Հայ ժողովուրդը կյանքով է ցույց տվել, որ ընդունակ է Մայդանի

Այս կարծիքին է ՌԱՀՀԿ փորձագետ, վերլուծաբան Էդգար Վարդանյանը, ում հետ զրույցը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

- Ի՞նչ եք կարծում, ընդունա՞կ է արդյոք հայ ժողովուրդը Մայդանի:

- Հայ ժողովուրդը կյանքով է ցույց տվել, որ ընդունակ է Մայդանի` 88-ին, 90-ականներին, 2008թ-ին և նույնիսկ անցյալ տարի, այլ բան է, որ, ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Հայաստանում, նոր օրակարգի, պայքարի կոնցեպցիայի, փիլիսոփայության ձևավորման հետ կապված խնդիրներ են առաջանում: Ուկրաինան մի փոքր հաղթահարեց այդ խնդիրները, սակայն ոչ ամբողջությամբ, այդ իսկ պատճառով էլ դեռև տեսանելի չեն արդյունքները:

Շատ դժվար է Մայդան հավաքել, եթե պայքարի հիմնական քաղաքական ուժերը չեն կողմնորոշվում, թե ինչ մեթոդոլոգիա պետք է կիրառեն, ինչ կարճաժամկետ և երկարաժամկետ նպատակներ դնեն, բացի այդ՝ հասարակության մեջ վստահության դեֆիցիտ ունեն:

- Մեր հիմնական խնդիրը օրակարգի բացակայությո՞ւնն եք համարում:

- Ստացվում է` քաղաքական ուժերը փնտրտուքի մեջ են և ունեն վստահության դեֆիցիտ: Իսկ քաղաքացաիական նախաձեռնությունները նոր են կայանում, և նրանց միջև փոխըմբռնման պակաս կա: Ինչպես նաև բոլոր այդ նախաձեռնությունների ներսում կան նպատակների, խնդիրների հստակության հետ կապված հարցեր: Իսկ մյուս կողմից հասարակության մեծ մասը հիասթափության մեջ է, քանի որ դուրս են գալիս փողոց, արդյունք չեն տեսնում, կրկին դուրս են գալիս փողոց, կրկին արդյունք չեն տեսնում: Ահա այս պայմաններում շատ դժվար է Մայդան հավաքելը: Բայց պոտենցիալ, հավատացնում եմ, ունենք: Ընդամենը պետք է, որ առկա խնդիրները` նպատակների, պայքարի կոնցեպցիայի հստակեցում, փոխըմբռնման հաստատում, լուծվեն:

- Այլապես հրապարակում հավաքվում են 4 և ավելի ուժեր, և ամեն մեկն ասում է իր լոզունգը:

- Այո´, բայց միայն լոզունգ ասելով դու ինչի՞ ես հասնում, հաջորդ գործողությունը ո՞րն է: Մայդանի հիմնական տարբերությունն ուղղակի միտինգից ո՞րն է: Սովորական միտինգի մասնակիցները ամբոխի մի հատված են կազմում, առանձին միավոր չեն, Մայդանի` քաղաքացիական դիմադրության գործողությունների ժամանակ, ամեն մարդ առանձին միավոր է, ամեն մեկը մի գործ է անում, չի գալիս ուղղակի կանգնում ու գնում: Ոչ թե ինչպես մեզ մոտ, երբ միտինգներին մարդիկ հավաքվում են, ասում են` ասեք, ինչ եք ասում, գնանք: Իսկ Մայդանի համար պետք են աֆտոնում քաղաքացիներ, որոնք, մեկը մյուսի հետ համագործակցելով, լեզու գտնելով, կարծես բանակ են դառնում:

- Կարծո՞ւմ եք` ազգային հատկանիշ է չմիավորվելը:

- Ոչ, ոչ, նման բան չկա, բազմաթիվ են օրինակները, երբ աշխարհի տարբեր մասերում մարդիկ հասել են հաջողության` այդ համագործակցության եզրերը ստեղծելով, այն պայմաններում, որ մինչև այդ համագործակցության նշույլներ անգամ չկային, ավելին` իրար միս էին ուտում: Ամենավառ օրինակներից է Սերբիան, երբ անընդհատ խոսվում էր այն մասին, որ իրենք անմիաբան են, հանդուրժող, որ իրենց հասնում է այն, ինչ ստանում են: Բայց դրանից ամիսներ անց մարդիկ ոտքի կանգնեցին, պաշտոնանկ արեցին Միլոշևիչին և հասան հաջողության:

- Ի՞նչ եք կարծում, մեր երիտասարդների համար կարո՞ղ է վարակիչ լինել Մայդանում զոհված մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանի օրինակը:

- Չեմ կարծում, որ հենց դա պետք է օրինակ հանդիսանա, բավարար հիմքեր չկան այդպես կարծելու համար: Ես կարծում եմ, որ հանրությանը կոգևորի ընդհանուր առմամբ Մայդանի գաղափարը, մանավանդ, եթե հասնեն հաջողության:

- Մաքսային միությանն անդամակցելու հարցում ինչո՞ւ է այժմ լռություն տիրում, հանդարտվե՞լ են կրքերը, մարդիկ համակերպվե՞լ են այդ մտքի հետ:

- Նույն խնդիրն է, այն գործոնների պատճառով, որոնց մասին ես արդեն ասացի: Մի կողմից մարդիկ դեռևս հույս ունեն, որ չեն գնա ՄՄ, բայց եթե նույնիսկ վերջնական պայմանագիր ստորագրվի, ճիշտ է, կլինեն խմորումներ, ցույցեր, հավաքներ, երթեր, բայց մասշտաբային պայքար կարող է լինել միայն այս խանգարող գործոնների վերացման դեպքում: Ուկրաինայում Մայդան եղավ, քանի որ քաղաքացիական նախաձեռնություններն ավելի կայացած են, բացի այդ ընդդիմությունն ուներ Նարնջագույն հեղափոխության փորձը: Մյուս կողմից էլ Ուկրաինայի ժողովրդի արևմտյան հատվածը արտահայտված հակառուսական տրամադրվածություն ունի, իսկ Հայաստանում հակառուսական տրամադրվածությամբ նման մեծ զանգված չկա:

Անի Ռափյան

nyut.am