Ամեն ինչ սկսվում է արդարադատությունից, Հայաստանի գերխնդիրը արդարադատությունն է: 168.am-ի հետ զրույցում ասաց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը: Քաղաքագետն այս խնդիրը շոշափեց այն հարցի համատեքստում, որ վերջին շրջանում, այսպես ասած, ոչ իշխանական ուժերը պարբերաբար առաջ են քաշում քաղաքական լայն օրակարգ և համախմբում կամ կոնսոլիդացիա կազմակերպելու հարցը: Տալով իր գնահատականը` Մանվել Սարգսյանն անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթին:
«Երբ ընդհանրապես խոսում են կոնսոլիդացիա բառի մասին, միանգամից հարց է ծագում` ի՞նչ խնդրի շուրջ: Կոնսոլիդացիան հո մարդու շուրջ չի՞ լինում: Այո´, մեզ մոտ եղել է այդպիսի կոնսոլիդացիա` այսինչ կուսակցապետի շուրջ` իշխանափոխություն անելու համար: Ուրիշ որևէ այլ գաղափար 1996-ից ի վեր Հայաստանում երբեք չի եղել»,- ասաց Մանվել Սարգսյանը:
Նա կարծիքով, ոչ իշխանական ուժերը չեն դնում այն խնդիրը, որի շուրջ հնարավոր կլինի համախմբվել:
«Ծառուկյանի ճառում տեսե՞լ եք մի խոսք դրա մասին: Եթե ձևակերպում եք խնդիրը, դրանից հետո արդեն սկսվում է համախմբման գործընթացը: Նա ասաց, թե «երկրում չկան երաշխիքներ ներդրումների համար»: Երաշխիքները ո՞րն են, օրենքի և արդարադատության մասին մի խոսք ասվե՞լ է: Ամեն ինչ սկսվում է արդարադատությունից, եթե կա արդարադատություն, ներդրումներ, տնտեսական զարգացում լինում է, եթե չկա, այդ ժամանակ որևէ երաշխիքի մասին խոսք լինել չի կարող: Էլ ի՞նչ կոնսոլիդացիայի մասին է խոսքը:
Ստացվում է, որ կոնսոլիդացիան անձի շուրջ է, անձն է երաշխավորը. ասենք` այս Կառավարության ղեկավարը փուչ էակ է, դրա համար ներդրումները 40 տոկոսով պակասել են, բայց նրա տեղը մի ուրիշ անձ ես դնում, էդ մեկը երաշխավոր է դառնում: Մենք դեռ այդ հեքիաթներով ենք ապրում` անընդհատ չհասկանալով, որ կա գերխնդիր`երկրում ստեղծել արդարադատություն: Առանց սրա հնարավոր չէ որևէ տնտեսական զարգացում, եթե չկա արդարություն: Երբ ինձ հարցնում են` ո՞րն է այս երկրի գերխնդիրը, ես պատասխանում եմ` արդարադատությունը, ազատ ընտրությունների միջոցով ուզուրպատորական համակարգը վերացնելը»,- նշեց մեր զրուցակիցը:
Իսկ տեսականորեն հնարավոր չէ՞ առանց ամբողջկան իշխնափոխության, փոխելով միայն գործող Կառավարության կազմը` հասնել լուրջ առաջընթացի: Մեր այս հարցին Մանվել Սարգսյանն այսպես պատասխանեց. «Այդ «իշխանափոխություն» բառն արդեն ինքնին ուզուրպատորական ծրագիր է, «իշխանափոխությունս» ո՞րն է, պարզ ու հստակ ասում եմ` 18 տարի շարունակ Հայաստանում գոյություն ունի պետական իշխանությունը բռնազավթած համակարգ, այսինքն` անօրինական համակարգ: Եթե նա անօրինական է, նա թույլ կտա՞, որ պետության մեջ արդարադատություն լինի: Իհարկե, ո´չ, հիմա՞ր է, ի՞նչ է: Հայաստանում տեսե՞լ եք այդպիսի ուժ, որը դնի համակարգային, որակական փոփոխության խնդիր: Բոլոր ուժերն էլ ուզում են ստեղծել այս կամ այն խմբավորումները` հերթական բռնազավթումն անելու համար: Ինչո՞ւ են հավաքվել և առաջ քշում Ծառուկյանին, հույս ունեն, որ իր միջոցով կարելի է հերթական ուզուրպացիան անել, այս բռնազավթիչներից տալ այլ բռնազավթիչների: Սրանք են մեր երկրի գործընթացները:
Գիտե՞ք` որն է օրինական իշխանությունը. օրինական իշխանությունն այն է, երբ դուք մի էջի վրա 6 կետ եք գրում և ասում եք` ձեզ ընտրում ենք, որ դու այս 6 կետերն իրականացնես, մնացած ոչինչ մեզ չի հետաքրքրում, հեքիաթներ, բարեկամներ, փողեր: Բարեգործությունս ո՞րն է, կամ ընդհանրապես` «ես լավ մարդ եմ, ծրագիր չունեմ, ընտրեք` սահմանադրական կարգ կհաստատեմ»: Էդ դեմագոգիան երբևէ փոփոխության չի բերի»: