26.11.2024

Аналитика

Դեմարկացիա. սահմանազատո՞ւմ, թե՞ հողահանձնում

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Մոսկվայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Պուտին-Փաշինյան-Ալիեւ համատեղ փաստաթղթի՝ բոլորիս հայտնի պարտվողական հայտարարության ստորագրումը, ինչպես երեւում է, Նիկոլ Փաշինյանի վերջին անխոհեմ քայլը չէ: Սխալներն ու բացթողումները շարունակվում են ժամ առ ժամ՝ հայկական տարածքները մասեմաս հանձնելուց մինչեւ խաղաղ հայ ազգաբնակչության անվտանգությանը եւ ֆիզիկական գոյությանը սպառնացող խնդիրներ, որոնցից ամենահրատապը հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման շուրջ ծավալված ոչ հայանպաստ գործընթացներն են: Դրանք սկիզբ առան նոյեմբերի 26-ին Սոթքի ոսկու հանքավայր ազերիների անակնկալ ներխուժումից եւ հասան մինչեւ Կապանի ու շրջակա բնակավայրերի սահմանները, որտեղ պարզվեց, որ ՀՀ պաշտպանության նախարարության հրահանգով հայկական սահմանապահ ուժերը պետք է դուրս բերվեն մարզի անվտանգության պահպանման տեսակետից շահեկան դիրքերից, որպեսզի այդ դիրքերը զբաղեցնի ադրբեջանական կողմը: Փաստը սա է, իսկ փաստարկումները տվյալ դեպքում այնքան էլ էական չեն:

Խնդրով մտահոգ հանրության եւ, հատկապես, տեղաբնակների բուռն արձագանքին ի պատասխան՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը բերում է իր հիմնավորումները, թե Սյունիքի հատվածում ընդամենը սահմանների տեղորոշում է կատարվում, եւ մեր սահմանապահները տեղակայվում են Հայաստանի «միջազգայնորեն ճանաչված սահմաններին»: Հետեւաբար, ըստ նրա, կարիք չկա անհանգստանալու, թե Սյունիքը հանձնվում է եւ այլն, իրականում այս ամենը արվում է «Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու» եւ երաշխիքներն ամրապնդելու համար: «Խնդիրն այն է,- ընդգծում է Փաշինյանը,- որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս գտնվող հատվածներում վերջին օրերին ռազմական գործողությունների վերսկսման մեծ հավանականություն կար, եւ եթե այդ էսկալացիան տեղի ունենար նշված հատվածում, մարտական գործողությունները կարող էին տեղափոխվել Սյունիքի մարզի տարածք՝ սրանից բխող հետեւանքներով»:

Եթե մարդ իր դատողությունների մեջ անկեղծ չէ, դժվար է նրա ասածներին հավատ ընծայել: Մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի նման մարդու ասածներին, ով ստերով ու մանիպուլյացիաներով մարդկանց «կերակրելու» անհաղթահարելի թուլություն ունի: Ուրեմն՝ ի գիտություն նրա, ստիպված ենք հիշեցնել, որ Հայաստանը «միջազգայնորեն ճանաչված» սահմաններ երբեք չի ունեցել եւ չունի: Նախկին ԽՍՀՄ բոլոր 15 հանրապետությունները, այդ թվում Հայաստանը, ունեին միջազգայնորեն ճանաչված մեկ ընդհանուր սահման՝ դա ԽՍՀՄ սահմանն էր, իսկ միմյանց միջեւ այդ երկրների սահմանները շատ թափանցիկ էին, ուղղակի՝ խորհրդանշական: Ինչ վերաբերում է «Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու» հավաստիացմանը, ապա դա՝ ակնհայտորեն անտրամաբանական լինելով, ոչ մի քննադատության չի դիմանում: Շահեկան դիրքից մոտ 10 կիլոմետր ետ քաշվելն ու դիրքը թշնամուն զիջելը չի կարող համարվել անվտանգային ռիսկի նվազեցում: Ճիշտ հակառակը, դրանով թիրախը, որը մեր դեպքում Կապան քաղաքն է, դառնում է շատ ավելի խոցելի՝ հայտնվելով թշնամու ուղիղ նշանառության տակ:

Սյունեցիներն ափսոսանքով են խոսում ռազմավարորեն ամենանպաստավոր դիրքերը հակառակորդին թողնելու մասին: Բառացի ներկայացնենք Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի պատմածը. «Այն դիրքերը տվեցինք, որոնք 1992-94 թթ. չունեինք, ու հակառակորդը հեշտությամբ թիրախավորում էր Կապան քաղաքը, գյուղերը։ Մենք պատերազմի ժամանակ էինք զբաղեցրել այդ դիրքերը, որպեսզի կարողանանք փակել թիրախի ճանապարհը։ Այսօրվա հանձնված դիրքերը 1300 մետր բարձրության վրա են։ Այդ դիրքերից հակառակորդի ցանկացած շարժ կարողանում էինք տեսնել։ Մենք այս դիրքերը հեշտությամբ չենք վերցրել, կռվով ենք վերցրել, ընկերներիս արյուն է մնացել այդ հողում, բայց այսօր այսքան հեշտ տվեցինք։ Մեր թեւերը ջարդեցին։ Չեք պատկերացնի, իջանք ու հեռվից նայում ենք մեր պահած դիրքերին, աննկարագրելի ցավ է։ Քոչվոր ցեղի նման քշեցին-քշեցին իջեցրին ստեղ։ Մեկը չկար մեր կողքին, մենք էլ մի բան ասեինք»: Սա ստեղծված իրավիճակի ցավն իր մաշկի վրա զգացող նախկին հրամանատարի եւ համայնքի ներկա ղեկավարի խոսքն է։ Խորապես ապրված խոսքը:

ՀՀ սահմաններում, մասնավորապես ամենազգայուն՝ Կապանի հատվածում, տեղի ունեցող դեպքերի վերաբերյալ իր մտահոգությունն է հայտնել ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը: «Ադրբեջանական վերջնագրերը, սահմանային լարվածության աճը եւ հայկական պաշտոնական կողմի հանցավոր անգործությունը, լուրջ մտահոգության ու կասկածների տեղիք են տալիս: Սյունիքի մեր հայրենակիցները ստիպված են ինքնուրույն պաշտպանել սեփական տունը, ինչպես նաեւ դիմել բողոքի գործողությունների»,- դեկտեմբերի 17-ին տարածած հայտարարության մեջ նշել է ՀՓՇ-ի կողմից առաջադրված վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Նույն շարժման լիդերներից Արթուր Վանեցյանն էլ դավաճանական է համարում Փաշինյանի հայտարարությունը, թե սահմանազատումը կատարվելու է ԽՍՀՄ քարտեզին համապատասխան: «Եթե մենք հիմա գնում ենք այդ քարտեզով, հողային կորուստներ ենք ունենալու նաեւ Արարատի, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում»,- զգուշացնում է Վանեցյանը։

Հնչում են առաջարկություններ սահմանագծման ու սահմանազատման աշխատանքն  իրականացնել միջազգային փորձի հիման վրա՝ պետությունների կողմից ձեւավորված միջգերատեսչական հանձնաժողովների բանակցությունների արդյունքում, իսկ մինչեւ նշված գործընթացների ամբողջական ավարտը Հայաստանը պետք է իր սահմանները պահպանի մինչպատերազմական ժամանակահատվածի բնագծերով։ Եվ իսկապես՝ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված հայտարարությամբ սահմանների ճշտորոշման գործընթացներ նախատեսված չեն: Ավելին, այդ փաստաթղթի առաջին կետի համաձայն՝ սահմանված հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների ավարտի ելակետն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում հայտարարության պահին իրենց զբաղեցրած դիրքերում։ Այսինքն՝ տեքստում չկա սահմանների փոփոխությանը վերաբերող որեւէ դրույթ կամ հիմք։ Ամենայն հավանականությամբ, այդ հարցերը թողնվել էին հետագա բանակցություններին՝ հաշվի առնելով դրանց համապարփակ եւ բարդ բնույթը։

Մասնագետները քանիցս զգուշացրել են, որ «Գուգլ» քարտեզի (Google Map) կամ «Գուգլ» գլոբալ տեղորոշման համակարգի (Google Map) հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանագծումը եւ սահմանազատումն անթույլատրելի է: Որեւէ քարտեզ, առավել եւս GPS համակարգի տվյալները, իրավական ակտ չեն եւ չեն կարող հիմք դառնալ սահմանագծման համար: Ընդհանրապես՝ հարեւան պետությունների հետ սահմանների հստակեցումը բավական բարդ ու երկարատեւ գործընթաց է: Միջազգային փորձի ու համապատասխան իրավական գործիքների համաձայն՝ այդ աշխատանքներն իրականացնելու համար, առաջին հերթին, պետության ներսում աշխատանքային խումբ է ստեղծվում, որը կառավարության պահանջով զեկույց է ներկայացնում սահմանների փոփոխության, հաստատման հետ կապված իրավական, քաղաքական, տնտեսական եւ տեխնիկական խնդիրների մասին։ Սա առավելապես մասնագիտական մարմին է, որի ներկայացրած զեկույցն ու աշխատանքը հիմք են ծառայում հաջորդիվ ստեղծվող հանձնաժողովի աշխատանքների համար։

Այնուհետեւ կառավարության հրամանով ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են ԱԳՆ-ի, ՊՆ-ի, ԱԱԾ-ի ներկայացուցիչներ, միջազգային իրավունքի գիտակներ, քարտեզագրության, երկրաբանության ոլորտի մասնագետներ։ Նույնատիպ հանձնաժողով ստեղծվում է նաեւ սահմանակից երկրում, եւ սկսվում են սահմանների հստակեցման ուղղությամբ համատեղ աշխատանքները, բանակցությունները, քննարկումները: Երբ դելիմիտացիան (սահմանների քարտեզագծումը) արժանանում է հավանության, շահագրգիռ կառավարությունների համաձայնությամբ կազմվում է նոր խաոը հանձնաժողով՝ կատարելու սահմանագծի դեմարկացիա, այսինքն՝ քարտեզի վրա գծվածի անցկացում երկրի մակերեւույթի վրա։ Ի դեպ, ամենաբարդն ու երկարատեւը հենց այս գործընթացն է՝ դելիմիտացիան, որը միջինում կարող է տեւել մինչեւ 10 տարի։

Աշխարհում մի շարք պետություններ տակավին չեն ավարտել իրենց սահմանների հետ կապված վերջնական սահմանազատման աշխատանքները։ Պետություններն այս հարցում, որպես կանոն, հրաժարվում են ավելորդ շտապողականությունից՝ իրենց շահերի առումով առավել ճիշտ որոշումներ կայացնելու նպատակով։ Այս սեղմ նկարագրությունն անհրաժեշտ համարեցինք վերջում զետեղել՝ գնահատելու համար ներկայում մեր սահմանների շուրջ միակողմանիորեն տեղի ունեցող գործընթացները, որոնց նկատմամբ պետական ուշադրությունն ու հոգածությունը լիովին բացակայում են: Հայ հանրությունը դատապարտում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի տարածքները հակառակորդին օտարելու անհեռատես քաղաքականությունը, ինչը փորձ է արվում քողարկել սահմանագծման ու սահմանազատման ծխածածկույթով:

Փաշինյանը լավ գիտի, որ կորցրել է անձամբ իր եւ ՀՀ կառավարության հանդեպ ժողովրդի մեծամասնության վստահությունը: Դրա պերճախոս վկայություններից մեկը դեկտեմբերի 21-ի այցն էր Սյունիք, որտեղ հայկական կողմի համար նվաստացուցիչ պայմաններով իրականացվող սահմանազատումների պատճառով լարվածությունը հասել էր կիզակետին: Հողային կորուստներ էին արձանագրվում, որի համար ըմբոստ սյունեցիները մեղադրում էին Փաշինյանին ու ՀՀ պաշտպանության նախարարությանը, հետեւաբար «Զանգեր» հատվածում փակել էին Սյունիքի դարպասը՝ թույլ չտալով, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը մտներ Գորիս, ապա շարունակեր ճանապարհը դեպի Կապան եւ Մեղրի: Փաշինյանը ստիպված էր «բավարարվել» Սառնակունք գյուղ չնախատեսված այցով, որտեղ նրա մեկնած ձեռքը չսեղմեց գյուղի եկեղեցու քահանան, եւ Սիսիանում յուրայինների կազմակերպած մի հանդիպմամբ:

Այլ բան չէր մնում անել, քան ընդհատել այցը եւ «քոռ ու փոշման» վերադառնալ Երեւան: Իրավիճակը դույզն-ինչ շտկելու հարցում անզոր գտնվեց անգամ մայրաքաղաքից նախօրոք Սյունիքի մարզ բերված 2000-հոգանոց ոստիկանական անձնակազմը՝ Սյունիքը մերժեց Նիկոլին: Ավելի վաղ՝ դեկտեմբերի 19-ին, նրան մերժել էին նաեւ սգո օրվա առիթով Եռաբլուրում հավաքված սեւազգեստ մայրերը, ազատամարտիկները, նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար այնտեղ եկած հազարավոր քաղաքացիներ: Ակներեւ է, որ հողը Փաշինյանի ոտքերի տակից գնում է: Նա ստիպված է շրջել անվտանգության զինված աշխատակիցների, ոստիկանների կիպ օղակում: Նույնիսկ եկեղեցի կամ սգո երթի թիկնապահները նրան ուղեկցում են զենքով եւ անվտանգության ուժեղացված միջոցներով, մարդիկ հետեւից «թուրք» ու «դավաճան» են կանչում, վրան սոխ ու լոլիկ նետում: Բայց որքա՞ն կարելի է այդպես «կզած» ապրել: Գուցե իսկապե՞ս արժե հրաժարական տալ:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.