26.11.2024

Еженедельный Обзор

22-29 հուլիսի 2023թ.

Звезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активнаЗвезда не активна
 

Շաբաթվա անցուդարձը՝ մեկնաբանությամբ

 

Շաբաթվա ամենաաղմկոտ իրադարձությունը Նիկոլ Փաշինյանի հերթական մամլո ասուլիսն էր, որը մոտ հինգ ժամ տեւողությամբ տեղի ունեցավ հուլիսի 25-ին, եւ որի շուրջ քննարկումները մինչեւ շաբաթավերջ չէին դադարում: Հարցերը մեծամասամբ վերաբերում էին պաշարված Արցախում ստեղծված օրհասական իրադրությանը, ՀՀ ներքաղաքական կյանքին եւ գոյութենական ծանր կացությունից հայկական երկու պետությունների դուրսբերման ելքերին: Օրակարգն, ըստ էության, թելադրվում էր լրագրողների կողմից. նրանցից ոմանք ասուլիսի դահլիճ էին բերել նաեւ արցախցի ընդդիմադիր գործիչներից ու շարքային արցախցիներից վերցված ձայնագրություններ՝ ասուլիսի բանախոսին ուղղված սուր, հանդուգն հարցերի տեսքով:

Արցախյան թեմային առնչվող հատվածում հասցեագրված էին այնպիսի հարցեր, որոնք կարող էին հեշտությամբ խոցել Փաշինյանի նման անհավասարակշիռ մարդու հոգեկան աշխարհը: Եվ, չնայած նման դեպքերի համար վերջինս միշտ ունենում է «պահուստային» մտքեր ու մանիպուլյատիվ, «ունիվերսալ» պատասխաններ, այս անգամ չկարողացավ երկար դիմանալ «անհաճո» հարցերի բուռն տարափին: Հավարտ ասուլիսի՝ նրա ջղերը տեղի տվեցին, եւ գործադիրի ղեկավարը, որքան էլ ջանում էր արտաքուստ հանգիստ ձեւանալ, պահ առ պահ դուրս էր գալիս հունից՝ կորցնելով հավասարակշռությունը: Եվ այսպես՝ փորձենք վերականգնել արցախյան թեմայով ասուլիսի ամենահատկանշական դրվագներից մի քանիսը:

Դրվագ 1. Արծարծելով Արցախի խնդիրների նկատմամբ Հայաստանի կառավարության հանձնառության թեման, Փաշինյանն ասել է. «Մեր դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել… Եվ մենք հենց այդ օրակարգն ենք առաջ մղում՝ նկատի ունենալով, որ ԼՂ ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը պետք է քննարկվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձեւաչափով, միջազգային մեխանիզմի շրջանակում»: Այս «խելոքը» ուզում է չքմեղանալ… ինքն էր մի քանի անգամ հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում պաշտոնական տեսք տվեց իր պնդմանը՝ փաստացի սկիզբ դնելով Բերձորի (Լաչինի) միջանցքի շրջափակմանը՝ դրա բերած հայտնի հետեւանքներով:

Թե օրհասական այդ դիպվածը որքանով է անդրադարձել ԼՂ ժողովրդի ճակատագրի վրա, որն ինքն է մի ստորագրությամբ որոշել, եւ թե որքան տառապանքներ է այն բերել ու ցայսօր բերում արցախահայությանը, ավելորդ է ասել: Այդ մասին գիտի ողջ աշխարհը: Նիկոլ Փաշինյան կոչվող անհասկանալի երեւույթը փոխանակ ամոթից գետինը մտնի, որ 120 հազար իր արյունակիցների կյանքը դժոխքի է վերածել, փորձում է մանրից իրեն դուրս դնել, տարանջատել ազգադավության մեղսակցությունից: Բայց փաստերը համառ բաներ են, դրանք շրջանցել եւ խույս տալ պատասխանատվությունից, նրան չի հաջողվի:

Դրվագ 2. Օրերս Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարների շարք էր զետեղել, որոնցում պատկերված էր կառավարական տնամերձում աճեցված բանջարեղենի մի հավաքածու՝ լոլիկ, սմբուկ, բամիա եւ այլն, որոնցով վարչապետի տիկինն ընթրիք է պատրաստում: Հրապարակված նյութը միանշանակ չէր ընդունվել շատ օգտատերերի ու հանրային շրջանակների կողմից: Այն դիտարկվում էր որպես կծու ակնարկ՝ պաշարված, սովահար Արցախի հենքին, որի գլխավոր մեղավորը ՀՀ-ում իշխող ընտանիքի հայրն է: Մոտավորապես նման կերպ ձեւակերպված հարցը Փաշինյանին խիստ զայրացրեց: Նա հիշեցրեց, որ պատերազմի օրերին, երբ բնակիչներից շատերը լքել էին քաղաքը, իր տիկինը Ստեփանակերտում էր: Եվ ի՞նչ…

Այս անգամ նա չհստակեցրեց, թե այդ ահեղ ժամանակներում ինչ էր կորցրել իր կինը Ստեփանակերտում, ինչո՞ւ էր մտել բունկեր, որի իրավունքը չուներ: Այդ մասին չխոսեց, փոխարենը «հարցակոխ» արեց շարքային արցախցու հարցը հնչեցրած լրագրողին, թե ինչու, օրինակ, հուլիս ամսում Ղարաբաղում բանջարեղեն չկա, ինչպե՞ս է լինում, որ բոլոր ձայնագրությունները հայտնվում են Ռ.Քոչարյանի եւ Ս.Սարգսյանի հետ անմիջապես կապ ունեցող ԶԼՄ-ների ձեռքին… «ձեր կանխավարկածն այն է, որ մեր տանը բադրջան լինելու իրավունք չկա՞, մենք եւ Հայաստանում բոլոր մարդիկ պիտի բադրջան չունենա՞ն, բամիա չունենա՞ն… կամ Երեւանում տրանսպորտ չպիտի՞ լինի»: Նորից մեջտեղ է հանում երեւանցի-ղարաբաղցի հակադրությունը:

Տո՛, հեր օրհնած, ունեցեք ամեն ինչ, վայելեք ձեր «աջաբսանդալը», տրանսպորտն էլ ձեզ փեշքեշ, երթեւեկեք սրտի ուզածի չափ, բայց գոնե հուզառատ այս օրերին բանջարեղենով կամ այլ սննդամթերքով լի կողովներ մի՛ նկարեք ու ձեր տարաբախտ հայրենակիցներին ի տես, նրաց ջգրու սոցցանցերով մի՛ տարածեք: Դա ձեր չտեսության, աննրբանկատության, չարակամության մասին է խոսում, երկիրն «աջաբսանդալի» վերածելու ձեր անզսպելի հակումների մասին:

Դրվագ 3. Ձայնագրված տեքստով ասուլիսում հնչեց նաեւ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ցնցող հարցը՝ ուղիղ Փաշինյանի ճակատին. «Ո՞վ է ձեզ իրավունք տվել չեղարկել Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Որտեղի՞ց ձեզ իրավունք ԼՂ տարածքը, որը դեռեւս Ազգերի լիգան է ճանաչել վիճելի տարածք, Ադրբեջանի մաս համարել, եւ այս ամենը հասցնել ընդամենը հումանիտար խնդիրների դաշտ… Ո՞վ եք դուք, որ Արցախը դնեք սակարկման կամ օգտագործեք մանրադրամի տեղ: Որպես Արցախի ԱԺ պատգամավոր, ես ձեզ արգելում եմ այսուհետ չեղարկել, նույնիսկ փորձել կասկածի տակ դնել մեր ինքնորոշման իրավունքը»:

Այս առճակատ հարցերն ակներեւաբար թեւաթափ արեցին օրվա բանախոսին, որը մինչ այդ կարողանում էր հեշտությամբ փախուստ տալ փոքր-ինչ լղոզված հարցերից՝ կառչելով մի դեպքում «նախկինների» գործոնից, մյուս դեպքում հարցի մեջ գործածված որեւէ խոցելի բառից (օրինակ՝ ինքնորոշում եզրին համարժեք ինքնավարություն օգտագործելիս՝ կարող է երկար-բարակ խոսել այդ եզրույթների յուրահատկությունների ու նրբերանգների մասին եւ հարցի հիմնէությանը չանդրադառնալ), երրորդ դեպքում հարցի ուղղությունը սահուն կերպով այլ հուն տեղափոխել: Առճակատ հարցերը դժվար է մանիպուլյացիաների ենթարկել, ուստի ստիպված էր տեղի տալ. «Համաձայն եմ, որ ես ԼՂ ժողովրդի հարցը չպետք է որոշեմ»:

Սակայն իրականության հետ առերեսվելը դեռ քիչ է: Չէ՞ որ, այնուամենայնիվ, դու ես որոշել նշյալ հարցը՝ չունենալով դրա իրավունքը եւ դավադրաբար Արցախը ճանաչելով Ադրբեջանի կազմում: Այստեղ սեփական պատասխանատվության պահը Փաշինյանը չի գիտակցում եւ արածների համար չի զղջում: Ավելին՝ նա փորձում է Արցախի ԱԺ պատգամավորի կշտամբանքների տակ չմնալ՝ ասելով. «Վա՞տն է ՀՀ կառավարությունը, ուրեմն հրաժարվեք ու վերադարձրեք այն ֆինանսական միջոցները, որ պարբերաբար ստանում եք: Այս միտքը Փաշինյանը կրկնում էր գրեթե բոլոր հարցերին անդրադառնալիս՝ մոռանալով, որ դրանք իր փողերը չեն, այլ՝ հայ հարկատուներինը:

Դրվագների շարքն, իհարկե, կարելի է շարունակել, բայց դրա կարիքը, կարծում եմ, չկա: Կարճ ամփոփենք՝ փորձելով հասկանալ, թե որոնք էին բանախոսի պարզաբանումներից ու արձագանքներից բխող ամենաառանցքային թեզերն ու ուղերձները. ա/ արցախցի-հայաստանցի, հերոս-հակահերոս, սեւ-սպիտակ հակադրումների նորովի քարոզչության միջոցով ազգի երկու հատվածների միջեւ փոխադարձ թշնամանքի ու ատելության գեներացում; բ/ ՀՀ իշխանությունների՝ Արցախից ձեռքերը վերջնականապես լվանալու ակնհայտ միտում, ինչը հավասարազոր է հայկական վիրավոր երկրամասը թշնամու երախում թողնելուն եւ ժողովրդին ցեղասպանության մատնելուն; գ/ Հայաստանի անվտանգային համակարգի իսպառ բացակայություն, ինչը հղի է նոր պատերազմով, պետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության կորստյան վտանգով:

 

Մեկնաբանեց Գեւորգ Լալայանը

 

Շաբաթվա մյուս կարեւոր իրադարձությունների մասին՝ մի քանի տողով

Երրորդ օրն է՝ դեպի Արցախ հումանիտար բեռներ տեղափոխող մեքենաներն անշարժ կանգնած են Կոռնիձորում՝ հայկական անցակետի մոտ։ ՀՀ կառավարության որոշմամբ՝ լիակատար պաշարման մեջ գտնվող Արցախ ուղարկվող հումանիտար օգնությունը, ինչպես ավելի վաղ էր հայտարարվել, պետք է տեղափոխվեր ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով։ Նախօրեին ուշ երեկոյան Սյունիքի Տեղ գյուղում, ճեպազրույցի ընթացքում, ԼՂ ճգնաժամի կառավարման խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանն ասաց, որ բեռների տեղափոխման գործընթացը կազմակերպելու հարցում առաջընթաց չկա, ռուսական կողմից դեռ պատասխան չեն ստացել։

Արցախի ԱԺ-ն հուլիսի 27-ին ուղերձով դիմել է ՄԱԿ-ի անդամ պետություններին՝ «կոչ անելով ճանաչել ԼՂ (Արցախի) Հանրապետության անկախությունը»։ Ուղերձում Արցախի խորհրդարանը հղում է անում մի շարք փաստաթղթերի ու սկզբունքների, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի, 1991թ. սեպտեմբերի 2-ի «ԼՂՀ-ի հռչակման մասին» հռչակագիրը։ «Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՓՐԿՈՒԹՅԱՆ սկզբունքի հիման վրա»,- կոչ է անում ԱԺ-ն։

Թեհրանում հուլիսի 24-ին հանդիպել են Հայաստանի եւ Իրանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Հոսեյն Ամիր Աբդոլահիանը. այս մասին հայտնում է IRNA պետական լրատվականը։ Աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնում։ Ըստ Հայաստանի ԱԳ նախարարության՝ Թեհրանում Միրզոյանին ողջունել է Աբդոլահիանը, կայացել է երկու նախարարների առանձնազրույցը եւ հանդիպում պատվիրակությունների ընդլայնված կազմով: Նախարարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Միրզոյանը Իրանի մայրաքաղաքում էր մեկօրյա այցով:

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը դատարան է դիմել Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր լիազորությունները վերականգնելու պահանջով: Այս մասին հուլիսի 24-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում հայտնել է հենց ինքը՝ Թովմասյանը: «Դատարանից պահանջում եմ վերականգնել իմ լիազորությունները, քանի որ այդ գործընթացը տեղի է ունեցել ծայրից ծայր ապօրինի, ես զրկված եմ եղել լսված լինելու իրավունքից, իսկ դա աշխարհում ամենապաշտպանված իրավունքներից մեկն է»,- ասել է պատգամավորը:

Մոսկվայում հուլիսի 25-ին ավարտվել է ՌԴ-ի, ՀՀ-ի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։ Բանակցություններն ընթանում էին փակ ռեժիմով՝ տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն: Միրզոյանը ռուսաստանցի գործընկերոջ հետ հանդիպմանը քննարկել է ԼՂ-ում հումանիտար վիճակի վատթարացման հարցը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

Армянский центр стратегических и национальных исследований (АЦСНИ)

РА, Ереван 0033, ул. Ерзнкяна 75

Тел.:

+374 10 528780 / 274818

Эл. почта:

info@acnis.am

Вебсайт:

www.acnis.am

 

Мнения авторов публикаций не всегда совпадают с позицией АЦСНИ.

При перепечатке ссылка на онлайн-журнал «ACNIS ReView: Взгляд из Еревана» обязательна.