(Սկիզբը՝ նախորդ թողարկման մեջ)
ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ռազմավարությունն անհրաժեշտ է փոխարինել էքսպանսիոնիզմի ԶՍՊՄԱՆ ռազմավարությամբ։ Պետք է կարգավորել հարաբերությունները նրանց հետ, ովքեր օգտվում են հայերի եւ թուրքերի անտագոնիզմից. այդ դեպքում վերջիններս ստիպված կլինեն հավասարը հավասարի հետ խոսել հայերի հետ։
Հայաստանի գոյատեւման եւ զարգացման նոր ռազմավարություն մշակելու հրամայականը։ Ուժերի հավասարակշռության վերականգնման եւ անվտանգության ապահովման հայեցակարգի որոնում
Որքան էլ Հայաստանում դժվար լինի ասել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորել միջազգային հարաբերությունների սկզբունքների հիման վրա, դա պետք է արվի։ Որովհետեւ հայկական ժողովրդական` «թուրքերի բոլոր պայմանները հաշտության նպատակով ընդունելու» սկզբունքը պարզապես չի գործում։ Նրանք, ովքեր դեռ կասկածում են, շուտով կհամոզվեն դրանում։ Իսկ միջազգային հարաբերությունների սկզբունքը ուժերի հավասարակշռությունն է՝ ոչ ոք դեռ ավելի լավ բան չի մտածել։
Եվ այստեղ պարզապես պետք է հիշել այն փաստը, որ երկու հարյուր տարի հայ ժողովրդի խնդիրները որոշվում էին Արեւմուտք-Ռուսաստան-Թուրքիա եռանկյունու հարաբերությունների շրջանակում։ Հենց այս աշխարհաքաղաքական սխեմայի մեջ է ձեւավորվել անկախ հայկական պետությունը։ Առանձին սուբյեկտների շահերի դասավորության բոլոր գոյություն ունեցող սխեմաները կրում էին այս սխեմայի դրոշմը: Ըստ այդմ՝ այսօր Հայաստանի քաղաքական ռազմավարության ձեւավորման սկզբնական պայմաններ պետք է ճանաչվեն հարավկովկասյան տարածաշրջանում ու դրա շուրջ շահերի եւ ուժերի ավանդական օրինաչափության հետեւյալ չորս հիմնական փոփոխությունները.
Ա. Իրանի՝ որպես իր պայմանները թելադրող գործոնի, վերադարձը տարածաշրջան փոխեց Կովկասում Ռուսաստանի եւ Թուրքիայի գործողությունների երկուհարյուրամյա ավանդական սխեման։
Բ. Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հերթական արմատական առճակատումը եւ Ռուսաստանի շրջադարձը դեպի իսլամական աշխարհ՝ հայկական գործոնը խնդրահարույց դարձրեց Մերձավոր Արեւելքի բոլոր սուբյեկտների համար։
Գ. Ադրբեջանի եւ Թուրքիայի միասնական բանակի ստեղծման հեռանկարը դառնում է գործոն, որի ազդեցությունը դուրս է գալիս տարածաշրջանի շրջանակներից։
Դ. Արեւմտյան տերությունների մուտքը տարածաշրջան՝ ձեւավորում է Արեւելք-Արեւմուտք դիմակայության երկրորդ կետն Ուկրաինայից հետո։
Ելնելով վերը թվարկված փոփոխություններից՝ ՀՀ հիմնախնդիրներն առանցքային են դառնում տարածաշրջանում ներգրավված բոլոր ուժերի շահերի ու ծրագրերի մեջ։ Ուժերի նոր դասավորության մեջ Հայաստանն ընկալվում է որպես խայծ ոչ տարածաշրջանային ուժերի (Արեւմուտք) եւ, համապատասխանաբար, սպառնալիք բոլոր տարածաշրջանային սուբյեկտների համար (Արեւելք): Դա է ՀՀ շուրջ նոր սպառնալիքների ուժգնացման պատճառը։ Պատահական չէ, որ արեւմտյան շատ հաստատություններ ավելի ու ավելի են ահազանգում, որ Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը վտանգի տակ են։ Թերեւս՝ պատահական չէ, որ Հայաստանի վարչապետն ավելի հաճախ է թափահարում Հայաստանի թիթեղաշեն քարտեզն աշխարհի առաջ՝ իբր փրկեք։
Պետք է պարզ լինի, որ ոչ ոք հենց այնպես չի փրկի։ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի սեփական անվտանգությունն ապահովելու համար՝ իր շուրջն առաջացող շահերի վտանգավոր սխեման փոխելու տրամաբանությամբ։ Մենք կարող ենք մեզ փրկել, եթե հասկանանք, որ ՀՀ ռազմավարության հիմնական սկզբունքը պետք է լինի Հայաստանի գործոնի շուրջ Արեւելք-Արեւմուտք առճակատումը կանխելու սկզբունքը։
Չպետք է թույլ տալ, որ Արեւմուտքի դեմ արեւելյան երկրների հետ Ռուսաստանի դաշինքն ուղղված լինի ընդդեմ Հայաստանի։ Ուրիշ ոչինչ չի կարող միավորել Ռուսաստանին, Թուրքիային եւ Իրանին։ Հայաստանն ակամա հայտնվել է այս դիմակայության կենտրոնում։ Բայց նա իրավիճակը փոխելու հնարավորություն ունի։ Դրա համար լուրջ պաշարամիջոցներ կան։ Հիմնական միջոցը Հայաստանի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարցում Իրանի հակասությունն է Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ։ Լրացուցիչ պաշարամիջոց կարող է լինել եվրոպական երկրների շահերի հետ Իրանի շահերի միավորումը:
Այսինքն՝ Հայաստանը պետք է հասնի «Արեւելք-Արեւմուտք» առճակատման սխեմայի պառակտման՝ հակադրելով Իրանի գործողությունները եւ՛ Արեւելքին, եւ՛ Արեւմուտքին։ Մյուս երկրները, որոնք կախվածություն չունեն Ռուսաստանից, պետք է ներառվեն Հայաստանի հետ փոխգործակցող երկրների շրջանակում։ Ֆրանսիան եւ Հնդկաստանը ամենահարմար սուբյեկտներն են։ Այնուհետեւ կհայտնվեն այլ շահագրգիռ կողմեր։ Հաջողության դեպքում միջազգային հարաբերություններում հնարավոր է՝ նոր բեւեռ առաջանա: Այդ ժամանակ Հայաստանը կարող է իր ռազմավարության մեջ մտցնել եւս մեկ սկզբունք՝ իր տարածք երրորդ ուժերի մուտքը թույլ չտալու սկզբունքը։ Սա արմատապես կփոխի Հայաստանի դեր բոլոր հարեւանների համար։ Նրան անտեսելն ու ահաբեկելն այնքան էլ հեշտ չի լինի։
Ճշտենք, որ այս ծրագրի հրատապ նպատակներից է Թուրքիային եւ Ռուսաստանին Հայաստանի հետ հավասար պայմաններով բանակցություններ պարտադրելը։
Ներկայում միջազգային հարաբերությունների սուբյեկտների այս կամ այն գործողությունների համար ամենաուժեղ խթանը բազմաբեւեռ աշխարհի առասպելն է։ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ խորացող առճակատման հենքին բոլոր ազդեցիկ երկրները փորձում են ձեւավորել իրենց դաշինքները՝ կողմնորոշվելով դեպի այս կամ այն գերտերությունը։ Նրանց շահերի կենտրոնում, անշուշտ, Չինաստանն է։ Ենթադրվում է, որ Չինաստանի շուրջ խմբվելը կարող է ապահովել շատ երկրների անվտանգությունն ու պաշտպանությունը ԱՄՆ-ի պահանջներից: Բացի դրանից, երկրները փորձում են միավորել ջանքերը այս կամ այն տնտեսական ծրագրի շուրջ։
Սակայն այս «միջազգային թոհուբոհի» գլխավոր խնդիրը նման միավորումների ստեղծման սկզբունքների բացակայության փաստն է։ Արեւմտյան աշխարհի փորձը, որին հաջողվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձեւավորել ազդեցիկ եվրատլանտյան հաստատություններ, չի կարող ընդունելի լինել միջազգային նոր միավորումների համար։ Պատճառն այն է, որ ներկայիս երկրների ջանքերում բացակայում է այդ դաշինքների շրջանակներում հարաբերությունների չափանիշներ սահմանելու ձգտումը: Տնտեսական եւ ռազմաքաղաքական ապակառուցողական ազդեցություններից պաշտպանվելու պարզ ցանկությունները չեն կարող ամուր հիմք դառնալ նոր միավորումների առաջացման եւ գործունեության համար, որոնք երբեմն ջանում են դառնալ առանձին աշխարհաքաղաքական բեւեռներ։
Միջազգային միտումների նկարագրված առանձնահատկությունը քաղաքական գործիչներին ստիպում է հետեւել պարզ օրինաչափություններին: Կամ երկիրը մտցնել Եվրամիություն՝ հուսալով, որ անվտանգության խնդիրը կլուծվի, կամ մնալ Ռուսաստանի ուղեծրում, հնարավորինս ինտեգրվել նրա տնտեսական դաշտին։ Այսինքն՝ առաջարկվում է հենց այն, ինչը Ռուսաստանի ու Արեւմուտքի առճակատման մեկնարկից տապալել է Հայաստանի Հանրապետությունը՝ «կանգ առել» Արեւելք-Արեւմուտք դիմակայության գծում։
Սակայն միջազգային հարաբերությունների սկզբունքների արժեզրկման եւ այս կամ այն դաշինքի ներսում անվտանգության երաշխիքների բացակայության պայմաններում Հայաստանին այլ բան չի մնում, քան մի կողմ քաշվել եւ միանալ այն երկրների դաշինքին, որոնց շահերից է բխում Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը ապահովելու թեզը։ Տպավորիչ օրինակ կարող է լինել հարեւան Ադրբեջանի փորձը, որը զգալի հաջողությունների է հասել նմանատիպ մոտեցման արդյունքում։ Անհրաժեշտ է հեռանալ «կարմիր գծից», որի վրա արտահայտվում է Արեւմուտքի եւ Ռուսաստանի մահացու կռիվը։ Հարաբերությունների բազմաթիվ առանձին ոլորտներ կան, որտեղ Հայաստանը էական հետաքրքրություն է ներկայացնում։
Եթե իմ առաջարկն ընդունելի է, ապա պետք է հարց առաջանա՝ որտեղի՞ց պետք է սկսել։ Ցանկալի է՝ առաջին քայլերն անել հետեւյալ ուղղություններով.
Ա. Դուրս գալ Արեւելքի ու Արեւմուտքի առճակատման կենտրոնից Արեւելքի եւ Արեւմուտքի երկրների հետ նոր կոալիցիա ձեւավորելու ճանապարհով, այդպիսով՝ վերջնականապես քայքայելով Ռուսաստան-Արեւմուտք-Թուրքիա ռազմավարական եռանկյունին։ Ելնելով Հնդկաստանից Իրանի, Հայաստանի եւ Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա տրանսպորտային հաղորդակցությունների անցկացման զգալի հետաքրքրությունից՝ այն կարող է դառնալ ամուր դաշինքի հիմք, որտեղ լուծումներ կգտնի նաեւ Հայաստանի անվտանգության խնդիրը։ Նման դաշինք կարող է հրավիրվել նաեւ Ֆրանսիան, որը շահագրգռված է Հայաստանի անվտանգության խնդրով։
Բ. Այդ դաշինքի ջանքերով հարկադրանքի միջոցով խաղաղության հասնել Ադրբեջանի հետ։ Մինչ այժմ Ադրբեջանը փորձում է մեկուսացնել մեր երկիրը՝ «Հայաստանն ագրեսոր է, որը 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը» թեզով։ Այս քաղաքականությունը Հայաստանին ռազմաքաղաքական աջակցությունից, նույնիսկ սպառազինության մատակարարումներից զրկելու նպատակ է հետապնդում։ Բնականաբար, ՀՀ-ն չի կարող որեւէ դաշինքի լիարժեք անդամ լինել Ադրբեջանի կողմից իրեն պարտադրված նման կերպարով։
Բանակցային նոր օրակարգի ընդունում՝ հիմնված Ադրբեջանին 1992-ին ագրեսիվ պատերազմ սանձազերծելու եւ ԵԱՀԽ-ի շրջանակում ԼՂ կարգավիճակը որոշելու համար միջազգային կոնֆերանսը տապալելու հայեցակարգի վրա,- պատերազմ, որը ժողովրդագրական աղետ է առաջացրել Ադրբեջանում եւ ԼՂ-ում,- կարող է փոխել Հայաստանի միջազգային կերպարը։ Այստեղ ստեղծվում են օրինակարգ (քաղաքական եւ իրավական) հիմքեր՝ Հայաստանի աջակցման արտաքին շահերը խրախուսելու համար։
Ձեւավորվող կոալիցիայի ռազմավարական կարեւոր խնդիրն է վերականգնել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության ապահովման քաղաքականությունը՝ բնակչությանն իրենց տները վերադարձնելու եւ Ադրբեջանի կողմից նրանց փոխհատուցում տրամադրելու նպատակով։ Խնդիր է նաեւ միջազգային մակարդակով ԼՂ կարգավիճակի որոշման խնդրի վերականգնումը։ Հայաստանը պետք է պահպանի ապագայում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ բոլոր իրավունքները։
Գ. Ադրբեջանին Թուրքիայից մեկուսացնելու եւ հարկադրաբար Ռուսաստանի գիրկը վերադարձնելու քաղաքականություն։ Թուրքիային Հայաստանի հետ սահմանի բացումն առանց հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրին կապելու հարկադրելն ինքնին կլուծի այդ խնդիրը։ Այստեղ Ռուսաստանն էլ կարող է աջակցել «հայկական» կոալիցիայի այս ուղեգծին։ Ի վերջո, թուրքական եւ ադրբեջանական բանակների միավորման ծրագրերի իրականացումը կարող է խնդրահարույց դառնալ նաեւ Ռուսաստանի համար։ Եվ, որ ամենակարեւորն է, այստեղ է լուծվում Թուրքիային ու Ռուսաստանին Հայաստանի հետ հավասար պայմաններով կառուցողական բանակցություններ հարկադրելու հրատապ խնդիրը։
Դ. Ռազմական դաշինքի ձեւաչափից դուրս Ռուսաստանի հետ համագործակցության նոր հայեցակարգի ձեւավորում։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների բոլոր նախկին սխեմաները կորցրել են իրենց արդիականությունն ու արժեքը, նոր իրողությունները կարող են պայմաններ ստեղծել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների սկզբունքորեն նոր ձեւերի կազմավորման համար։ Հայաստանն իր քաղաքականությամբ կկարողանա նոր քաղաքական նշանակություն ձեռք բերել Ռուսաստանի համար։
(Վերջը)
Մանվել Սարգսյան