«Սա հակապետական օլիգարխիկ ակումբ է, որտեղ ապրում են իրենց բարքերով»

Օրերս Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում տեղի ունեցավ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը, որին ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրավերով մասնակցում էր նաեւ Սերժ Սարգսյանը:

Փետրվարյան զարգացումներից հետո սա Սարգսյան-Ծառուկյան երկրորդ հրապարակային հանդիպումն էր: Հիշեցնենք, փետրվարի 12-ի իր հայտնի ելույթում Սերժ Սարգսյանը քաղաքական հավակնություններ ունեցող Գ. Ծառուկյանին անվանեց քաղաքական չարիք, նրան մեղադրեց ֆինանսական չարաշահումների համար, ՀՀԿ ԳՄ նիստում Ծառուկյանի, այսպես ասած, անգրագիտությունը փորձեց ապացուցել եւ այլն: Պատասխան քննադատական ելույթով հանդես եկավ նաեւ Գ. Ծառուկյանը, որից օրեր անց հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին:

Սակայն այս պրոցեսներն ամենեւին էլ չխանգարեցին, որպեսզի Սարգսյան-Ծառուկյան զույգը հասարակության առաջ ներկայանա այնպես, ասես ոչինչ էլ չի եղել:

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ամենեւին էլ զարմանալ պետք չէ, գործ ունենք մարդկանց հետ, ովքեր ապրում են իրենք իրենց համար ստեղծած բարքերով. «Այն մարդիկ, ովքեր որ փորձում են տարիներ շարունակ ժողովրդին համոզել, որ համակարգի ներսում փոփոխություն կանեն, թող հիմա ժողովրդին բացատրեն՝ ով է Ծառուկյանը, ով է Սերժ Սարգսյանը:

Սա հակապետական ինչ-որ մի օլիգարխիկ ակումբ է, իրենց բարքերով մարդիկ ապրում են, էլ ի՞նչն է զարմանալի: Այո, դա ժխտելի երեւույթ է, հանրության համար սա այլեւս զարմանալի չի: Հիմա արդեն մարդիկ պարզ, հստակ տեսնում են ամեն ինչը, այնպես, ինչպես կա: Բարոյական կատեգորիաներով ենք խոսում մի բանի մասին, որտեղ բարոյականություն չկա, ոչ էլ իրավունք կա, ոչ էլ քաղաքականություն կա»,- ասաց քաղաքագետը:

Տարեսկզբի զարգացումներն, ըստ մեր զրուցակցի, ոչ թե քաղաքական խնդիրներով էին պայմանավորված, այլ օլիգարխիկ շահերով: Սա շատ լավ գիտակցում է նաեւ հասարակությունը, ինքը՝ ընտրողը, եւ համապատասխան հետեւություններ է անում.

«Մորթապաշտների փիլիսոփայությունն է դա, պետական համակարգը զավթած դարձնողներն են այսպես դարձրել, տարիներ շարունակ, այսպես կոչված, քաղաքականացված խաղը, ովքեր ուզում էին օգտվեին, իրենք էլ օգտվեին այդ ամենից, ժողովրդին դա տարիներ շարունակ ներկայացնում էին քաղաքական պրոցեսներ, դրա համար դժվար էր կողմնորոշվելը, հիմա արդեն մարդիկ ամեն ինչ հասկանում են: Մարդկային արժանապատվությունն օլիգարխիայի հետ կապ չունի: Հետո ինչ, ժողովրդին հիմար վիճակի  մեջ են դնում՝ աղքատներին ինչ-որ բաներ բաժանելով: Իրենց բարքերը դա է, ու ստորացման մեթոդները դա է»,- գտնում է Մանվել Սարգսյանը:

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն իր հերթին նշեց. «Ժամանակն է, որպեսզի եթե մարդիկ ցանկություն ունեն  ինչ-որ մի տաճար կառուցել, թող նախեւառաջ կառուցեն իրենք իրենց մեջ, եւ բազմաթիվ այլ կարեւոր ներդրումների տեղ կա, եթե ուզում են մարդիկ փող ներդնեն, թող էդտեղ ներդնեն, ասենք՝ կրթություն, գիտություն, էներգետիկա: Տեսնում ենք, որ Կալիֆորնիայում արեւային էներգիան էլեկտրականի վերածող մարտկոցներն են աղքատների տանիքներին տեղադրում՝ անվճար ձեւով, ես օրինակ եմ բերում, այնպես որ, այստեղ մտածելու տեղ կա, ես հասկանում եմ, որ մարդիկ իրենց փողը ծախսում են ինչպես ուզում են, բայց պետք է ի նկատի ունենան, որ դրա հետեւանքներն առնչվում են ամբողջ հանրությանը, թե ինչպես են ծախսվում այդ գումարները: Շատ էլ թե իրենց տան շուրջը հասարակությունից անջատող 4 մետր բարձրությամբ պատեր կան, բայց դա բավարար չէ, որ իրենք իրենց զգան միանգամայն հասարակությունից կտրված, իրենք էլ են հասարակության մի մաս, եւ յուրաքանչյուրս մի պարտավորություն ունենք հասարակության, պետության նկատմամբ, թող առաջին հերթին դրա մասին մտածեն»,- ասաց Ռ. Մեհրաբյանն՝ ավելացնելով նաեւ, որ ստեղծված իրավիճակում պետք է հստակ հետեւություններ անեն այն մարդիկ, ովքեր որ քաղաքական համակարգում կայանալու փորձեր են իրականացրել.

«Մեր քաղաքական համակարգում բոլոր առումներով այլեւս նորմալ բան չի մնացել, ամեն ինչ դեֆորմացված է, եւ այդ ամենն էլ դրա դրսեւորումներից մեկն է»,- եզրափակեց Մեհրաբյանը:

Galatv.am