Էդգար Վարդանյան

ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ ԲՀԿ-ի եւ «Բարեւ Երեւան»-ի՝ մանդատներ վերցնելու հարցը այնքան էլ էական չէ:

- Պարոն Վարդանյան, նախ ինչպե՞ս եք գնահատում կիրակի օրը տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրությունների ընթացքը եւ արդյունքները:

- Ընտրությունները ազատ եւ արդար չէին, եւ ընտրություններ, որպես այդպիսին, հերթական անգամ չկայացան: Հայաստանյան դիտորդների մեծ մասը, ինչպես նաեւ դիտորդական առաքելություն իրականացրած միջազգային կազմակերպությունը եւս չդիտարկեցին այս ընտրությունները որպես ազատ, արդար եւ թափանցիկ, սա կարեւոր է, որպեսզի սպեկուլյացիաներ չլինեն եւ կոնտեքստից դուրս չմեկնաբանվեն դիտորդների հայտարարությունները: Նրանք ֆիքսել էին, որ կար վախի մթնոլորտ եւ փող՝ ընտրակաշառք, ադմինիստրատիվ ուժի կիրառում եւ այլն:

Եթե ընդդիմադիր հանրությունը ցանկանում է ընտրություններն օգտագործել ռեժիմը փոխելու համար, այլ ֆորմատ պետք է ձեւավորի մինչեւ ընտրությունները: Պետք է հստակ նպատակ դրվի, թե ինչ խնդիր ես լուծելու ընտրություններից առաջ, որը կչեզոքացնի ընտրակեղծիքը արդեն ընտրությունների ընթացքում: Այսինքն՝ հաղթել մինչեւ ընտրությունները եւ ընտրություններով արձանագրել հաղթանակը։ Եթե սա չի արվում, ապա ինչ ընդդիմադիր ուժ էլ լինի, ինչ խարիզմատիկ առաջնորդ էլ ունենա, ֆինանսներ ունենա, թե չունենա՝ ոչինչ չի փոխվի: Օրինակ՝ ԲՀԿ-ն կարծես թե ֆինանսների պակաս չունի, այդպես չէ՞… Բայց ստացավ այնքան ձայն, որքան թույլատրեց իշխանությունը՝ 23%:

Այս ընտրությունները լավ առիթ էին, որպեսզի փորձագիտական հանրությունը եւ ռեժիմի փոփոխությամբ շահագրգիռ ուժերը վերլուծեն քաղաքական իրավիճակը եւ պարզեն, թե ինչ մեխանիզմներով են իշխանությունները վերարտադրվում: Ռեժիմը հիմնականում օգտագործում է տարբեր ֆորմալ եւ ոչ ֆորմալ ռեսուրսներ՝ պետական, համայնքային, առեւտրային կարգավիճակ ունեցող կառույցներ, ազատ ձեռներեցներ, թաղային հեղինակություններ: Դա արվում է տարբեր մեթոդներով՝ մարդկանց շանտաժի ենթարկելով, կաշառելով, ճնշելով: Այս առումով բավական քրտնաջան աշխատանք է իրականացվում, մի հսկայական ցանց է կազմակերպված աշխատում:

Ըստ պաշտոնական տվյալների՝ Երեւանի բնակչության գրեթե կեսը չի մասնակցել ընտրություններին, իսկ քվեարկածների կեսն էլ ՀՀԿ-ի օգտին են քվեարկել, այսինքն՝ վերարտադրման երկրորդ տարբերակն էլ է աշխատել՝ բազմակի քվեարկությունը: Այս առումով պետք է վերլուծել հետագայի համար՝ հասկանալու համար, թե քանի տոկոսն է քվեարկում բազմակի քվեարկությամբ: Իմ տպավորությամբ՝ սա այդքան էլ մեծ տոկոս չի կազմում, հիմնականում առաջին տարբերակն է աշխատում:

Պետք է արձանագրենք, որ մասշտաբային բռնություններ տեղի չունեցան, ձայների հաշվարկների ժամանակ քվեաթերթիկների տրցակներ չէին գողանում, քվեատուփեր չէին գողանում, արձանագրությունները չէին կեղծում, քանի որ ընտրատեղամասերում լավ վերահսկողություն կար այս անգամ՝ թե ընդդիմադիր ուժերի վստահված անձինք, թե տեղական դիտորդները: Այս ամենը պետք է վերլուծել, ամրագրել, որպեսզի իրար չխաբենք:

- Պարոն Վարդանյան, ընտրությունների արդյունքում երեք կուսակցություն հաղթեցին՝ մեկը իշխող կուսակցությունը, երկրորդ տեղում է իրեն այլընտրանք համարող ԲՀԿ-ն եւ երրորդ տեղում՝ «Բարեւ Երեւան» ընդդիմադիր դաշինքը: Ստացվում է, որ նվազագույն շեմը չեն հաղթահարել ինչ-որ առումով վստահության ճգնաժամ ունեցող ուժերը՝ ՀԱԿ-ը, Դաշնակցությունը եւ, իհարկե, ՕԵԿ-ը, որին թերեւս զոհաբերեց իշխանությունը: Այսինքն՝ ստացվում է, որ իշխանության հաշվարկները բավական ճշգրի՞տ էին: Ընդհանուր առմամբ, իշխող կուսակցության գործի դրած վարչական ռեսուրսների օգտագործման հետ՝ մեկ «այլընտրանքային» եւ մեկ ընդդիմադիր ուժերի հաղթանակներով ապահովվեցին հերթական մրցակցային ընտրությունները:

- Եթե ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն հաղթահարեին նվազագույն շեմը, միեւնույն է՝ դարձյալ մեծամասնություն չէին ունենա բոլորը ուժերի հետ միասին: Այդ դեպքում ի՞նչ խնդիր կլիներ ՀՀԿ-ի համար… Ես չեմ կարծում, որ նրանց ներկայությունից վախեցած էր ՀՀԿ-ն: Իմ տպավորությամբ՝ ՀՀԿ-ն պարզապես խնդիր էր դրել 55 տոկոս ձայն ապահովել, եւ այդ պատճառով էլ մնացած ուժերը դուրս մնացին: ՀՀԿ-ն առավելապես նպատակ ուներ հոգեբանական ճնշում գործադրել հասարակության վրա՝ ապացուցելով, որ իր դիրքերը ոչ մի դեպքում չեն կարող թուլանալ: ԲՀԿ-ի եւ «Բարեւ Երեւանի»՝ առաջատար լինելը օրինաչափ է. նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը զգալի ձայներ էր ստացել՝ երկրորդ տեղը զբաղեցնելով, իսկ ԲՀԿ-ն էլ, ունենալով հզոր կառույցներ եւ ֆինանսական ռեսուրսներ, ուներ իր ընտրազանգվածը:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում կոչերին՝ ուղղված ԲՀԿ-ին եւ «Ժառանգությանը»՝ մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

- Միանշանակ պատասխան չկա: Պետք է հիմնավորել եւ ավագանու կազմ մտնելը, եւ չմտնելը: Մինչ այս պահը թե մանդատները վերցնելու կողմնակիցները, թե դրանց հակառակորդները բերում են տրամաբանական հիմնավորումներ: Իրավական տեսանկյունից կարծես մանդատներից հրաժարվելը հետեւանքներ չի ունենալու, իսկ ինչ վերաբերում է քաղաքական գործոնին, ապա հիմա էլ պարզ է, որ այս ուժերը ընտրությունները ազատ եւ արդար չեն գնահատել, այսինքն՝ փաստացի չեն ընդունում ՀՀԿ-ի հաղթանակը, այսինքն՝ արդեն իսկ ունեն քաղաքական դիրքորոշում: Եթե հրաժարվեն մանդատներից՝ ի՞նչ են դրանով ցույց տալու, ի՞նչ է փոխվելու դրանից կուժեղանա՞ նրանց քաղաքական դիրքորոշումը, դժվարանում եմ ասել…

Հաջորդ հարցը՝ իսկ մանդատները վերցնում են, որ ի՞նչ անեն… Կարող են հիմնավորել, որ մանրակրկիտ մոնիտորինգի կենթարկեն ՀՀԿ-ի աշխատանքը, վեր կհանեն նրանց թերությունները, կներկայացնեն դրանք հանրությանը, ինչպես նաեւ հասարակության պահանջները, շահերը կներկայացնեն ավագանու գործունեության ընթացքում: Իմ կարծիքով՝ ԲՀԿ-ի եւ «Բարեւ Երեւան» դաշինքի՝ մանդատներ վերցնելու հարցը այնքան էլ էական չէ: Էականն այն է, թե արդյոք ընդդիմադիր ուժերը եւ ընդդիմադիր հանրությունը կգտնի՞ ինքնակազմակերպման ճիշտ ձեւաչափ, որը թույլ կտա հասնել ռեժիմի փոփոխության, համակարգափոխության, դեմոկրատիայի հաստատման:

- Ընտրություններից հետո նման ձեւաչափի ձեւավորման հնարավորություն տեսնո՞ւմ եք:

- Այո: Միշտ էլ ռեժիմի փոփոխության հնարավորություն կա: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ռեժիմի փոփոխություններ լինում են թե ընտրական պրոցեսների ժամանակ, թե ընտրական պրոցեսներից դուրս: Հզոր, դեմոկրատական, ապակուսակցական ընդդիմության ճիշտ ինքնակազմակերպման դեպքում հնարավոր է հասնել նրան, որ իշխանությունները հրաժարական տան, եւ նոր ընտրություններ նշանակվեն: Քաղաքացիական դիմադրության կոնցեպցիայի հիման վրա դա հնարավոր է՝ խաղաղ, ոչ բռնի, կազմակերպված, համատարած, համապարփակ եւ պերմանենտ ճնշում գործադրելով իշխանության նկատմամբ: Քաղաքական ուժերը մի կողմ պետք է դնեն իրենց գաղափարախոսությունները, ամբիցիաները եւ հարցը, թե ո՞ր կուսակցությունն է գալու իշխանության, եւ պետք է համատեղ ջանքեր գործադրեն ակտիվ հասարակության, ինտելեկտուալ հատվածի հետ եւ կազմակերպեն խաղաղ քաղաքացիական դիմադրություն՝ Սահմանադրության շրջանակներում:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Aravot.am