NewsBook-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանը.
- Մասնակցե՞լ եք ընդդեմ կուտակային համակարգի երթին: Ի՞նչ տպավորություն ունեք քաղաքացիական այս նախաձեռնությունից:
- Ցավոք, այսօր չեմ մասնակցել: «Դեմ եմ» նախաձեռնության անդամներից շատերին ճանաչում եմ: Նրանց հայտարարությունների մեջ հստակ ասված է, որ նրանք կդիմեն քաղաքացիական անհնազանդության, եթե Սահմանադրական դատարանը չկատարի իրենց պահանջները: Փաստորեն, նրանք փորձում են իրավական ընթացակարգում համոզել գործող ռեժիմին ետ կանգնել այդ որոշումից: Նրանց գործողություններում քաոտիկ ոչինչ չկա:
- Այսինքն, դրական եք գնահատում, որ քաղաքացիական նախաձեռնությունը նախ փորձում է իրավական ընթացակարգում լուծել խնդիրը: Ի՞նչ եք կարծում, այս դաշտում հաջողություններ չունենալուց հետո քաղաքացիական անհնազանդություն կլինի՞, թե՞ պետք էր միանգամից սկսել հենց երկրորդից:
- Անհնազանդությունը լինում է, երբ հստակ գիտակցվում է, որ ռեժիմը գնում է կտրուկ անօրինականության:
- Քաղաքացիական անհնազանդության ինստիտուտը կայացման ո՞ր փուլում է ու դեռ ի՞նչ ճանապարհ ունի անցնելու:
- Քաղաքացիական անհնազանդության ակտեր մենք ունեցել ենք: Բայց քաղաքացիական անհնազանդության փիլիսոփայության շուրջ հաճախ բանավեճեր ենք ունենում, որովհետև քաղաքացիական անհնազանդություն են ընկալվել նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած ընդվզումները, որոնք իրականում բողոքարկումներ են: 2011-2012 թթ. սկսված քաղաքացիական նախաձեռնությունները տարբեր գնահատականների արժանացան`ընդհուպ, որ դրանք շեղում են քաղաքական խնդիրներից: Բայց սա էլ է անցած էտապ, որովհետև քաղաքական կուսակցություններն էլ հասկացան, որ սա պայքարի նոր մեթոդ է:
- Բոլոր քաղաքացիական նախաձեռնությունների պարագայում զգուշացել են կուսակցականացումից: Եվ կուսակցականացում ասվածը հիմնականում ընկալվել է որպես քաղաքականացում: Հնարավո՞ր է քաղաքացիական նախաձեռնության պայքարը քաղաքական ենթատեքստ չունենա:
- Օրենքի դեմ պայքարն արդեն քաղաքականություն է և դա ավելի լայն ասպեկտներ է ընդգրկում, քան զուտ կուսակցական գործունեությունը: Գոյություն ունեն լրջագույն քաղաքական խնդիրներ, որտեղ կուսակցություններն ընդհանրապես դերակատարում չունեն: Օրինակ, Ուկրաինայում քաղաքական վիճակի բարդացումը պայմանավորված է հենց այն հանգամանքով, որ իշխանությունների հետ բանակցելու խնդիրը պետք չէր թողնել կուսակցությունների հույսին: Քաղաքացիական նախաձեռնությունը մաքրում է դաշտը և առաջադրում նորին: Եվ ռեժիմին դեմ կուսակցությունները հրաշալի հասկանում են, որ քաղաքացիական նախաձեռնության հաջողությունը նաև իրենց հաջողությունն է:
Հարցազրույցը` Մարինա Բաղդագյուլյանի