Էդգար Վարդանյան

«Ես չեմ կարծում, որ ոչ իշխանական ուժերի գործունեության, ճնշման արդյունքում է վարչապետը հրաժարական տվել, այն պարզ պատճառով, որ այդ ճնշումը դեռ այն մակարդակի չէր, որ կստիպեր իշխանություններին գնալ այդպիսի զիջման: Ժամանակին շատ ավելի հզոր ճնշում է եղել ընդդիմության կողմից, սակայն իշխանությունները որևէ քայլ չեն արել, այդ պահանջների մասնակի բավարարումը նույնիսկ չեն արել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի հարցազրույցին, ասաց ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը:

Նա հավելեց, որ եթե ուղղակի կառավարության հրաժարականի պահանջի բարձրացումը հանգեցնում է նրան, որ կառավարությունը հրաժարական է տալիս կամ նոր վարչապետ է նշանակում, ուրեմն Հայաստանը ժողովրդավարական պետություն է: Վարդանյանի խոսքերով՝ դա իրականությանը չի համապատասխանում:

«Զուտ կառավարության հրաժարականի պահանջ բարձրացնելու արդյունքում վարչապետի հրաժարականը տեղի է ունենում միայն զարգացած ժողովրդավարական երկրներում: Նույնիսկ այդպիսի երկրներում իշխանություններն այդպես շուտ չեն գնում ընդդիմության պահանջների բավարարմանը»,-ընդգծեց փորձագետը:

Անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի այն հատվածին, որ ոչ իշխանական ուժերից և ոչ մեկը չպետք է նոր կառավարության մաս կազմեն, Վարդանյանն ասաց․«Հարցն այն է, որ իսկապես այս դեպքում շատ հնարավոր է, որ ԲՀԿ-ն ՀՅԴ-ն համագործակցեն նոր կառավարության հետ: Ես ի սկզբանե դրա մասին նշել եմ, որ մեծ է հավանականությունը, քանի որ հնարավոր է, որ վարչապետի պաշտոնում կարող են այնպիսի մարդու նշանակել, որն առնվազն հակակրանք չի առաջացնի իրենց մոտ:

Խնդիրն ուղղակի այն է, որ ՀԱԿ-ի և «Ժառանգության» հռետորաբանությունը միշտ այն է եղել, որ նրանք ամբողջական իշխանափոխության օգտին են խոսել: Այդ պարագայում նրանք եթե համագործակցեն կառավարության հետ, կորուստներ կունենան համակիրների հետ»:

Էդգար Վարդանյանն ավելացրեց, որ հասկանալով այդ ամենը՝ այսօր ՀԱԿ-ն իսկապես չի կարող գնալ նման քայլի և գնալ ու դառնալ այս նոր կառավարության մասը կամ համագործակցել այդ նոր կառավարության հետ․«Բայց դա նշանակում է, որ քառյակի ապագան վտանգի տակ է ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն համագործակցելու են կառավարության հետ, առավել ևս եթե նրանք մտնեն նոր կառավարության կազմի մեջ: Այդ դեպքում քառյակն իր ակտուալությունը կորցնում է և փաստացի դադարում է գոյություն ունենալ, այդ քառյակը որպես ֆորմատ՝ առհասարակ»:

Մեր այն դիտարկմանը, թե գուցե Լևոն Տեր-Պետրոսյանն իր այդ հարցազրույցով փորձել է կանխել մյուս ուժերի անդամակցությունը նոր կառավարությանը, մեր զրուցակիցն ասաց․«Միգուցե այդ կերպ նաև որոշակիորեն կա ցանկություն ազդել գործընկերների վրա և ասել, որ այս պարագայում դուք կարող եք կորցնել այնպիսի գործընկերներ, ինչպիսին առնվազն ՀԱԿ-ն է»:

Առհասարակ, ըստ փորձագետի՝ ՀԱԿ-ը դժվար կացության առջև է կանգնում յուրաքանչյուր դեպքում․«Արդյո՞ք հիմա նա ունի ռեսուրս Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու համար, որովհետև ՀԱԿ-ը հայտարարել է, որ միայնակ չի կարող իշխանափոխություն իրականացնել, որովհետև անհրաժեշտ է լայն կոնսոլիդացիա և դա կարելի է սկսել կառավարության հրաժարականից:

Հիմա եթե ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն համագործակցում են նոր կառավարության հետ, նշանակում է, որ նրանք չեն պահանջելու նախագահի հրաժարականը, Կոնգրեսն էլ կարող է «ժառանագության» հետ համագործակցել, որովհետև «Ժառանգությունն» էլ ամբողջական իշխանափոխության կողմնակից է»:

Փորձագետն ընդգծեց նաև, որ ամբողջական իշխանափոխության խնդիրը հասարակությանն է՝ դա առանձին կուսակցությունների խնդիրը չէ․«Կուսակցությունները հավասարը հավասարին կարող են այդ գործընթացին մասնակցել, բայց պետք է կուսակցականների և ոչ կուսակցականների դաշինք ստեղծվի, որն ամբողջական իշխանափոխության նպատակ ունի: Դա առանձին սուբյեկտների գործը չէ»:

1in.am