Մեր զրուցակիցն է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) տնօրեն Մանվել Սարգսյանը
Պարոն Սարգսյան, տարեվերջին ասում էիք, որ Հայաստանում ստվերն է գերխնդիրը: Երեկ վարչապետը հայտարարել է, որ ստվերից հսկայական մաս տեղափոխումեն սպիտակ դաշտ։ Դուք նկատո՞ւմ եք ստվերի կրճատում։ 100 օրն էր ամփոփվում, դեմքերի փոփոխությունից այնկողմ ի՞նչ փոփոխություն արձանագրեցիք։
Կադրային փոփոխություններից հետո միակ նկատելի բանը, որ տեղի է ունեցել, բենզինի էժանացում է։ Խնդիրը շատ հստակ է՝ սեփականության պաշտպանվածության և ազատ մրցակցության մեխանիզմներ արդյոք ստեղծվե՞լ են, թե ոչ։ Ես չեմ կարծում, որ նման բան կա, որովհետև խոշորագույն կոռուպցիոներները, մենաշնորհողները բոլորն իրենց դիրքերում են, և հիմա ո՞վ կարող է պնդել, որ այդ երկու կարևորագույն մեխանիզմները ստեղծված են։ Ստվերը հո մենակ ֆինանսատնտեսական հարաբերություննե՞րը չեն, ստվերը քաղաքականության և կապիտալի սերտաճումն է, որտեղ որևէ բան ոչ միայն չի եղել, այլ շարունակում է խորանալ։ Ընտրություններն են մոտենում, և տեսնում ենք՝ նորից ամեն ինչ կապված է կապիտալի հետ, և այստեղ որևէ նորություն չկա։
Վարչապետը նորից խոսել է ներդրումային դաշտի բարելավման անհրաժեշտությունից, կոռուպցիայի դեմպայքարից և այլն։
Իրենք են որոշում՝ որքան թույլ տան Կարեն Կարապետյանը շարժվի, կամ թույլ չեն տա, որ նա շարժվի։ Եվ որևէ մեկը որևէ բան չի ուզում փոխի, չնայած ՀՀԿ-ն հայտարարել է, որ փոխվում է։ Փոխել կարելի է ստվերային հանցավոր գործունեության մեխանիզմները, հները վերացնել, նորերը կարելի է բերել։ Ի՞նչ է նշանակում փոխել. հանրության համար փոխելն այն է, որ վերանում է պետության այդ անօրինական ոլորտը։ Դա ոչ միայն ֆինանսա-տնտեսական ոլորտին է վերաբերում, այլ քաղաքական համակարգին ամբողջ պետության մասշտաբով։ Նորից օրենքներ են ընդունվում, մարդիկ չեն կարողանում այդ օրենքների իմաստը հասկանալ, դա հենց նույն ստվերի օրինականացումն է։
Բացի այդ, վարչապետը հայտարարել է, որ օլիգարխների հետ շատ լավ հարաբերությունների մեջ է։
Այո, քանի որ չգիտի՝ օլիգարխն ինչ է։ Օլիգարխը օրենքից դուրս, սահմանադրությամբ արգելված երևույթ է։ Եվ եթե որևէ մեկն ասում է՝ ինքը օլիգարխ է, պետք է կանգնի դատարանի առաջ, քանի որ մեզ մոտ արգելված է բիզնեսի և քաղաքականության սերտաճումը։
Վարչապետը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԼՂ հարցում չի կայացվի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները։ Խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին էլ վարչապետն ասել է. «Նայած, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը»:
Որևէ բան չասող մեկնաբանություն, ճիշտ այնպես, ինչպես մինչև հիմա որևէ դիրքորոշում Ղարաբաղի հարցում չի եղել։ Հենց ամենամեծ խնդիրն այս պետության մեջ ստվերն է՝ սկսած Ղարաբաղի հետ հարաբերություններից, խնդրի էությունից, այն քաղաքականությունից, որ վարվում է։ Ինչ-որ բաներ են ասվում, որտեղ ոչ դիրքորոշում ես տեսնում, ոչ ուղղություն ես տեսնում, ոչ մի բան, ինչպես ուզես, կարող ես մեկնաբանել:
Ի վերջո, ի՞նչ իրավիճակ ունենք ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ: Շատ փորձագետներ նշում են, որ այս տարին վտանգներով լեցուն է, պատերազմի վտանգը շարունակում է մեծ մնալ: Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացումներ են հնարավոր:
Կարծում եմ՝ որևէ բան չի փոխվել, որովհետև ապրիլյան պատերազմից հետո Հայաստանն այդպես էլ որևէ քաղաքականության մեջ չի մտել: Այն հայտարարությունները, թե այս կանենք, այն կանենք, որևէ ձևով չեն կիրառվել, ամեն ինչ մնացել է նույնը, դրան ավելացել է այն, որ բանակցություններ ընդհանրապես չկան, որովհետև ընդունված որոշումներն Ադրբեջանը չի կատարում: Եթե եղած որոշումները չեն կատարվում, ի՞նչ նոր որոշումների կարելի է գնալ, ինչ ընդհանուր հայտարարի կարելի է գալ: Ադրբեջանը, իհարկե, դիվանագիտական տեսակետից բարդացրել է իր վիճակը, որովհետև միջազգային հանրության, մասնավորապես Մինսկի խմբի կողմից բարձրացվել է իր համար անլուծելի պահանջ՝ շփման գծում հետաքննության մեխանիզմներ տեղադրելու մասով: Ադրբեջանի ամբողջ քաղաքականությունն այն է, որ այս կամ այն երկրների միջոցով, նրանց հետ տարբեր ոլորտներում հարաբերություններ ստեղծելով այդ պահանջը հանել, որը դեռ չի ստացվել: Այսինքն՝ նրան հիմա Հայաստանը չի հետաքրքրում, Ադրբեջանի ողջ գործունեությունը կապված է համանախագահող երկրների հետ՝ ցանկացած գնով այդ պահանջը հանել:
Հայաստանն էլ, փաստորեն, դա դրել է որպես նախապայման բովանդակային բանակցություններ սկսելու համար: Արդյունքում ստեղծվել է մի վիճակ, որտեղ Ադրբեջանին մնացել է միայն, այսպես կոչված, ռազմական դիվանագիտությունը՝ սադրանքներ անել, ցույց տալ «չար երեխայի» կերպար՝ որ չեմ ենթարկվի ոչ մի բանի, պատրաստ եմ պատերազմի, հույս ունենալով փոխել ստեղծված իրավիճակը: Ադրբեջանն իր գործը անում է, և դա մենք տեսնում ենք, իսկ թե ինչով է զբաղված Հայաստանը՝ դժվար է ասել, սովորաբար ոչ մի բանով: Գնահատականներ են տալիս ու գանգատվում, հիմա էլ Մինսկի խմբից են գանգատվում:
Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը: Անակնկա՞լ էր, որ Ադրբեջանի վերջին սադրանքից հետո նրանք հավասարության նշան դրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Մինսկի խումբն ընդամենը մեկ անգամ է գնահատական տվել և կողմերին տարբեր կոչեր արել՝ 2014 թվականի օգոստոսյան դեպքերից հետո: Այդ ժամանակ Մինսկի խումբն Ադրբեջանին կոչ է արել կատարել զինադադարի մասով իր պարտավորությունները, իսկ Հայաստանին կոչ է արել միջոցներ ձեռնարկել այդ ուղղությամբ, թեև այդ ժամանակ էլ չի նշել, թե ով է մեղավոր, ով է խախտել հրադադարը: Դրա համար այս հայտարարության մեջ նորություն չկա, ու անհասկանալի է, որ հայկական կողմը այլ սպասելիքներ կարող էր ունենալ:
Իրականության մեջ, Միսկի խմբի համանախագահների այս հայտարարությունը կարճ ու կարևոր էր, որովհետև մենք տարվա վերջին հիշում ենք Մինսկի խմբի համանախագահող երկրների ԱԳ նախարարների ընդարձակ հայտարարությունը, որտեղ նրանք մի բանաձև են հնչեցրել, որ շփման գծում վերահսկողական մեխանիզմները և բովանդակային բանակցությունները պետք է զուգահեռ ընթանան: Այսինքն՝ կողմերի համար անընդունելի երկու դրույթների հիման վրա բանաձև են տվել, որ սա է լինելու, և իրենք էլ պատրաստ են կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպում, եթե լինի համաձայնություն այդ բանաձևի շուրջ: Բնական է, որ այդ բանաձևի շուրջ համաձայնություն չի կարող լինել Ադրբեջանի պատճառով: Հայաստանին էլի կարող էին խաբել, համաձայնեցնել, բայց Ադրբեջանը չի կարող գնալ դրան:
Իսկ դեկտեմբերի 29-ի միջադեպից հետո արված հայտարարությունը տարբերվում է. այստեղ բանակցությունների մասին խոսք չկա, կա միայն վերահսկողության մեխանիզմների մասին: Սա շատ էական բան է, որ բանակցությունների խնդիրը հանել են, իսկ դա Ադրբեջանի համար շատ վատ է: Ու դրա դիմաց Հայաստանից պահանջել են ադրբեջանցու դիակը վերադարձնել: Սա լրիվ նոր իրավիճակ է Ադրբեջանի համար, և իզուր չէ, որ Ադրբեջանի նախագահը պետք է առիթ գտներ ու ասեր, որ ես պատրաստ եմ ռազմական ճանապարհով գնալ, որովհետև արդեն իսկ այս կոչի պայմանները նա չի կարող որևէ կերպ կատարել:
Իրավիճակը փակուղայի՞ն է:
Սա փակուղային չէ, սա քաղաքական գործընթաց է: Եկել ենք այսպիսի վիճակի, որ միանշանակ գնահատականներ են հնչում, որ եթե Ռուսաստանը զենք է տվել Ադրբեջանին, ուրեմն ամեն կերպ Ռուսաստանը պետք է Ադրբեջանի դիրքորոշում ընդունի, եթե բանակցություններ չկան, և Ադրբեջանը հայտարարել է, որ պատերազմ է, ուրեմն պատերազմ է։ Բայց այդպես չէ, շատ ավելի բարդ են հարաբերությունները։ Պատերազմի որոշում ընդունել, սկսել, հաղթել՝ այնքան բարդ հարցեր են, որ սա մեկ երկրի որոշման խնդիր չէ։ Եվ Ադրբեջանի հայտարարությունը, որ պատրաստ են պատերազմի, այն շանտաժն է, որի միջոցով փորձում է ինչ-որ երկրներից կորզել օգնություն՝ որ ես պատրաստ եմ, ինձ դաբրո տվեք։ Սրանից ինչ կարող է ստացվել, Ադրբեջանի համար ոչ մի բան էլ չի կարող ստացվել։
Ղարաբաղյան կոնֆլիկտը միջազգային գործընթացի բաղկացուցիչ մաս է, որտեղ րոպեն մեկ փոխվում են բոլոր երկրների հարաբերությունները, նոր հարաբերություններ են սահմանվում։ Թուրքիան և Ռուսաստանը համաձայնության են գալիս Սիրիայի հարցով։ Բնական է, որ Ադրբեջանը մաքսիմալ կերպով կփորձի օգտվել և դաբրո ստանալ։ Մենք տեսնում ենք Իրանի վիճակը, որը նույնպես ներգրավված էր այստեղ, որի նախագահը եկավ մեր տարածք։ Տեսեք, թե ինչպես են փոխվում շահագրգռված երկների դիրքորոշումները և հարաբերությունները։ Ամեն սուբյեկտ փորձում է ծավալվող գործընթացների մեջ օգուտներ քաղել, իր դիրքորոշումը ուժեղացնել և խնդրի լուծման գնալ իր ուզած ձևով։
ԼՂ խնդիրը կարո՞ղ է Հայաստանում նախընտրական շրջանում քաղաքական ուժերի օրակարգում դրվել և համախմբող լինել։
Ոչ իհարկե, բացարձակապես, այդ թեմաները ընդհանրապես չեն մտնում քաղաքական խմբավորումների հետաքրքրությունների մեջ։ Հակառակը, երբ արտաքին բարդ պրոբլեմ է ստեղծվում, մենք տեսնում ենք՝ ինչպես են անհետանում այդ խմբավորումները։ Ավետիսյանների սպանդի ժամանակ մենք տեսանք, թե ինչպես քաղաքական ամբողջ դաշտը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, վերացել էր։ Մարդիկ կորել էին այս երկրից, գետնի տակ էին մտնել։ Եվ ընդհանրապես առանձին թեմա է, թե ինչ քաղաքական կոնտինգենտի հետ ժողովուրդը գործ ունի։ Ոչ մի դիրքորոշում չկա, միայն իշխանափոխություն։
Այդ ուժերն ասում են, որ պայքարում են իշխանության գալու համար, որ իրենց նպատակն իշխանափոխությունն է։
Այո, այսպիսի վիճակ է, կարող է 100 կուսակցություն լինել, 100-ն էլ նույն բանն ասեն, և որևէ ուրիշ բանի մասին չխոսեն: ՀԱԿ-ն էլ կրկնել է վերջին 25 տարվա ընթացքում իր ունեցած կարգախոսը, այդտեղ նորություն չկա:
Բայց դաշինքների այսքան առատություն չէր եղել:
Ժամանակն է այդպիսին: ՀՀԿ-ն կամ Սերժ Սարգսյանը, կարծես թե, նոր մեթոդներ են ուզում կիրառել: Մասնավորապես, խոշոր ստվերային բիզնեսի վրա հիմնված քրեական օլիգարխներից իշխանությունն անցնում է նոմենկլատուրային օլիգարխիային, և կիսակոմունիստական, կիսաբոլշևիկյան նոմենկլատուրան ինչ-որ բան է ուզում ստեղծել, որովհետև արդեն այդ խոշոր սեփականատերերն այդ դերը չունեն: Տարիներ շարունակ, 2003-ից ի վեր, գործողներն իրենք էին, հիմա արդեն իշխանությունը խոշոր սեփականատերերից դուրս խմբավորումների վրա է ստեղծվում: Արհեստական խմբավորումներ են ստեղծվում, որոնց հիման վրա նոմենկլատուրային ցանց է ստեղծվում, որն ամբողջությամբ կառավարելի է: Դրա համար ամեն 2 րոպեն մեկ ինչ որ մեկը փորձում է մի անուն դնի, իրեն կուսակցություն ներկայացնի և մասնակցություն ունենա այդ նոմենկլատուրային օլիգարխիայի ստեղծման գործընթացներին:
Այսինքն՝ այդ բոլոր ուժերը վերահսկվում են Բաղրամյան-26-ի՞ց:
Վերահսկողության խնդիր չկա: Խնդիրն իրենց գոյության իմաստը այդ հարաբերություններում գտնելն է: Այսինքն՝ նրանք կամ մտնում են այդ գործընթացի մեջ, և համապատասխան մեթոդոլոգիայով, իրենց առևտուրներով շարքով գնում են, կամ էլ գոյություն չունեն: Կան կուսակցություններ, որոնք ցանկություն չունեն այդ մեթոդներին դիմել և ստվերում կորած են, կամ կան, կամ չկան:
Այս առումով, մեզ տխուր ընտրություննե՞ր են սպասվում, թե կարող են լինել անսպասելի զարգացումներ, բողոքի հզոր ցույցեր:
25 տարի նույնն է եղել, հիմա էլ նույնը շարունակվելու է, անկանխատեսելի ի՞նչ պետք է լինի: Փողոցային պայքար նախկինում եղել է նախագահական ընտրությունների ժամանակ, խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես չեմ հիշում, որ նման բան եղած լինի:
ՀՀԿ-ն փոխվում է, ձևերը փոխվում են: Երևի համաշխարհային քաղաքականության մեջ նորություն է քրեական օլիգարխիայից անցում դեպի նոմենկլատուրային օլիգարխիայի: Երևի աշխարհում միայն Հայաստանն է մտածել, որ կարելի է նման բան անել: