26.11.2024

Аналитика

Իլհամը թող հույս չփայփայի, թե Արցախի թեման փակված է. ՔՊ-ն՝ նույնպես

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Կան մեծաքանակ չլուծված հիմնախնդիրներ, անորոշություններ, մարտահրավերներ, որոնց ծանր բեռով թեւակոխում ենք Կանաչ վիշապի տարին՝ 2024 թվականը: Խնդիրների խնդիրը, անտարակույս, Արցախն է, որը Պրահայում հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանի թեթեւ ձեռքով հանձնվեց Ադրբեջանին՝ վտանգելով բուն Հայաստանի Հանրապետության գոյությունը, ինչից ժամանակին զգուշացնում էին հեռատես հայ ռազմական գործիչները, եւ ինչն արդեն հետին թվով չի բացառում նույնիսկ Փաշինյան-ազգադավը:

Ինչպես նկատեցիք, չկա առանձին վերցված Արցախի խնդիր եւ չկա առանձին վերցված Հայաստանի խնդիր: Մեկի կորուստը մյուսի մահն է, իսկ սերտորեն միահյուսված լինելու դեպքում լրացնում, ամրացնում են միմյանց: Անքակտելի այդ կապի համատեքստում էլ տարեվերջյան մեր ամփոփիչ վերլուծականում կդիտարկենք Արցախի շուրջ ծավալվող գործընթացները, իսկ հայաստանյան զարգացումներին ու արտաքին սպառնալիքներին կանդրադառնանք հաջորդիվ՝ Ամանորյա տոներից անմիջապես հետո:

Եվ այսպես՝ սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում (Արցախ) տեղի ունեցավ հոգեցունց մի իրադարձություն, որն աննախադեպ էր նրա՝ ուրարտական ակունքներից բխող հազարամյակների պատմության ընթացքում: Ադրբեջանի կողմից սանձազերծված, այսպես կոչված, «հակաահաբեկչական օպերացիայից» հետո, որը ԼՂՀ-ի սահմանամերձ շրջաններում եւ բուն Ստեփանակերտում ուղեկցվեց ցեղասպանական գործողություններով ու էթնիկ զտումներով, 100 հազարից ավելի արցախահայեր ստիպված էին զանգվածային ջարդի սպառնալիքի տակ արագ լքել հնամենի հայրենիքը:

Հաշվված օրեր, անգամ ժամեր չանցած՝ Արցախը դատարկվեց: Անհամրելի մեքենաների քարավանը բռնել էր Հայաստան տանող ճանապարհը: Մարդիկ գլխապատառ փախչում էին՝ վերահաս սպանդից փրկելու իրենց ընտանիքները: Իրավիճակն աղետալի էր, մինչդեռ հայ ժողովրդի մյուս՝ ոչ պակաս «աղետը» սեպտեմբերի 21-ին երեւանյան ուղիղ եթերից հատուկ ուղերձով փորձում էր հավատացնել, թե Ստեփանակերտում «քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»: Բայց ժողովուրդն իր աչքի տեսածին էր հավատում:

Ամեն դեպքում ոչնչացման իրական սպառնալիք արցախահայության գլխին կախված էր թե՛ Ստեփանակերտում՝ ֆիզիկական իմաստով, թե՛ հետագայում նաեւ Երեւանում՝ բարոյական: Անկեղծ լինենք՝ Երեւանում այնքան էլ ուրախ չէին ընդունելու Արցախից բռնի տեղահանված, ունեզրկված եւ հայրենազրկված մեր քույրերին ու եղբայրներին: Մի քանի շաբաթ անց, երբ ՀՀ-ում վերաթարմացավ գործող իշխանությունների մոգոնած՝ երեւանցի-ղարաբաղցի արհեստական հակադրությունը՝ խորացնելով փոխադարձ չարակամության վիհը նույն ազգի երկու հատվածների միջեւ, բոլորը հասկացան, որ նրանց այստեղ գրկաբաց չէին սպասում: Ցավոք:

Շուտով սուր հակասություններ ծագեցին նաեւ Հայաստան-Արցախ բարձր իշխանական մակարդակներում: Մանավանդ՝ երբ հայտնի դարձավ, որ արցախյան կողմը մտադիր է ՀՀ-ում կազմավորել վտարանդի կառավարություն՝ վերականգնելով իշխանության գործադիր, օրենսդիր մարմինների եւ պետական այլ հաստատությունների գործունեությունը: Եվ մանավանդ՝ երբ պարզվեց, որ ձեւավորվելիք վտարանդի կառավարության օրակարգային թիվ մեկ գերակայությունը միջազգային ասպարեզում Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման հիմնահարցի հետապնդումն է, վերարծարծումը:

Այսինքն՝ արցախյան քաղաքական վերնախավը համարում է, որ նախընթաց քսանհինգ տարիներին ղարաբաղ-ադրբեջանական հակամարտությունը, ճիշտ է, ոլորապտույտ ու փշոտ ճանապարհ է անցել, բայց, այնուամենայնիվ, դուրս էր եկել հեռանկարային մի հանգրվան, որտեղից արդեն վերջնական հանգուցալուծումը բավական մոտ էր: Թերեւս՝ այդ ժամանակ էր, որ Հեյդար Ալիեւը դառը հուսահատությամբ հայտարարեց. «Ղարաբաղն այլեւս Ադրբեջան չէ, Ղարաբաղի վերաբերյալ չունենք հայեցակարգ, քաղաքականություն, ոչինչ չունենք…»: Իսկ Ալիեւ կրտսերն ավելի ուշ՝ 2017-ին, խոստովանեց, որ փակ դռների ետեւում իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղը:

Այժմ իրավիճակը գլխիվայր շուռ է եկել, ինչը մեծապես պայմանավորված է հայկական սիրողական մակարդակի դիվանագիտությամբ ու Զինված ուժերի մարտունակության կտրուկ անկմամբ: ԼՂՀ նոր իշխանությունները, սակայն, համոզված են, որ Արցախի էջը փակված չէ, եւ արհեստավարժ, խնդրի լուծմամբ խորապես շահագրգիռ բանակցողի դեպքում հնարավոր է իրավիճակը շտկել միջազգային իրավակարգավորումների տառին ու ոգուն համահունչ, եւ վերականգնել արդարությունը, որն այնքա՛ն մոտ էր մինչեւ 2018-ի ապրիլ-մայիսը:

ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության շենքում տեղակայված՝ ԼՂՀ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների, պետական մյուս պատկան մարմինների աշխատակիցները քննարկումներ են անցկացնում ղարաբաղ-ադրբեջանական հակամարտության խնդրին փորձագիտական մակարդակով տիրապետող հայաստանյան շրջանակների, հանրային գործիչների, քաղաքագետ-վերլուծաբանների մասնակցությամբ՝ փորձելով 80-90-ական թթ. լավագույն պրակտիկայի հաշվառմամբ մշակել նոր մոտեցումների, իրավաքաղաքական տիպօրինակների ու սխեմաների հայեցակարգ եւ ճանապարհային քարտեզ:

Դժբախտաբար՝ աջակցություն ցուցաբերելու փոխարեն ՀՀ իշխանությունները, որքան էլ տարօրինակ թվա, արհեստական սահմանափակումներ են դնում ԼՂՀ վերջին նախագահի եւ նրա թիմի առջեւ, արգելում զբաղվել Արցախի հետ կապված որեւէ գործունեությամբ, անգամ զգուշացնում դրա իրավական հետեւանքների մասին: Լարվածությունն ավելի սրվեց դեկտեմբերի 22-ին, երբ իշխանությունները տեղեկացան, որ նախագահ Սամվել Շահրամանյանը Երեւան գալուց օրեր անց՝ հոկտեմբերի 19-ին, նոր հրամանագրով չեղարկել էր 2024թ. հունվարի 1-ից Արցախը լուծարելու մասին նախորդ փաստաթուղթը, որը ստորագրել էր սեպտեմբերի 28-ին:

Ինչ վերաբերում է Արցախում ստորագրված առաջին հրամանագրին, որով սահմանվում էր 2024թ. հունվարի 1-ից Արցախի լուծարումը, ապա այն, ըստ հավաստի աղբյուրների, ստորագրվել է ադրբեջանական կողմի ճնշումների տակ: Հետագայում Շահրամանյանը քանիցս պարզաբանել է, որ սեպտեմբերի 28-ի հրամանագիրն ի սկզբանե իրավական ուժ չի ունեցել, քանի որ Արցախի Հանրապետության իրավական դաշտում գոյություն չուներ եւ չունի որեւէ փաստաթուղթ, որը հիմք կհանդիսանար պետական ինստիտուտ լուծարելու համար: Ասել է թե՝ մեռելածին հրամանագիր էր, եւ թող Աստված ողորմի:

Իշխանություններին «մատուցած» մյուս տհաճ անակնկալն էլ այն տեղեկությունն էր, որ համաձայն նոր հրամանագրի՝ Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները հոկտեմբերի 1-ից շարունակում են պաշտոնավարել հասարակական հիմունքներով, այսինքն՝ առանց վարձատրության, եւ իրենց գործունեությունն անհատույց կշարունակեն նմանապես 2024-ի հունվարի 1-ից հետո: Արցախյան իշխանությունների հանդուգն «ինքնագործունեությունը» ցնցող ներգործություն ունեցավ տեղի իշխանական շրջանակներում եւ դարձավ նրանց կոշտ քննադատությունների թիրախը:

Մեղադրանքների հիմնական սլաքն ուղղված էր ԼՂՀ վերջին նախագահին՝ ոչ թե նրա համար, որ թշնամու ճնշման տակ ստորագրել է Արցախի լուծարման հրամանագիրը, այլ լրիվ հակառակն՝ այն պատճառով, որ կասեցրել է լուծարումը: Այո, դուք սխալ չհասկացաք՝ ՔՊ-ական անհայրենիքների վայնասունը ԼՂՀ փաթեթային հանձնումը ձախողելու համար է. ինչպե՛ս եք հանդգնում չեղարկել մեր «թավշյա» կապիտուլյացիան՝ մոտավորապես սա են մտքներում հեգում իշխանության բարեխիղճ սպասավորները:

Իսկ բարձրաձայն ճամարտակում են. «Ո՞վ է Սամվել Շահրամանյանը, որ Երեւանում հրամանագիր ստորագրի: Հայաստանում կա մեկ իշխանություն: Սրան հակադրվող կամ սրա դեմ պայքարող ցանկացած նախաձեռնություն դիտվելու է որպես հակապետական գործունեություն, հայտարարվելու է օրենքից դուրս եւ արժանանալու է ամենակոշտ միջոցներին պետության կողմից: Հայաստանին նոր ռազմական սադրանքի մեջ ներքաշել ձգտողների բոլոր ծրագրերը ջարդուփշուր են լինելու, իսկ հեղինակները խստագույնս պատժվելու են»,- ՖԲ-ում սույն ճամարտակողը ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է:

Դատելով Հովհաննիսյանի ու նրան ձայնակցող մյուս ՔՊ-ականների արձագանքների գրեթե նույնանման շեշտադրումներից, կարելի է եզրակացնել, որ քարոզչական գրոհը հրահանգված է մեկ կենտրոնից եւ ուղղված մեկ նշանակետի՝ Արցախի նախագահին: Նույնն են նաեւ արծարծվող թեզերը. ԼՂ-ի առնչությամբ Երեւանում ստորագրված որեւէ փաստաթուղթ իրավական ուժ չունի; ՀՀ-ն տեր ունի, որը թույլ չի տա մեր պետության հետ խաղալ նույն խաղը, ինչ՝ ԼՂ-ի; Ղարաբաղի պետական մարմինները՝ եթե գործում են, թող հատուցեն ՀՀ բանկերին ունեցած 300 մլրդ դրամից ավելի պարտքը, որը ստիպված իր վրա է վերցրել մեր կառավարությունը եւ այլն:

Ի դեպ՝ այս օրերին մամուլն ու սոցցանցերը հեղեղած ՔՊ կարկառուները նույն դեմքերն են, որոնք սեպտեմբերի 28-ից հետո դարձյալ մեծ աղմուկ-աղաղակ էին բարձրացրել, թե վա՛յ-հարա՛յ հասեք, Շահրամանյանը Ղարաբաղը հանձնելու «թուղթ» է ստորագրել: Առիթը շատ հարմար էր մեղքն իսկական հանձնողից հեռացնելու եւ ուրիշի վզին փաթաթելու համար: Հիմա իրավիճակ է փոխվել, «թուղթն» այլեւս առոչինչ է, բայց սրանց ճղավոցներն ավելի են սաստկացել: Տեր իմ, այս մարդիկ քանի՞ երես ունեն…

 

Գեւորգ Բրուտենց

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.