Քրեաօլիգարխիկ համակարգը ճաք տվեց. քաղաքական պատմությանը այսպիսի դեպք հայտնի չէ

Վերջին մի քանի ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացները խորը ցնցումներ են առաջացրել տարիներով կարծրացած ու ամրացած համակարգում: Կարեն Կարապետյանի` վարչապետ նշանակումով և հատկապես քրեաօլիգարխիկ օդիոզ կերպարներին քաղաքական համակարգից դուրս հանելու նրա քայլերով, մեզանում արդեն սովորական ընդունվող օլիգարխիկ համակարգը սկսել է ճաքեր տալ: Կլեպտոկրատիայի վառ օրինակներ հանդիսացող գործիչները գրչի մի հարվածով հեռանում են ու բառ անգամ չեն ասում: Մի՞թե նրանց հեռացնելն այդքան հեշտ գործ էր: Եթե այո, ինչո՞ւ չէր արվում ավելի վաղ: Եթե ոչ, ապա ինչո՞ւ հիմա և ինչպե՞ս:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով` 1999 թ. հոկտեմբերի 27-ից հետո Հայաստանում հաստատվեց քրեաօլիգարխիկ համակարգ, որն իր իրավական ձևակերպումն ստացավ 2003 թ. կոալիցիայի հուշագրով: Պետական ու տնտեսական ամբողջ համակարգը շատ հմուտ ձևով բաժանվեց մասնակիցների միջև, բոլորն ստացան իրենց հնարավորությունները և իրավունքները:

Վերջին 8-9 տարում այդ համակարգը բերեց նրան, որ երկիրն ամբողջովին սնանկացավ: 2009-ին միանգամից 14 տոկոս անկում եղավ: Պետական կենսագործունեության բոլոր ոլորտներում տիրող համատարած թալանն ու որպես արդյունք` այդ ոլորտների սնանկացումը հանգեցրեց ապրիլյան պատերազմին: Հարյուր զոհից հետո օլիգարխիայի խոսքերը վերջացան, նա անզոր եղավ հանրության առջև: Մի քանի ամիս հետո հայտնվեցին «Սասնա ծռերը», որոնք զենք վերցրին ու բացահայտ դուրս եկան ռեժիմի դեմ: Ստեղծված վիճակը նախագահ Ս. Սարգսյանին ստիպեց ամեն ինչ վերցնել իր ձեռքն ու ուրիշների հաշվին փորձել ստեղծել ավտորիտար համակարգ: Բայց օլիգարխիան հավասարություն է սիրում:

Կա մի կարևոր գործոն ևս: Մանվել Սարգսյանը համարում է, որ իր կառավարման տարիներին Սերժ Սարգսյանը փորձել է իր համար ներսում առավելություն ստեղծել, ցույց տալ, որ ինքն ուրիշ է: Եվ դա արել է արտաքին նախաձեռնությունների միջոցով, որոնք, սակայն, իրենց հիմքում կեղծ են եղել: Օրինակ` ֆուտբոլային դիվանագիտությունը: Բայց եկավ մի պահ, երբ դրսի գործոններն հօգուտ իրեն խաղարկելը` նրան մտցրեց անկյուն:

Ու վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը: Որ նա յուրային չէ տեղի քաղաքական ու տնտեսական համակարգի համար, կարելի է նկատել թեկուզ այն փաստից, թե ինչպես նրան դիմավորեցին ԱԺ և կառավարություն առաջին անգամ գնալիս, կամ այն հանգամանքից, որ խախտելով ավանդույթը` Սերժ Սարգսյանը նրան չներկայացրեց կառավարության կազմին: Իսկ այն մասին, թե նա աշխարհաքաղաքական որ կենտրոնի մարդն է, կարծիք են հայտնել բոլորը, ովքեր չեն ծուլացել: Ու ահա նրա գալուց հետո ստեղծվում է մի անհասկանալի վիճակ: Օլիգարխիան, խոշոր սեփականատեր-կոռուպցիոներները, որ 2014 թ. կառավարությունն ամբողջությամբ վերցրել էին, հանկարծ մի հրամանով սկսում են դուրս թռնել:

«Սովորաբար նման համակարգերն ինքնաբավ են: Հազար տարի էլ անցնի, դրանք չեն փոխվում: Կարող են նեխել, անդամները իրար կոտորեն, հետո նորից հավաքվեն, բայց համակարգը երբեք չի վերանում: Իսկ Հայաստանում լրիվ արհեստականորեն հանկարծ գալիս է մի մարդ, հնարավորություն է ունենում հրամայել ու բոլորին քշել»,- վիճակը ներկայացնում է քաղաքագետը: Իսկ ինչո՞ւ արհեստական:

Համաշխարհային փորձը ցույց է տվել, որ քրեաօլիգարխիկ համակարգերը փլուզվում են մի քանի դեպքում: Համակարգը քանդվում է ռազմական հեղաշրջման արդյունքում: Կամ` եթե լինում է ժողովրդական բունտ, ինչպես եղավ Ղրղզստանում, երբ ժողովուրդը դուրս եկավ, բոլորին քշեց, սեփականությունը խլեց: Օլիգարխիան պետական համակարգից կարող է հեռանալ նաև վերևից ղեկավարվող ժողովրդական ճնշման հետևանքով: Այդ փորձը եղել է, օրինակ, ԱՄՆ-ում: 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ԱՄՆ-ն ճգնաժամի մեջ էր: Նույն վիճակն էր, ինչ հիմա Հայաստանում է: Բուրժուազիան ամբողջ երկիրը վերցրել էր իր ձեռքը: Ու երբ հայտնվեց Ռուզվելտը, նա պատերազմ հայտարարեց օլիգարխիայի դեմ: Օրական մի քանի ժամ ռադիոյով խոսում էր և մարդկանց բացատրում, թե պետական համակարգ ներթափանցած օլիգարխիան ինչ վտանգ կարող է ներկայացնել երկրի համար: Ու նրան հաջողվեց այն ժամանակ 60 մլն բնակիչ ունեցող երկրում կազմակերպել 18 միլիոնանոց ժողովրդական շարժում: Եվ դրանով օլիգարխիային հարկադրեց ստորագրել կապիտուլյացիա` պետական համակարգից դուրս գալու մասին: Իսկ Թաիլանդում արդեն երրորդ տարին է` ժողովուրդն ինքը տապալում է ընտրությունները: Պահանջում է կատարել քաղաքական ռեֆորմ, որից հետո միայն թույլ կտա, որ ընտրությունները կայանան:

Իսկ Հայաստանում գործեց հրամանը: Այսպիսի դեպք քաղաքական պատմությանը հայտնի չէ: Այս առումով նորարար ենք: Թեպետ այդ նորարարությունն ավելի շատ խոսում է մեր ինքնիշխանության բացակայության մասին:

Հայաստանը միջազգային կարևոր գործոն է` իր իրավաքաղաքական կարգավիճակով, աշխարհի ռազմական բալանսում իր ունեցած մեծ դերով, որը հատկապես արտահայտվում է տարածաշրջանային անվտանգության համատեքստում: Իսկ ապրիլյան պատերազմից ու «Սասնա ծռերից» հետո երկրում վիճակը դարձել էր անկայուն, համակարգը կարող էր փլուզվել ցանկացած պահի: Իսկ արտաքին ոլորտում դա նշանակում է, որ գերտերությունները կարող էին լուրջ խնդիրներ ունենալ մասնավորապես տարածաշրջանային անվտանգության համատեքստում: Ուստի` Սերժ Սարգսյանին երևի ներկայացվել է ուլտիմատում:

«Դրսի ուժերը պարտադրեցին իրենց ծրագրերը: Թե դա ինչ ծրագիր է, դեռ կերևա»,- համոզված է Մ. Սարգսյանը:

Ռուսաստանն իր ավանդական դերն ունի Հայաստանում: Իսկ վերջին երկու տարում ԱՄՆ-ն բացահայտ միջամտել է մեր ներքին գործերին: «Ովքեր այստեղ շահեր ունեն, նրանք էլ թելադրում են»,- եզրակացնում է քաղաքագետը:

Ընթացող փոփոխությունների արդյունքում օլիգարխիկ համակարգը կվերափոխվի՞ ու կպահպանվի՞, թե, ի վերջո, մենք կունենանք իրավական պետություն, կախված է մեզնից: Եթե կարողանանք օլիգարխիայից ազատվել, կստանանք իրավական պետություն, եթե ոչ` հավերժ կմնանք դրա ճիրաններում: Երրորդ տարբերակ չկա:

http://nyut.am/?p=131316&l=am