25.11.2024

Еженедельный Обзор

26 հոկտեմբերի - 2 նոյեմբերի 2024թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Հոկտեմբերի 28-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում մեկնարկել էր 2025-ի պետբյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը, որին մասնակցել եւ ելույթով հանդես է եկել գործադիրի ղեկավարը։ Իր ելույթում Փաշինյանը չի ներկայացրել բյուջեին առնչվող ոչ մի ցուցանիշ, չի արծարծել արտաքին քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգային ոլորտին ու երկրի մյուս առանցքային խնդիրներին վերաբերող թեմաներ: Փոխարենը հիշեցրել է 2018-ին իշխանության գալուց առաջ եւ հետո իր հռչակած մի շարք կարգախոս-բանաձեւեր, որոնց մեծ մասը հասարակությունն արդեն հասցրել է մոռանալ՝ դրանցում հիշարժան եւ ուշագրավ որեւէ բան չլինելու պատճառով:

Ըստ էության՝ Փաշինյանն առաջարկում է մոռացության փոշուց մաքրել ու բյուջետային քննարկումների հիմքում դնել «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է», «Հարստացիր եւ հարստացրու», «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես», «Հայրենիքը պետությունն է, սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ», «Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց» եւ էլի մի քանի այլ թեզեր, որոնք ընդամենը օդից կախված խոսքեր են: Ավելին՝ դրանք շատ արագ մոռացվեցին, քանի որ իրական հողի վրա արտացոլում չգտան կամ կյանքի կոչվեցին իրենց բովանդակությանը ճիշտ հակառակ իմաստով:

Ինչպես ժամանակին, այնպես էլ այժմ՝ քննադատության չեն դիմանում ՀՀ ապագայի, Հայրենիք-պետություն զուգադրման, իրական-պատմական Հայաստանների պատմական հատվածի բացասման վերաբերյալ մեզ քաջածանոթ դատողությունները: Բայց որքան էլ քաջածանոթ՝ տեղին կլիներ երկու օրինակով ցույց տալ այդ բանաձեւերի սնանկությունը, որոնց գործածության անհրաժեշտությունը երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի քննարկման համատեքստում բացարձակապես պատեհ չէ: Դատեք ինքներդ. Հայաստանն իր օջախը համարող անձը անգթորեն չէր բզկտի, առուծախի չէր վերածի սեփական օջախը, ինչպես վարվեց եւ շարունակում է վարվել Հայաստանի հետ:

Առավել եւս իր ընտանիք-ժողովրդին չէր ենթարկի դաժան փորձությունների ու անվերականգնելի կորուստների, ինչպես դա արեց ժողովրդի, հատկապես՝ շուրջ 120 հազար արցախցի ազգակիցների նկատմամբ: 2020-ին այդ անձը աղետաբեր պատերազմ հրահրեց, ըստ որոշ պնդումների՝ պայմանավորված պատերազմ, եւ ստացավ խայտառակ պարտություն, որից Հայաստանը ցայսօր ուշքի չի գալիս ու չի կարողանում շտկել մեջքը: Էլ չասած հազարամյակների ընթացքում առաջին անգամ հայաթափված Արցախի եւ ադրբեջանական գերության մեջ տակավին տառապող հայազգի անձանց մասին:

Իսկ «Հարստացիր եւ հարստացրու» թեզը, որը, կարծես թե, բյուջեի հետ հարեւանցիորեն գոնե կապ ունեցող հայեցակետ է, իրականում ոչ այլ ինչ է, քան կոդավորված հորդոր՝ ուղղված իր թիմակիցներին, որոնք տվյալ կարգախոսի պատգամին հավատարիմ՝ կարճ ժամանակում ոչ միայն մարեցին խանութներից «վարկով վերցրած» սառնարանների, հեռուստացույցերի եւ այլ ապրանքների դիմաց իրենց պարտքերը, այլեւ հարստացան ու հարստացրին յուրայիններին՝ մայրաքաղաքի ամենահեղինակավոր թաղամասերում գնելով ճոխ բնակարաններ եւ ձեռք բերելով թանկարժեք ավտոմեքենաներ ու այլեւայլ ունեցվածքներ:

Իր ելույթում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը օրվա թեմային, այնուամենայնիվ, անդրադարձել է՝ երկար-բարակ խոսելով այն մասին, թե ինչպես է ձեւավորվում բյուջեն: Ըստ նրա, ՀՀ պետական բյուջեն բացառապես աշխատանքի արդյունք է. «Այսինքն՝ չկա պետբյուջեի ձեւավորման ուրիշ գործիք, քան ՀՀ-ում աշխատող քաղաքացիները կամ բնակիչները»,- իբր գյուտ՝ ասել է Փաշինյանը՝ նշելով. «Այս բոլոր բանաձեւերն ուզում եմ դնել «Իրական Հայաստանի» հայեցակարգային շրջանակի մեջ եւ այդ դիտանկյունից մեկնարկել բյուջետային քննարկումները, այն ընկալմամբ, որ ասելիքը վերաբերում է ոչ միայն 2025-ի պետական բյուջեին, այլեւ «ՀՀ պետական բյուջե» հասկացությանն ընդհանրապես»:

Ելույթի հետագա շարադրանքը հիմնված է այն հայեցակետի վրա, թե որքան կարեւոր են բյուջեի նպատակային ու արդյունավետ ծախսերը: Այս համատեքստում կուզեինք իմանալ՝ արդյոք արդյունավե՞տ ծախս է, օրինակ, երբ Աննա Հակոբյանին սպասարկում է 134 հազար դոլար արժողությամբ «Լեքսուս» ավտոմեքենա ու թիկնապահների մի պատկառելի խումբ, որի վրա եւս պետական ահռելի ծախս է վատնվում: Ի դեպ՝ նախկին ղեկավարներից ոչ մեկի տիկինը նման շռայլություններ երբեք իրեն թույլ չէր տալիս:

 

Շաբաթվա ամենաաղմկոտ հայտարարությունը հնչեցրել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հոկտեմբերի 27-ին «Եռաբլուրում» լրագրողների հետ իր զրույցում՝ նշելով, որ ինքը կողմ է սահմանազատմանը, որովհետեւ այսօր որեւէ հնարավորություն չունենք ադրբեջանցու դեմ կռվելու. «Գիտեք, որ 20 տարի ադրբեջանցիները ժամանակից զենք-զինամթերք էին առնում, իսկ մեր նախորդ իշխանություններն ալան-թալանով էին զբաղված»,- ասել է նա՝ մարդ, ում հրամանատարությամբ այսօր էլ սահմանին մարտական հերթապահություն է իրականացնում ԵԿՄ-ն: Եվ, ընդհանրապես, ի՞նչ ուղերձ է հղում նա հայկական զինուժի մարտիկներին՝ իմաստազրկելով դիրքերում նրանց ծառայությունը:

Հանձնվողական տրամադրությունը, որը վայել չէ զինվորականին՝ դեռ մի կողմ: Սասուն Միքայելյանը 44-օրյա պատերազմում Փաշինյանի ամոթալի պարտության մեղքը բարդում է «նախորդ» իշխանությունների վրա՝ բացահայտորեն կեղծելով իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ «ալան-թալանով զբաղված նախորդները», ի գիտություն քեզ, Սասուն Միքայելյան, թե՛ 1991-1994 թթ. Առաջին արցախյան պատերազմում եւ թե՛ 2016-ի Քառօրյայում պատվով հաղթեցին մինչեւ ատամները զինված անարգ ոսոխին եւ դուրս շպրտեցին նրան Արցախի ու Հայաստանի տարածքներից՝ չնայած քեզ համար «թավշյա» իշխանազավթումը շատ ավելի գերադասելի էր արցախյան պանծալի հաղթանակից: Ինչ արած՝ ճաշակի հարց է:

Լավ, իսկ ո՞ւր մնացին մեր իշխանավորների, մասնավորապես ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի, գեներալ-պատգամավոր Գագիկ Մելքոնյանի եւ մյուսների ճարճատյուն խոսքերը, թե զենք-զինամթերք ենք ձեռք բերում Հնդկաստանից ու Ֆրանսիայից, առաջնագիծն «ամրոցի» ենք վերածում եւ այլն: Մեկը հորդորում է՝ լուռումունջ հպատակվել Ադրբեջանին ու նրա թելադրած պայմաններով իրագործել սահմանազատումը, քանի որ թույլ ենք ու չունենք կռվելու հնարավորություն, մյուսն էլ պնդում է, թե անառիկ ամրոց են դարձրել դիրքերը եւ զինվում են արդիական զենքերով:

Կողմերից մեկը հաստատ ստում է: Կամ երկուսն էլ ստում են, յուրաքանչյուրը՝ յուրովի: Այստեղ են ասել. «Իշխանության աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում»:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Անցած կիրակի օրը լրացավ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության 25 տարին։ ՀՀ ղեկավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ ծաղիկներ է խոնարհել ԱԺ այգում կանգնեցված հուշակոթողի մոտ եւ հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհ դարձած պետական եւ քաղաքական գործիչների հիշատակին: Գլխավոր դատախազի որոշմամբ քրեական վարույթով նախաքննության շարունակումը հանձնարարվել է Քննչական կոմիտեին։ 2003թ. դեկտեմբերին դատարանը Հունանյանին եւ նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի եւս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Զոհերի հարազատները պնդում են, որ բացահայտված չեն «Հոկտեմբերի 27»-ի պատվիրատուները:

Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովի (ԸՏՀ) նախագահը «Ազատությանը» փոխանցեց, որ Գյումրիի ավագանու «Բալասանյան» դաշինքի 14 անդամները՝ այդ թվում եւ քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, հոկտեմբերի 28-ին մանդատներից հրաժարվելու արձանագրություն են ներկայացրել ԸՏՀ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել քաղաքապետ Սամսոնյանի հրաժարականի մասին: Ավագանու՝ մեծությամբ երկրորդ խմբակցությունը՝ ՔՊ-ն, որ Գյումրիում ընդդիմություն է, արդեն հայտարարել է, որ պատրաստվում է արտահերթ ընտրությունների եւ, նույնիսկ, համայնքապետի թեկնածու ունի։ Միաժամանակ հերքում են պնդումները, թե ճնշումներով են հեռացնում «Բալասանյան» դաշինքին, որպեսզի ՀՀ-ի՝ մեծությամբ 2-րդ քաղաքում եւս հաստատեն իրենց իշխանությունը:

Առաջիկայում սպասվում է գերիների եւ անհետ կորածների հարցով հանդիպում ադրբեջանական կողմի հետ. այս մասին հոկտեմբերի 28-ին «Ազատության» հարցին ի պատասխան՝ հայտնել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը: «Շատ հնարավոր է առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի: Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով»,- նշել է Աբազյանը՝ հավելելով, որ ժամկետների եւ վայրի վերաբերյալ որոշում չկա: Պաշտոնական տվյալներով՝ այժմ Ադրբեջանում 23 հայ է գերության մեջ, որոնցից 8-ը Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունն է։ 2020-ի պատերազմից հետո անհետ կորած է համարվում 195 անձ, նրանցից 175-ը՝ զինծառայող, 20-ը՝ խաղաղ բնակիչ:

Խորհրդարանի իշխող՝ ՔՊ խմբակցության մի շարք անդամներ՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, պատրաստվում էին հոկտեմբերի 28-ին նախատեսված նիստում բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ Պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը, բայց 2025թ. պետբյուջեի քննարկումների պատճառով նիստը տեղի չունեցավ: «Ազատության» աղբյուրի փոխանցմամբ՝ շատերը, այդ թվում՝ խմբակցության առանցքային անդամներ, կողմ են Քոչարյանին պաշտոնանկ անելուն, սակայն դեռ հարցը պետք է քննարկվի Փաշինյանի հետ։ Թե երբ տեղի կունենա նիստը, դեռ հստակ չէ:

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հոկտեմբերի 30-ին Մեծ Բրիտանիա այցի ընթացքում Թագավորության պաշտոնյաների հետ քննարկել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին վերաբերող հարցեր։ Այս մասին X-ում կատարած գրառմամբ տեղեկացնում է Լոնդոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը՝ առանց մանրամասներ հրապարակելու:

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.