Նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը, բոլորի համար անակնկալ, հանձնառություն ստանձնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջ՝ երկիրը մերձեցնել Եվրասիական տնտեսական միությանը: Սակայն առ այսօր այս խմորումները շարունակվում են: Որևէ մեկը չի կարողանում հստակ ասել` հոկտեմբերի 10-ին Սերժ Սարգսյանը կստորագրի ԵՏՄ անդամակցության մասին պայմանագիրը:
Բացառություն չէ նաև «Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոն»-ի տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: Հոկտեմբերի 10-ի իրադարձությունները քաղաքագետի համար անորոշ են:
«ԵՏՄ հիմնադիր անդամներ Ղազախստանը և Բելառուսը Հայաստանի անդամակցության վերաբերյալ դեռևս իրենց համաձայնությունը չեն տվել: Օդում կախված վիճակ է, եթե կլուծվեն այդ խնդիրները, միգուցե, նաև ստորագրվի: Սակայն հարց է` արդյո՞ք մինչև ամսի 10-ը բոլոր անհամաձայնությունները կհարթվեն: Այս դեպքում անգամ կարգավորված չէ Ռուսաստանի հարբերությունները հիմնադիր պետությունների հետ` մթնոլորտն անկայուն է»- NewsBook-ի հետ զրույցում ասաց Մանվել Սարգսյանը:
Քաղաքագետը նկատեց, որ այս պահին ԵՏՄ հիմանդիր անդամներն են որոշում Հայաստանի հետագա ճանապարհը, սակայն Մանվել Սարգսյանին ավելի շատ զարմացնում է այն հանգամանքը, որ Կառավարությունը տվել է համաձայնություն ԵՏՄ-ի հետ անդամակցության հարցում, իսկ հետագայում հայտարել, որ դեռևս կան անորոշություններ և խնդիրներ:
«Որևէ հարցի շուրջ հստակեցում չկա: Հասարակությանը հետաքրքիր է, թե ի՞նչ է լինելու Արցախի հետ, սակայն նրանք միայն պատասխանում են, որ այդ հարցերը կլուծվի»,- ընդգծեց նա:
Քաղաքագետի համար մխիթարականն այն է, որ ԵՏՄ-ն միայն մեզ համար մշուշոտ չէ, այլև հենց հիմնադիր անդամներ էլ չեն հասկանում կառույցն ինչպես կայացնել: «Կառույցը չի կայացել և շատ դժվար է կայանում: Անգամ, երբ տեքստը կարդում ես, այնքան խոցելի խնդիրներ կան` պարզ չեն սկզբունքները, ստանդարտները: Անգամ, եթե ստորագրես, ինչպե՞ս պետք է իրականություն դառնա»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ Մանվել Սարգսյանին չի զարմացում ԵՏՄ-ի չկայանալու հանգամանքը: Մինչ այս էլ, ըստ նրա, չի կայացել ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը և ինչո՞ւ չէ` Եվրազեսը:
«20 տարի է, ինչ ԱՊՀ-ն կա ու ամեն տարի ասում են, որ ոք չի կարողանում հասկանալ ԱՊՀ-ի իմաստը որն է: Հազարավոր որոշումներ են ընդունել, որոնց նշանակությունն առ այսօր ոչ ոք չի հասկանում: Մեկ բացառություն կա` վիզաների ինստիտուտն է աշխատել: Եվրազեսն այդպես էլ ոչ մեկին պետք չեկավ, իսկ ՀԱԿՊ-ի անելիքը չես հասկանում, թե որն է` բացի խոսելուց որևէ գործնական քայլ չի եղել»,- ընդգծեց քաղաքագետ Մանվել Սարգսյանը:
Քաղաքագետը գտնում է, որ ինչպես վերոհիշյալ կառույցներն, այդպես էլ ԵՏՄ-ն, ծառայելու է ոչ թե որպես տնտեսական միավորում, այլ քաղաքական դիվիդենտներ շահելու միջոց: ԵՏՄ-ն էլ է լինելու երկրների վրա ազդելու քաղաքական մեխանիզմ: Այս դեպքում նա հիշեցնում է իշխանություններին, որ ի տարբերություն Հայաստանի տնտեսական կշռի, որը շատ փոքր է, քաղաքական կշիռը մեծ է:
«Երբեք էլ չեն հասկացել և հիմա էլ չենք հասկանում մեր դերը: Թերագնահատում են սեփական դերը և ավելի շուտ փորձ է արվում խաղեր խաղալ առաջարկների մեջ` կողմ ընդունել մի բան, մի բան էլ դեմ լինել: Խառնաշփոթ է»,- եզրափակեց քաղաքագետը: