NewsBook-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:
- Պարոն Սարգսյան, վարչապետ Կարեն Կարապետյանը դարձավ ՀՀԿ անդամ, և ասվում է, որ նրա անդամակցությունից հետո 7000 քաղաքացիներ որոշեցին ստանալ Հանրապետականի անդամատոմս: Ի՞նչ եք կարծում՝ Կարապետյանը ՀՀԿ-ում իր առանձին թիմը կունենա, ՀՀԿ-ի ներսում ֆրակցիաների կռիվ սպասվո՞ւմ է, չէ՞ որ կար Հովիկ Աբրահամյանի և այլոց թիմեր:
- Այս խնդիրը շատերին է հետաքրքրում, որովհետև չգիտես՝ ինչու սպասումներ կային, որ Կարեն Կարապետյանը կարող է առանձին աշխատել, սակայն միամտություն է այդ կերպ մտածելը, ի՞նչ է՝ բոլորը մոռացել են, որ ՀՀԿ կուսակցության ղեկավարն է նրան նշանակել, իսկ Կարեն Կարապետյանն առանձին որևէ այլ բան չի անի: Կարծում եմ՝ 7000 հոգուն հավաքագրելն այլ նպատակ ունի, քան ձեր ասածն է, իրականում իշխանությունն ընդամենը ցանկանում էր ցուցադրել, որ հանրության մեջ հետաքրքրություն կա իրենց նկատմամբ, որովհետև մարդկանց հավաքագրման այս մոտեցումը՝ հավաքագրել, պարտադրել, բնորոշում է հենց ՀՀԿ-ին: Լրացվում է նորից, ոչ թե հակառակ բանն է արվում: Արհեստական սոցիալիզացիան մի նպատակ ունի՝ ցույց տալ, թե դու ունես հանրային աջակցություն, սակայն իրականության մեջ կյանքը բազմիցս ցույց է տվել, որ անդամատոմս ստացածները ձայն չեն տալիս:
Անկախ ամեն ինչից, ՀՀԿ-ն իր մոտեցումները շարունակում է, և ցավալի է, որ Կարեն Կարապետյանը գնաց նույն ճանապարհով, որովհետև մի քանի ամիս խոսում էին, որ այդ մարդը փորձում է այնպիսի բաներ անել, որոնք առաջին հերթին հենց ՀՀԿ-ի դեմ էին: Հիշենք նրա հենց առաջին խոսքը, որ մի քանի անգամ է կրկնել՝ ասելով, թե Հայաստանի խնդիրը ստվերն է, եթե ստվերը չվերացվի, երկիրը երկիր չի դառնա: Բոլորս էլ լավ հասկանում ենք, որ այդ ստվերը ՀՀԿ-ի քաղաքական հենարանն է:
Մինչ մարդիկ փորձում էին սա հասկանալ՝ նոր վարչապետն ինչո՞վ է զբաղված, Կարեն Կարապետյանը որոշեց ՀՀԿ ակումբի շահերը պաշտպանել, իսկ այդ ակումբում ոչ ոք ոչ մի բան չի որոշում՝ Կոմունիստական կուսակցությունների նման հայտարարվում է, որ այսպես է լինելու, ամբողջ իշխանությունը պետք է ենթարկվի Կարեն Կարապետյանին և վերջ, օրինակ՝ այն, ինչ կատարվեց մի քանի ծանոթ ֆիգուրաների հետ՝ նախկին Կառավարության անդամների՝ Հովիկ Աբրահամյանի, խոշոր ստվերային բիզնես ունեցողների: Թվում էր, թե այդ մարդիկ տեր ու տիրակալ են, սակայն տեսանք, որ նրանք մի որոշումով դուրս են շպրտվում: Իրականում գործելաոճը չի փոխվել և այս նոր մուտքը՝ Կարեն Կարապետյանի անդամակցությունն, ապացուցեց, որ այդ բարքերը չեն փոխվել:
- Ստացվում է, որ ՀՀԿ-ի փոփոխությունների սիմվոլի փուչի՞կն էլ տրաքեց:
- Պետք է նայենք, թե փոփոխություններ ասողներն ովքեր էին, չէ՞ որ ասողները նույն ակումբի անդամներ էին, նույն պետական կառավարման անդամներն ու քաղաքական գործիչներն էին: Փոփոխությունների մասին խոսողների և հանրության խնդիրները բոլորովին տարբեր էին, ու երբ խոսվում էր փոփոխությունների մասին, դա վերաբերում էր այդ ակումբին, այլ ոչ թե երկրին, ընդհանրապես ոչինչ չէր արվի, եթե չլիներ ծանր տարի՝ պատերազմ, կորուստներ, նախընտրական տարի: Ակումբը փորձում է իրեն ինչ-որ ձև հանրությունից պաշտպանել, լրիվ միմյանց հետ է կապված՝ Կարեն Կարապետյանի գալը, ՌԴ-ում որոշում կայացնել կամ ո՞վ է որոշում կայացրել, քանի որ այլևս հնարավոր չէր շարունակել այնպես, ինչպես գործում էին: Նշանակում է՝ ի վիճակի չէին շարունակել, իրենց հենարանների կարևորագույն անդամներին դնել և այլ ձևերն են փորձում գտնել: Այս թատրոնները հենց նրա համար են, որ փորձեն ինչ-որ ձևով նորից շեղել հանրությանը:
- Հնարավո՞ր է, որ իշխանությունները ստիպեցին Կարեն Կարապետյանին դառնալ ՀՀԿ-ական, քանի որ չէր բացառվում, որ վարչապետի ամբիցիաները ընտրությունից առաջ շատ լինեն, և նա հակադրվեր իշխանությանը, չէ՞ որ ՀՀԿ կոալիցիոն անդամները ոչ մեկ անգամ են դուրս եկել Սերժ Սարգսյանի դեմ:
- Իրականում նման բան չկա, քանի որ Կարեն Կարապետյանն այդ ֆիգուրը չէր, նա այդ հնարավորությունը չուներ: Այլ հարց կլիներ, եթե նա փորձեր աշխատել հանրության հետ, ունենար ժողովրդի աջակցությունը, եթե նա պայքարեր ստվերի դեմ և այլն, այդ ժամանակ կարող էին ասել, որ ՀՀԿ-ն նման մտավախություն կարող էր ունենալ: Սակայն Կարեն Կարապետյանը ո՛չ նման բան է արել, ո՛չ էլ ցանկություն է ունեցել:
- Ռեյտինգային քվեարկությունը ՀՀԿ-ի ներսում խառնաշփոթ չի՞ առաջացնի՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ում կան թաղայիններ, գողականներ, ովքեր պարզ է, որ գումար ներդնելուց կստիպեն իրենց օգտին քվեարկել:
- Կարծում եմ՝ ՀՀԿ-ում նման մտավախություն չկա, այն փոփոխությունները, որոնք արվել են օրենսդրական դաշտում, «գարանտիա» են դարձել նրանց համար: Մենք տեսանք, թե նախագահի ինստիտուտի մասով ինչ փոփոխություններ են եղել՝ ինչ-որ մարդկանց իրավունք է տրված նախագահ ընտրել, ներդրվել է կայուն մեծամասնության մեխանիզմը, որն արդեն փորձարկվեց, և մենք Գյումրիում և Վանաձորում տեսանք, թե ինչպես է աշխատում այդ ռեյտինգային քվեարկության սկզբունքը, Կուսակցությունների մասին օրենքի նախագծի փոփոխությունները և այլն, այս ամենը երաշխիք է ստեղծել ստվերային մեխանիզմների միջոցով անընդհատ ապահովել իրենց հաջողությունները: Այլ բան այստեղ չկա, որ նրանք մտահոգված չեն, այսինքն՝ այն, ինչ այս տարիներին եղել է, փոփոխություններով միայն օրինականացվել է:
- Որքան էլ օրենքով կարգավորվի կամ հստակ մեխանիզմներ լինեն, միևնույն է, քաղաքականության մեջ կա ամբիցիա հասկացությունը, որը երբեմն առաջնային պլան է գալիս: Օլիգարխիայի ամբիցիաները չե՞ն խանգարի ՀՀԿ-ին և պառակտում չի՞ լինի:
- Գիտեք՝ ի տարբերություն ժողովրդական երկրների՝ քրեաօլիգարխիկ համակարգում քրեական օրենքների հիման վրա են հարցեր լուծվում: Բաժանված է, ասված է և վերջ, և ոչ ոք չի խախտում: