Հայաստանում նախորդ տարի տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրի նոր ղեկավարը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երեք անգամ հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում իր բանակցային գործընկերոջ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում, բայց սրանք, ինչպես ինքը բացատրեց, պաշտոնական բանակցություններ չեն եղել, այլ ընդամենը ոչ պաշտոնական շփումներ, զրույցներ՝ միմյանց մոտեցումներին ծանոթանալու նպատակով: Իսկ պաշտոնական հանդիպման մասին խոսակցությունները շարունակվում են ավելի քան մեկ ամիս:
Ինքը՝ Փաշինյանը, մի քանի առիթով խոսել է սրա մասին՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն աշխատում են այս ուղղությամբ, բայց նաև շեշտել է, որ նախևառաջ պետք է նախադրյալներ ստեղծվեն արդյունավետ բանակցությունների համար, և ճշտվի բանակցությունների ձևաչափը: Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ բանակցություններին պետք է անմիջականորեն մասնակցեն նաև Արցախի իշխանությունները, քանի որ նրանք են միայն լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից:
Փետրվարի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հենց այս նպատակով էին եկել տարածաշրջան՝ քննարկելու Փաշինյանի և Ալիևի նախորդ հանդիպումների մանրամասներն ու նոր՝ պաշտոնական հանդիպման կազմակերպման հետ կապված հարցերը: Նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը Իրանում անդրադարձել է այս հարցին՝ ասելով, թե «նախնական խոսել ենք, որ առաջիկայում պետք է հանդիպում ունենանք Ադրբեջանի նախագահի հետ», բայց դա, ըստ էության, լինելու է առանց օրակարգի հանդիպում: Մյուս կողմից՝ այդ հանդիպման կարևոր ուղենիշներից մեկը լինելու է բանակցային ֆորմատի քննարկումը, ինչը նշանակում է՝ քանի դեռ բանակցային ձևաչափի վերաբերյալ համաձայնություն ձեռք չի բերվել, այս շփումները պաշտոնական բանակցություններ համարել չի կարելի: Վարչապետը կրկին շեշտել է, որ ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացում Ղարաբաղի սուբյեկտության բարձրացումն է: Եվ եթե սրան ավելացնենք պաշտոնական Բաքվի պատասխանը՝ ի դեմս Ալիևի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության ղեկավար Հիքմեթ Հաջիևի, թե՝ «բանակցային ձևաչափը փոխելու մասին Հայաստանի իշխանությունների հայտարարությունները ոչ այլ ինչ են, եթե ոչ բանակցային գործընթացը նպատակաուղղված փակուղի մտցնելու և տապալելու փորձ», կստացվի, որ բանակցությունների վերականգնումն ու շարունակականության ապահովումն իսկապես լուրջ հարցականի տակ են: Ի՞նչ օրակարգ են այդ դեպքում համանախագահներն առաջարկել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին:
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը։
– Պարոն Սարգսյան, ի՞նչ ակնկալիքներ կարելի է ունենալ Փաշինյան-Ալիև հանդիպումից: Եթե օրակարգ չկա, ինչո՞ւ են հանդիպում:
– Հանդիպում են, որ Ալիևին ասեն՝ տղա ջան, խնդիրներն էսպես են, ուզում ես բանակցել՝ Ղարաբաղի հետ բանակցի: Չես ուզում բանակցել՝ «пошёл… куда хочешь»: Այստեղ պատասխանատվության խնդիր կա: ՀՀ-ն իր վրա վերցնում է որոշակի պատասխանատվություն: Մնացած պահանջներդ, Ալիև ջան, ներկայացրու Ղարաբաղի ժողովրդին: Չես ուզում՝ գնա ձեր տուն: Շատ պարզ է ամեն ինչ: Հաջիևի հայտարարություններով կամ նման մանր-մունր հարցերով մենք իրավունք չունենք զբաղվելու:
– Բայց եթե բանակցեն, ինչ-որ նպատակ պիտի լինի, այդպես չէ՞:
– Նպատակը դա է՝ Ալիևին ասեն, որ քո իրավունքները այսքան են: Խնդիրներ, պահանջներ ունես՝ ներկայացրու Ղարաբաղի ժողովրդին: Դա բանակցություն չէ՞:
– Ադրբեջանն էլ պատասխանում է, թե եթե էդպես եք ասում, ուրեմն չեք ուզում բանակցել, հրաժարվում եք:
– Ես ասում եմ՝ այն, ինչ վերաբերում է մեզ, մենք այդ մասով բանակցում ենք: Իսկ այն, ինչ մեզ չի վերաբերում, այդ հարցերով մենք չենք բանակցելու: Թող բանակցի նրանց հետ, ում դա վերաբերում է: Ասում են՝ «տարածքները տվեք, էս տվեք, էն տվեք»: Այդ տարածքները տերեր ունեն, գնացեք, իրենց հետ բանակցեք: Չեք ուզում՝ մի բանակցեք:
– Եթե չբանակցեն, կարող են գնալ այլ ճանապարհով:
– Թող գնան այլ ճանապարհով: Պաշտպանության նախարարն ասել է՝ կգնաք այլ ճանապարհով, մենք էլ կգնանք ուրիշ ճանապարհով: Ի վերջո՝ Ադրբեջանը պատասխանատվություն է վերցրել միջազգային հանրության առաջ, երբ ճանաչվել է որպես պետություն, որ բոլոր խնդիրները լուծելու է խաղաղ ճանապարհով: Եթե խախտում է, խախտել է 2016-ին՝ Ադրբեջանի հետ այլևս ոչ ոք չի խոսում: Եթե ձեր պարտավորությունները չեք կատարում, ձեզ հետ ոչ ոք հաշվի չի նստում: Այս վիճակում է Ադրբեջանը:
– Այսինքն՝ Դուք կարծում եք, որ պատահական չէր, երբ ՀՀ պաշտպանության նախարարը հայտարարեց, թե եթե իրավիճակը տանի պատերազմի՝ «մենք չենք հապաղելու»:
– Դա Հայաստանի իրավունքն է, որովհետև եղել է պայմանավորվածություն՝ հարցերը լուծել խաղաղ ճանապարհով: Խախտել եք՝ ձեզ հետ էլ ոչ ոք չի խոսում, այդ թվում՝ Հայաստանի պաշտպանության նախարարը:
– Բայց արդյո՞ք դա ճիշտ մոտեցում է: Չէ՞ որ այդպես սրվում է իրավիճակը:
– Սրվում է այն ժամանակ, երբ ասում եք՝ ես պատրաստ եմ իմ իրավունքներից հրաժարվել, 7 շրջաններն էլ տամ, ամեն ինչն էլ տամ, վայ-վայ, մենակ թե ինձ մի սպանեք: Երբ այդպես եք խոսում, ահավոր սրվում է: Իսկ երբ հակառակորդին դնում ես պատասխանատվության տակ, մատնանշում ես նրա կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների խախտումը, այդ ժամանակ ոչինչ էլ չի սրվում: Ադրբեջանն այն պետությունը չէ, որը կարող է 21-րդ դարում ինքնուրույն որոշում ընդունել, պատերազմել և այլն: Նրան պարզ, հստակ ասում են՝ դուք խախտել եք, պատժվելու եք: Երբ այդպես եք խոսում, դիմացինը լրջանում է: Դաժան աշխարհում ենք ապրում, հասկանո՞ւմ եք: Խուժանների աշխարհ է, պետք է մի քիչ լուրջ լինել: ԱԱԾ տնօրենը ասաց, չէ՞, Արցախում, որ մենք ձեզ ոչինչ չունենք տալու, տղերք ջան: Հիմա Հայաստանում մի 20 հազար հոգի սարսափած, նստած են այս հայտարարությունից Երևանի կենտրոնում: Սարսափահար մարդկանց տրամաբանությամբ չի կարելի քաղաքականության մեջ շարժվել: Քաղաքականությունն ունի իր տրամաբանությունը, և պետք է շարժվել այդ տրամաբանությամբ ու պաշտպանել սեփական իրավունքները, այլ ոչ թե սարսափահար նստել սեղանի տակ, ասել՝ ամեն ինչից հրաժարվեմ, որ ինձ չբռնաբարեն, չսպանեն՝ ինչպես արել են 100 տարի առաջ, սեղանների տակ նստած՝ մորթոտվել են: Մեր հանրությունը սովոր չէ, 30 տարի մեր հանրությանը սովորեցրել են՝ սուս մնացեք, ձայներդ կտրեք, կոտորելու են, վայ-վայ, հանձնեք ամեն ինչ, որ մենք Երևանի կենտրոնում մնանք, ապրիլյան պատերազմը հաղթանակ է, որովհետև Երևանը չեն վերցրել:
– Բայց համաձա՞յն եք, որ Փաշինյանն ընկալվում է որպես ավելի շատ խաղաղասիրական մոտեցումներ ունեցող գործիչ, քան թե միլիտարիստ, ռազմամոլ, ավելի կոշտ մոտեցումներ ունեցող ղեկավար, որը չի վարանի պատերազմի ճանապարհով գնալ:
– Գիտե՞ք ինչ, ամենակարճ ճանապարհը դեպի պատերազմ խաղաղության մասին խոսելն է: Բոլոր ճանապարհները դեպի պատերազմ սկսվում են խաղաղության մասին խոսելուց: Ուստի ինձ համար շատ դժվար է հասկանալ՝ ով է խաղաղասեր, ով՝ միլիտարիստ: Խաղաղությունը լինում է միայն այն ժամանակ, երբ պատերազմը հնարավոր չէ: Երբ պատերազմը հնարավոր է, երբեք խաղաղություն չի լինում: Դրա համար ցանկացած քաղաքականություն պիտի տարվի դրան, որ հնարավոր չլինի պատերազմ: Այն ժամանակ լինելու է խաղաղություն: Դրա համար այս զրույցներն անհասկանալի են: Վեր կացեք, գիշեր-ցերեկ խոսեք խաղաղության մասին: Խոսելով չի, պարզ, հստակ քաղաքականությամբ է՝ պիտի թույլ չտաս, որ լինի պատերազմ:
– Փորձագետներից մեկն էլ, ի դեպ, կարծիք հայտնեց, որ քանի դեռ Ադրբեջանը համոզված է, որ ունի այլընտրանք բանակցություններին՝ պատերազմը, ու կարող է պատերազմի միջոցով հարց լուծել, նա երբեք ընդառաջ չի գնա հայկական կողմին ու չի բանակցի խաղաղ կարգավորման շուրջ:
– Իհարկե, ճիշտ բան է ասել: Եթե նա գիտի, որ պատերազմով ի վիճակի չէ հարցը լուծել, գալիս, խոսում է քեզ հետ: Քանի որ իրեն անընդհատ ներշնչում էին, որ դու կարող ես դա անել, Ադրբեջանն էլ հույսը դրել էր դրա վրա:
– Իսկ կարո՞ղ ենք գնահատել ռազմական սցենարները, թե այսօր Հայաստանը որքանո՞վ է պատրաստ դրան, պատրա՞ստ է կարճատև պատերազմի, լայնածավալ պատերազմ կլինի՞, թե՞ ոչ: Դրա շուրջ էլ շատ քննարկումներ են լինում:
– Հարցը դրանով չի լուծվում: Ամբողջ աշխարհն ասում է՝ չկա՛ ուժով լուծելու սցենար: Չկա՛: Մի քանի դիրք վերցնելով՝ հարցեր չեն լուծվում:
– Բայց այն ժամանակ էլ էին ասում, որ խնդիրը չի կարող լուծվել ուժային ճանապարհով: Ո՞վ բռնեց Ադրբեջանի ձեռքը:
– Ինչպե՞ս չբռնեցին: Ադրբեջանն ընդամենը մի օր է պատերազմել: Ի՞նչ էր եղել, թող պատերազմեր: Մի օր պատերազմեց, հետո ոռնոցը գցեց՝ մենք չենք պատերազմում, թող Ռուսաստանը գա, հայերի ձեռքը բռնի: Այդպես չի՞ եղել: Ալիևը շատ լավ գիտեր, որ մի օրից ավելի չի կարող պատերազմել:
– Այսօրվա պայմաններում, այսօրվա աշխարհում հնարավոր չէ մի ամիս կամ մի քանի ամիս ռազմական լայնածավալ գործողություններ վարել:
– Խնդիրն այն է, որ ոչ ոք չի կարող այդ պատերազմի հետևանքները հաշվել, հաշվարկել: Ոչ ոք: Հնդկաստանն ու Պակիստանն էլ մի օր պատերազմեցին ու հետ կանգնեցին, որովհետև ոչ ոք չգիտի՝ եթե շարունակես, ո՞ւր է գնալու, ի՞նչ ուժեր են խառնվելու, ի՞նչ է լինելու: Ոչ ոք չի կարող, Ադրբեջանը՝ առավել ևս:
– Դու գիտես՝ երբ կսկսես պատերազմը, բայց չգիտես՝ երբ այն կավարտվի:
– Իհարկե, և ինչպես կավարտվի: Դու կարող ես սկսել, բայց չգիտես՝ ինչպես այն կավարտվի: Դրա համար ոչ ոք չի գնում նման քայլերի: Սա է 21-րդ դարի տրամաբանությունը: Այն խաղալիք բանակներով, որ ունեն Հայաստանն ու Ադրբեջանը, կարելի է արկածախնդրության գնալ: Այսօր հարցերը լրիվ այլ կերպ են լուծվում: Դրա համար մենք պիտի պարզ, հստակ հասկանանք, որ մեր ամբողջ նպատակն է Ադրբեջանին զրկել այն իրավունքներից, որոնք նա ստացել է անցյալում՝ կապված Ղարաբաղի հետ:
Հիշում եք, չէ՞, հանրապետականներն ինչպես էին կուրծք ծեծում, թե ժողովուրդը մեզ մանդատ է տվել և այլն, և այլն: Մի ամսվա մեջ պարզվեց, որ ոչ մի մանդատ էլ չունեն: Նույնը պիտի Ադրբեջանը ստանա, հասկանա, որ ոչ ոք իրեն մանդատ չի տվել կռվելու:
– Իսկ ի՞նչ կասեք բանակցային գործընթացի մասին: Եթե համանախագահները միջնորդում են՝ չէ՞ որ ինչ-որ օրակարգ պիտի առաջարկեին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հանդիպելու համար:
– Բայց ոչ մի առաջարկ էլ չկա: Փաշինյանը հստակ ասաց՝ օրակարգ չկա, դրանք բանակցություններ չեն. գնում ենք՝ խոսենք: Հայաստանի ղեկավարը խոսում է Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի նախագահների հետ: Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին է հանդիպումներ ունենում: Հազար ու մի հարց կա: Թող խոսեն, ի՞նչ է եղել: Ինչո՞ւ ենք մենք միանգամից խուճապի մատնվում, թե՝ «վայ, մահը եկել է» կամ՝ «Шеф, всё пропало!»՝ ինչպես հայտնի ֆիլմում է ասվում: Թող հանդիպեն, ի՞նչ է եղել (ծիծաղում է-Ա. Ս.): Զարմանալի է, թե ոնց է մեր հանրության մեջ նստած այդ մտայնությունը: Ամեն մի չնչին իրադարձությունից խուճապի են մատնվում, ամեն մի հանդիպման մեջ դավադրություն են փնտրում՝ «մահը եկել է, հողերը հանձնում են…»:
– Իսկ Ղարաբաղի մասնակցության վրա ինչո՞ւ է Փաշինյանը այդքան շեշտադրում: Դա կոնկրետ քաղաքականությո՞ւն է:
– Ղարաբաղն ընդհանրապես պիտի գրողի ծոցն ուղարկի Ադրբեջանին: Այնտեղ խոսելու բան չկա: Ինչ խոսելու էր՝ խոսվել է արդեն: Թող մարդիկ կառուցեն իրենց կյանքը, պետությունը, ծաղկեցնեն գյուղերը, քաղաքները, ճանապարհներ սարքեն: Ինչի՞ մասին խոսեն: Խոսում են՝ ի՞նչ անեն: Այնքան պարզ է ամեն ինչ: Բայց այդ «Шеф, всё пропало!»-ն սպանում է ամեն ինչ: Արդեն երեսուն տարի է՝ այս երկրում այդ նույն խոսակցություններն են: Մարդիկ կային՝ ժամանակին քարոզում էին, թե ամեն ինչ հանձնեք՝ պրծնենք, հիմա բոլորը ազգայնական են դարձել, գնում են «տարածքների պահպանման» միտինգների: Նույն մարդիկ են, գիտե՞ք: Անլուրջ է: Դա ցույց է տալիս գաղափարական սնանկությունը: Դուք էլ եք տեսնում՝ մարդիկ, որոնք հինգ տարի առաջ լրիվ ուրիշ բան էին ասում, հիմա բոլորը դարձել են հողերի համար մեռնողներ: Սա ցույց է տալիս, որ թե՛ այն ժամանակվա, թե՛ այսօրվա դիրքորոշումները սին բաներ են, ոչ մի կապ չունեն իրականության հետ: Այդ մարդկանց հետաքրքրում էր փողը և իշխանությունը, բայց հեղափոխության պատճառով ամեն ինչից զրկվել են և չարագուշակությունների մեջ են ընկել: Ամբողջ ազգը չարագուշակությունների մեջ է:
– Բոլորը խոսում են «հող հանձնելուց»:
– Ոչ միայն «հող հանձնելուց»: «Конец, смерть! Шеф, всё пропало!». ամբողջ ազգը սրանից է խոսում: Ես հիշում եմ՝ 1988-89 թթ. նույնն էր: Արթուր Մկրտչյանի հետևից քարեր էին գցում, խփում էին, «донос»-ներ էին գրում ռուսներին՝ «մեզ կերավ, թալանեց» և այլն: Մենք արդեն տեսել ենք դա մեկ անգամ: Ով ինչից ուզում՝ խոսում է: Ահավոր մթնոլորտ է, չարության մթնոլորտ: Սրա մեջ բավական դժվար է գտնել ինչ-որ ռացիոնալ գնահատական: Սա հետհեղափոխական սինդրոմ է: Հանրությունը պետք է սա էլ հաղթահարի: Մենք պիտի խոսենք իրականության մասին, որը մեր ազգը, ցավոք, ի վիճակի չէ ընկալել: Իսկ իրականությունը հետևյալն է՝ Հայաստանի ԱԱԾ տնօրենը գնում է Արաքսի ափը, որտեղ իրանցիները կամուրջ են կառուցում դեպի Ղարաբաղ, վերջացնում են արդեն: Գնում, ասում է. «Մենք ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք: Ընդհակառակը՝ մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»: Իրականությունը դա է: Ի՞նչ կապ ունեն սրա խոսքերը, նրա եզրակացությունները: