Ալիևի համար վտանգավոր կլինի պատերազմը վերսկսել. Կարապետ Կալենչյան

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ պատերազմի վերսկսման հավանականությունը քիչ է համարում, չնայած նրան, որ ԱՄՆ հետախուզությունը զեկույց էր հրապարկել, ըստ որի՝ Ադրբեջանի ռազմական ներուժի կուտակումը մեծացնում է 2016 թ-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հավանականությունը:

Tert.am-ի հետ զրույցում Կարապետ Կալենչյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը ռազմական ներուժի կուտակման նպատակն այն է, որ Բաքուն բանակցային սեղանին հանդես գա իբրև ուժեղ կողմ, մինչդեռ բուն պատերազմի գնալ, ըստ նրա, Ալիևը չի համարձակվի: 

«Նախ Ադրբեջանն էլ շատ վատ վիճակում է, այն առումով նաև, որ ինքը կա՛մ թուրքերի կողմը պետք է բռնի, կա՛մ ռուսների, իսկ քանի որ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերություններն արդեն սրվել են, դա ճակատագրական կլինի Ադրբեջանի համար: Առաջ Ադրբեջանի դիրքերն ուժեղ էր, իսկ հիմա պետք է կողմնորոշվի և այդ առումով վտանգավոր է Ալիևի համար ինչ-որ բան սկսել»,- ասաց նա և հիշեցրեց, որ Ադրբեջանի տնտեսական ծանր վիճակը՝ պայմանավորված նավթի գներով:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գործադիր տնօրենի խոսքով՝ չափազանց կարևոր է նաև ուժերի բալանսը, իսկ բալանսը հայկական զինված ուժերը պահում են:

«Եթե բալանս կա, երբեք չի սկսի: 90-ականներին, երբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում պատերազմ սկսեց՝ բալանսն իր կողմ էր, մտածեցին, թե կգան հայերին կջարդեն, այստեղից կհանեն, բայց ստացան այն, ինչ ստացան, իսկ դա այն դեպքում, երբ հայերը ո՛չ բանակ ունեին, ո՛չ զենք: Իսկ հիմա եթե նման քայլի գնալ, արդյո՞ք լավ կլինի Ադրբեջանի համար, կարծում եմ՝ իրենք դա շատ լավ են հասկանում»,- ասաց նա:

Կարապետ Կալենչյանը հավելեց, թե պետք է նաև հաշվի առնել , որ Իրանի դերն այստեղ շատ մեծ է: «Հենց այնպես չէ, որ Իրանն այստեղ առաջին դեր է ստանձնում սանկցիաների չեղարկումից հետո, իսկ Իրանի համար շատ կարևոր է Ղարաբաղի խնդիրը: Այնպես որ, միանշանակ չէ, որ Ալիևը կսկսի (պատերազմ-Tert.am)»,- ասաց նա:

Հարթին, թե Իրանի միջնորդությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ինչքանով ի նպաստ կլինի հայկական կողմին, քաղաքագետն ասաց, թե պետք չէ կարծրատիպերով առաջնորդվել:

«Կարևորը այն է, որ Իրանին կարելի է օգտագործել: Մենք՝ հայերս, մինչև հիմա չենք սովորել, որ հայկական պետությունը պետք է իր շահերը պաշտպանի, միշտ դարերով մտածել ենք, հա ռուսները կօգնեն կամ թուրքերը կխղճան, մենք մեր հույսին չենք մնացել: Բայց տեսեք պատմությունն ինչ ցույց տվեց, նույն ղարաբաղյան կոնֆլիկտում մենք հույսը դրեցինք մեզ վրա ու հաղթեցինք: Հիմա էլ նույն սեփական քաղաքականությունը պետք է վարենք, այլ ոչ թե ռուսների կամ թուրքերի ու Իրանի քաղաքականություն արտահայտենք, պետք է ունենալ սեփական քաղաքական մշակույթ, որը ելնում է մեր՝ ՀՀ-ի շահերից»,- ասաց նա: