26.11.2024

Аналитика

Դատաիրավական համակարգի պերճանքն ու թշվառությունը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Վերջին տարիներին հաճախադեպ դարձած ձերբակալությունների, կալանավորումների, բերման ենթարկվածների մասին պաշտոնական հաղորդագրություններով, իսկ ավելի ստույգ՝ դրանց աննախադեպ աճով այլեւս ոչ ոքի չես զարմացնի: Ուրիշ բան, որ նմանօրինակ լրատվության մեծ մասը հանրության առողջ ու ողջամիտ հատվածում հիասթափությունից բացի, այլ զգացողություն չի առաջացնում: Հիասթափություն՝ խաղաղ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառող ոստիկանությունից, «հեռախոսային» արդարադատությունից, հատուկ հրահանգներով ուղղորդվող ԲԴԽ-ից, ԱԱԾ-ից, ՀՔԾ-ից, «վեթինգ» կոչված խաբկանքից եւ, վերջապես, հիասթափություն՝ դատաիրավական ողջ համակարգը «բռի մեջ հավաքած» միահեծան կառավարողից՝ ձեռնպահ մնանք անուն հնչեցնելուց:

Հերթական քրեական ամփոփագիրը հրապարակվեց դեկտեմբերի 1-ին՝ ազդարարելով, որ կալանավորվել է «Սիսական» ջոկատի հրամանատար, արցախյան երեք պատերազմների մասնակից, Զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Աշոտ Մինասյանը, ում զինակիցները խստագույն կարգապահության, խիզախության եւ ամուր կամքի համար կնքել էին «Աշոտ Երկաթ» մականունով: 2020թ. նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությունից օրեր անց Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) նրան եւ ընդդիմադիր եւս երեք գործիչների՝ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ, արվեստագետ Աշոտ Ավագյանին, մեղադրանք էր առաջադրել իշխանության յուրացման նախապատրաստման, պետական, քաղաքական կամ հասարակական գործչի՝ մասնավորապես Հայաստանի վարչապետի գործունեությունը դադարեցնելու նպատակով նրա սպանության նախապատրաստման, այդ նպատակով մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար։ Այս գործով անցնողներից եւ ոչ մեկը մեղադրանքը չէր ընդունել, ավելին՝ հայտարարել էին քաղաքական հետապնդման մասին։

Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բոլոր 4 կասկածյալների դեպքում էլ՝ հանցակազմի բացակայությամբ պայմանավորված, մերժել էր նրանց կալանավորելու՝ ԱԱԾ միջնորդությունները: Պարզվել էր, որ ընդդիմադիր գործիչների հանցավորության միակ ապացույցը՝ ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունը, մոնտաժված է եղել, ինչի մասին հայտարարել էր Աշոտ Մինասյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը՝ հղում կատարելով դատարանում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանի պարզաբանումներին: Դա հեռախոսային խոսակցություն բովանդակող մի ձայներիզ էր, որտեղ, իրավապահների պնդմամբ, խոսում են գործով մեղադրյալներից՝ նախկին իշխող ՀՀԿ-ի գործադիր մարմնի ու խորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ-ական Աշոտ Ավագյանը եւ «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Ըստ ԱԱԾ-ի, ձայնագրության մեջ նրանք քննարկում են առգրավված զենքի օգտագործման ու նպատակի, մասնավորապես՝ վարչապետի սպանության եւ դրա իրականացման տարբերակները, այդ թվում՝ ԱԱԾ-ում իրենց վստահելի մարդկանց ներդնելու, հանցանքի կատարման համար խոչընդոտները վերացնելու հարցերը։ Սակայն նրանց գործողությունները, ինչպես հանրությանը մատուցում էին մեր պանծալի չեկիստները, ավարտին չեն հասցվել՝ իրենց կամքից անկախ հանգամանքներով։

Լրագրողների հետ զրույցում ձայնագրության հետ կապված կեղծիքը հաստատել էր նաեւ այդ օրը` 2020թ. նոյեմբերի 17-ին ձերբակալությունից ազատ արձակված Վահրամ Բաղդասարյանը. «Ես այդ օրը հեռախոսով մի քանի տասնյակ խոսակցություններ եմ ունեցել, պարզապես չեմ կարեւորել ֆիքսել, բայց երբ լսում էի ձայնագրությունը, կամաց-կամաց տեղը բերեցի, որ այդ օրվա իմ տարբեր խոսակցություններից ընտրովի հատվածներ ու արտահայտություններ էին իրար կպցրած, որոնք շատ կցկտուր էին եւ տարընթերցումների տեղիք տվող»,- մամուլի ներկայացուցիչներին ասել էր Բաղդասարյանը՝ հավելելով, որ ինքը հեռախոսով որեւէ թաքուն բան չունի խոսելու, դրա համար միշտ օգտվում է բաց կապից, ինչի մասին ասել է նաեւ դատարանում: «Սա խնամքով մոնտաժված ձայնագրություն էր, որը դատական նիստի ընթացքում հաստատվեց նաեւ դատախազության կողմից»,- նշել էր Բաղդասարյանը։

Թվում է՝ այսքանով կավարտվեր այս բեմականացված խեղկատակությունը, եւ ամեն մարդ կգնար իր գործին: Բայց՝ ոչ, իշխանությունն իր որոշման մեջ հաստատակամ էր՝ «մեղադրյալներից» գոնե մեկին՝ ցանկալի է 44-օրյա պատերազմի հանգամանքները շատ «քչփորող» «Երկաթին» կամ «խռովարար» Վանեցյանին պահել երկարատեւ կալանքի տակ: Իշխանության համար ուղղակի պատվի խնդիր էր, որ այդքան ծանր քրեական հոդվածով 4 «մեղադրյալներից» ոչ մեկը չկալանավորվի: Եվ ձվի մեջ մազ հայտնաբերելու ակտիվ փնտրտուք է սկսվում դատական բարձրագույն ատյաններում՝ Վճռաբեկ եւ Վերաքննիչ դատարաններում: Երկար դեգերումներից հետո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ապօրինի զենք-զինամթերք պահելու դրվագով առկա է հիմնավոր կասկած, իսկ ահա Նիկոլ Փաշինյանի սպանության ենթադրյալ նախապատրաստման եւ իշխանության յուրացման դրվագներով՝ ոչ։ Սա իշխանությանը չէր կարող բավարարել, եւ նա դատական թնջուկի լուծման գործին լծում է իր ծանր հրետանուն՝ Գլխավոր դատախազությանը, որը վերաքննիչ բողոք է ներկայացնում՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ կալանավորել Մինասյանին, ինչը եւ սույն թվականի դեկտեմբերի 1-ին բավարարվում է:

Ինչո՞ւ հարկ եղավ այսքան հանգամանորեն անդրադառնալ Աշոտ Մինասյանի կալանավորման նախապատմությանը: Լեգենդար հրամանատարի հետ տեղի ունեցածը, ըստ էության, եզակի չէ, այն նմանօրինակ բազմաթիվ դեպքերից ընդամենը մեկն է, եւ մեր նպատակն է մասնավոր օրինակով ցույց տալ երեւույթի ընդհանուր միտումը՝ ՀՀ դատական իշխանության պերճանքն ու թշվառությունը: Մի իրավիճակ, երբ խոսքով Հայաստանի «հպարտ քաղաքացիներին» ու «ժող. ջանին» խոստանում են բարձր արժեքներ՝ ժողովրդավարություն, մարդասիրություն, արդարություն, բարեփոխումներ, «վեթինգ» եւ այլն, բայց գործնականում կատարում ճիշտ հակառակը՝  մարդու խոսքի ու իրավունքի սահմանափակումներ, արժանապատվության ու ազատ կամարտահայտության ոտնահարումներ, բռնություններ, իրավական կամայականություններ եւ ահագնացող հետընթաց անխտիր բոլոր ոլորտներում, դատաիրավական համակարգում՝ առավելապես: Չգիտես էլ ինչ բնորոշում տալ քաղաքական այն հալածանքներին ու հետապնդումներին, համատարած կալանավորումներին եւ, ընդհանրապես, տմարդի վերաբերմունքին, որոնց ենթարկվում են ընդդիմադիր գործիչները եւ բոլոր այն մարդիկ, ովքեր «չեն պարում» իշխանությունների դուդուկի տակ:

Խափանման միջոց կալանավորումը եւ քրեական գործերը վերջին շրջանում սկսել են ավելի հաճախ օգտագործվել՝ որպես այլախոհությունը ճնշելու միջոց։ Այս մասին «Հայելի»-ին տված հարցազրույցում ընդգծել է փաստաբան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ շատ վատ միտում է, երբ իշխանությունները հակափաստարկների փոխարեն փորձում են ճնշում գործադրել՝ օգտագործելով ուժային կառույցներին։ Փաստաբանի խոսքով՝ 2018 թվականից նման փորձեր եղել են, բայց հիմա դրանք շատացել են, եւ դատարաններն ավելի շատ են ներգրավվում գործընթացում, ավելի հանդուրժող են դարձել իշխանությունների նման պահվածքի հանդեպ։ «Նախկինում դատարաններն ավելի անհանդուրժող էին կալանքների այսպիսի անհիմն միջնորդությունների հանդեպ, փորձում էին օրենքը չխախտել։ Այժմ դատական համակարգն ավելի ենթակա է գործադիր իշխանությանը։ Որոշ դատավորներ դեռ չենթարկվելու համարձակություն ունեն, բայց ակնհայտ է համակարգի վրա ճնշումը, ինչի մասին են վկայում այն դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները, ովքեր չեն ցանկանում ենթարկվել եւ ինքնուրույն են գործում»,- նշել է Ալումյանը։

Կարգապահական վարույթն, իսկապես, իշխանության ձեռքին մտրակ է անհնազանդ դատավորներին սանձելու համար: Ամիսներ առաջ այդ «մտրակը» կիրառվեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի նկատմամբ, քանի որ նա չէր կալանավորել վարչապետի մահափորձի գործով մեղադրյալ Աշոտ Մինասյանին։ «Ազատության» հետ զրույցում դատավորն ասել էր, որ «Սիսական» ջոկատի հրամանատարի չկալանավորումը պայմանավորված էր հիմնավոր կասկածի բացակայության հանգամանքով, «ինչից հետո Գլխավոր դատախազությունն իր կայացրած որոշումը բողոքարկել էր վերաքննիչ ատյան, որն էլ այն թողել էր անփոփոխ»։ Սակայն, չնայած դրան, Արդարադատության նախարարությունը նրա դեմ կարգապահական վարույթ, այնուամենայնիվ, հարուցել է եւ փորձում են նրան կարգապահական պատասխանատվության ենթարկել կայացրած որոշման բովանդակության համար, ինչը, ըստ Հովհաննիսյանի, «Դատական օրենսգրքի» կոպիտ խախտում է: «Դատավորի որոշման բովանդակությունն, առհասարակ, վիճարկվում է Վերաքննիչ ատյանում, բայց՝ ոչ ԲԴԽ-ում»,- «Ազատության»-ն ասել է Հովհաննիսյանը:

Կարգապահական տույժից չի խուսափել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի եւս մեկ դատավոր՝ Զարուհի Նախշքարյանը, ում օրեր առաջ՝ նոյեմբերի 29-ին, ԲԴԽ-ն խիստ նկատողություն էր հայտարարել՝ «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով ինքնաբացարկ չհայտնելու համար: ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի միջնեկ դուստրը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ քաղաքագետ Նարեկ Սամսոնյանի, ով ՖԲ գրառմամբ հայտնել էր, որ Նիկոլ Փաշինյանը Երեւանի մի ռեստորանից դստեր համար ամսական 3 հազար դոլարի սեւ խավիար է գնում։ Այս հայտարարության համար Սամսոնյանի դեմ քրգործ էր հարուցվել՝ սուտ մատնության հոդվածով։ Վերջինս, սակայն, շարունակում էր պնդել, որ տեղեկությունը 100-տոկոսանոց ճշմարտություն է։ Հայցվոր կողմը պահանջում էր հրապարակավ հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ վճարել 2 մլն դրամ փոխհատուցում: Դատավոր Նախշքարյանը հունիսի 18-ին մերժել էր Շուշան Փաշինյանի կողմից ընդդեմ Նարեկ Սամսոնյանի ներկայացրած հայցը։ ԲԴԽ-ի կայացրած որոշումը վրդովվեցրել է փաստաբանական համայնքին եւ մի շարք դատավորների։ Նրանք պնդում են, որ դատավորի նկատմամբ քաղաքական ճնշումներ են կիրառում, քանի որ Նախշքարյանը իշխանություններին հաճելի որոշումներ չի կայացնում:

Վերը մեր նկարագրված 4 անձանց գործերը վարող դատավորների՝ 2020թ. նոյեմբերին կայացրած հայտնի որոշումներին նախորդել էր Սահմանադրությամբ դատավորների անկախությունը երաշխավորող Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) այն ժամանակվա նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունը, որում նա դատավորներին կոչ էր անում իրենց առաքելությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով։ «Այսօր է, թերեւս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանն ալեկոծած եւ դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»,- գրել էր Վարդազարյանը, ըստ էության, ակնարկելով դրանից մեկ տարի առաջ դատավորների հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած որակումը։ Թե ինչ եղավ հետո, հայտնի է բոլորին՝ շատ չանցած, Վարդազարյանն ազատվեց ԲԴԽ նախագահի պաշտոնից եւ այդ պաշտոնում նշանակվեց Փաշինյանի «սրտի» դատավոր Գագիկ Ջհանգիրյանը: Վարդազարյանի մեղքն այն էր, որ նա առաջին ատյանի դատարանների իր գործընկերներին հորդորում էր «առաջնորդվել բացառապես Սահմանադրությամբ եւ օրենքներով»:

Հավանաբար՝ պետք է գրեր. «առաջնորդվել բացառապես Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի ցուցումներով»: Այս դեպքում հաստատ կդառնար իշխանության ու անձամբ Փաշինյանի «սրտի» դատավորը եւ կօգտվեր նրանց բարեհաճությունից: Ակնհայտ է, որ Աշոտ Մինասյանը, պրոֆեսոր Արմեն Չարչյանը, ինչպես նաեւ Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարները, քաղաքական խարդավանքների զոհեր են: Նրանց կալանավորման հիմքերն ակներեւաբար խախուտ են: Օրինակ՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի դեմ հարուցված քրգործով նա կալանավորված է մեկ անձի ցուցմունքի հիման վրա՝ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանի մասին է խոսքը։ Ավելի ուշ՝ չնայած Լուսինե Ավետյանը դատարանում խոստովանեց, որ իր նկատմամբ ճնշումներ են եղել եւ ստիպված էր սուտ ցուցմունք տալ, ինչի համար զղջում է, սակայն Առուշանյանը շարունակում է կալանքի տակ մնալ։

Փաստը, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանը, գնդապետ Աշոտ Մինասյանը, Սյունիքի համայնքների ղեկավարներ Առւշ Առուշանյանը, Մանվել Փարամազյանը, Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը եւ բազմաթիվ այլ հայրենասեր գործիչներ շարունակում են «թխված» քրգործերով պահվել կալանքի տակ, վկայում է, որ նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացվում, եւ դատախազությունն այդ հարցում հավատարիմ է մնում իշխանությանը ծառայելու իր առաքելությանը: Մեկը լիներ՝ ՀՀ գլխավոր դատախազին հասկացներ, որ նրա առաքելությունը ոչ թե իշխանությանը, այլ պետական շահերի պաշտպանությանը ծառայելն է:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.