Փոխզիջո՞ւմ, թե կապիտուլյացիա

Ասում են` ժամանակակից աշխարհի կարգն է` պետք է մի բան տաս, որ դիմացը մեկ ուրիշ բան ստանաս: Այս երևույթն էլ նկարագրելու համար շատ գեղեցիկ անուն են ընտրել` կոմպրոմիս: Ասել կուզի` փոխզիջում: Վերջին շրջանում մենք այս բառը չափազանց հաճախ ենք լսում: Պետք է գնալ փոխզիջման, պետք է տարածք տանք, որ դիմացը մի բան ստանանք, տվյալ դեպքում` կարգավիճակ, այն էլ միջանկյալ, այն էլ` վերջնականի նկատմամբ խիստ մշուշոտ ապագայով:

Բոլորովին վերջերս էլ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը խիստ գրագետ և, թվում է, հիմնավոր կերպով բացատրեց, որ կոմպրոմիսին, այն է` փոխզիջմանն այլընտրանք չկա. «Արդի աշխարհում նվաճողի միջնադարյան իրավունքն ու ջունգլիների օրենքն այլևս չեն գործում, և հակամարտությունների կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի»:

Իսկ ի՞նչ է ասել փոխզիջում:

Ցանկացած կոնֆլիկտի վերացման ճանապարհը համաձայնության գալն է: Երբ կոնֆլիկտի մասնակիցները, շահագրգիռ կողմերը գալիս են համաձայնության, կոնֆլիկտը վերանում է: Իսկ համաձայնությունը բազմաթիվ ձևեր ունի` պարտադրանք, միմյանց իրավունքների ճանաչում և հարգում: Օրինակ, երբ ԽՍՀՄ–ը վերացավ, Չեխիան ու Սլովակիան անմիջապես բաժանվեցին: Այդ ժողովուրդները հարգեցին միմյանց իրավունքները: Պարտադրանք կարող է լինել, երբ մեկը մյուսին ջարդում է կամ ստեղծում է մի վիճակ, երբ մեկը կապիտուլյացիայի է ենթարկվում, այսինքն՝ ստիպված է լինում ճանաչել մյուսի իրավունքը: Այդ պարտադրանքը կարող է լինել երրորդ կողմից, ասենք` գերտերությունների միջոցով:

Բայց եթե խորը նայում ենք, ցանկացած իրավունքի ճանաչում կամ կապիտուլյացիա կարելի է ներկայացնել որպես կոմպրոմիս: Խոսենք կոնկրետ օրինակներով: Առաջին նախագահը բերեց Քեմփ–Դեվիդյան հաշտության օրինակը` նշելով, որ Իսրայելն ստիպված եղավ Եգիպտոսին վերադարձնել շուրջ 60 հազար քառակուսի կիլոմետր տարածք զբաղեցնող Սինայի թերակղզին, ինչի դիմաց Եգիպտոսը ճանաչեց նրա անկախությունը: Տեր–Պետրոսյանը սա ներկայացնում է որպես փոխզիջում: Բայց: Նույն Սինայի թերակղզին Եգիպտոսի սիրտն էր: Եվ այն գրավելով` Իսրայելը, ըստ էության, կապիտուլյացիայի առաջ էր կանգնեցրել Եգիպտոսին: Եվ գերտերությունները հարկադրված եղան միջամտել և պարտադրել, որպեսզի Եգիպտոսը ճանաչի Իսրայելի անկախությունը, ինչի դիմաց իսրայելցիները դուրս կգան Սինայից: Սա փոխզիջո՞ւմ էր: Իսկ գուցե կապիտուլյացիա՞ էր: Մեկ այլ օրինակ: Էրիթրեան պահանջում էր ճանաչել իր անկախությունը: Այդ երկրի զորքերը մտան Եթովպիայի մայրաքաղաք: Ու հենց մայրաքաղաքում ստորագրեցին իրենց երկրի անկախությունը, ինչից հետո դուրս եկան Եթովպիայից: Սա փոխզիջո՞ւմ էր, թե կապիտուլյացիա:

Գանք մեր իրականություն: Կարելի է տարածքները հանձնել Ադրբեջանին և համոզել ժողովրդին, որ դրանով մենք փրկվել ենք, եթե դա չանեինք, որպես ազգ գոյություն չէինք ունենա: Փոխզիջո՞ւմ է: Իսկ գուցե կապիտուլյացիա՞ է:

«Կոմպրոմիս ասածը շատ բարդ բան է: Պետք է շատ կոնկրետ հասկանալ: Պետք է հստակ ասել, թե փոխզիջում ասելով, ինչ եք հասկանում»,– համոզված է քաղաքագետ Մանվել Սարգսյանը:

Վերը բերված օրինակներից ելնելով` եթե մենք վերցրած լինեինք Բաքվի մատույցները, շատ հանգիստ հետ կտայինք, ինչի դիմաց կճանաչվեր ԼՂ անկախությունը: Ու այդ ժամանակ կուզեին, թող անունը դնեին փոխզիջում կամ կապիտուլյացիա:

Իսկ այսօր իրավիճակն այլ է: Տարածքները հանձնելն էլ միակ ելքը չէ:

Ինչո՞ւ տարածքները հանձնելու խնդիրն ի սկզբանե դրվեց բանակցային սեղանին, արդյո՞ք 1997–ին բանակցային օրակարգի ու այսօրվա օրակարգի միջև տարբերություն չկա, ու եթե այն ժամանակ հարցը կարգավորած լինեինք, մեզ համար ավելի՞ շահեկան պայմաններ կլինեին, ինչո՞ւ Ղարաբաղի նկատմամբ մեր իրավունքները 1991–92 թթ. հանձնեցինք Ադրբեջանին, մեզ ի՞նչ հանգրվանի հասցրեց աշխարհայացքի ու աշխարհընկալման այն մոդելը, որին հետևում ենք արդեն 25 տարի, և ամենակարևորը` ո՞րն է տարածքները հանձնելու այլընտրանքը: Բոլոր այս հարցերի պատասխանները` հաջորդիվ:

http://nyut.am/?p=132828&l=am