Մանվել Սարգսյան

Վարչապետի հրաժարականի պատճառը պետք է դրսում փնտրել: Այս մասին քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի փաստին:

Նա նշեց, որ վաղուց էր խոսվում վարչապետի փոփոխության մասին, երևի թե որոշեցին փոխել: Ըստ նրա՝ ներկայումս յուրաքանչյուրը կփորձի ասել, թե հենց ինքն է այս հարցը հասունացրել և այլն, բայց դա նշանակություն չունի:

«Ես չգիտեմ՝ արդյո՞ք իշխանությունները ներքին գործոնով են պայմանավորում այս փոփոխությունը»,- նկատեց նա՝ պարզաբանելով, որ շատ ավելի հետաքրքիր է, թե ինչու 4 ոչ իշխանական ուժերը հանկարծ սկսեցին վարչապետի հրաժարականի մասին խոսել: Նրա կարծիքով՝ այդ ուժերն այդքան ուժ չունեն, այդքան ազդեցություն չունեն և նման որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն չունեն: Բայց, ըստ Մանվել Սարգսյանի, նրանք հանկարծ սկսեցին վարչապետի մասին խոսել:

«Ուստի ես կարծում եմ, թե այս որոշումը շատ քիչ կապ ունի ՀՀ ներքին խնդիրների հետ, ինչպես սովորաբար լինում է: Պետք է փորձել հասկանալ, թե ինչու է Սերժ Սարգսյանը նման որոշում կայացրել: Սերժ Սարգսյանը մեծ խնդիրներ ունի աշխարհում և երևի փորձում է վարչապետի հրաժարականով լուծումներ գտնել: Շատ դժվար է ասել, թե ՀՀ արտաքին քաղաքական կուրսն ինչպես կշարունակվի, և ինչ փոփոխություններ կլինեն: Նկատվում է, որ նոր մարդիկ են պետք, որ նոր լեզու գտնեն աշխարհի հետ»,- նշեց քաղաքական վերլուծաբանը:

Հարցին ի պատասխան, թե վարչապետի հրաժարականը կարո՞ղ է կապ ունենալ Մաքսային միության և ՌԴ-ի հետ, քանի որ ՀՀ գործող վարչապետից դժգոհություններ կային ՌԴ-ում՝ Մ. Սարգսյանն ասաց, որ չի բացառվում:

1in.am