26.11.2024

Аналитика

Արտահերթ ընտրությունները եւ ՔՊ-ի խորտակվող նավը

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Վերջին ամիսներին Հայաստանի զանգվածային լրատվամիջոցներում հաճախադեպ են դարձել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմայի լուսաբանումները: Զանգվածային լրատվության միջոցների տեղեկացմամբ՝ իշխանություններն այս օրերին շահագրգռությամբ քննարկում են ԱԺ արտահերթ ընտրությունների գնալու հարցը՝ նպատակ ունենալով այդկերպ ամրապնդել իրենց դիրքերը իշխանական բուրգում:

Բանն այն է, որ Երեւանի ավագանու՝ սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները հեռու էին հուսադրող լինելուց, եւ դա լրջորեն անհանգստացնում է ՔՊ-ական վերնախավին, որը ելքեր է փնտրում ինչ-որ կերպ փարատելու իշխանության պահպանմամբ մտահոգ յուրայինների տագնապները, եւ այդ ելքերից մեկը՝ թերեւս ամենաարդյունավետը, ընտրություններն են, քանի դեռ տիրապետում են վարչական ռեսուրսներին, իսկ ընդդիմությունը թույլ ու մասնատված է:

Կառավարող քաղաքական ուժը գրեթե համոզված է, որ հակաիշխանական ցաքուցրիվ հատվածներին համախմբելու ունակ եւ ընտրողին գրագետ հայեցակարգային ծրագիր առաջարկող իրական ընդդիմության ի հայտ գալու դեպքում կարելի է համարել, որ իր երգը երգված է: Այլեւս չեն օգնի ո՛չ վարչական լծակները, ո՛չ «կոմպրոմատները», ո՛չ էլ «տասովշիկները», որոնց ներուժը լայնորեն գործարկվեց Երեւանի ավագանու՝ երեք ամիս առաջ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ:

Ամենայն հավանականությամբ՝ հենց այդ հույսով է առաջիկա գարնանն արտահերթի գնալու տարբերակ մտմտում «Քաղպայմանագիրը»: Չնայած դեռ պարզ չէ՝ կգնա՞ արդյոք Փաշինյանը նման ռիսկի, թե՞ կփոշմանի եւ, վախենալով «տեղ չհասնելու» հեռանկարից, կփոխի միտքը: Չի բացառվում, որ ընտրության գնալու գայթակղությունը պարզապես սեւեռուն գաղափար է, որին նրան մղել կամ խանդավառել են Ալիեւի եւ Պուտինի նույնատիպ մտադրությունները:

Սակայն՝ լինի գայթակղությամբ թե սեւեռուն գաղափարով, պետություն չես կառավարի եւ, առհասարակ, քաղաքականության մեջ երբեք «տեղ չես հասնի»: Դիցուք՝ Բաքվի միապետն ընտրության գնում է, որպեսզի իր ժողովրդից ստանա Հայաստանի դեմ նոր ռազմական ագրեսիա ծավալելու մանդատ: Պուտինն էլ, ենթադրենք, մտադիր է նույն ճանապարհով ձեռք բերել ռուս-ուկրաինական պատերազմը շարունակելու եւ այն հաղթական ավարտին հասցնելու օրինակարգություն: Լավ, իսկ Նիկո՞լը… նրա նպատա՞կը որն է:

Դատելով նրա հնգամյա գործունեության բովանդակությունից, դժվար չէ նկատել, որ ստերով ու մանիպուլյատիվ խարդավանքներով իշխանության գալուց ի վեր այդ անձը երկու ընդգծված նպատակ է հետապնդում՝ հայոց հայրենիքը մաս-մաս հանձնել դարավոր թշնամուն եւ, երկրորդ, ամուր պահել իր իշխանությունը, որպեսզի ավարտին հասցնի ազգակործան այն ծրագիրը, որի լիակատար իրականացման առաքելությամբ 2018-ին պատվիրակվել էր ՀՀ իշխանության ամենաբարձրագույն ատյան:

Հետեւաբար՝ արտահերթ ընտրությունների գնալու նրա դրդապատճառների ցանկում առաջինը, ինչպես հուշում է պարզ տրամաբանությունը, ՔՊ-ի խորտակվող նավը ափհանելն է, իշխանական իր աթոռը՝ թեկուզ կյանքի գնով, պահպանելը: Իզուր չէր մի քանի օր առաջ մեկհազարանոց ոստիկանական գումարտակ ուղարկել Ալավերդի՝ տեղական իշխանության բռնազավթման հստակ պլանով, որով նախատեսվում էր ՀՀ հյուսիսում ՏԻՄ-երի ամբողջական «քպականացման» գործընթացը եզրագծին բերելուց հետո՝ անցնել հարավին: Առուշի ականջը կանչի:

Փաշինյանի հույսը միայն ՏԻՄ-երը չեն: Կան արտախորհրդարանական լուսանցքային ուժեր՝ մոտավորապես Արամ Զավենիչի «Հանրապետություն» կուսակցության կարգի, որոնց նա տարիներ առաջ էր հավաքագրել՝ ըստ պատկանելույն օգտագործելու համար: Երեւանի ավագանու ընտրությունների օրինակով հետընտրական դաշինք կազմավորելու հաջողված փորձ ՔՊ-ն արդեն ունի, որի միջոցով Տիգրան Ավինյանը՝ չստանալով օրենքով սահմանված 50% պլյուս մեկ ձայն, տիրացավ Երեւանի քաղաքապետի պաշտոնին:

Արտահերթի գնալու դեպքում լուսանցքային ուժերի ներգրավմամբ նույն «մեթոդը» շատ հանգիստ կարող են կիրառել նաեւ նիկոլականները՝ խորհրդարան անցկացնելով նաեւ այլ արբանյակ ուժերի ու նրանց հետ կոալիցիա ձեւավորելով, ինչպես Երեւանի ավագանու ընտրություններում: Ցանկալի արդյունքի հասնելու համար նրանք այլ ելք չունեն. ՀՀ-ում Փաշինյանի իրական վարկանիշը, ըստ պարբերաբար անցկացվող սոցհարցումների, տատանվում է 18-20 տոկոսի սահմաններում, ՔՊ-ինը՝ էլ ավելի ցածր: Երեւում է՝ այդ անձի «գլուխարդուկումներին» հավատացող հատուկենտ միամիտներն են մնացել:

Ուշագրավ պատկեր է վերհանել դեկտեմբերի 4-ին «Փաստինֆո»-ի յութուբյան հարթակում անցկացված սոցհարցումը։ Ըստ այդմ՝ ՀՀ ներկայիս իշխանության ամենավարկաբեկված գործիչը Նիկոլ Փաշինյանն է: Հարցմանը մեկ օրում մասնակցել է 6.100 մարդ, որի 43%-ի կարծիքով՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձն է օրվա քաղաքական գործիչներից ամենավարկաբեկվածը: Հակավարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում Տիգրան Ավինյանն է՝ 15%-ով, իսկ եռյակը եզրափակում է Ալեն Սիմոնյանը՝ 7%-ով:

Իհարկե՝ իշխանությունները լավ գիտեն, որ վստահության խնդիր ունեն ժողովրդի հետ, եւ այնպես չէ, որ ուշքները գնում է ընտրությունների համար, բայց իրենց վիճակում ավելի դյուրակեցիկ սփոփանք հազիվ թե գտնվի: Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ իշխանական շրջանակներում տեղեկություններ են շրջանառվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ նաեւ Արեւմուտքից են «իջեցրել». «Արեւմուտքը, պարզվում է, Փաշինյանից «հավատարմության երդում» է պահանջում, թե Հայաստանը պետք է արագ պոկվի Ռուսաստանից եւ սլանա դեպի Եվրոպա»,- փոխանցում է պարբերականը:

Ավելի վաղ մամուլը գրել էր, որ կուսակցական հավաքներից մեկի ժամանակ Փաշինյանը թեպետ հպանցիկ, բայց անդրադարձել է արտահերթի թեմային՝ չբացառելով եկող տարի ընտրություններ անցկացնելու հնարավորությունը: Փորձագիտական շատ շրջանակներ հակված են այն տեսակետին, որ ժամանակն իշխանության դեմ է աշխատում, ինչը լավ են հասկանում Փաշինյանը եւ նրա թիմը՝ մի կողմից ՔՊ-ն ավելի է հեղինակազրկվում, մյուս կողմից՝ ընդդիմադիր նոր ուժ ձեւավորվելու հավանականությունն է մեծանում:

Կասկածելի զուգադիպությամբ 2024-ի գարնանն արտահերթի օրակարգ է երեւակում ե՛ւ Ադրբեջանում, որտեղ ընտրությունների օրն արդեն նշանակված է փետրվարի 7-ին, ե՛ւ ՀՀ-ում, որտեղ առայժմ կամուկացի մեջ են: Սա շատ է նման մեկ կենտրոնից համակարգված լինելու գործընթացի: Հնարավոր է՝ այդպես էլ կա, եւ զույգ արտահերթերը չարաբաստիկ «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից առաջ կողմերի դիրքերի կայունացման եւ օրինակարգության ուժեղացման համար են:

Եթե այդպես է՝ վա՛յ մեզ. նույն համակարգման կենտրոնն էլ կկազմակերպի ու կապահովի ընտրությունների՝ իր համար նպաստավոր ելքը: Կամքի, դիմադրողականության, անգամ սթափ դատողության ռեսուրս չունեցող մեր ժողովուրդը եւս մեկ ընտրություն, ասել է թե եւս 5 տարի տանուլ կտա: Մի ժողովուրդ, որի վարքագիծն անմեկնելի է՝ մեծ հաշվով նա դեմ է իշխանությունների վարած պետականակործան քաղաքականությանը, բայց ոտքի չի կանգնում, երբ ծվատվում է երկիրը, դավաճանվում հայրենիքը, ցեղասպանվում սերունդը, թալանվում պետբյուջեն, սպանվում միտքը, նվաստացվում ազգը… Չգիտես էլ ի՞նչ անուն տալ սրան: Սթափությունը չպետք է մեզ լքի:

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.