ՀՀԿ-ն հավակնում է լինել նորից կայուն մեծամասնություն խորհրդարանում: Իսկ Ս. Սարգսյանը հավակնում է դառնալ վարչապետ:
Ըստ քաղաքագետ Մանվել Սարգսյանի՝ խնդիր է դրված Հայաստանում ընտրությունների համակարգը չեզոքացնելու, քանի որ ընտրություններ, որպես այդպիսին, Հայաստանում գոյություն չունեն, դրանք պարզապես կազմակերպված միջոցառումներ են ՀՀԿ-ի վերարտադրությունն ապահովելու համար:
«ՀՀԿ-ն Հայաստանի կոռուպցիոներների կուսակցությունն է, որը նպատակ ունի ցանկացած գնով պետական կառավարման լծակներն իր ձեռքում պահելու: Դրա համար պետք էր անել ամենաէականը, որը շատ այլ երկրներում կիրառվել է, արդարադատական համակարգը եւ ընտրությունների համակարգը չեզոքացնելը: Այն միջոցառումը, որը կոչվում է ընտրություն, ոչ մի կապ չունի ընտրությունների հետ, դրանք լրիվ ուրիշ համապետական միջոցառումներն են, որոնց միջոցով փաստորեն անընդհատ օրինականացվում է ՀՀԿ-ի իշխանություն լինելու փաստը»:
Ամիսներ անց խորհրդարանական ընտրություններն են, եւ իշխանությունը գնում է ընտրություններին: Ինչ մնում է ընդդիմությանը, ապա քաղաքական հայտը միանշանակ չէ: «Սասնա ծռերի» քաղաքական խորհուրդը տարածեց հայտարարություն՝ կոչ անելով իշխանափոխություն իրականացնել ապստամբության միջոցով: Իսկ ընդդիմադիր կուսակցությունները հայտարարում են, որ իշխանափոխության են գնում ընտրությունների միջոցով:
Մանվել Սարգսյանն ասում է. «Չեմ կարծում, որ մարդիկ այնքան միամիտ են, որ իսկապես կարծում են, թե քվեներ ստանալով իշխանափոխություն կարող են անել կամ խորհրդարանում տեղեր զբաղեցնել բավարար չափով: Խնդիրն այն է, թե մարդիկ ինչպես են վերաբերվում այդ միջոցառմանը: Մարդիկ վերաբերվում են որպես ոչ ընտրություն: Այդ միջոցառումն ընդամենը գործող համակարգի վերարտադրության համար է:
Այն կուսակցությունները, որոնք մասնակցում են, ուրեմն իրենց նպատակներն ունեն այդ միջոցառումների մեջ: Իզուր չէ, որ այս կամ այն կուսակցությունները կոչ են անում բոլորին մասնակցել ընտրություններին ակտիվորեն, ինչի համար, իրենք էլ փայլուն գիտեն, որ գոյություն չունի ընտրություն: Մի բան գտնում են, ասում են՝ եկող ընտրություններին պետք է մասնակցել: Սա խնդիր է: Նշանակում է ուրիշ խնդիրներ են, գործող համակարգի համար շատ կարեւոր է, որ մասնակցություն լինի եւ նրանք դա ներկայացնեն որպես ընտրություն:
Մասնակցողներն ապահովում են գործող համակարգի համար այդ պայմանը, եւ բնական է, հույս ունեն, որ այդ ծառայությունն ինչ-որ մի ձեւով կհատուցվի եւ գործող համակարգից ինչ-որ բան կստանան, մի քանի մանդատով է եւ այլն: Դրա մասին շատ է խոսվում, շատ համոզիչ արգումենտներ կան, բայց դա չի փոխում կուսակցությունների դիրքորոշումը: Կուսակցությունները դրանք պարզ գիտակցված գնում են այդ քայլերին եւ իրենց համապատասխան աջակցությունն ապահովում ՀՀԿ-ին»:
Մեր այն հարցին, թե եթե ստացվի այնպես, որ որեւէ ընդդիմադիր կուսակցություն 2017 թ.-ին մասնակցության հայտ չներկայացնի, ի՞նչ տեղի կունենա, հնարավոր է ընտրություններ չկայանա՞ն, թե՞ ՀՀԿ-ն թեկուզեւ ժողովրդի 10 տոկոս մասնակցությամբ այդ միջոցառումը կկազմակերպի եւ կիրականացնի, Մանվել Սարգսյանը պատասխանեց.
«Այդ խնդիրը միայն Հայաստանում չէ, շատ-շատ երկրներում նման համակարգ է ստեղծվել, որտեղ գոյություն չունի ընտրությունները, եւ տարբեր ձեւով տարբեր ժողովուրդներ լուծումներ են գտել: Եղել են պետություններ, որոնք հասկացել են, որ պիտի չթույլատրեն նման միջոցառումներ կազմակերպել: Կարողացել են այնպես անել, որ ճգնաժամ են սկսել եւ չեն կայացել նման միջոցառումներ: Ոչ թե բոյկոտել են, դա բոյկոտ չէ, դրանք տարբեր բաներ են: Ուղղակի երկրում ստեղծել են այնպիսի վիճակ, որ ընտրությունները չէին կայանում, եղել է նաեւ, որ պարտադրել են գործող համակարգին, որ հրաժարվի, եւ այստեղ մեզ համար կարեւորն այն է, թե Հայաստանում ինչ վերաբերմունք կա: Վերաբերմունքն այն է, որ Հայաստանում ակտիվ քաղաքական խավն անընդհատ օգտվում է այդ վիճակից, ու քանի որ դա կա, որեւէ այլ բան անել հնարավոր չէ, բացի այն, որ հեղափոխության կողմնակիցներն են ասում:
Իրենք արդեն այնպիսի օրենքներ ունեն, որ կարելի է արդեն որեւէ բան չկեղծելով ապահովել այն դիրքերը, որոնք անհրաժեշտ է: Գրիչն իրենց ձեռքին է եւ անընդհատ ինչպես ուզում, այնպես էլ գրում են: Հարաբերություններ են ստեղծում կուսակցությունների հետ, որ մասնակցություն ապահովվի, եւ ապահովում են: Տարիներ առաջ եթե մարդկանց թվում էր, որ կարող են գնալ ինչ-որ ձայներ պահել, չթողնել կեղծել, հիմա գնում տեսնում են, որ ոչ ոք չի էլ կեղծում, պետք էլ չէ կեղծել, դա էլ արդեն պետք չէ: Հմուտ գործող մեխանիզմով, բոնուսներով…
Տխուրն այն է, որ մարդիկ անընդհատ խաբվում են: Բայց այդ, ժամանակն արդեն վերջացել է: Մենք այլեւս չենք խաբվում, եւ կա շանս, որ հանրության մեջ կգտնվեն մարդիկ, որոնք արդեն կգտնեն խնդիրը եւ լուծում կդնեն: Բոլոր այդ երկրներում, որ օրինակ էի բերում, նույնն է: Բոլորը հասկանում էին, ու գալիս է պահը, որ հարցերը բոլորը լուծվում են: Շատ հեշտ են լուծվում, շատ ավելի դժվար եւ երկարատեւ է գալ գիտակցության»: