Ծառուկյանը ապաքինվո՞ւմ է…

Փետրվարտասնութից ի վեր, երբ տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի բարոյաքաղաքական գահավիժումը, անցել է ընդամենը մեկուկես ամիս: Դա յուրօրինակ վերակենդանացման մի շրջան էր, որի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդը, կարծես թե, վերագտնում է իրեն: Նախ` մի փոքր վախվորած ու կոտրված, սակայն հետզհետե «ապաքինման» համոզմունք ներշնչող վստահությամբ նա դուրս եկավ նորից «մարդամեջ»:

Թե ինչեր էին անցել-դարձել այդ մեկուկես ամսում եւ ինչպես էր Ծառուկյանը կարողացել անփորձանք դուրս գալ ցնցակաթվածից՝ հանրությունը չիմացավ: Արդյոք հերքվեցի՞ն «օդից կախված» հարցականները, որոնց մասին փետրվարի 12-ի իր «պարսավագրում» հիշատակել էր Սերժ Սարգսյանը` պատկան մարմիններին հանձնարարելով մանրազնին ստուգել ձեռքի տակ եղած տվյալները եւ ձեռնարկել խստագույն միջոցներ:

Չհաստատվեցի՞ն միլիոնավոր դրամ «չմուծված հարկերի ու գողացված միլիարդների» մասին լուրերը, չբացահայտվե՞ց «բազմաթիվ քրեական հանցագործությունները պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմը», որի մասին հանրությանն իրազեկել էր ՀՀ նախագահը: Եթե դա այդպես է, եւ վերջինիս տիրաժավորած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը, ուրեմն ակնկալվում է, որ Սերժ Սարգսյանը հրապարակավ ներողություն կխնդրի անմեղ մարդու հասցեին հիմնազուրկ մեղադրանքներ հնչեցնելու համար: Թե՞ միջանձնային հարաբերությունների այդպիսի մշակույթի հունդերը Հայաստանի քարքարոտ հողում ծիլեր չեն գցում:

Ինչեւէ: Ծառուկյանը՝ հուրախություն բազմահազար իր կողմնակիցների, լավ կազդուրված, կրկին անցավ գործի գլուխ, եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որ տեւական ժամանակ ձգտում էր հեռավորություն պահպանել «վտանգավոր թեմայից», նորովի սկսեց լուսաբանել «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադրի բարեգործական ձեռնարկները` Նուբարաշենում նրա կառուցած Սրբոց Նահատակաց եկեղեցու բացման արարողությունից ու Քուվեյթի ազգային վարժարանի սաների ուխտագնացության հովանավորությունից մինչեւ Աբովյան քաղաքին հարող տարածքում «Առինջ մոլ» շուկայի բացումը: Ճիշտը որ ասենք՝ շքեղ «բացումները» միշտ Ծառուկյանի տարերքն են եղել:

Որքան էլ ջանանք գնահատականներ չտալ, փաստը մնում է փաստ, որ իր բնույթի որոշ հակասականությամբ հանդերձ՝ Գագիկ Ծառուկյանը քիչ բան չի արել ժողովրդի համար: Ի տարբերություն շատուշատ մեծահարուստների: Ընդ որում, արել է ընդգծված հաճույքով՝ թերեւս այն պատճառով, որ մեջտեղը նաեւ իր անվան ու պատվի հարցն է: Բայց ամեն ինչից անկախ՝ Ծառուկյանը ժողովրդական ընկալման մեջ բոլորի դժվար օրին հասնող հուսալի, առատաձեռն, պատվախնդիր եւ լիասիրտ անհատի համարում ունի: «Առինջ մոլի» բացման օրը ժողովուրդը նրան դարձյալ տեսավ իր կերպարին հարիր ամպլուայի մեջ:

«Ծառուկյանը նորից ժողովրդի կողքին է»,- հրճվանք էին ապրում «Հրազդան» տոնավաճառից այստեղ տեղափոխված վաճառողները, որոնք դժգոհ էին «Հրազդանի» սեփականատեր Աշոտ Աղաբաբյանի սահմանած տաղավարների բարձր վարձավճարներից: «Առինջ մոլի» բացմամբ Ծառուկյանը փաստորեն տուժած առեւտրականներին՝ շուրջ 520 մարդու, հնարավորություն էր ընձեռում առնվազն երեք տարի աշխատել առանց տաղավարների համար վճարելու, եւ մարդիկ իրենց երախտագիտությունն էին հայտնում «խոսքի տեր» գործարարին: Մի խոսքով՝ ինչպես միշտ: Կարծես արանքում մեկուկես ամսվա այդ «պատժամիջոցը» չի էլ եղել:

Եվ, այնուամենայնիվ, ինչպե՞ս եղավ, որ իշխանությունները դադարեցրին հետապնդումները: Մամուլի որոշ տեղեկությունների համաձայն՝ այդ ընթացքում Մոսկվայից Երեւան ժամանած բարձրաստիճան բանագնացները միշտ պահանջում էին, որ Սերժ Սարգսյանը վերադարձնի Ծառուկյանի բոլոր պաշտոնները եւ ամեն ինչ բերի առ 12-ը փետրվարի եղած իրավիճակին: Նման պահանջով մարտի 30-ին նախագահին դիմել էր մասնավորաբար այդ օրերին Հայաստանում գտնված՝ ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, որը Ծառուկյանի քավոր Սամվել Կարապետյանի մտերիմներից է:

Չի բացառվում, որ ռուսական ազդեցությունը որոշակի դեր խաղացել է: Բայց Ծառուկյանի հանդեպ ճնշումը մեղմելու հիմնական պատճառը պետք է ուրիշ տեղ փնտրել: Գաղտնիք չէ, որ ԲՀԿ նախկին առաջնորդը Հայաստանի քրեաօլիգարխիկ բուրգի հիմնասյուներից մեկն է, այսինքն՝ իշխանական «կաստայի» վառ ներկայացուցիչը: Նա, ըստ երեւույթին, պատժվեց, ավելի ստույգ` կոպտորեն զգուշացվեց յուրայինների ճամբարը լքելու փորձի համար: Քանզի «կաստան» կարող է իր մոլորյալ անդամին շատ բան ներել, բայց դավաճանությունը` երբեք:

Ծառուկյանի պարագան մի փոքր այլ էր. նրա ժողովրդականությունը մեծ էր, որպեսզի հետը վարվեին խելքները փչածի պես: Նրան հավանաբար հասկացրել են, որ հեռուն է գնացել, ինչի համար կարող է թանկ վճարել: Եվ վերջինս ստիպված ենթարկվել է «կաստայի» ներքին կարգուկանոնին ու վերադարձել «ի շրջանս յուր»` այդու պահպանելով ժողովրդի հետ կապի իր անօտարելի իրավունքը: Տպավորություն է, թե այդ կապը նրա համար պորտալարի պես մի բան է: Իսկ միգուցե դա ավելի շատ իշխանությանն է հարկավոր կամ էլ շահավետ է երկուստեք:

Ցավալի է, բայց պետք է խոստովանել, որ Հայաստանի նման թույլ սոցիալ-տնտեսական հիմք ունեցող երկրում, ուր «անցման շրջան» կոչվածը կարող է ձգվել մի ամբողջ հավերժություն, Ծառուկյանի տեսակը խիստ պահանջարկված է: Նրա օժանդակությունից` նյութական եւ այլ կարգի, տասնյակ հազարավոր ընտանիքներ են օգտվում: Փաստացի՝ Ծառուկյանը որոշակի պետական գործառույթ է իրականացնում, որից իշխանությունը չէր կարող ներքուստ գոհ չլինել: Տնտեսությունն աղետալի վիճակում է, բարձր է գործազրկության, աղքատության ու արտագաղթի մակարդակը, եւ պետությունն ի վիճակի չէ ապահովել իր խոցելի խմբերի՝ գործազուրկների, թոշակառուների, նպաստառուների եւ մյուսների ապրուստի նվազագույնը:

Բայց վարչախումբը, այդուհանդերձ, չէր կարող ձեռքերը ծալած նստել, երբ Ծառուկյանը՝ հանրության մեջ ունեցած գերադասելի կարգավիճակը եւ հեղինակությունը դիտարկելով իբրեւ բնատուր առանձնաշնորհ, ինչ-որ պահի փորձում էր դրանք վերածել քաղաքական կապիտալի: Կապ չունի՝ ինքնաբո՞ւխ էր դա արվում, թե՞ իշխանատենչ շրջապատի դրդմամբ:

Ծառուկյանն առավելապես հանրորեն ընկալելի է առասպելական այն պատկերացումների շրջանակում, որը նրա համար գծել է ժողովրդի մի պատկառելի հատված: Փետրվարի 18-ին, ըստ էության, ջարդվեց ծառուկյանական կերպարի միֆը: Մեկուկես ամիսը բավական եղավ՝ զանազանելու «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր նախագահի իրական եւ առասպելական շնորհները: Դա կարեւոր հայտնություն էր բոլորի համար եւ ամենաշատը՝ հենց Ծառուկյանի: Ուրեմն՝ բարի վերադարձ: 

Գեւորգ ԼԱԼԱՅԱՆ

Aravot.am