«Հայաստանը վտանգի մեջ է` դառնալով Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերի մասնիկը». Մանվել Սարգսյան

168.am-ի զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը:

– Պարոն Սարգսյան, երեկ տեղեկություն տարածվեց, որ ԼՂՀ նախագահը չի բացառել Ստեփանակերտի օդանավակայանի տրամադրումը Ռուսաստանին հակաահաբեկչական գործողությունների իրականացման համար: Թեև այդ տեղեկությունը հերքվեց, բայց դա նոր միտք չէ, այն մեկ ամիս առաջ շրջանառության մեջ էր դրել ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը: Փորձագետների պնդմամբ, այսկերպ Ռուսաստանը մի քանի խնդիր կլուծի: Ըստ Ձեզ` ռուսական կողմը որքանո՞վ է հետաքրքրված Ղարաբաղն այս խնդրում օգտագործելու հարցով ներկայում:

Պետք է տարբեր կողմերից դիտարկել այս հարցը: Ներկայում դրանք ընդամենը խոսակցություններ են, ավելին՝ հերքվող խոսակցություններ: Ուստի ենթադրել, թե ով ինչ է ուզում անել՝ միանշանակ դժվար է ասել: Պարզ է մեկ բան. Ռուսաստանը, որը ներգրավվեց սիրիական հակամարտությունում, իր և տարածաշրջանի համար նոր քաղաքական իրավիճակ ստեղծեց, որի ֆոնին շատ ակտիվ նոր հարաբերություններ, նոր իրավիճակներ են ստեղծվում՝ ի նպաստ իր այս նոր քաղաքականության:

Եթե չեմ սխալվում, երբ Լավրովը Հայաստանում էր, զրույցներում աջակցության, համերաշխության մասին խոսակցություն եղավ, որը կարծես թե չնկատվեց, բայց իրականում կարևոր միտք էր այն մասին, որ Հայաստանն իր համերաշխությունն է հայտնում Ռուսաստանի սիրիական գործողություններին: Փաստորեն, այս բևեռում ևս Հայաստան-Ռուսաստան նոր հարաբերություններ են ստեղծվում:

Ակնհայտ է, որ ԼՂ չկարգավորված հակամարտության գործոնը պետք է օգտագործվեր այս նոր հարաբերությունների ստեղծման համար: Իզուր չէ, որ ԵԽ ԽՎ-ում փաստաթուղթ մտավ շրջանառության մեջ ամբողջովին ադրբեջանամետ ձևակերպումներով, պատահական չէր, որ ժխտվեց փաստաթղթի հրատապությունն ու նշանակությունը, գնահատվեց ոչ նպաստավոր Մինսկի խմբի կողմից: Այս ամենն այս նոր իրավիճակի, Ռուսաստանի նոր քաղաքականության բաղադրիչներն են: Զիջումների, այսինքն` տարածքների վերադարձի մասին հրապարակումները ևս այս ամենի մասն են, դրա միջոցով պարզ ու հստակ տեսնում ենք, որ փորձ է արվում բոլորի հետ հարաբերություններ ստեղծել: Խոսվեց զենքերի մասին ևս:

Չես կարող ասել` իրականությունը որտեղ է, բայց այս խոսակցություններն ունեն հստակ նպատակ` Ռուսաստանը պետք է ստեղծի իր համար նպաստավոր հարաբերություններ, դիրքորոշումներ, տվյալ պահին՝ Հարավային Կովկասի տարածքում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայում: Ինչ կոնկրետ նպատակներ կան, դեռ ընդհանրապես հնարավոր չէ հստակ ասել: Ասել, թե Ռուսաստանը ցանկություն ունի օգտագործել Ղարաբաղն իր նոր քաղաքականության համար, ընդհանրապես՝ դա հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ, ի՞նչ է նշանակում դա, շատ բարդ է, քանի որ դա միայն Ռուսաստանի լուծելիք խնդիրը չէ, դա բարդ միջազգային նշանակություն ունեցող խնդիր է, բայց գուցե Ռուսաստանը չի շոշափում այդ հարցը, այլ շոշափում են գերտերությունները, դրա մասին ևս տեղեկություններ չունենք:

Ուստի, ես կարծում եմ, որ դեռ պետք է զուսպ գնահատվի այս ամենը: Փաստ է, նոր իրավիճակ է, նոր քաղաքականություն, դրանից բխող նոր հարաբերություններով, և բոլոր երկրների հետ հարաբերությունների վրա դա անդրադառնում է: Երեկ արդեն Թուրքիայի նախագահն է Ռուսաստանին մատնացույց անում և պնդում, որ այրվելու է կրակում: Բոլոր տեղերում է իրավիճակ փոխվում: Լրջագույն խնդիրներ են ծագել Ռուսաստանի և Սաուդիան Արաբիայի միջև, Եգիպտոսում, բոլոր տարածքներն ու բոլոր երկրները, առավել ևս՝ հակամարտության տարածքները, անմիջականորեն զգում են այդ ազդեցությունը, նոր իրավիճակը: Թե ուր կտանի այս ամենը, նույնիսկ Ռուսաստանը երևի թե չգիտի: Բայց աշխատանք է տարվում: «Ռեգնումում» Բակո Սահակյանի անունից տարածվեց տեսակետ, հետո այն հերքվեց: Սա ինքնին խոսուն է: Անորոշությունից է այս ամենը, մարդիկ իրենք էլ չեն հասկանում` այս հարցերն անլո՞ւրջ են, թե՞ լուրջ: Երեկ էլ սահմանին երկու զինծառայող զոհվեց, դա էլ Ադրբեջանի ներդրումն է այս իրավիճակին: Ադրբեջանը ևս բարդ վիճակում է, քանի որ խնդիրներ ունեցավ Մինսկի խմբի հետ: Այս անգամ ևս ցույց տվեցին, որ խոսելու միայն մեկ լեզու ունեն, որը կրակոցն է:

– Օր օրի ի հայտ եկող տեղեկությունները դառնում են ընդհանուր պատկերի մի մասը: ՀՕՊ կովկասյան միասնական համակարգի, տարածքների վերադարձի, Ղարաբաղից ԻՊ-ի դեմ պայքարելու մասին տեղեկություններից կարելի ՞ է արդյոք ենթադրել, որ Ռուսաստանին ձեռնտու է օգտվել իրավիճակից և ամրացնել իր դիրքերը Ղարաբաղում, թե՞ ձեռնտու է աշխատել Մինսկի խմբում:

– Համանախագահների հետ ձեռնտու է այսօր աշխատել: Միասնական կարծիքն արևմտյան գործընկերների հետ այսօր էական հանգամանք է Ռուսաստանի համար, որը նա փորձում է ցույց տալ: ՀՕՊ-ը, փաստորեն, ևս ուղղված է ազդեցության ընդլայնմանը: Երբ ՊՆ պաշտոնյան մեկնաբանեց, թե ինչ ասել է՝ միասնական ՀՕՊ համակարգ, պարզ դարձավ, որ Ռուսաստանը թույլտվություն ստացավ հակաօդային պաշտպանության իր սարքերը Հյուսիսային Կովկասից այս օդային տարածքում օգտագործելու համար: Էությունը դա է, որովհետև արդեն միասնական աշխատանք իրականացվում էր, բայց տեսեք, որ Հայաստանը թույլատրեց, որ ՌԴ-ն իր սարքերն օգտագործի այս օդային տարածքում: Դա արդեն շատ կոնկրետ խնդիր է, նա իր ազդեցությունն ավելացրեց: Դժվար է պատկերացնել, թե էլ ինչ կցանկանա ավելացնել: Պարզապես անտրամաբանական է պատկերացնել, որ Ռուսաստանը տեղափոխի իր զորքերն այս տարածք կամ Ղարաբաղ՝ ռուսական այս քաղաքականության մեջ:

– Ստացվում է, որ Ռուսաստանի նոր քաղաքականության մեջ ՀՀ անվտանգությունը, հատկապես վերջին շրջանում, ավելի ու ավելի խոցելի է դառնում, Հայաստանը դառնում է թիրախ ԻՊ-ի համար նույնիսկ: Ռուսաստանի նոր քաղաքականությունն ի՞նչ վտանգավոր միտումներ է բերում Հայաստանի և Արցախի համար:

– Եթե խորացնում ես ռազմաքաղաքական հարաբերությունները, բնականաբար, դառնում ես ՌԴ ռազմաքաղաքական ծրագրերի մասնիկ, դա եղել է ու կա, քանի դեռ Հայաստանում է ռուսական ռազմական բազան, դա լինելու է, նրանք ավելի են փորձում խորացնել, իսկ այստեղից էլ դա ընդունում են: 1994թ. չթույլատրվեց ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայում, դիրքորոշում կար, որ դա նպաստավոր չէ, բայց անմիջապես դրանից հետո՝ 95-ին, պայմանագիր կնքվեց, որ ռուսական բազա տեղակայվի ՀՀ-ում, մինչև հիմա էլ նրանք, ովքեր դա արել են, գտնում են, որ ճիշտ են արել, քանի որ պետք էր՝ նույն մտքից ելնելով, որ անվտանգության այլընտրանքներ չկան: Բայց դրանով Հայաստանը, ըստ էության, ներգրավվեց այն քաղաքական կոնցեպտում, այն քաղաքական իրականության մեջ, որը ՌԴ-ն է ստեղծում, և ներկայում՝ ավելի ակտիվ կերպով: Մասնիկ ենք դառնում և մենք չենք որոշում: Կարող է թույլատրություն տանք, որ Հյուսիսային Կովկասի տարածքից այդ սարքերն այստեղ օգտագործվեն, բայց ազդեցություն ունե՞նք այն հարցում, թե դրանք ինչպես են օգտագործվելու, ի՞նչ հրամանով են օգտագործվելու, Հայաստանը մասնակցո՞ւմ է այդ որոշումների կայացմանը: Բնական է` չի մասնակցում: Դրանով իսկ թուլանում ես, դա շատ վտանգավոր է:

– Այս իրավիճակում ՌուսաստանԱդրբեջան հարաբերությունները ջերմանում են, տեսնում ենք համագործակցություն տարբեր հարցերում, ապա ակտիվ շրջանառության մեջ է դրվում տարածքների վերադարձի թեման: Տպավորություն կա, որ իրավիճակը նպաստավոր է ռուս-ադրբեջանական գործարքների համար:

– Գործարքներ, չեմ կարծում, որ լինեն, բայց այն, որ ամրացնելով Ադրբեջանի հետ հարաբերությունները, Ռուսաստանը Հայաստանին բարդ իրավիճակի մեջ է գցում և պարտադրում արդեն ինչ-ինչ քայլեր, փաստ է: Մենք անընդհատ դա տեսնում ենք, հատկապես՝ վերջին տարիներին: Այս ամենը տեղի է ունենում Հայաստանի շահերի հաշվին: Ռուսաստանն Ադրբեջանի հետ հմուտ հարաբերություններ է ստեղծում, հիմա դա շարունակվում է, պարզապես ստեղծվեց մի պահ, երբ փոքր-ինչ շատ շեղվեց այդ ուղղությամբ այն աստիճանի, որ մենք հայտնվեցինք վտանգի մեջ, և ՌԴ-ն փորձ արեց հավասարակշռել Լավրովի այցով: Պարզ երևում է՝ Ռուսաստանը երկու ձեռքով խաղալու քաղաքականություն է վարում իր շահերի առաջմղման համար: Ադրբեջանը գնալով շատ ավելի մեծ նշանակություն է ձեռք բերում Ռուսաստանի համար: Արևմուտքը փորձում է մեկուսացնել Ադրբեջանին, ինչը հաջողվում է, նպաստում է նրան, որ Ադրբեջանը սկսում է չբացառել ռուսական առաջարկներն ընդունելու հավանականությունը: Ադրբեջանը ևս մտահոգված է իրավիճակով, քանի որ Լավրովի այցից շատ բան հասկացավ ու փորձեց ժեստ անել Արևմուտքին՝ Արիֆ Յունուսովին ազատ արձակելով: Ադրբեջանը ևս փորձում է բարդ իրավիճակից դուրս գալ:

168.am