Կոռուպցիան չարիք է` նորանկախ Հայաստանի պատմության ընթացքում այս էլ որերորդ անգամ հայտարարում է հայրենի իշխանությունը, եւ համապատասխան հանձնաժողովի ստեղծումը դառնում է ընդամենը տեխնիկայի խնդիր: Չի ուշանում նաեւ Եվրոպայից եկող ֆինանսական օգնությունը՝ թեպետ զարգացող մեր երկրում հաճախ կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված նյութական աջակցությունն անգամ կարող է դառնալ կոռուպցիայի թիրախ: Կամ՝ օբյեկտ:
Ուրեմն` հերթական հակակոռուպցիոն խորհուրդը` իր ողջ պերճանքով ու թշվառությամբ հանդերձ, արդեն ուրվագծված է եւ, հուրախություն ազգիս, այն կգլխավորեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը եւ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Հավանաբար սկզբունքը հետեւյալն է՝ «օձի կծածը օձի թույնով կբուժեն»: Եվ, բացի դրանից, վարչապետը վերջին տարիներին բիզնես չի ծավալել ու որեւէ բիզնեսի հետ սերտաճած չէ: «Որեւէ մեկ անձի, քաղաքական գործչի, գործարարի նկատմամբ մենք չունենք պարտավորվածություն»,- օրերս հայտարարեց նա:
Բայց կատակը թողնենք մոտալուտ Ապրիլմեկի համար եւ մի պահ մտաբերենք տարբեր առիթներով նախաձեռնված բոլոր այն հանձնաժողովները, որոնց առաքելությունը միշտ նույնն էր` հետազոտել խնդիրը, վեր հանել իրավիճակի պատճառահետեւանքային կապը եւ առաջարկել արդարացի լուծումներ: Ուսումնասիրությունների արդյունավետությունը, որպես կանոն, միշտ հիասթափեցնող է եղել, օգտակար գործողության գործակիցը` զրոյական: Իզուր չի ասված` ուզում ես խնդիրը «ջրել»` ստեղծիր հանձնաժողով:
Եվ մեզանում սկսեցին հանձնաժողովներ ստեղծել ավելի հաճախադեպ, որովհետեւ համաչափորեն շատ էին նաեւ «ջրելու» ենթակա խնդիրները: Վերջիններիս շարքում կոռուպցիան իր ուրույն տեղն ունի: Ավելին` այն հանրային օրակարգի հավերժական թեմաներից է, հետեւաբար ժամանակ առ ժամանակ դրան անդրադառնալու կամ, որ նույնն է, պայքարի պատրանք «բեմադրելու» անհրաժեշտություն է առաջանում: Իմաստը միանգամայն հասկանալի է` ինչ-որ չափով մեղմել մեր նյութական ու հոգեւոր տիրույթները սողոսկած կոռուպցիայի տարաբնույթ դրսեւորումներից դժգոհ մարդկանց սոցիալական ցասումը:
Ընդ որում` մեղմել ոչ միայն հանձնաժողովների միջոցով, այլեւ ավելի լայն տարրապատկերով` հակակոռուպցիոն ռազմավարության եւ հայեցակարգի մշակմամբ, կոռուպցիոն երեւույթների կանխարգելման ու բացահայտման մարմինների ձեւավորմամբ, հանրային լսումների, համաժողովների, հեռախոսային «թեժ գծերի» եւ համալիր այլ ծրագրերի կիրառմամբ: Ճիշտ այդկերպ հասարակության աչքին «թոզ փչելու» նպատակին է իշխանությունը ծառայեցնում նաեւ մի շարք ոլորտներում իբր իրականացվող բարեփոխումները, որոնց «անունը կա, ամանումը չկա»:
Այդ ամենի համար, ինչ ասել կուզի, ծախսվում են պատկառելի միջոցներ, պայքարի մեջ ներգրավվում են մինչեւ անգամ միջազգային կառույցներ` «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամը եւ այլք: Մի խոսքով` ընդդեմ կոռուպցիայի իսկապես գրոհի լայն ճակատ է կազմավորվում, բայց չարիքը միշտ մնում է չսանձահարված: Այսքանից հետո քանի՞ գրոշ արժե Հ.Աբրահամյանի հավաստիացումը, թե հանձնաժողովի աշխատանքը «լինելու է շատ պարզ, շատ թափանցիկ եւ անկեղծ»:
Մի՞թե նախորդ հանձնաժողովների գործունեության ձախողումները հենց պարզության թափանցիկության ու անկեղծության բացակայությամբ էին պայմանավորված, որ հիմա վարչապետը խոստանում է նորաստեղծ խորհրդի աշխատանքն այդ արատներից զերծ պահելու միջոցով ապահովել ձեռնարկի հաջողությունը: Սրա՞նք էին ընդամենը խանգարող հանգամանքները: Փորձագետների շրջանում տիրապետող պնդումներն այլ բան են ասում: Ըստ այդմ` կոռուպցիան Հայաստանում համակարգային բնույթ ունի, ինչը նշանակում է, որ դրանով ախտահարված են ամբողջ համակարգեր ու ոլորտներ եւ, առաջին հերթին, իշխանական բուրգը` վերից վար:
Անկեղծ լինենք. ներկա իշխանակարգը` օտարված լինելով հանրային շահերից, պարզ է, որ չի կարող կոռուպցիայի դեմ պայքարում օգտվել նույն հանրության աջակցությունից, առանց որի կայուն առաջընթացի մասին խոսելն ավելորդ է: Բացի դրանից, դժվար է պատկերացնել, թե կոռուպցիայի մեջ թաթախված իշխանությունն ինչպես է պատրաստվում պայքարել իր իսկ երկնած արատավոր համակարգի դեմ, այսինքն` կտրել այն ճյուղը, որի վրա նստած է: Միակ ելքը, ուրեմն, մնում է Նորին մեծություն իմիտացիան, որով կարելի է միառժամանակ ժողովրդին հանդարտեցնել, «մինչեւ որ մի լույս կծագի»:
Ստացվում է, որ խնդրո թեմայի արծարծումը ոտով-գլխով էժանագին ֆարս է: Այսօրվա ունեցածով կոռուպցիայի դեմ պայքարը տանում է փակուղի: Եվ այդտեղ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ պակասում են առանցքային համարվող գործոնները` քաղաքական կամքը, օրենքի գերակայությունը եւ իշխանության երեք ճյուղերի տարանջատման սկզբունքը: Թե չէ՝ աշխատանքը «պարզ», «թափանցիկ» եւ «անկեղծ» դարձնելով, հազիվ թե հաջողվի այդ չարիքից գլուխ պրծացնել:
Եթե փորձենք պատկերավոր ասել՝ կոռուպցիան դարձել է մեր դռան շեմին շնթռտած պնդերես ու ծանրականջ մի շուն, որին ինչքան հեռուն ես քշում, դարձյալ գալիս, տիրաբար պառկում է իր տեղը: Դեռ մի բան էլ՝ վրադ գռմռալով… Բայց չվհատվենք, միգուցե դեռ ամեն ինչ կորած չէ: Նորաստեղծ հանձնաժողովի նախագահը գիտի, թե ինչպես պետք է վարվել չլսողների հետ: Տեսնենք՝ Հովիկ Աբրահամյանը կբամփի՞ այդ կամակոր արարածի գլխին:
Գեւորգ Լալայան