Մանվել Սարգսյան

Հարցազրույց քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ

-Պարոն Սարգսյան, ի՞նչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական դաշտում: Ի՞նչ քաղաքական դասավորություն է տեղի ունենում:

-Հայաստանը գտնվում է այն երկրների շարքում, որտեղ գոյություն ունի մեկ կուսակցություն, որը տիրացել է ամբողջ պետական համակարգին, և դրա շուրջը գործող այլ կուսակցություններ, որոնք ամեն տեղ փորձում են իրենց դիրքերն ամրապնդել: Այս պրոցեսն է, ուրիշ բան չեմ տեսնում:

Երկրորդ. երբ նախագահները պաշտոնավարման երկրորդ ժամկետն են անցնում, սովորաբար սկսում են նման պրոցեսներ, և այս կամ այն խմբավորումը փորձում է ամրապնդել իր դիրքը: Կառավարության հրաժարականի իմաստը դա է: Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանն ուզում է ինչ-որ նոր բան ստեղծել իր համար՝ ուժեղացնելով իր լծակները:

-Միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այլևս երբեք չի առաջադրվի նախագահի պաշտոնում, և եթե նույնիսկ երկիրն ընտրի խորհրդարանական համակարգի ճանապարհը, չի հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Ինչո՞վ է պայմանավորված այս հայտարարությունը:

-Դա ընդամենը պատասխան էր, որովհետև ոչ իշխանական ուժերն իրենց մոբիլիզացնող աշխատանքներն ուժեղացնում են մի թեզով, որ խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանն ուզում է ցմահ նստել այնտեղ, և նրա հրաժարականը շատ էական խնդիր է: Սերժ Սարգսյանն էլ պատասխանել է՝ ինչ-որ չափով թուլացնելով այդ թեզը, որն ընդդիմության ձեռքին է:

Ճիշտն ասած, անտարբեր եմ այդ ամենի նկատմամբ և շատ չեմ խորանում, գիտեք ինչո՞ւ... Որովհետև, ի վերջո, ամբողջ երկու տասնամյակ է՝ Հայաստանում այս նույն պրոցեսն է կատարվում գործող համակարգում, որը կոչվում է քրեաօլիգարխիկ: Եվ բնական է, որ շատերն ինչ-որ դրական փոփոխություններ են փորձում գտնել, բայց տարիներն անցնում են, և կյանքն անընդհատ ցույց է տալիս, որ այդտեղ չեն լուծվում պետության խնդիրները, և այնքան երկրորդական են դառնում այն հարցերը, թե ինչ խմբավորում կամրապնդվի, որը կթուլանա, ով կգա: Այդ խմբավորումները կուսակցություններ չեն, դրանք կուսակցությունների իրավունք ունեցող խմբավորումներ են: Ես երբևէ չեմ տեսել, որ դրանցից որևէ մեկը հասարակության կամ պետության շահերին առնչվող որևէ հարց բարձրացնի:

Անընդհատ խոսվում է վարչապետի մասին, թե ով ինչքան ներդրում կարող է բերել Հայաստան: Փող հավաքողների հոգեբանություն է՝ էս մարդիկ շատ փող կբերե՞ն, թե՞ էն մարդիկ, կարծես թե երկրում կառավարությունը ստեղծվում է այն բանի համար, որ չգիտեմ որտեղից գնան փող բերեն: Ոչ ոք չի խոսում ազատ տնտեսության համար պայմաններ ստեղծելու, տնտեսությունը քաղաքականությունից անջատելու, արդադարադատության խնդրի մասին: Ինչ որ կատարվում է, ժողովրդից կտրված, ներհամակարգային պրոցեսներ են, որոնց ելքերը ոչ մի նշանակություն չունեն. մի օր կռվելու են իրար հետ, մյուս օրը համաձայնության են գալու, մեկն իրեն իշխանական է կոչելու, մյուսը՝ ոչ իշխանական: Այդ խմբավորումները լրիվ համապատասխանում են այդ խաղերին՝ իշխանական և ոչ իշխանական, թե դա ինչ է նշանակում, ոչ ոք էլ չի կարող ռացիոնալ բացատրություն տալ:

Հայաստանի քաղաքական առօրյան դա է, որը չարժե էլ քաղաքականություն կոչել:

-Իսկ ի՞նչ է կոչվում:

-Դա կոչվում է ներհամակարգային ինտրիգ: Ոչ ոք էլ չի թաքցնում, չէ՞. բոլորն իրար մեղադրում են, ասում են. «դու ինտրիգն ես», և բոլորն էլ ճիշտ են խոսում իրար մասին:

-Հայաստանի քաղաքացու կյանքում ի՞նչ կարող է փոխվել նոր կառավարությամբ: Ի՞նչ կարող է ակնկալել քաղաքացին:

-Քաղաքացին, առաջինը, երբեք պետք է թույլ չտա, որ իրեն օգտագործեն նման բաներում, երկրորդը՝ նայելով ուրիշ երկրներում, թե ինչպես են մարդիկ ազատվում նման համակարգերից, պետք է դրսևորվի, իր խնդիրները դնի և լուծի:

Կան երկրներ, որտեղ հասարակությունը կարողացել է խնդիրը դնել և լուծել, կան երկրներ, որոնք հարյուրամյակներով էսպես են ապրում, որովհետև անընդհատ հույսը կապում են ինտրիգների հետ՝ կարծելով, որ նույն որակի մեջ երկրում կարող են լինեն փոփոխություններ: Իսկ նման բան չի լինում աշխարհում և Հայաստանում էլ չի լինի: Հայաստանի 20 տարվա պատմությունը դա է ապացուցել, թեկուզ այդ տերմինը՝ իշխանափոխությունը, հենց այդ ինտրիգի ուզուրպատորական ինչ-որ ծրագիր է:

Իշխանափոխությունը ո՞րն է: Մեր խնդիրը իշխանափոխությունը չէ, մեր խնդիրն այն է, թե հնարավոր է երկրում ստեղծել պայմաններ, որ ազատ ընտրություններով ձևավորվի օրինական և պատասխանատու պետական իշխանություն: Սա է երկրի խնդիրը, բայց ո՞վ է դնում այս խնդիրը. ոչ ոք չի դնում: Ասում են՝ այս մարդը կամ խումբը լավը չէ, հետո գալիս է մեկ ուրիշը՝ լոզունգը փոխվում է, չէ՞. սկզբից ասում էին՝ «Լևոն, հեռացիր», հետո՝ «Ռոբ, հեռացիր», «Սերժիկ հեռացիր», հիմա էլ, ասենք, մի տարի հետո կասեն՝ «Մուկ, հեռացիր», ու այդպես նույն ցիկլի մեջ, որովհետև այս ամենը նույն որակի մեջ է: Բայց այդ գիտակցումը չկա, որովհետև մամուլի մեծ ազդեցություն կա. բոլոր այդ խմբավորումներն ունեն իրենց մամուլը, որն այդ ամենը փորձում է ներկայացնել պետական շահից բխող պրոցեսներ, և շատ-շատերը խաբվում են, թուլանում են, շեղվում են տվյալ պայքարից:

-Քաղաքացիական շարժումները կարո՞ղ են բացել այդ փակ շրջանը:

-Ինչո՞ւ չեն կարող, բա ովքե՞ր են անում: Միակ սուբյեկտը, որը շահագրգռված է, որ ինքը ձևավորի պետական իշխանությունը և ունի այդ իրավունքը՝ հենց հասարակությունն է: Այդ խմբավորումներից որևէ մեկին պետք չէ, որ Հայաստանում լինեն ազատ ընտրություններ: Ազատ ընտրություններում բոլորը մի տոկոս էլ չեն ստանա: Դա փայլուն գիտեն:

Միայն ու միայն հասարակությունն է, որ շահագրգռված է ձևավորել պետական իշխանություն, որ կծառայի իրեն, հստակեցնել թիրախները, այդ թվում՝ իշխանական և ոչ իշխանական, որոնցից պետք է ազատել պետական համակարգը: Բավականին դժվար է գալիս այդ գիտակցումը: Վերջին տարիներին, կարելի է ասել, պրոգրես կա, և քաղաքացիներն իրենք են փորձում ձևակերպել խնդիրներ և լուծման ձևեր գտնել: Եթե այսպես շարունակվի, մի օր էլ մենք կկարողանանք դնել համակարգափոխության խնդիրը՝ ձևակերպելով պետական-իրավական համակարգը, որի մասին բոլորը խոսում են, բայց դեռ ոչ մի բան չի արվում:

Hetq.am