատվականը, այդ բանակցություններում ՀՀ կառավարության ներկայացուցիչը ՔՊ-ի համահիմնադիր Արսեն Խառատյանն էր, որն այդ ժամանակ արդեն ազատված էր արտաքին հարցերի գծով վարչապետի խորհրդականի պաշտոնից եւ աշխատում էր Թբիլիսիում Սորոսի կողմից ֆինանսավորվող Ոչ կառավարական կազմակերպություններից մեկի ղեկավարի պաշտոնում:

Ադրբեջանի կառավարության ներկայացուցչի հետ առաջին հանդիպման ժամանակ, որը, ըստ haqqin.az-ի, տեղի էր ունեցել Եվրոպայում, Խառատյանը վարչապետի անունից հայտարարել էր, որ Հայաստանի նոր կառավարությունը ԼՂ հարցի լուծման որակապես նոր մոդելի կողմնակից է եւ պատրաստ է, որպես բանակցությունների հիմք, ընդունել Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի փուլային կարգավորման ծրագիրը: Դա այն փաստաթուղթն էր, որը Քոչարյանի կառավարության կողմից խոտանվել էր` իբրեւ Հայաստանի շահերին հակասող: «Տարածքներ` խաղաղության դիմաց» անունը կրող այդ փաստաթղթում անտեսված էր ԼՂ ինքնորոշման իրավունքը, հանուն որի տարիներ շարունակ պայքարել է ամբողջ հայությունը եւ մեծ զրկանքների գնով հաղթել թշնամու պարտադրած Առաջին արցախյան պատերազմում: Արսեն Խառատյանը հերքել է ադրբեջանական կայքի հրապարակումը` ասելով. «Վարչապետի խորհրդական աշխատելու կարճ ժամանակահատվածում ես որեւէ ադրբեջանցի պաշտոնյայի հետ որեւէ հարց չեմ քննարկել»: Այս ձեւակերպումը տրամաբանորեն բերում է համոզման, որ իրականում քննարկում եղել է, բայց ոչ Խառատյանի` ՀՀ վարչապետի խորհրդական աշխատած ժամանակահատվածում:

Դե, իհարկե, Փաշինյան-Ալիեւ միջնորդավորված հանդիպումներ ու քննարկումներ եղել են, եւ այդ առնչությամբ հստակ խոստովանել է ոչ այլ ոք, քան Փաշինյանն ինքը սեպտեմբերի 25-ին Արցախի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ: «Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետեւ եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ` դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»,- պաշտոնական բանագնացների մակարդակով երկու երկրների կառավարությունների գաղտնի բանակցությունների փաստը, ըստ էության, հաստատել է Փաշինյանը: Ավելին` նա, կարծես թե, անհանգստացած է թշնամի պետության ներքաղաքական իրավիճակի ապակայունացմամբ եւ չի էլ թաքցնում իր մտավախությունը: Իսկ ամենատարօրինակն Արցախի պատվիրակության անդամների լուռ անտարբերությունն էր, երբ պարզ դարձան ժողովրդի թիկունքում դավադիր գործարք կնքելու` նրա պատրաստակամության մասին խոսակցությունները:

Փոխարենը կոշտ արձագանքներ հնչեցին ԶԼՄ-ներից, Հայաստանի քաղաքական եւ փորձագիտական շրջանակներից: Որոշ գնահատականներով` ադրբեջանական կայքի հրապարակումը ազդեցիկության նիշով գրեթե նույնն էր, ինչ Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» տխրահռչակ հոդվածը, որին հաջորդած քաղաքական գործընթացները, ինչպես հայտնի է, ավարտվել էին Առաջին նախագահի հրաժարականով։ «Փաշինյանը Տեր-Պետրոսյանի դոկտրինյորությունը չունի, բայց նույն գծի մեջ է եւ նույն ճակատագրին է արժանանալու»,- սեպտեմբերի 26-ին` պատերազմից մեկ օր առաջ, գրել է 7or.am-ը` հիշեցնելով, որ 2008-ի մարտի 1-ին Փաշինյանն ամեն ինչ անում էր բախումներ հրահրելու համար, ինչի արդյունքում եղավ 10 զոհ։ «Հիմա այդ սադրիչը եւ քիրվայական տիրույթի մարդը դարձել է Հայաստանի ղեկավար։ Ու բնական է, որ պետք է ադրբեջանցիների հետ գաղտնի բանակցի` հողերը հանձնելու թեմայով»,- շարունակության մեջ մեկնաբանել է հոդվածագիրը:

Պատերազմի նախօրյակին բազմաթիվ էին նման մեկնաբանությունները: Հայաստանի ու Արցախի ապագայով մտահոգ մարդիկ գտնում էին, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել իշխանությունից։ Կար ընդգծված տեսակետ, որ ժամանակի թիվ մեկ թեման երկու հայկական պետությունների անվտանգության սպառնալիքն է, որը գալիս է ոչ միայն թշնամուց, այլ նաեւ «թավշյա» իշխանությունից: Քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը` դատելով haqqin.az-ի բացահայտումների առնչությամբ ՀՀ վարչապետի արձագանքից, գրում է. «Ի՞նչ ունենք վերջնարդյունքում. Փաշինյանն Ալիեւից ժամանակ էր խնդրել ներքին ընդդիմախոսներին լռեցնելու համար` խոսք տալով կարգավորել ԼՂ հարցը Լեւոն Տեր-Պետրոսյանի մոդելով, այսինքն` փուլային տարբերակով Արցախը փաստացի հանձնել Ադրբեջանին»: Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանն էլ «ատելության կուսակցության» ներկայացուցիչներին է դիմել ամենակծու խոսքերով. «Տեսա՞ք, թե ինչ է բանակցել ձեր շեֆը, տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքում ինչ դավաճանության է գնացել: Գիտեք, չէ՞, հանուն ինչի. հանուն ազգի եւ պետության շահերը թշնամու ոտքերի տակ դնելու դիմաց 15 մեքենայանոց ավտոշարասյունով պտտվելու, «դաչեքում» օլիգարխի նման ապրելու, պետական ինքնաթիռն ու ուղղաթիռը անձնական հեծանիվի տեղ օգտագործելու, հանուն «Վորոնեժի», հանուն ոչ մի բանի ազգուտակին պատգամավոր կարգելու եւ դրանց պարգեւավճարներ բաժանելու…»:

Պատերազմից 1-2 օր առաջ Ալիեւի ու Փաշինյանի էմիսարների միջեւ գաղտնի բանակցությունների մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ուշագրավ փաստարկներ է ներկայացրել «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ, ՀՀ-ից արտաքսված եւ Ղազախստանում ապաստանած Անդրանիկ Հովհաննիսյանը: Ավելի վաղ նա Նիկոլ Փաշինյանի գրառումներից մեկի տակ այսպիսի մեկնաբանություն էր թողել. «Նիկոլ Փաշինյան, տո´, այ պետական դավաճան, դու քեզանից խոսիր։ Օրինակ` ինչո՞ւ ես հրամայել, որ ԱԱԾ-ն արգելի իմ մուտքը Հայաստան։ Պատմի՛ր, թե ում հետ են հանդիպել ՔՊ թիմակիցներդ Թբիլիսիում։ Ի՞նչ հրահանգներ եք ստացել։ Ինչի՞ համար եք ստացել 48 միլիոն ԱՄՆ դոլարը։ Դե պատմե՛ք»: Հովհաննիսյանի խոսքով` Արսեն Խառատյանից բացի, հանդիպումներին մասնակցել են եւս 3 հոգի, որոնց անունները` համապատասխան տեսահոլովակների ցուցադրությամբ, խոստանում է հրապարակել, եթե իրեն թույլ տան վերադառնալ Հայաստան: Բայց առայժմ ձեռնպահ է մնում` ելնելով սեփական անվտանգությունից: «Ինձ առաջարկել են մասնակցել այդ ծրագրերին, ես հրաժարվել եմ… Ես շատ լավ գիտեմ` ովքեր են մասնակցել, ում հետ են հանդիպել, կողքից լսելով չէ այս ամենը: Եթե կողքից լսելով լիներ, ընդհանրապես չէի խոսի»,- ասել է 168TV-ի «Ռեվյու» հաղորդման զրուցակիցը: Ըստ նրա, ԱԱԾ-ն քաջատեղյակ է այդ գործին, եւ ժամանակն է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այս ամենի մասին խոսի` «նա ուղղակի պարտավոր է խոսել»:

Ահա այսպիսին էին պատերազմի բուն նախաշեմին հասարակական-քաղաքական շերտերում տիրող տրամադրությունները, մտահոգությունները եւ հույզերը: Երկրում կաթվածահար վիճակում էին բազմաթիվ ոլորտներ, մասնավորապես` տնտեսությունը, առողջապահությունը, կրթությունը, դատաիրավական համակարգը, աղճատված էր ներհասարակական համերաշխությունը, ընկճված էր ազգի մարտական ոգին: Եվ այդ ամենին գումարվում էր մոտալուտ պատերազմի սպառնալիքը, որի շնչով էր հագեցած մթնոլորտը եւ տեսանելի էին բոլոր նախանշանները, որ թուրք-ադրբեջանական պակտը լրջորեն նախապատրաստվում է նոր ագրեսիայի ընդդեմ Արցախի: Ամենայն հավանականությամբ` հարձակման պահը պատահաբար չէր ընտրված` Հայաստանը եւ Արցախը երբեք այդքան թույլ, անմիաբան, պառակտված ու ղեկավարությունների ապիկարության առումով այդքան խոցելի չէին եղել ԽՍՀՄ փլուզումից ի վեր:

Սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմն անպատեհ էր, ինչպես հանկարծահաս արհավիրք: Ցավոք, 44-օրյա ծանր դիմակայությունից հետո այն տանուլ տրվեց` պատճառելով մարդկային մեծագույն կորուստներ ու աննախադեպ ավերածություններ: Մտածող մարդու համար, սակայն, դա անսպասելի չէր` մենք բոլոր առումներով անպատրաստ էինք: Եվ տարօրինակ է, որ իշխանական շրջանակներում գտնվում են պաշտոնյաներ, որոնք փորձում են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության եւ անձամբ գերագույն գլխավոր հրամանատարի ապաշնորհությունը պարտակելու համար արդարացումներ փնտրել: Հանրությանը եւ զինակիցներին ուղղված իր ուղերձում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը վստահեցնում է, որ ռազմաճակատում ստեղծված իրավիճակը պարտադրում էր ընտրություն կատարել շատ վատի եւ ողբերգության միջեւ, եւ մենք այլ ելք չունեինք, քան նախընտրել շատ վատը: Այստեղ կարող է հարց առաջանալ` իսկ ինչո՞ւ եւ ինչպե՞ս էր այդպիսի վիճակ ստեղծվել, որ ստիպված էինք ընտրություն կատարել շատ վատի ու ողբերգականի միջեւ:

Այս հարցերի պատասխանը մասամբ կարելի է գտնել նույն Օնիկ Գասպարյանի հետպատերազմական ուղերձում, ինչպես նաեւ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի նոյեմբերի 19-ի աղմկոտ բացահայտումներում: Բայց դրանց կանդրադառնանք մեր հաջորդ թողարկմանը` սույն թեմայի շարունակության մեջ վերարծարծելով այն հարցը, թե ինչում է մեղադրվում Նիկոլ Փաշինյանը արդեն պատերազմից հետո:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.