Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը
Պարոն Սարգսյան, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ պատրաստվում են Հայաստանի հետ պայմանագիր ստորագրել, ըստ որի՝ Հայաստանում կենսալաբորատորիաներում չպետք է լինեն օտարերկրյա զինվորականներ։ Սրա հետ կապված խոսվում է Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման վտանգների մասին։ Կա՞ նման բան, թե ոչ, և ինչո՞ւ ենք մենք այդ մասին իմանում Լավրովից։
Հայաստանի ԱԳՆ կոչեցյալը չգիտեմ ինչ է ասել և իրենք էլ չգիտեմ որտեղից են լսել։ Լավրովն ասում է, որ պատրաստվում ենք ստորագրել, սրանք ասում են՝ չգիտենք ինչ է։ ԱԳՆ խոսնակի խոսքն ինձ զարմացրեց, ինքն ընդհանրապես Հայաստանո՞ւմ է ապրում։ Ինչ վերաբերում է Լավրովի ասածին, նա իր ցանկությունն է ասել։ Ռուսաստանը վաղուց նման ցանկություն ունի՝ Հայաստանի վզին կապելու մի պայմանագիր, որ այստեղ որևէ այլ զորքեր չլինեն։ Սրա հետ կապված պետք է պահանջել, որ մեր ԱԳՆ-ն հստակեցնի։ Բայց Լավրովի ասածին զուգահեռ Կրեմլի խորհրդական Մոդեստ Կոլերովն է հայտարարել, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան իրենց համար դարձել է գլխացավանք, ոչ մի օգուտ այդ բազայից չկա, ոչ մի իմաստ չկա, հանելու ենք։ Այդ տեսակետից պետք է ավելի խորքային Լավրովի հայտարարությանը նայել և տեսնել, թե իրենց բուն ցանկությունները որոնք են։ Կոլերովը վերջին մարդը չի Ռուսաստանում, եթե նման բան է ասել, դա շատ էական է։
Ժամանակին խոսում էին, որ Ղրիմը վերցնելուց հետո ՀՀ իշխանության առջև հարց են բարձրացրել, որ իրենց սահմանապահ զորքերը հանեն։ Սրանք պետք է պարզել մեր ԱԳՆ-ից, թե որոնք են ռուսական իրական պլանները։ Այդ տեսանկյունից պետք է նայել իրադարձություններին։ Այլապես եթե ինչ-որ փաստաթուղթ են ուզում ստորագրել, թող ասեն, մենք էլ իմանանք։ Կարող է ռուսները հատուկ պայմանագիր են ստորագրում, որ այստեղ ուրիշ զորք չի գալու, իրենք էլ բազան հանեն տանեն՝ վստահ լինելով, որ այ զորքեր չեն մտնի Հայաստան։ Այսպիսի շատ հարցեր կան, և մեր ԱԳՆ-ն որևէ բացատրություն չի տալիս հանրությանը։
ՌԴ դեսպանն էլ կոչ է անում չքաղաքականացնել ռազմաբազայի և ռուս զինծառայողների հանցագործությունների հարցը։ Ձեր կարծիքով՝ ո՞վ է փորձում այս թեման քաղաքականացնել, ինչո՞ւ ՀՀ իշխանությունների կողմից որևէ գնահատական չի հնչում գյումրեցի կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի վերաբերյալ, երբ մեղադրյալը կրկին ռազմաբազայի տարածքում է։
Ռուսաստանի հետ կապված ցանկացած միջադեպի, կոնֆլիկտի հետ կապված երբևէ տեսե՞լ եք, որ ձայն հանեն։ Բելառուսի նախագահը ճիշտ է ասում, որ «մեզ խփում եք, որ ուրիշները լսե՞ն, ով զենք է տալիս Ադրբեջանին, գնացեք նրանց ասեք»։ Խոսքն այս դեպքում Ռուսաստանի մասին է։ Հայաստանում գլխարկների վրա գրում են՝ դուխով, բայց այդքան դուխ չունեն Ռուսաստանի առջև մի հարց բարձրացնեն, մի խնդիր քննարկեն, բացատրություն պահանջեն։ Եթե հիշում եք՝ 2015 թվականին, երբ Ավետիսյանների ընտանիքը գազանաբար սպանվեց, սկսած գենսեկից մինչև վերջին կուսակցական վարորդ, մտել էին վերմակների տակ։ Խնդիրն այստեղ է։
Ընդհանրապես, հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլն ինչպե՞ս եք գնահատում։
Ոչ մի խնդիր այդտեղ չկա, ռուսները առիթներ են փնտրում մեզ նվաստացնեն, բայց այսքան ժամանակ մի արժանապատիվ խոսք մեր կողմից չենք լսել։ Հայ-ռուսական հարաբերություններում ոչ մի խնդիր էլ չկա։
Բայց մենք տեսնում ենք, որ փոխադարձ կշտամբանքներ կան, ՀԱՊԿ-ում ամեն ինչ կարգին չէ, Նիկոլ Փաշինյանն է ասում՝ եկեք պարզենք մեր պարտավորությունները միմյանց հանդեպ։ Այսինքն՝ խնդիրներ կան։
Նախ պետք է պարզել, թե ինչ է ՀԱՊԿ-ը։ Ասում են՝ այլընտրանքային ՆԱՏՕ է, չգիտեմ ինչ է։ ՀԱՊԿ-ը ընդամենը մի դաշտ է, որտեղ Ռուսաստանը իր ազդեցությունն է մեծացնում իր հարևանների նկատմամբ։ Հայաստանի դերն էլ այդտեղ շատ մեծ է, որովհետև Հայաստանը հակակշռի դերում է։ Բոլոր այդ երկրները Հայաստանի թշնամին են, Ռուսաստանն էլ օգտագործում է դա։ Այնտեղ սովոր էին, որ այնտեղ մեկը նստի, երեսին թքեն, ինքն էլ շնորհակալություն ասի։ Հանկարծ մի մարդ գնացել է, մի հարց է բարձրացրել, բոլորը խառնվել են իրար։ Սա ցույց է տալիս, որ այնտեղ մանկապարտեզ է, ոչ մի կազմակերպություն էլ չկա։ Եթե Բելառուսի նախագահը վեր է կենում ու ամբողջ աշխարհի առջև նման բաներ է հայտարարում, նշանակում է՝ էնտեղ ոչ մի կազմակերպություն էլ չկա, պարզապես բարդակ է։
Վերջին շրջանում շատ է խոսվում նաև Արցախի խնդրի շուրջ հիմնավոր տեղաշարժի հավանականության հարցում։ Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր են այդպիսի տեղաշարժեր։
Իսկ ի՞նչ է փոխվել, որ ինչ-որ բան լինի։ Միջազգային հանրությունն իր վերաբերմունքը չի փոխել, Ադրբեջանի վերաբերմունքը չի փոխվել, Ռուսաստանի վերաբերմունքը չի փոխվել։ Ոչ մեկի վերաբերմունքը չի փոխվել, ինչո՞ւ պետք է նոր բան լինի կամ ինչ-որ բան փոխվի։