«Ի՞նչ հիմնական պատճառներ կային, որ մենք չկարողացանք իրականացնել այն, ինչ հռչակել ենք: Թվում է, թե ամեն ինչ պարզ եւ հստակ էր, բայց իրականությունը ցույց է տվել, որ ոչ: Գոնե ամբողջ հանրությունը եւ քաղաքական դասն ընդունում է, որ այն հիմնական մեխանիզմները, որոնք պետք է ստեղծեն անկախ պետությունը՝ ազատ ընտրությունների մեխանիզմը, այդպես էլ չեն արմատավորվել երկրում:
Անհնար է չունենալ ընտրված, օրինական պետական կառավարման համակարգ եւ խոսել ընդհանրապես որեւէ ստրատեգիայից: Սա շատ էական բան է, երբ որ մենք խոսում ենք ակտուալ խնդիրների մասին, ասում ենք չկա ծրագիր, այս ծրագիրը ռազմավարական նշանակություն չունի, կառավարության ծրագիրն այն չէ: Այնսինքն՝ խոսում ենք կայացած պետությունների տերմինալոգիայով: Կարծես թե մեզ մոտ ստեղծվել են բոլոր պայմանները, որ գործող պետական համակարգը կարողանա մշակել ստրատեգիաներ այս կամ այն խնդիրներն իրականացնելու համար: Իսկ ստրատեգիաներ չեն ստեղծվում այն պատճառով, որովհետեւ չեն ստեղծվել հիմնական պայմանները:
Ամենատարրականը ես նշեցի՝ ազատ ընտրությունները եւ սեփականության պաշտպանվածությունը, առանց որի որեւէ տարածք չի կարող կոչվել պետություն: Այս խնդիրները մենք չենք լուծել: Փաստն այն է, որ 25 տարի անց մենք եկել կանգնել ենք այս խնդիրների առաջ», Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից հրատարակված «Հայաստան-2016. Չսերտած դասեր» տարեգրքի շնորհանդեսի ժամանակ ասել է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը: