Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ նախագահական ընտրություններից առաջ հասարակության համար ստեղծվել է անսովոր վիճակ, եւ շատերը չեն կողմնորոշվել, թե սա ինչ վիճակ է: Այդ է պատճառը, որ տարբեր խոսակցություններ են լինում` ընտրությունները մրցակցայի՞ն են, թե՞ մրցակցային չեն:
«Կան առաջադրված գործիչներ եւ կան գործիչներ, որոնք չեն առաջադրվել, եւ հիմա նրանց թվում է, որ եթե իրենք առաջադրվեին, լրիվ ուրիշ իրավիճակ կլիներ: Այդպես չէ, սովորական վիճակ կլիներ, իսկ հիմա անսովոր է»,- ասում է Մանվել Սարգսյանը:
Ըստ նրա՝ միշտ խոսվել է, որ Հայաստանում արդար ընտրություններ չկան, դրանք կեղծվում են, սակայն կուսակցությունները համառորեն համոզում էին հասարակությանը, որ իրենք ունեն ազդելու բոլոր մեխանիզմները եւ հասարակությանը առաջ էին տանում, իսկ այս անգամ այդպես չեղավ: Իրենք էլ համակերպվեցին իրականությանը, որ ընտրապայքար չկա եւ չառաջադրվեցին: Մ. Սարգսյանի ասելով` ստեղծվել է մի իրավիճակ, որ հասարակությունը չի կարողանում հասկանալ, գործող ռեժիմն էլ չգիտի, թե ինչպես դրա տակից դուրս գա, քանի որ խոսվում է նաեւ երկրորդ փուլի մասին, այսինքն ստեղծել տպավորություն, որ երկրում ճգնաժամ չի ստեղծվում:
«Կուսակցությունների հետ միասին մի կոլապսի մեջ էլ մամուլը հայտնվեց: Մամուլն էլ չգիտի, թե ինչ հարց տա, չգիտեն՝ ինչ է կատարվում: Մարդիկ սովոր չեն նման իրավիճակում հարցեր ձեւակերպել, սովոր էին մի հինգ ամիս ինչ-որ հարց տալ, ինչ-որ բաներ գրել, տպավորություն ստեղծել»,- նշեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենը:
Մանվել Սարգսյանի կարծիքով՝ այս վիճակը խնդիրներ է ստեղծելու նաեւ արտաքին հարաբերություններում: «Այս իշխանությունները ընտրություններում անցնելու են իրենց տիպիկ մեթոդներով, դրանք չեն փոխելու եւ ինչ-որ փաստերի առջեւ են կանգնելու, որովհետեւ նրանց ասելու են՝ պայմաններ չեք ստեղծել ընտրությունների համար: Դրա համար էլ հիմա կփորձեն թատրոն խաղալ, տպավորություն ստեղծել եւ այլն:
Հասարակությունն ինքը պիտի հասկանա, որ մնացել է մենակ գործող ռեժիմի դեմ: Հասարակությունը, տարիներ շարունակ լինելով քաղաքականությունից դուրս, ընդամենը այս կամ այն ուժերին սպասարկող, նման իրավիճակին պատրաստ չէր եւ չգիտի իր անելիքը, թե ինչ պիտի անի: Դա բարդ խնդիր է եւ մի օր պիտի գա այն վիճակը, որ երբ խնդիրներիդ լուծումը չես կապում որեւէ մեկի հետ, ուրեմն այդ խնդիրները դու պետք է լուծես»,- ավելացրեց Մանվել Սարգսյանը:
Գրիշա Բալասանյան