Մեր զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը
Արմինե, քարոզարշավն ընթացքի մեջ է, թեկնածուներն ինքնաբավ են, սակայն հասարակությանն այս ամենը բավարար չէ, իհարկե նկատի չունեմ «չեբուրաշկաներին»: Ինչպե՞ս եք գնահատում ներկա փուլը:
Հետաքրքիր իրավիճակ է, կասեի բավականին զգայուն: Մասնակից թեկնածուների մոտիվացիաները և նրանց մոտեցումների ուրվագծերն ավելի ու ավելի են պարզվում: Չեմ ասի, թե այս պահին բավական պարզ է, բայց այն, որ մի քանի կոնկրետ մոտեցում և կոնցեպտ կա մասնակցության դաշտում, դա երևում է: Կա նաև չմասնակցության դաշտ, որը սակայն, միևնույն է, իր գոյությամբ ևս մասնակից է եւ պատասխանատու, ինչպես իրենք են ասում` կրկեսին, և որն էլ ամբողջացնում է Հայաստանի հասարակական քաղաքական դաշտի երանգները: Վերլուծելով կտեսնենք քաղաքական ակտիվ մասի և հասարակության միջև մեծ հակասություն:
Հակասությունը ներգրավվածության և անտարբերության մեջ է, այն անտարբերության, որի մասին խոսում-խոսում ենք, որի մասին կարծես թե ամեն բան գիտենք` ինչ ակունքներ ու գենետիկա ունի, կամ մեղավորների ինչպիսի շղթա կա: Այս ամենով հանդերձ, ապատիան շատ թանկ է նստում նույն այդ հասարակության վրա, քանի որ հեշտանում են կեղծելու գործընթացը և մեխանիզմները, ինչպես նաև ընդդիմադիր թեկնածուներին զրկում իրենց աջակցությունից ու ուժից:
Ընտրություններին նախախորհրդարանը չի մասնակցում, քանի որ կարծում է՝ այս մասնակցությամբ լեգիտիմացնում է քերաօլիգարխիկ վարչախումբը. սխա՞լ տարբերակ է:
Հետաքրքիր հարց է, և միանշանակ չէ իրավիճակը: Եթե նախախորհրդարանը կարողանա այնպես անել, որ ընտրություններին չմասնակցի ազգի մեծամասնությունը, որպեսզի ընտրությունները տապալվեն, դա հասկանալի է, գերազանց տեխնոլոգիա: Բայց արդեն իսկ պարզ է, որ ընտրությունների մասնակցություն լինելու է, ուրեմն պասիվությունն արդյոք չի՞ լեգիտիմացնում քրեաօլիգարխիկ վարչախումբը: Իսկ եթե իրենք հղում են անում, թե ինքնախաբեություն է քվեարկելը, եթե միևնույն է կեղծում են, ապա այստեղ ևս միանշանակ չէ: Այն քաղաքացին, որ մասնակից է, և տեսնում է կեղծումը, նա մնում է մասնակից քաղաքական ակտիվության մեջ, իսկ մենք դեռ չգիտենք, թե մինչև ընտրություններ ինչ զարգացումներ կարող են լինել, և մեծ պատասխանատվություն է քաղաքացուն ակտիվությունից զրկելը: Այո, հիմա շռայլություն է ցանկացած քաղաքացու, որը պատրաստ է քվեարկել իր կամքով, պասիվացնելը, երբ դիմացը նրան ոչինչ չի առաջարկվում կամ առաջարկվում է խոսել հետընտրականում` ընտրական կեղծիքներից, թե՝ «բա որ ասում էինք», կամ «գիտեինք, էլի»: Եվ ի՞նչ, իսկ ո՞վ չգիտի… Ուրեմն պայքարի ավելի արդյունավետ ձև պետք է փնտրել մինչև 18-ը, որ գոնե նվազագույնի հասցվեն կեղծիքները, ամբողջ հասարակությամբ տեր կանգնվի ձայներին: Երկրորդ, իսկ գուցե ճամբարային ռազմավարություն է, և իշխանափոխության խնդիրը չէ, սա այլ հարթություն է արդեն:
Դիտարկենք հոգեբանական դաշտում: «Իշխանություններն այս անգամ էլ կեղծելու են ընտրությունները, ամեն բան կանխորոշված է». սրանք այն հիմնական արտահայտություններն ու մտքերն են, որոնք կամա թե ակամա, քաղաքական պասիվության կոչից բացի, ավելի վտանգավոր միտում ունեն: Այն իրական գործող սցենար է (իշխանությունն այս անգամ էլ է կեղծելու ընտրությունները), որին չենք կարող գոնե չհամաձայնվել: Բազմիցս կրկնվելու դեպքում այն ուղղակի գոյություն ունեցող իրական ակնկալիք է: Առասպելն ընդունում են բոլորը, գործում է սպասելիքների մեխանիզմը, որը պետք է ի կատար ածվի, արդարացվեն ակնկալիքները սպասվող վարքագծից: Իշխանական կողմը գոհ է տարածված դիպաշարից, քանի որ արդեն իսկ իր գործողությունները չեն ընկալվում որպես անընդունելի և ոչ քաղաքակիրթ, կա հանդուրժողականություն (թերևս` հասարակության ենթագիտակցական մակարդակում): Այս առասպելը ոչ ժողովրդավար պետություններում հասարակություններին բնորոշ գծերից մեկն է, ինչպես նաև նույն ժողովրդավարությանը խոչընդոտող առասպելներից:
Թեկնածուներից Անդրիաս Ղուկասյանի հացադուլը որպես պայքարի ձև ինչպե՞ս եք գնահատում:
Անդրիաս Ղուկասյանի հացադուլը պայքարի մի ձև է, մի տեխնոլոգիա, որ իշխանությունը չի կարող արհամարհել: Մինչև այժմ գործող նախագահին հաջողվել է «արտամղել» հացադուլի մեջ գտնվող թեկնածուին, սակայն վաղ թե ուշ պիտի որևէ ձևով արձագանքի, և այդ ճնշումը գուցե լինի անգամ արևմտյան ժողովրդավարության ջատագովների կողմից: Սա շատ լուրջ պահ է, բոլոր կողմերի լարվածությունը կա: Նախագահը Հայաստանի սահմանամերձ գյուղում չի կարողանում «չսայթաքել» և նոր քաղաքական կիքսեր չտալ քաղաքական դաշտին, այնպես որ, բավական բարդ է նրան քաղաքական ամբիոնում` աչքի ընկնող թեկնածուների համատեքստում: Իսկ ինչ վերաբերում է հացադուլավոր թեկնածուի հաջողությանը, ապա պետք է նկատել, որ հասարակության մի շերտ է տեղյակ գործընթացից, ժողովուրդը, հասարակությունը, ընտրազանգվածը, որոնք տեղեկատվությունը սահմանափակորեն ստանում են հեռուստաեթերից, չեն կարող լիարժեք տեղեկացվել և հասկանալ էությունը:
Սերժ Սարգսյանի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում թույլ տված կիքսերը, եթե հոգեբանանական տեսանկյունից վերլուծեք, ինչի՞ հետևանք են:
Սայթաքումներ է անում, և լինում են սայթաքումներ: Մի բանը որ ուռճացվում է և անբնական է, մի օր դուրս է թռչում իր անհարմար դիրքից: Բոլորիս հայտնի փաստերը, որ զոռով կանչում են Սերժ Սարգսյան թեկնածուի հետ հանդիպման, պետք է նկարել, որ պատկերացնենք, թե ինչպե՞ս է լինում: Կամ կազմակերպում են ընդունելություններ, գովեստի և խոր երախտիքի խոսքեր են անգիր ասվում, որոնց ժամանակ էլ մարդկանց անիրական մեծ ոգևորությունը և գեղարվեստական իմպրովիզը (Չեբուրաշկան) ադեկվատ չէ իրականությանը, և շինծու վիճակը հունից դուրս է գալիս:
Իսկ այն, որ իր քարոզարշավի ընթացքում բավական անհաջող դրվագներ կան և դեռ կատարվում են, դա միանշանակ է: Տեսանելի է նաև, որ նախագահի նյարդերը տեղիք են տալիս, օրինակը` Եռաբլուրում, Մովսես գյուղում: Նկատելի է անհավասարակշռություն, անգամ փորձ չի արվում դեմքի անբարյացակամ արտահայտչականությունը փոխելու: Ֆեյսբուքում օգտատերերից մեկը հումորով նկատել էր, որ նախագահը մյուս թեկնածուին` Րաֆֆի Հովհաննիսյանին է նմանակում, փորձում մարդկանց հետ անմիջական շփման մեջ մտնել:
Գուցե չեն սխալվում, բայց իր այս «բացթողումները» հակադարձորեն արժևորում են հենց Հովհաննիսյանի շփումները:
Մյուս թեկնածուներին, ըստ Ձեզ, ի՞նչ ճակատագիր է սպասվում, նրանց միավորման կոչերը կարո՞ղ են իրավիճակ փոխել:
Ընդհանրապես ցանկացած միավորում կամ աջակցում ոչ միայն լավ է կոնկրետ թեկնածուի համար, նրա հնարավորությունների աճ է, այլ նաև նշանակալից է հասարակության, մարդկանց «արթնացման», ակտիվության համար:
Թեկնածուներից երեքը`Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Պարույր Հայրիկյան, կարող են միասնական ճակատ ունենալով շատ լուրջ մարտահրավեր լինել գործող նախագահին: Խոսքս անգամ «անազատ» ընտրությունների մասին է, երբ ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելու են: Հակառակ դեպքում, ավելի բարդ է. նախ մասնակցության տոկոսն ավելի քիչ կլինի, քանի որ մարդիկ ամբողջապես հավատազուրկ չեն էլ մտածի գնալ ընտրության, և եղած ձայներին էլ տեր լինելը շատ բարդ կլինի:
Մի հետաքրքիր բան կա. բոլոր թեկնածուներն էլ նույն զանգվածի վրա են աշխատում, այդ զանգվածի աջակցությունն են փնտրում. դա հասարակական-քաղաքականապես ակտիվն է: Բայց այն լուռ է, պասիվ, հետևում է, փորձում է մեկին «հավանել»: Հետո հավանում է մեկին, այն մյուսը` մյուս մեկին, երրորդը չմասնակցության կոչ է անում, չորրորդը դեռ վերապրում է իր փլուզված կառույցի ժամանակները և էլի պասիվ մնում: Շատ լավ և ինքնատիպ մարդիկ, և խմբեր, ինքնուրույն որոշումներ, հավակնություններ, բայց զրո միասնականություն և համախմբվելու ունակություն: Եթե այս մարդկանց ու խմբերի արանքների սառույցը հալվի և առաջանա ցանկալի համախմբվածությունը, շատ ծանր կլինի իշխանության վիճակը:
Հայրիկյանիհետկատարվածն,ըստՁեզ, ի՞նչէր:
Հայրիկյանի հետ կատարվածը մահափորձ էր, թե ուղղակի վախեցնել, կամ ուղերձ՝ բոլոր դեպքերում երկրի դեմ է, պետության, ժողովրդի: Որքան մանրամասնենք, հետո համադրենք, մի կողմում կանգնած է պետությունը՝ ժողովրդով, իշխանությամբ եւ ընդդիմությամբ, մյուս կողմը՝ հանցանքը՝ նախագահի թեկնածուի անձի նկատմամբ մահափորձը: Իսկ թե այս ամենն ինչ զուգահեռներ ունի ու հարաբերությունների ինչպիսի կծիկ կա, ներքին է թե արտաքին, պարզ կլինի բացահայտմանն ուղղված «փութաջանությունից» ևս:
Ինչպիսի քաղաքական տեքստ ու մոտիվացիա էլ ունենա, շահագրգիռ ու ոչ շահագրգիռ կողմեր, այն լուրջ հարված է բոլորիս:
Սիրանույշ ՊԱՊՅԱՆ