«Ես գիտեմ մի բան, որ վերջին օրերի քաղաքական անցուդարձը եւ նոր վարչապետը որեւէ բան ժողովրդի կյանքում չեն կարող փոխել» մեզ հետ զրույցում անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին նշեց ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը:
Քաղաքագետի խոսքով այսօր միակ խնդիրն այն է, թե ինչի համար էր պետք փոխել վարչապետին, «որի պատասխանը չկա»: Ըստ Սարգսյանի՝ վաղուց էր խոսվում վարչապետի փոփոխության մասին, երևի թե որոշեցին փոխել: Պատասխանելով հարցին՝ արդյոք պաշտոնական հիմնավորումը, որ հրաժարականը պայմանավորված էր Մաքսային միության համատեքստում, քաղաքագետը ասաց, որ չի բացառվում, բայց միաժամանակ հավելեց.«Ես այդպես էլ չեմ հասկանում՝ ի՞նչ էր խանգարում դա եւ ինչու պետք է այդ պատճառով փոխեին Տիգրան Սարգսյանին: Հա, ասում էին, որ արեւմտամետ է, բայց արեւմտամետ լիելով վազելով գնաց դեպի ՄՄ-ի ինտեգրման աշխատանքներին , ուստի անհասկանալի է եւ անպատասխան՝ ինչու»:
«Այսինքն հրաժարականը կայացավ ներքի՞ն գործոնների արդյունքում, հրաշալի կոչվող քառյակի հանրահավաքներ սկսելու ծրագրին ընդառաջ» հարցրեցինք Սարգսյանին հավելելով՝ ինչպիսի՞ն կլինի նույն քառյակի ներգրավվածությունը նոր ձեւավորվող կառավարությանը: Մանվել Սարգսյանն ի պատասխան նշեց, որ, «ինչ խոսք, յուրաքանչյուրը կփորձի ասել, թե հենց ինքն է այս հարցը հասունացրել և այլն, բայց դա նշանակություն չունի»: «Ես չգիտեմ՝ արդյո՞ք իշխանությունները ներքին գործոնով են պայմանավորում այս փոփոխությունը»,- նկատեց նա՝ պարզաբանելով, որ շատ ավելի հետաքրքիր է, թե ինչու 4 ոչ իշխանական ուժերը հանկարծ սկսեցին վարչապետի հրաժարականի մասին խոսել: Այդ ուժերն, ըստ քաղաքագետի՝ այդքան ուժ չունեն, այդքան ազդեցություն չունեն և նման որոշումների կայացման վրա ազդելու հնարավորություն չունեն: Բայց, ըստ Մանվել Սարգսյանի, նրանք հանկարծ սկսեցին վարչապետի մասին խոսել: Մանվել Սարգսյանը չունի այդ «ինչու»-ի պատասխանը.«Ես չեմ հետաքրքրվում, բոլորը մի միասնության մեջ են, երբ ուրիշ որակ չես տեսնում, ուրիշ որակ չի առաջարկվում, թող նորից միանան, ի՞նչ, դրանից ի՞նչ է փոխվելու»: «Ուստի ես կարծում եմ, թե այս որոշումը շատ քիչ կապ ունի ՀՀ ներքին խնդիրների հետ, ինչպես սովորաբար լինում է: Պետք է փորձել հասկանալ, թե ինչու է Սերժ Սարգսյանը նման որոշում կայացրել: Սերժ Սարգսյանը մեծ խնդիրներ ունի աշխարհում և երևի փորձում է վարչապետի հրաժարականով լուծումներ գտնել: Շատ դժվար է ասել, թե ՀՀ արտաքին քաղաքական կուրսն ինչպես կշարունակվի, և ինչ փոփոխություններ կլինեն: Նկատվում է, որ նոր մարդիկ են պետք, որ նոր լեզու գտնեն աշխարհի հետ»:
Տեսակետ կա, որ իշխանության սահուն փոխանցման փաստի հետ գործ ունենք, որովհետեւ նախագահի երկրորդ ժամկետում վարչապետ դարձած անձն էլ ապագայում կսանձնի նախագահի պաշտոնը, մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանն ամրացնում է իր իշխանությունը եւ գնում նման վերադասավորումների.«Լավ, ենթադրենք փոխանցում են, Սերժ Սարգսյանը փոխանցում է Հովիկ Աբրահամյանին կամ մեկ ուրիշին, դա որեւէ մեկին, բացի իրենցից հետաքրքրո՞ւմ է:Իշխանափոխությունս ո՞րն է, իշխանափոխություն մեզ մոտ չկա: Պատասխանատվության իսնտիտուտ չկա, մեկին կբերեն կփոխարինեն մյուսով եւ կհայտարարեն, որ սա ավելի լավն է» ասում է Մանվել Սարգսյանը եւ հավելում.«Իհարկե, այսպիսի կառավարության փոփոխությունը ինքնին նշանակում է ուժեղացում, թե որ թեւն է ուժեղացվելու, ինչպես, կերեւա առաջիկա փոփոխություններից» ասում է ՌԱՀՀԿ ղեկավարը՝ չցանկանալով պատասխանել «եթե» ներով վերադասավորումներին մասին մեր հարցադրումներին:
Անի Սահակյան